Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 25-07-2015
Մաս 2. Բուլղարական կինոն Երեւանում
Ֆրանսիականը, բուլղարականը, լեհականն ու գերմանականը «Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնում:
Ինչպես հիշում եք, նախորդ հրապարակման ընթացքում մենք անդրադարձանք «Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնում «Ֆրանսիական կինոյի օր» ծրագրին: Այսպիսով, ֆրանսիական սիրային, եթերային ֆիլմերից անցում կատարենք բուլղարական առավել դաստիարակիչ, սոցիալական եւ կիսով չափ վավերագրական ֆիլմերին: Մաս 2. Բուլղարական ֆիլմ Բուղարական կինո…սեւ ու սպիտակ ֆիլմ…համր ֆիլմ…1915 թվական: Եթե մեզ՝ հայերիս մոտ այդ տարեթիվը ցավի հետ է ասոցացվում, ապա բուլղարացիներն այդ տարեթիվը նշում են բուլղարական կինոյի ձեւավորման հետ: Մի շրջան, երբ բուլղարացիները նկարահանել են 55 ֆիլմ: Հետաքրքրականն այն է, որ այդ ժամանակահատվածի ֆիլմերն իրենցից ներկայացնում էին առավել քարոզչական ու պատմական ֆիլմեր: Իշխում էր մեծ գրաքննություն կինոյի ասպարեզում: Շատ ֆիլմեր անգամ էկրաններին չէին հայտնվում այդ պատճառով: Բայց, այնուամենայնիվ, բուլղարական կինոն որոշակիորեն զարգացավ: Վերոնշյալ զարգացման գրավականը թերեւս Սոֆիայի Միջազգային կինոփառատոնն է, որն անց է կացվում 1997 թվականից: Ցավով պետք է նշեմ, որ հայ հանդիսատեսն այդքան էլ ծանոթ չէ բուլղարական ֆիլմերին, առավել եւս դերասաններին: Այդ պատճառները տարբեր կարող են լինել, սկսած թարգամնություններից, վերջացրած ֆիլմերի ցուցադրումներով, ինչպես նաեւ պրոպագանդայից: Սակայն այս անգամ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու բուլղարական կինոյին նաեւ ժամանակագրական առումով: Առավել պատկերավոր հասկանալու, թե ինչ զարգացում է ապրել բուլղարական ֆիլմը 1915 թ-ից մինչ օրս, որոշեցինք ներկայացնել բուլղարական երկու ֆիլմ 100 տարի առաջ եւ հարյուր տարի անց. Վասիլ Գենդով «Սերը խելահեղություն է» (1915թ.) եւ Քրիստինա Գրոզնա, Պետար Վլչանով «Դասը» (2015թ.): Բուլղարական «Սերը խելահեղություն է» Վասիլ Գենդով. Այս անունն ասոցացվում է բուլղարական գեղարվեստական կինոյի հիմնադրման հետ: 100 տարի առաջ նա ստեղծեց «Սերը խելահեղություն է» ֆիլմը: Այս կարճամետրաժ ֆիլմի միջոցով ծանոթանում ենք անցած դարի կինեմատոգրաֆիային: Սեւ ու սպիտակ համր ֆիլմ, որ էմոցիա է փոխանցում հանդիսատեսին՝ մտովի փոխանցելով Չապլինի ֆիլմերի ժամանակների հոտը: Ֆիլմում թեթեւ սիրային պատմություն է, թե ինչպես է աղջկա մայրը խոչընդոտում իր սիրեցյալի հետ հանդիպումները, թե ինչերի կարող է դիմել տղամարդը իր սիրո համար: Եւ իհարկե, ֆիլմի վերջում միշտ պետք է հաղթի սերը: Առաջին հայացքից կարելի էր պատկերացնել նաեւ թեթեւ ֆրանսիական սիրային ֆիլմ, սակայն բուլղարական ֆիլմում առկա էր նաեւ սոցիալական կոնֆլիկտ: Ռեժիսորը հրաշալիորեն պատկերել է այդ դարի բարքերը, նիստուկացը, սովորույթները: Ֆիլմում առկա է նաեւ ուղեղային մորմոք, այսինքն ռեժիսորը հնարավորություն է տալիս հետո մտորելու ֆիլմի մասին: Կարելի է ասել, որ այս ամենը կարմիր գծով փոխանցվել է անգամ 100 տարի անց, քանի որ հաջորդ ֆիլմը քննարկելիս