Նյութը՝ Լուսի Սարգսյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 22-07-2015
Ֆրանսբուլղարալեհագերմանական ֆիլմերը Երեւանում
Ֆրանսիականը, բուլղարականը, լեհականն ու գերմանականը «Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնում:

«Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնն այլևս անցյալում է: Փառատոնի շրջանակում ցուցադրվեցին համաշխարհային հնչեղություն ստացած մրցանակակիր ֆիլմեր, մասնավորապես՝ Կաննից, Բեռլինից եւ Վենետիկից: Ընդհանուր առմամբ ցուցադրվեց մոտ 200 ֆիլմ: Իհարկե, անհնարին էր դիտել բոլոր 200 ֆիլմերը ե՛ւ ժամանակային, ե՛ւ թեմատիկ առումով, այդ իսկ պատճառով որոշեցինք ընդհանուր գծերով անդրադառնալ որոշ ֆիլմերի, որոնք ֆրանսիական, բուլղարական, լեհական ու գերմանական արտադրության են եւ հասկանալ, թե այժմյան Եվրոպան ի՞նչ ֆիլմարտադրությամբ է առանձնանում, եւ ի՞նչը կարելի է տեղայնացնել Հայաստանում:

Մաս 1. Ֆրանսիական ֆիլմ Ֆրանսիական կինո՝ le cinéma français, այս արտահայտությունը մտաբերելիս գուցե մեզանից յուրաքանչյուրը մտովի պատկերացնում է Ալեն Դելոնին, Բելմոնդոյին, Ժերար Դեպարդիեին, Ժան Ռենոյին, Լուի դե Ֆյունեսին, Սամի Նասերիին եւ այլոց: Տարբեր ժամանակների տղամարդիկ, ովքեր ներկայացրել եւ մինչ օրս էլ ներկայացնում են ֆրանսիական կինոն: Գուցե, մենք էլ հայերս, մտովի ցանկանում ենք, որ մերօրյա հայկական կինոն եւ մեր դերասաններն էլ այնպիսի հռչակ ունենան, որ գուցե ֆրանսիացիները գրեն հայկական կինոյի եւ դերասանների մասին: Եթե պատմական էքսկուրս անցկացնենք, ապա կմտաբերենք, որ ֆրանսիական կինոն առաջ է եկել եւ զարգացել դեռ 1895 թ-ին: Մինչ առաջին համաշխարհային պատերազմը ֆրանսիական կինոն նույն հռչակն ուներ, ինչ ամերիկյանն ու հնդկականը: Երբ ասում ենք ֆրանսիական կինո, պատկերացնում ենք ոչ թե պատերազմ, սարսափ, մահեր, այլ առավելապես սիրային, ռոմանտիկ, թեթեւ եթերային ֆիլմեր, որոնք առավելապես կապված են մարդու զգայունության հետ: Ըստ էության, եթե համեմատենք 1890 թվականների եւ այսօրվա ֆրանսիական կինոն, մեծ տարբերություն չենք զգա թեմատիկայի առումով: Թերեւս դա կարելի է դիտարկել ե՛ւ առավելություն, քանի որ «լավագույն ավանդույթները շարունակվում են», ե՛ւ որոշակիորեն թերություն, քանի որ ժանրային մեծ փոփոխություններ տեղի չեն ունենում ֆիլմարտադրության մեջ: Չնայած դրան, ֆրանսիական կինոն զարգանում է նաեւ Կաննի միջազգային կինոփառատոնի միջոցով:

Արտասահմանյան ռեժիսորների կապն, ինչպես նաեւ ներկայացվող ֆիլմերի բազմազանությունը զտում է ֆրանսիական ֆիլմերը, եւ ցուցադրում այլընտրանքային ռեժիսորական աշխատանք: Հիշեցնենք, որ դեռ 1946 թ.-ից սկսած ֆրանսիական ֆիլմերն ուղեկցվում են «Կաննի» չափանիշներով: Առավել տեսանելի ներկայացնելու համար դիտարկենք ֆրանսիական «Կապրիս» ֆիլմը, որը ցուցադրվեց «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակներում: Նշենք, որ ծրագրի մեջ ներառված էին հետեւյալ ֆիլմերը՝ «Աղախնի օրագիրը», Բենուա Ժակո; «Ես սիրվելու համար չեմ այստեղ», Ստեֆան Բրիզե; «Ֆիդելիո». Ալիսի ոդիսականը», Լյուսի Բորլըտո; «Մուրճի վերջին հարվածը», Ալիքս Դըլապորտ; «Դաժանը», Էրիկ Շերիեր:

