Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 24-05-2015
Միշել Պլատինին փորձում է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը
Օրերս ոչ պաշտոնական այցով Հայաստան այցելած ՈՒԵՖԱ-ի նախագահը հայտարարել է, որ հայկական գեղեցիկ ֆուտբոլային դաշտերն ուժեղ ֆուտբոլիստների կարիք ունեն:
Մայիսի 21-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան: Թեեւ ֆրանսիացի երբեմնի անվանի ֆուտբոլիստը Երեւանում էր ոչ պաշտոնական այցի շրջանակում, սակայն հայկական մեդիայի ներկայացուցիչները նախապես տեղյակ էին Միշել Պլատինիի՝ Հայաստան գալու մասին: Հայտնի էր նաեւ, որ նա հանդիպելու էր գործընկերոջ՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, այցելելու էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչպես նաեւ լինելու էր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հենց ակադեմիայում էլ մեդիայի ներկայացուցիչները բացառիկ հնարավորություն ստացան շփվելու եվրոպական ֆուտբոլի զարգացման ու մարտահրավերների ներկայիս գլխավոր պատասխանատուի հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը Միշել Պլատինիի՝ Երեւան կատարած այցի վերաբերյալ բավականին ակտիվ լուսաբանում էր ապահովում: Գուցե դա էր պատճառը, որ մեդիայի ներկայացուցիչները չափազանց հետաքրքրված չէին ՈՒԵՖԱ-ի նախագահի այդ օրվա առօրյայով: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մեկտեղված լրագրողներին արդեն իսկ հայտնի էր, որ Միշել Պլատինին հատուկ չարտերային չվերթով էր ժամանել, «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հյուրը Ռուբեն Հայրապետյանի ուղեկցությամբ այցելել էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եղել Մայր տաճարում, այնուհետեւ՝ Մայր տաճարի թանգարանում: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում լրագրողները, շարք կազմած, սպասում էին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Վերջինս, սակայն, մինչ լրագրողների հետ ճեպազրույց ունենալը ՀՖՖ նախագահի ուղեկցությամբ շրջեց ակադեմիայի տարածքում (այդտեղ նա եղել էր պաշտոնական բացման ժամանակ): Միշել Պլատինին հետեւեց նաեւ Հայաստանի մինչեւ 14 եւ 15 տարեկանների հավաքականների, ինչպես նաեւ ակադեմիայում այդ պահին գտնվող մանկապատանեկան թիմերի մարզումներին, ծանոթացավ նորակառույց մարզադաշտին: Պատանի ֆուտբոլիստներից մեկի գնդակին մակագրություն ու ստորագրություն թողնելուց հետո ՈՒԵՖԱ-ի անվանի նախագահն ընդունեց պատանու առաջարկը եւ լուսանկարվեց պատանի ֆուտբոլիստների թիմի հետ՝ կատակելով. «Դուք արդեն հայտնի եք»: Այս ամենից հետո Միշել Պլատինին մոտեցավ լրագրողական շարքին: Բոլորին հայտնի էր, որ կարճատեւ բրիֆինգ է լինելու: Առաջին հարցը վերաբերում էր Միշել Պլատինիի՝ ոչ պաշտոնական այցով Հայաստան գալու, Էջմիածին գնալու նպատակի մասին: Ֆուտբոլային գործիչն ուղիղ պատասխան չտվեց. «Եթե չվերընտրվեի, այսօր չէի գա: Շատ ուրախ եմ այստեղ գտնվելուս համար: Բուլղարիա գնալու ճանապարհին որոշեցի այցելել նաեւ Հայաստան: Վաղը տեղի է ունենալու մինչեւ 17 տարեկանների հավաքականների եզրափակիչը: Եվ քանի որ վաղուց չէի տեսել իմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին, որոշեցի նաեւ նրան այցելել: Մենք որեւէ կոնկրետ ծրագիր չունենք այսօրվա համար: Մենք հաճախ ենք տեսնվում մեր ՈՒԵՖԱ-ի աշխատակիցներով Հայաստանում, ոչ մի խնդիր չունենք, եւ ստացվում է, որ ընկերական այց է պարզապես»: Հաջորդ հարցը վերաբերում էր հայրենի Ֆրանսիայում գալիք տարի կայանալիք «ԵՎՐՈ-2016»-ի նոր ձեւաչափի առանձնահատկություններին: Միշել Պլատինին կրկնեց աշխարհին վաղուց հայտնի իր տեսակետը. «Մրցաշարն ավելի է ընդլայնվում. 