Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 01-08-2015
Մաս 4. Գերմանական կինոն Երեւանում
Ֆրանսիականը, բուլղարականը, լեհականն ու գերմանականը «Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնում:
Ինչպես հիշում եք, նախորդ հրապարակումների ընթացքում մենք անդրադարձանք «Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնում ֆրանսիական, բուլղարական եւ լեհական կինոյի ծրագրերին: Այժմ միասին կամփոփենք «Ֆրանսբուլղարալեհագերմանական ֆիլմեր»-ի վերլուծությունների շարքը առավել քարոզչական, քաղաքական, ռեալիստիկ գերմանական ֆիլմերի մեկնաբանություններով: Մաս 4. Գերմանական ֆիլմ Գերմանական ֆիլմերն իրենց ուրույն տեղն են գրավում համաշխարհային կինոարտադրության մեջ: Դրանք ներառում են կինոյի ամենահանճարեղ գործերը՝ սկսած համր, սեւ ու սպիտակ ֆիլմերով եւ վերջացրած ներկա ստեղծագործողների գլուխգործոցներով: Գերմանական կինոյի սկիզբը համարվում է 1895 թվականը: Իհարկե, կարող ենք ասել, որ երկրի քաղաքական իրադրությունը մեծապես նպաստել է նաեւ կինոյի զարգացման վրա: Անկախ քարոզչությունից, որը գրոհել էր նաեւ կինոէկրանները, շատ ռեժիսորներ ընտրեցին իրենց անկախ ճանապարհը՝ պայքարելով գրաքննության դեմ: Չնայած դրան 1900-ականներին գերմանական կինոն սկսեց զիջել ֆրանսիական կինոյին: Եվրոպական կինոարտադրության մեջ սկսվեց մրցակցությունը, որն ինչպես գիտեք, արվեստի տարբեր ոլորտներում նաեւ դրական ազդեցություն է ունենում ոլորտի զարգացման գործում: Գերմանական կինոն վերելք ապրեց 1918 թվականին, երբ էկրան բարձրացավ ձայնային գերմանական կինոն: Իրականում գերմանական կինոն շատ վայրիվերումներ է ապրել պատերազմական եւ ետպատերազմական իրողությունների հետ կապված: 60-70 ական թվականներն առավել հայտնի դարձան հանճարեղ ռեժիսորներ Վիմ Վենդերսի, Վերներ Խերցոգի, Վերներ Ֆասբինդերի շնորհիվ: Իսկ 2000 թվականների գերմանական կինոն առավել հասուն է: Մերօրյա կինոն ոչ այնքան պատմում է, որքան հետեւում: Բացի դա, շատ հետաքրքրական է այն հանգամանքը, որ եթե ուշադիր հետեւենք այսօրվա գերմանական ֆիլմերին, ապա կնկատենք, որ նկարահանումները մեծ մասամբ տեղի են ունենում ամռանը: Ժամանակակին գերմանական կինոն հայտնի է իր երիտասարդ եւ նաեւ մեծ վաստակ ունեցող ռեժիսորներով, ինչպիսիք են՝ Քրիստիան Պենցոլդը, Թոմաս Արսլանը, Մարեն Ադեն, Անգելա Շանալեկը: Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Անդրեա Դրեզդենի «Երբ մենք երազում էինք» ֆիլմին: Գերմանական «Երբ մենք երազում էինք» Չեմ ժխտի ասելով, որ գերմանական ֆիլմերն առավել սիրով եմ դիտում, հատկապես ռեժիսորական աշխատանքը: Գերմանացիները հատուկ յուրահատկությամբ են ներկայացնում վավերագրական, պատմական դրվագները՝ համեելով ժամանակային անցումների հետ: «Երբ մենք երազում էինք» ֆիլմը դիտելիս՝ ակամայից վերհիշեցի այն բոլոր գերմանական ֆիլմերը, որ մինչ այդ դիտել էի: Բոլորը՝ գերմանական հատուկ ճշգրտությամբ են: Այս ֆիլմը բացառություն չէր: Ռեժիսորն այնքան անկեղծությամբ ու ճշտությամբ է նկարագրում ժամանակագրական անցումները ֆիլմում, որ այն տպավորությունն