Ֆրանսիական «Կապրիս» Շատ ֆրանսիական ֆիլմ, որ պատմում է սիրո մասին: Թերեւս ռեժիսոր Էմանուել Մուռեն ետ չի մնում ֆրանսիական կինոյի իրեն հատուկ արմատացած ավանդույթներից: Ժամանակակից ռեժիսորի արդեն 8-րդ ֆիլմն է: Առաջին հայացքից «Կապրիս» վերնագիրը հանդիսատեսի մոտ ասոցացվեց «Կապրիզ»-ի հետ: Չնայած ես ինքս, հենց «Կապրիզ» էլ կանվանեի: «Կապրիս» աղջկա անունն է, ով թատրոնում ծանոթանում է Դպրոցական ուսուցիչ Կլեմանի հետ: Աղջկա համար արդեն 3-րդ ներկայացմանը ուսուցչի կողքին նստելը բերկրալի զգացում էր, չնայած որ Կլեմանը թատրոն էր գնում իր սիրելի դերասանուհուն՝ Ալիսին տեսնելու համար: Այստեղ ռեժիսորը հետաքրքիր կերպով ներկայացնում է սիրային եռանկյունի, որտեղ զգացմունքներն այնքան էլ դյուրին չեն: Ճակատագրի հեգնանքով Կլեմանն անձնապես ծանոթանում է Ալիսի հետ եւ սկսում ապրել վերջինիս տանը: Թերեւս կյանքը հիասքանչ է, ֆրանսիական սերը լիակատար գագաթնակետում է գտնվում ու հանկարծ…Կլեմանի երջանկությանը վտանգ է սպառնում:

Անսանձ երիտասարդ Կապրիսը սկսում է հետապնդել Կլեմանին եւ իր սերն առաջարկել: Իսկ միեւնույն ժամանակ Ալիսը որոշակի այլ զգացմունքներ է զգում Կլեմանի ընկերոջ հանդեպ: Ինչպես հասկացանք սիրային եռանկյունին դառնում է քառակուսի: Ըստ էության բարդ խճճված պատմություն, երբ բոլորն իրար հավանում են, սակայն ֆրանսիական սիրային օրենքներով բազմակնության կամ բազմամուսնություն եզրույթներն օտար են: Շատ հետաքրքրական է այն հանգամանքը, որ ֆիլմը, լինելով ժամանակակից, ոչ միայն սիրային ուղղություն է մտցնում, այլ նաեւ սոցիալական: Հատկանշական է, որ ուսուցիչն ընտրության հարցում ընտրում է, ոչ թե Ալիսին, ի դեմս Կապրիսի, այլ ընտրում է հարմարավետությունն ու ճոխությունը, ի դեմս ուսանողական փոքրիկ սենյակի, որ կարող էր իրեն տալ Կապրիսը: Ինչպես նաեւ ընտրում է հռչակավոր դերասանուհու հետ կյանքն ի դեմս մի ուսանողուհու, ով նոր-նոր է փորձում իր դերասանական քայլերն իրականացնել:

Ըստ այդմ ֆիլմում արծարծված են նաեւ սոցիալական խնդիրներ, որոնք էլ հակադրվում են այն մտքին, որ մարդկային սիրտը էլաստիկ է: Ֆիլմի պրոդյուսեր Ֆրեդերիկ Նիդերմայերը համամիտ է այս կարծիքի հետ: «Ֆիլմը հակադրվում է ժամանակակից ֆրանսիական կինոյին եւ վեր հանում սոցիալական հարցեր»,- ասաց Ֆրեդերիկ Նիդերմայերը: Անդրադառնալով ֆրանսիական ժամանակակից ֆիլմերին, պրոդյուսերը նշեց, որ այժմյան ֆրանսիական կինոն 50-60 տոկոսով ավելի է դիտվում, քան ամերիկյան կինոն: Այսպիսով, ֆրանսիական սիրային, եթերային ֆիլմերից անցում կատարենք բուլղարական առավել դաստիարակիչ, սոցիալական եւ կիսով չափ վավերագրական ֆիլմերին: