Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 28-07-2015
Մաս 3. Լեհական կինոն Երեւանում
Ֆրանսիականը, բուլղարականը, լեհականն ու գերմանականը «Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնում:
Ինչպես հիշում եք, նախորդ հրապարակումների ընթացքում մենք անդրադարձանք «Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնում ֆրանսիական եւ բուլղարական կինոյի ծրագրերին: Այսպիսով, ֆրանսիական սիրային, եթերային եւ բուլղարական առավել դաստիարակիչ, սոցիալական ֆիլմերից անցում ենք կատարում լեհական ֆաուստյան ոգով ներշչնված ֆիլմերին: Մաս 3. Լեհական ֆիլմ Ռոման Պոլանսկի, Ագնեշկա Հոլանդ, Անջեյ Վայդա, Քշիշտոֆ Զանուսի….այս անունները միանգամայն կապում են մեզ լեհական կինոյի հետ: Հանճարեղ ռեժիսորներ, ում ֆիլմերը մինչև օրս իրենց ուրույն տեղն են զբաղեցնում համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեջ: Վերոնշյալ անձինք հարգանքի են արժանի ոչ միայն իրենց ֆիլմերի համար, այլ խիզախության, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կարողացել են դեմ գնալ գրաքննությանը եւ ստեղծել իրենց կինոն: Լեհական կինոյի սկզբնավորումը կապված է 1899 թվականի հետ, երբ Լեհաստանում բացվեց առաջին կինոթատրոնը՝ Լոդզի: Բնակիչների շրջանում այն առավել հայտնի էր՝ որպես «Կենդանի լուսանկարների թատրոն»: Այդ օրվանից ի վեր լեհական կինոն զարգացել է քաղաքական իրադրություններին համընթաց, այսինքն ապրել է ե°ւ պատերազմյան տարիներ, ե՛ւ հետպատերազմյան տարիներ, ե՛ւ սոցիալիզմ: Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ 1980-ական թվականներին, լեհական կինոյում զարգանում է կոմեդիայի ժանրը: ԽՍՀՄ երկրում մարդիկ սկսում են ծիծաղել ֆիլմերի ժամանակ: «Kingsize» and «Sex Mission» ֆիլմերը համաշխարհային ռեկորդ են սահմանում եւ դառնում լեհական ֆիլմերի պատմության մեջ ամենաթանկ ֆիլմերը: Կոմեդիայից հետո արդեն 1990-ական թվականներին լեհական ֆիլմ է ներգրավվում նաեւ տրիլլեր ժանրը: Իսկ ինչպիսի՞ն է 2000-ական թվականների լեհական կինոն: Նոր դարում արդեն անկախության մեծ աճ է գրանցվում այն առումով, որ եթե 20-րդ դարում ֆիլմերը նկարահանելու համար ռեժիսորների որոշակի մասը օգտվում էր պետական գումարներից, ապա մեր օրերում լեհական կինոն հիմնված է ոչ միայն տեղական ֆոնդերի, այլեւ արտասահմանյան դրամաշնորհների վրա: Հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ մեր դարում լեհ ռեժիսորները միտում ունեն ներխուժելու առավելապես անցյալ: Վերջիններս նկարահանում են ֆիլմեր հին կլասիկների մասին, լինեն նրանք մեծ գրողներ, երաժիշտներ, թե դերասաններ: Նշենք, որ լեհական կինոն շատ մեծ տեղ է գրավում համաշխարհային կինեմատոգրաֆիայում: 1999 թ.-ին Բեռլինի Միջազգային կինոփառատոնն առաջին անգամ լեհ ռեժիսոր Անջեյ Վայդային շնորհեց «Ազատություն» մրցանակը, որն այդ օրից ի վեր կրում է ռեժիսորի անունը: Այսպիսով, վերհիշելով լեհական կինոյի արմատները եւ քննարկելով կինեմատոգրաֆիայի հետաքրքիր զարգացումը՝ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լեհական հետաքրքիր մի ֆիլմ, որը հիմնված է մարդկային զգացմունքների վրա: Բեռլինի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե Արջ»-ի արժանացած Մալգոժատա Շումովսկայի «Մարմին» ֆիլմը լիովին ամփոփում է լեհական կինոյի ժառանգությունը, թե° ռեժիսորական, թե° կադրային առումով: Լեհական «Մարմին» Մալգոժատա Շումովսկան պատկանում է ամենանշանավոր լեհ ռեժիսորների թվին եւ իր բազմազան