է, թե ինքս ապրել եմ սոցիալիստական պետության անկախացումը: Նշեմ նաեւ, որ այն տպավորությունը, թե ոչ թե գերմանական ֆիլմ եմ դիտում, այլ օտարերկրյա, քանի որ գերմանացիները նաեւ քննադատաբար են մոտենում իրենց երբեմնի պատմական սխալներին: Վերոնշյալ ֆիլմը ներկայացնում է Լայպցիգի արվարձանների մի փոքր պատմություն, որ իրականում իր մեջ է ամփոփում Արեւելյան Գերմանիան փլուզումից տարիներ անց: Ֆիլմը սկսում է պիոներ-աշակերտներով, ովքեր կրթվում են ու ներարկվում սոցիալիզմով, եւ ահա, նրանք նոր-նոր են չափահաս դառնում, երբ սոցիալիզմ արդեն գոյություն չունի, երբ դպրոցի երբեմնի տնօրենը բանվոր է աշխատում: Դեռահասների կերպարով ֆիլմը ցույց է տալիս ժամանակաշրջանի անցումները եւ դրանց հետեւանքներ դեռ չհասունացած սերնդի վրա: Երբեմնի հրաշալի աշակերտները, ումով հպարտանում էին ծնողները, այժմ անվերջ փողոցային կռիվների ու խուլիգանությունների մեջ են: Իհարկե այստեղ առկա է ակնհայտ քարոզչություն: Սոցիալիզմը դրականորեն է ներկայացնում, որից հետո սկսում են անկախության «վատ հետեւանքները»: Այս առումով ռեժիսորը ե՛ւ կողմնակալ է, ե՛ւ ոչ: Գուցե նկարահանվել է այն, ինչ իրականում օրհասական է եղել: Սակայն որոշակի շեշադրությունն ակնհայտ է: Ռիկոն, Դանիելը, Պաուլը եւ Մարկն այժմ ապրում են մի երկրում, որտեղ երեկվա օրենքներն այսօր չեն գործում, գիշերը վերածվում է ցերեկվա, իսկ փողոցները` արկածներով լի խաղահրապարակի: Տղաները մոլեգնում են եւ սկսում ժամանակ սպանել բակերում, մեքենաներ գողանալ, թմրադեղեր փորձել, նորաբաց գիշերային ակումբ հաճախել: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ սկսում են հետապնդվել նեոնացիստ սափրագլուխների կողմից, այնուհետեւ արդեն ոստիկանության: Տղաների երբեմնի երազները չքվում են: Չէ՞ որ Ռիկոն երազում էր հայտնի բռնցքամարտիկ դառնալ, Դանիելը ձգտում էր Լայպցիգում իրեն հանդիպած ամենագեղեցիկ աղջկա` Աստղիկի հետ մեծ սիրավեպի մասին: Այս ֆիլմն այն մասին է, որ երբեմնի երազները չեն կարող իրականություն դառնալ, երբ երկիրը, կարգերն ու բարքերը փոխվում են: Այնուամենայնիվ, ֆիլմը հրաշալիորեն ներկայացնում է այդ անցումները: Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիեսլերը գնահատում է ֆիլմի ռեժիսորական աշխատանքը: «Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է սոցիալիստական հասարակությունը վերափոխվում ազատ հանրապետության, երբ մարդիկ պետք է գտնեն իրենց տեղը»,- ասաց Մաթիաս Քիեսլերը: Այսպիսով, ամփոփում ենք մեր «Ֆրանսբուլղարալեհագերմանական ֆիլմեր»-ի վերլուծությունների շարքը: Յուրաքանչյուր ֆիլմի միջոցով մենք փորձեցինք ներկայացնել եվրոպական երկրների ոչ միայն կինոյի պատմությունն, այլեւ այժմյան կինոյի տեսլականներն ու զարգացումները: Իհարկե, այժմյան հայկական կինեմատոգրաֆիան շատ դասեր ունի քաղելու եվրապական կինոյից, սակայն չենք կարող ժխտել, որ մերօրյա հայկական կինոն սկսում է իր զարգացումը: Բարի ընթացք մեր կինոյին: Նախորդիվ՝ Մաս 1. Ֆրանսիական ֆիլմ Նախորդիվ՝ Մաս 2. Բուլղարական ֆիլմ Նախորդիվ՝ Մաս 3. Լեհական ֆիլմ Վերլուծությունը՝ Լուսի Սարգսյանի