մենք ծանոթանում ենք հզոր մի ֆիլմի հետ, որը ռեժիսորական բարդ աշխատանքի միջոցով պատկերում է «Կյանքն ինչպես որ է»: Բուլղարական «Դասը» Մինչ օրս մտաբերում եմ ֆիլմի ամեն մի կադր: Այս տարվա փառատոնի ընթացքում առավելապես հավանած ֆիլմերիցս է, որը մտորելու տեղիք է տալիս: Երկու երիտասարդ ռեժիսորներ Քրիստինա Գրոզնան եւ Պետար Վլչանովը մանրակրկիտ աշխատանք են տարել ֆիլմը էկրանավորելու համար: 2015 թվականի ֆիլմ է, որ ի դեպ հիմնված է իրական դեպքերի վրա: Իհարկե արդեն գունավոր պատկեր եւ խոսք: Ֆիլմն ուսուցողական է: Դա կարելի էր կռահել նաեւ վերնագրից, սակայն հասարակ դասի մասին չէ ֆիլմը, այլ առավել բարդ ու հուզական: Ֆիլմում առկա են սոցիալական, ընտանեկան, աշխատանքային, ֆինանսական խնդիրներ: Ըստ էության խնդրային ֆիլմ, որը մեզ ներկայանում է մի կնոջ կերպարում՝ ուսուցչուհի Նադեժդայի: Կին, ով սովորեցնում է աշակերտներին, գնում տուն, խնամում երեխային, փորձում հասկանալ հարբեցող ամուսնուն, հետո ստուգել աշակերտների տնայինները: Առաջ է գալիս երիտասարդ կնոջ առօրյա կյանք, որը խալխլված է, հոգսաշատ: Չնայած, որ ամուսին ունի, սակայն ինքն է զբաղվում տնային բոլոր հարցերով, անգամ ֆինանսական: Սա ցույց է տալիս, որ կինը անհատականություն է ֆիլմում: Ամբողջ հոգսն իր վրա վերցրած կերպարն, ով կոտրում է տղամարդ-կին կարծրատիպերը: Այժմյան ընտանիքների մեծամասնությունում ընդունված է, որ տան հոգսը տղամարդու ուսերին է: Սակայն ֆիլմը խոսում է հակառակի մասին: Չնայած ուժեղ լինելուն, կինը նաեւ նուրբ է ու թույլ ու այնուամենայնիվ ունի տղամարդու կարիքը, անգամ եթե հոգեւոր կապն է: Ամբողջ կյանքում ազնիվ ապրող կինը փորձում է գտնել դասարանի գողին եւ պատժել: Սակայն ռեժիսորները ֆիլմին այնպիսի ընթացք են տալիս, որ ֆիլմի ավարտին ուսուցչուհին կյանքի որոշ դրվագներից ելնելով ինքն է դառնում գող եւ իրական դասարանի գողին հայտնաբերելուց հետո, արդեն վճռականություն չի ունենում վերջինիս պատժելու, քանի որ դրա նախորդող օրն ինքն է բանկ թալանում իր տունը եւ պատիվը փրկելու համար: Հետաքրքիր սյուժետային գիծ է, որ ռեժիսորները կարծես հասկացնում են հանդիսատեսին, որ երբեք չի կարելի մեղադրել հանցավորին, քանի որ դու ինքդ կարող ես հայտնվել նրա փոխարեն, քանի որ կյանքում ամեն ինչ հնարավոր է: Նշենք, որ ֆիլմը ժամանակային առումով բավականին երկար էր, անգամ կային կադրեր, որ դանդաղ ընթացք ունեին, թվում էր թե ֆիլմի դինամիկան կորել է, սակայն ֆիլմի վերջում ակնհայտ է դառնում, որ դա յուրօրինակ խաղ էր ռեժիսորների կողմից, ձգել այնքան, մինչեւ հանդիսատեսն ինքը գտնի ֆիլմի հարցերի պատասխանները: «Նոր բուլղարական կինոն վերջին 10 տարիներին ահռելիորեն աճում է»,- ասաց պրոդյուսեր Ստեփան Կիտանան: Սա ակնհայտ էր, հատկապես դիտելով 1915թ. եւ 2015 թ. բուլղարական ֆիլմերը, որոնք առանձնանում են իրենց ռեժիսուրական հետաքրքիր մոտեցմամբ: Այսպիսով, բուլղարական սոցիալական, խնդրային ու հուզական ֆիլմերից հետո անցում ենք կատարում լեհական ֆաուստյան ոգով ներշչնված ֆիլմերին: Հաջորդիվ՝ Մաս 3. Լեհական ֆիլմ Նախորդիվ՝ Մաս 1. Ֆրանսիական ֆիլմ Վերլուծությունը՝ Լուսի Սարգսյանի