գործունեությամբ հանդես է գալիս որպես սցենարիստ եւ պրոդյուսեր, ինչպես նաեւ վավերագրող ու խաղարկային կինոյի ռեժիսոր: Նրա «Մարմին» ֆիլմը հետաքրքիր զուգակցում է մարդկային մարմնի եւ հոգու մասին: Ֆիլմը տալիս է հարցեր մարդկային մարմնի, վերապրումների, հոգու անմահության եւ մարդու ներքին հավատի վերաբերյալ, սակայն պատասխանները թողնում է հանդիսատեսին: Այս ֆիլմն ինձ վրա մեծ տպավորություն է գործել առավելապես կադրային եւ մտային առումով: Օպերատորական աշխատանքը գնահատելի է, քանի որ յուրաքանչյուր կադր իր իմաստն է պարունակում, ներկայացվում է մարդու հայացքը, շարժուձևը, մարմնի ելեևէջները: Այն ամբողջովին լրացնում է ռեժիսորական աշխատանքը: Ֆիլմում առկա են մի քանի մահեր, վերակենդանացումներ, մարդկային հավատ, որ չի համակերպվում հարազատների մահվան հետ: Պետք է հավատալ այդ մարդկանց, թե մերժել, սա է ֆիլմի գերխնդիրներից մեկը: Սակայն այդ հարցերը եկել են սահուն կերպով ներկայացնելու այն, որ մարդիկ շատ հաճախ չեն շփվում իրենց հարազատների հետ, ներքաշվում են իրենք իրենց մեջ: Սա այն պահն է, որ խոսելու ոչինչ չկա, անգամ մարդկային հայացքները միմյանց հետ չեն խոսում: Ֆիլմը պատմում է մեր օրերի Լեհաստանի մասին: Միահյուսված պատմություններ երեք իրարից շատ տարբեր կերպարների մասին: Դատախազ, ով ամեն օր նոր սպանություններ է տեսնում, տարբեր մահացած մարմիններ, որ միայնակ է, խմում է, որպեսզի հաղթահարի իր սառնասրտությունը: Դատախազի աղջիկը, ով որկրամոլ է, ապրում է մահացած մոր հիշողություններով, ատում է հորը, քանի որ նա գեր է, խմող է: Թերապեւտ, ում հանդիպում են դատախազն ու դուստրն արդեն կլինիկայում: Թերապեւտը մի կին է, ով կորցրել է զավակին, սակայն չի հավատում մահվան գոյությանը, նրա համար հոգու անմահությունը կյանքի լրաժեքության գրավականն է, հատուկ թերապիաներ է անում, որպեսզի մարդիկ հանգստանան, հանեն իրենց բացասական էներգիան: Այս երեք կերպարները փոխկապակցված են իրար: Գուցե մեկը մյուսին չի հավատում, սակայն նրանք նստում են կլոր սեղանի շուրջ մտորելու եւ հոգի կանչելու: Հոգին այդպես էլ չի գալիս: Սակայն կարեւոր բան է տեղի ունենում: Վերջապես հայր ու աղջիկ ծիծաղում են: Ահա այդպես էլ ավարտվում է ֆիլմը: Ահա այստեղ են երեւում կենդանի մարդկանց մահացած զգացմունքները: Գուցե հերոսները չհիշեն էլ, թե երբ են վերջին անգամ ծիծաղել: Ֆիլմը խոսում է կենդանի բայց մահացած մարմինների, ինչպես նաեւ մահացած, բայց կենդանի հոգիների մասին: Այն նաեւ դաստիարակիչ բնույթ ունի, որ մարդիկ չսպանեն իրենք իրենց, իրենց հույզերն ու ապրումները, այլ լիաթոք ծիծաղեն, ժպտան ու ապրեն: Ֆիլմը ֆանտաստիկ է այն առումով, որ դիտելիս, ինձ թվաց, թե Ֆաուստյան սենյակում եմ գտնվում: Քանի որ ֆիլմն ուներ որոշակի մտային մոգականություն: Այն ապրեցնում էր: Հայաստանում Լեհաստանի նոր դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին բարձր է գնահատում մերօրյա լեհական կինոն: «Գովելի է, որ վերջին տարիներին մեզ մոտ ռեժիսորների նոր ալիք հայտնվեց, ովքեր նաեւ Օսկարով են պարգեևատրվել»,-ասաց Յեժի Մարեկ Նովակովսկին: Այսպիսով, լեհական բավականին հետաքրքիր, զգայական ու մոգական ֆիլմերից անցում կատարենք մեր վերլուծության թերթեւս վերջին մասին՝ գերմանական կինոյին, որն առավելապես ամփոփ կպատկերի գերմանական երազկոտ, սակայն ոչ ռեալ իրականությունը: Հաջորդիվ՝ Մաս 4. Գերմանական ֆիլմ Նախորդիվ՝ Մաս 1. Ֆրանսիական ֆիլմ Նախորդիվ՝ Մաս 2. Բուլղարական ֆիլմ Վերլուծությունը՝ Լուսի Սարգսյանի