Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 18-05-2015
Հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են կախվածության մեջ մնալ…
Վերջին շրջանում հաճախ է խոսվում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների, կարիքների ու իրավունքների մասին:
ԶԼՄ-ների դիտակետոււմ եւս այդ խնդիրները մշտապես առկա են: Այսօր սխալ է ասել, թե որեւէ փոփոխություն չկա, բայց թերեւս ամենակարեւոր խնդիրը դեռ լուծված չէ. հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են կախվածության մեջ մնալ. խնդիրը սկսվում է ոչ մատչելի միջավայրից մինչեւ զբաղվածություն: «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին խոսելիս նախ նշում է բառապաշարը, որով խոսում են հաշմանդամության խնդիրների մասին: Նա նկատում է, որ դա գուցե շատերի համար երկրորդական թվա, բայց հասարակության շրջանում դա կարծրատիպ է ձեւավորում. «Որքան բոլորը փորձում են ընտրել ճիշտ ձեւակերպումներ հաշմանդամության մասին խոսելիս, այդքան սխալվում են: Բոլորն օգտագործում են «սահմանափակ հնարավորություններով անձինք» ձեւակերպումը. չի կարելի այդպիսի բնորոշում տալ: Սա մտածելակերպ է ձեւավորում: Օրինակ ես՝ որպես գործատու, չեմ ցանկանա ունենալ սահմանափակ հնարավորություն ունեցող աշխատող. այդպես մտածում են նաեւ մյուս գործատուները»: Ա. Ալավերդյանը նկատում է, որ այսօր մենք արդեն չենք խոսում ինտեգրման մասին, այլ խոսում ենք նրանց անկախ կյանքի մասին: Ալավերդյանը, սակայն, շեշտում է, որ առանց ֆինանսական ապահովվածության հնարավոր չէ այդ անկախությունն ունենալ. «Ոչ մի դրական զարգացում սոցիալական մասով չեմ կարող արձանագրել: Նրանց թոշակը մի քանի հազար դրամով է բարձրացել, բայց ամեն ինչ այնքան է թանկացել, որ նրանք շարունակում են կախվածության մեջ մնալ: Մի շարք խոստումներ կան հետագայի համար, բայց ես այդքան էլ վստահ չեմ: Մենք մի շարք ներառական դպրոցներ ունենք, բայց շատ երեխաներ չեն կարողանում հաճախել այդ դպրոցներ, քանի որ ոչ մի հարմարեցված սանհանգույց չունենք այժմ: Կույրերը, խուլերը ինչպե՞ս են սովորելու: Թող այդ բարեփոխումները ձեւական չլինեն, թող այդ դպրոցները լինեն քիչ, բայց՝ իրոք ներառական: Օրենքը գործում է, բայց, ցավոք, մենք փաստացի իրականություն ունենք»: «Ունիսոն» ՀԿ-ի հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրին, նշում է, որ «Ունիսոն» ՀԿ-ում գործում է զբաղվածության ոչ պաշտոնական կենտրոն, որի բազայի տվյալների համաձայն՝ աճել է հաշմանդամություն ունեցող եւ աշխատանք փնտրողների թիվը: «Զբաղվածության խնդրի լուծումն անմիջական կապ ունի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ, քանի որ մարդու ֆինանսական անկախությունը թույլ է տալիս մարդուն ավելի անկաշկանդ պայքարել իր իրավունքների պաշտպանության համար: Աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ առաջացնում է հաճախ կրթության պակասը: Ես հաշմանդամություն ունեցող անձանց կոչ եմ անում ինքնակրթվել»,- ասաց Մ. Չալիկյանը: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գեւորգյանի խոսքերով՝ թեեւ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հնարավորն է արվում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու համար, բայց տեղի հասարակության կանխակալ վերաբերմունքի պատճառով ծրագրերը հաջողությամբ չեն պսակվում: Ա. Գեւորգյանը նշում է, որ Մարտունու՝ հագուստի արտադրությամբ եւ գունավոր տպագրությամբ զբաղվող «ԻՂՁ» սոցիալական ձեռնարկության արտադրամասում աշխատում է հաշմանդամություն ունեցող 10 անձ, բայց այժմ պատվերներ գրեթե չկան. «Չնայած արտադրանքն ունի լավ որակ եւ շուկայի մրցակիցներին չի զիջում, հետն էլ մատչելի է, բայց մարդիկ հրաժարվում են գնելուց այն պատճառով, որ արտադրողները հաշմանդամություն ունեցող անձինք են. ստիպված չենք ասում, թե ովքեր են արտադրել»: Ասեղնագործությամբ զբաղվող Սուսաննա Հարությունյանը, ով հաշմանդամության խնդիր ունի, հարցի լուծումը տեսնում է պետության աջակցության մեջ. «Պետությունը պետք է աջակցի հաշմանդամություն ունեցող անձանց արտադրանքի սպառմանը, քանի որ հնարավոր չէ նման ձեռնարկություններ պահել՝ առանց իրացման խնդիրը լուծելու»: Համաձայն «Աշխատատեղերի հարմարեցման ծրագրի»՝ 2014 թվականից գործատուներին հատկացվում է մինչեւ 500 հազար դրամ, եթե պատրաստ են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց: 2015 թ.-ից սկսած էլ 100-ից ավելի աշխատակից ունեցող պետական հիմնարկներում աշխատակիցների առնվազն 3 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք: Այս պահանջը մասնավոր սեկտորի վրա կտարածվի 2016 թ.-ից: Նշվածից բացի՝ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հաշվառվել զբաղվածության կենտրոններում որպես գործազուրկներ, ներգրավվել մասնագիտական ուսուցման ծրագրերում, լավ արդյունքներ ցույց տալու դեպքում ստանալ աշխատանքի տեղավորվելու միջնորդություն, անցնել պրակտիկայի ծրագիր՝ նվազագույն աշխատավարձով: Եթե գործատուն աշխատանքի է ընդունում անմրցունակ անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների, ստանում է աշխատավարձի մասնակի փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի չափով: Սակայն իրական պատկերը ցույց է տալիս, որ դրանք պարզապես սեւով սպիտակի վրա գրված բառեր են: Այսօր Հայաստանում գրանցված է 200 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող մարդ: 18-63 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիների 92 տոկոսը, ըստ պաշտոնական վիճակագրության, գործազուրկ են: Սաթենիկ Խաչատրյան