24 հավաքական թիմ է մասնակցելու, եւ այն քաղաքները, որոնք ընդունելու են մրցաշարը, ավելի շատ խաղեր կընդունեն: Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ 24 հավաքական թիմ կորակավորվի՝ 8-ով ավելին: Իմ կարծիքով՝ մենք Եվրոպայում 24 շատ լավ հավաքական թիմեր ունենք մրցաշարին մասնակցելու համար: Ու քանի որ թիմերի քանակն ընդլայնվել է, տեսնում ենք, որ մրցակցությունն ավելի է շատացել (որակավորման փուլում): Նախկինում ընդամենը 16 թիմ էր մասնակցում, եւ շատերը զգում էին, որ միգուցե չեն կարող որակավորվել: Հիմա 24 թիմերի դեպքում շանսերն ավելի մեծ են: Դրանից եզրակացնում ենք, որ պետք է նաեւ մարզիչները վստահություն ունենան, այլապես կարող են իրենց գործը կորցնել»: ՈՒԵՖԱ-ի նախագահը ստիպված էր խոսելու նաեւ գլխավոր հարցի մասին, երբ հնչեց, թե այսօր ինչ զարգացվածության մակարդակի վրա է գտնվում ֆուտբոլը Հայաստանում: Նա մասնավորապես նշեց, որ ՈՒԵՖԱ-ում ունեն աշխատակից, ով մշտապես գալիս է Հայաստան՝ ֆուտբոլը զարգացնելու համար. «Ես հիմա շատ մեծ ներդրում եմ կատարում, որպեսզի Եվրոպայում մենք շատ տաղանդներ ունենանք: Մասնավորապես մենք փորձում ենք մեծ ջանքեր գործադրել, որպեսզի Արեւելյան Եվրոպայում տաղանդավոր ֆուտբոլիստները կարողանան աճել: Շատ լավ է, որ ՈՒԵՖԱ-ն օգնում է ֆեդերացիաներին գեղեցիկ դաշտեր ունենալու հարցում, ինչպիսիք կան Հայաստանում, բայց նաեւ էլ ավելի լավ կլինի, երբ ուժեղ ֆուտբոլիստներ ունենանք այդ դաշտերում: Արդեն երկու տարի մենք ինտենսիվ փորձում ենք զարգացնել տարբեր երկրների փոքրիկ ֆուտբոլիստներին»: Միշել Պլատինիին ուղղված հարցն ավելի շուտ քաղաքական բնույթ էր կրում, քան թե մարզական, քանի որ ՈՒԵՖԱ-ի նախագահը պետք է ներկայացներ իր տեսլականը ֆուտբոլում ռասիզմի խնդրի հետ կապված՝ Հայաստան-Ադրբեջան, Ալբանիա-Սերբիա հակամարտությունների համատեքստում: «Այդպիսի խնդիրներ գոյություն ունեն ամբողջ աշխարհում: Մեր խնդիրն այն է, որ գործադրենք ամեն ջանք, որպեսզի որեւէ հանդուրժողականություն չունենանք նմանատիպ երեւույթների հանդեպ: Փորձում ենք անել այն, ինչ հնարավոր է: Մենք աշխատում ենք ֆուտբոլի շրջանակում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե ռասիզմի, այլ քաղաքական հարց է: Դա ՈՒԵՖԱ-ի հետ կապված չէ: Իմ ցանկությունն այն է, որ բոլորս լավ աշխարհում ապրենք»,- ի պատասխան հարցին՝ նշեց ՈՒԵՖԱ-ի նախագահը: Իհարկե, անհնար էր պատկերացնել, որ հայկական մեդիայի ներկայացուցիչները հարցեր չտային Չեմպիոնների լիգայի մասին: Մրցաշարի նոր խաղաշրջանից խմբերը գլխավորելու են ավելի բարձր վարկանիշ ունեցող երկրների չեմպիոնները: Լրագրողներին հետաքրքրում էր, թե դա ինչ առավելություն է տալու ակումբներին. «Ես չգիտեմ՝ արդյոք դա առավելություն կտա, թե՝ ոչ: Արդեն քանի տարի է, ինչ իմ ցանկությունն է եղել, որ խմբում առաջինը լինի երկրում չեմպիոն հռչակված ակումբը: Նախկինում հաշվի էինք առնում ակումբների՝ վերջին 5-6 տարիների ցուցանիշը, բայց, կարծում եմ, խմբում առաջին տեղը պետք է տալ այն թիմին, որը հաղթել է տվյալ երկրի առաջնությունում: Վերցրել ենք ֆուտբոլային ուժեղագույն առաջնություններն ունեցող 8 երկրների առաջին թիմերին՝ միավորելով առաջին խմբում: Ամեն չեմպիոն այսուհետեւ կլինի առաջին խմբում: Սակայն չեմ կարող որեւէ առավելություն նշել, քանի որ չեմպիոն լինելու համար պետք է բոլոր թիմերին հաղթել»: Վերջին հարցին Միշել Պլատինին բավականին լայն ժպիտով պատասխանեց, քանի որ այն վերաբերում էր իր նախկին թիմին՝ Թուրինի «Յուվենթուս»-ին, որը 12 տարվա ընդմիջումից հետո կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Հայ լրագրողներին հետաքրքրում էր, թե ՈՒԵՖԱ-ի նախագահն ինչ զգացողություններ ունի, եթե հաշվի առնենք այն, որ կարող է մրցաշարի գավաթն իր հարազատ թիմին հանձնել: «Դժվար է պատասխանել այդ հարցին: Հուսով եմ՝ մրցավարը չի սխալվի «Յուվենթուսի» օգտին, որպեսզի հետո բոլորը չասեն, թե դա իմ մեղավորությունն էր: Բացի դրանից՝ կարծում եմ՝ լավ է, որ իտալական ֆուտբոլը նորից բարձրակարգ ֆուտբոլի վերադառնա: Ուղղակի հուսով եմ՝ լավագույնը կհաղթի այդ խաղում: Չէ՞ որ ես չեզոք եմ եւ բոլորի նախագահն եմ»,- իր խոսքն այս կերպ եզրափակեց ՈՒԵՖԱ-ի նախագահը: Լրագրողները հույս ունեին, որ դեռ նոր հարցեր տալու հնարավորություն կա, սակայն այլեւս ժամանակ չկար: Միշել Պլատինին շտապում էր: ՈՒԵՖԱ-ի նախագահի պատվին դեռ պաշտոնական ընթրիք պետք է տրվեր... Հեղինակ՝ Հարություն Ծատրյան