Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 16-10-2015
Հնդիկ ուսանողների համար Հայաստանը տուն է դարձել…
Ի՞նչ են անում հնդիկները Հայաստանում, ինչպե՞ս են ապրում ու կազմակերպում իրենց կենցաղն ու ժամանցը…
Մենք փորձել ենք մեկտեղել նրանց հետաքրքրությունները, պատկերացումները հայի ու Հայաստանի մասին եւ ընդհանուր առմամբ ներկայացնել մի սենյակի պատմություն… Դժվար չէ հնդիկ ուսանողներին գտնելը. նրանք կամ Բժշկական համալսարանում են կամ Զեյթունի հանրակացարանում: Մենք ընտրեցինք հանրակացարանը՝ տեղում ծանոթանալու «հնդկական» կենցաղին ու ուսանողական նիստուկացին: Հենց մուտքի մոտ ծաղկավաճառ տիկնոջից գովեստի խոսքեր ենք լսում հնդիկ ուսանողների մասին: Տիկինը հիացմունքով է խոսում երիտասարդների հանգիստ բնավորության, հոգատարության ու հարգանքի մասին: Մեզ դիմավորում է Թուշար Շարմանը եւ ուղեկցում իր սենյակ, որտեղ հաճախ հավաքվում են ընկերներով. պարապում, քննարկում եւ անցկացնում իրենց ժամանցը: Սենյակը խիստ ուսանողական է. կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ուսանողին: Սենյակում հատուկ տեղ է հատկացված՝ աստվածների նկարները դնելու համար. այդտեղ նրանք աղոթում ու երկրպագում են իրենց սիրելի աստվածներին: Սենյակի պատերն էլ «զարդարում են» դասացուցակը, տարատեսակ նշումներն ու հնդիկ փիլիսոփաներից պատառիկներ: Թուշարը սովորում է ԵՊԲՀ-ի կլինիկական օրդինատուրայում, այս տարի վերջացնում է ուսումը. կվերադառնա Հնդկաստան ու կսկսի իր մասնագիտական առաքելությունը: Թուշարը աշխատանք գտնելու մասին չի մտածում, Հնդկաստանում հայկական կրթությունը մեծ վարկանիշ ունի. շրջանավարտը պարզապես պետք է մեկ ընդհանուր քննություն հանձնի, եթե միավորները բավարարեն՝ բժշկի աշխատանքը պատրաստ է: Թուշարն այդքան էլ ուրախ չէ, որ ավարտում է, ասում է՝ այստեղ իր լավագույն տարիներն են անցել. «Ուսանողական շրջանը ցանկացած մարդու համար կյանքի ամենալավ փուլն է, վեց տարի է՝ այստեղ եմ ապրում, սա ինձ համար երկրորդ տուն է դարձել: Ես այստեղ երջանիկ եմ եղել»: Թուշարի հետ երբ զրուցում էինք Հայաստանի ու հայ ժողովրդի առանձնահատկությունների մասին, ասաց, որ անհնար է չնկատել Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ եղած ամենամեծ նմանությունը. «Այս երկու ժողովուրդներն էլ պահպանողական են, մեծերին հարգել գիտեն, իսկ ընտանիքն առաջին տեղում է. մենք էլ, դուք էլ ամուսնանալուց հետո հիմնականում ծնողների ու տատիկ-պապիկների հետ ենք ապրում»: Մեր այն հարցին, թե ամենից շատ ինչն է իրենց գրավում Հայաստանում, Սրինիվասա Գանեսան, առանց վայրկյան կորցնելու, ասաց՝ աղջիկները, նրանք չափից շատ են գեղեցիկ. «Ես առանց երկար մտածելու կամուսնանամ հայ աղջկա հետ, նրանք մեզ շատ նման