Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 17-08-2015
Ցեղասպանությունը ֆիլմերում
Ցեղասպանությո՞ւնն է ֆիլմերում, թե՞ ֆիլմերն են ցեղասպանության մեջ:
Հետաքրքրական հարց, որ բնորոշում է, թե ինչու՞ են ռեժիսորները նկարահանում ֆիլմեր ցեղասպանության վերաբերյալ: Թեեւ այդ հարցի պատասխանները կարող են տալ ռեժիսորները, պատմագետները, ցեղասպանագետները կամ այլք: Ըստ իս, ցեղասպանության վերաբերյալ նկարահանած ոչ մի ֆիլմ, անկախ հայերի, հրեաների, թե հերերո կամ նամա ցեղերի, գնչուների, կամբոջացիների, խութու կամ թութսի ցեղերի ցեղասպանությունների, չի կարող վերարտադրել կամ պատկերել այն, ինչ տեղի է ունեցել մեկ դար առաջ կամ տասնյակ տարիներ առաջ: Ինձ համար առավել գնահատելի կլիներ, եթե, օրինակ, Ռուանդայում տեղադրվեր թաքնված տեսախցիկ, եւ ֆիլմը պատկերեր այն, ինչ իրականում կա, առանց պատվերների եւ քարոզչության: 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն։ Չնայած այս կոնվենցիային, մինչեւ այդ էլ արդեն համաշխարհային էկրան էին բարձրացել ֆիլմեր ցեղասպանության թեմայով, որոնք դատապարտում էին ոճրագործությունը: Չենք կարող ժխտել, որ ֆիլմերը քարոզչական բնույթ են կրում՝ արտահայտելով տվյալ ժամանակահատվածի քաղաքականությունն ու բարքերը, սակայն ֆիլմերի միջոցով մենք, այնուամենայնիվ, որոշակի պատկերացում ենք ստանում, թե ինչ է տեղի ունեցել տասնամյակներ առաջ: Իհարկե, հայ լինելով՝ բոլորս էլ գիտեք Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այդ պատմական հիշողությունները մեր արյան մեջ են եւ փոխանցվում են սերնդեսերունդ: Պարտադիր չէ ֆիլմ նկարահանել՝ զգալու համար այն ցավն ու ափսոսանքը, երբ յուրաքանչյուր հայ բարձրանում է Ծիծեռնակաբերդ: Սակայն, նույն այդ ֆիլմերն անհրաժեշտ է նկարահանել՝ ապացուցելու աշխարհին, որ Հայոց ցեղասպանությունը Մեծ ոճիր է, որը դեռ ոչ մի պատասխանատվություն չի կրել, անգամ 100 տարի անց: Մեծ եղեռնի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է 1918-ին: Այո՛, Մեծ ջարդից ընդհամենը 3 տարի անց, էկրան բարձրացավ այն, ինչ ցույց էր տալիս մի քանի տարի առաջվա սարսափը: «Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ». Ֆիլմ, որի հեղինակը ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկյանն է: Այժմ գտնված է այս պատմական ֆիլմից ընդհամենը փոքր հատված, որն այնուամենայնիվ պատկերում է ժամանակի դաժանությունները: Հայ լինելով՝ դժվար է Ցեղասպանության ֆիլմին անդրադառնալ օբյեկտիվորեն, այսինքն՝ գնահատել զուտ ռեժիսորական աշխատանքը: Քանի որ այստեղ ներկայանում ենք, ոչ միայն որպես վերլուծաբան, այլ նաեւ՝ որպես հայ, այն էլ պատմությունը ժառանգած հայ: Սեւ ու սպիտակ ֆիլմ, որն ապացուցում է թուրքական ջարդերը: Ֆիլմը հերոսուհու կյանքի պատմությունն է, որը շաղախված է 1915 թվականի ջարդերով: Այն ցույց է տալիս, թե ինչպես է 14 տարեկան աղջնակը կարողանում փախչել թուրքական հարեմներով, գետը նետվել, փրկվել, հասնել ԱՄՆ, փոխել անունը եւ ուժ գտնել ոչ միայն ապրելու, այլեւ պատմելու եւ նկարահանելու մի ֆիլմ, որն իր ազգի պատմությունն էր: Միայն վարձույթում այս ֆիլմը հավաքել էր 30 մլն դոլար՝ համր ֆիլմի համար աներեւակայելի թիվ, որը մեծ աղմուկ բարձրացրեց ժամանակին: Այս ֆիլմը ինքնին ապացույցն է այն բանի, թե ինչպես էին նախորդ դարում ֆիլմեր նկարահանում Ցեղասպանության վերաբերյալ: Իսկ ինչպիսի՞ ֆիլմեր են նկարահանվում արդեն մեր դարում, ինչպիսի՞ մոտեցումներ են նման ցավոտ թեմաների շուրջ: Այս տարի Եղեռնի 100-րդ տարելիցը օգնեց նաեւ հավաքագրել այն բոլորը ֆիլմերը, որոնք անդրադառնում են ոչ միայն Հայոց ցեղասպանությանն, այլեւ առհասարակ ցեղասպանություն երեւույթին: Ցեղասպանության վերաբերյալ նկարահանվել են տասնյակներից ավելի ֆիլմեր ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի ռեժիսորների կողմից: «Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնը հնարավորություն տվեց հայ հանդիսատեսին ծանոթանալ տարբեր ռեժիսորների թեմատիկ աշխատանքներին՝ անգամ շատերի հետ չհամաձայնվելով: Կայացան ցուցադրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: «Մենք կանք» խորագրի ներքո ցուցադրվեցին հայ եւ արտասահմանցի ռեժիսորների տարբեր ժամանակահատվածներում նկարահանված ֆիլմերը, որոնցից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու «Թուրքիա. Ժառանգած լռություն» ֆիլմը եւ «Արյունակից եղբայրներ» ֆիլմերը: Իսկ «Այլեւս երբեք» ծրագիրն անդրադարձավ տարբեր ցեղասպանությունների մասին նկարահանված դասական եւ նոր շրջանի ֆիլմերին, որոնցից կներկայացնենք «Փյունիկ» ֆիլմը: Մեր դիտարկած ֆիլմերի ժամանակ, մենք ուսումնասիրեցինք մի քանի պատմություններ, որոնք իհարկե, վավերագրորեն տալիս են ժամանակի իրականությունը, սակայն այնքան ազդեցիկ են, երբ հերոսները մասնավորեցնում են խնդիրներն իրենց մեջ: Թերեւս դա է պատճառը, որ գերմանական ֆիլմերն առանձնանում են: Գոյություն պետք է փնտրել ոչ միայն մահացածների մեջ, այլ նաեւ ապրողների… Վերլուծությունը՝ Լուսի Սարգսյանի