են, սիրում են ընտանիքը, նվիրված են ամուսնուն, լավ են դատում, հասուն են մտածում»: Նա անկեղծացավ. արդեն հասցրել է մի քանի անհաջող սիրավեպեր ունենալ, բայց թեթեւ ժպիտով ասաց, որ դեռ ամեն ինչ առջեւում է: Մարիա Վիսենտին այդքան էլ դուր չեկավ Սրինիվասի անկեղծ խոստովանությունը եւ հեգնանքով նշեց, որ ինչո՞ւ չէ՝ հայ տղաներն էլ են շատ գեղեցիկ, իսկ այն հարցին, թե կամուսնանար հայ տղայի հետ, պատասխանեց. «Ո´չ, երբեք չեմ ամուսնանա, ես էլ եմ համամիտ, որ աղջիկները գեղեցիկ են, բայց ամեն դեպքում հնդիկ տղաներն ինձ ավելի են դուր գալիս»: Մարիան հայ ընկերուհիներ շատ ունի, ասում է՝ նրանք անփոխարինելի են, ջերմ, հոգատար ու գրկաբաց: Մեր այն հարցին, թե իրենց շրջապատում եղել են հայ եւ հնդիկ զույգերի հաջողված պատմություններ, տղաները մեծ ոգեւորությամբ թվարկեցին դրանք: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես են հնդկական իրականության մեջ ընդունվում հայ հարսներն ու փեսաները: Տղաները նշեցին, որ շատ լավ, նույնիսկ խրախուսվում է: Նրանց հետ զրույցներից մենք տեղեկացանք, որ հնդիկ ուսանողների ամենասիրելի զբաղմունքը Երեւանի կենտրոնում զբոսնելն է: Նրանք տպավորված են Հրապարակով, Օպերայով եւ Կարապի լճով: Սրի Փարթասարաթի Էլումալայը շտապում է բողոքել. Հնդկաստանում երիտասարդներն իրենց ժամանցը լավ կազմակերպելու հնարավորություն չունեն. «Այստեղ մենք պարապելուց հետո կարող ենք դուրս գալ զբոսնելու, մի շիշ գարեջուր խմել, ակումբներ գնալ, մի խոսքով՝ լավ ժամանակ անցկացնել, իսկ մեզ մոտ ծնողները շատ խիստ են, ուշ ժամի արգելված է դուրս գալը»: Նիվեդիտան ամենաշատը ձյունն է սիրում: Նա ապրում է Մադրասում, եւ այնտեղ երբեք ձյուն չի տեսել. «Հրաշքի նման են այդ փաթիլները, արտասովոր մաքրություն եմ զգում»: Նրանք պատմեցին, որ շրջել են Հայաստանով մեկ, տեսել Գեղարդը, Գառնիի տաճարը, Սեւանը, Տաթեւը: Սրինիվասա Մուրթին տպավորված է Հայաստանով, ասում է՝ Հայաստանից շատ լավ հիշողություններ ունի, բայց ամենից շատ եղանակն է սիրում: Նա հատուկ շեշտում է, որ այստեղ փողոցները մաքուր են, մարդիկ՝ եւս: Սրինիվասան նշեց նաեւ, որ օտարերկրացիների համար Հայաստանը հանգիստ ու բարենպաստ է. «Հայերը ռասիստ չեն, եւ օտարին ձեռք մեկնել գիտեն»: Հ.Գ.: Հնդիկ ուսանողները վստահեցրին, որ իրենց հետ կտանեն ուսանողական տարիների լավագույն հիշողություններն ու ձեռքբերումները: Նրանք խոստացան ներկայացնել Հայաստանն այնպես, ինչպես ոչ ոք դեռ չի ներկայացրել ու տեսել… Խոստացան վերադառնալ իրենց ընտանիքների ու ընկերների հետ՝ տանտիրոջ իրավունքով նրանց ներկայացնելու Հայաստանը… Պատկերասրահ՝ Հնդիկ ուսանողները Հայաստանում Նյութը՝ Սաթենիկ Խաչատրյանի, Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի