Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 09-05-2015
Երկրորդ աշխարհամարտ. դա նաեւ մեր պատերազմն էր
Մարդկության պատմության մեծագույն աղետներից մեկը՝ Երկրորդ աշխարհամարտը, խլեց շուրջ 60 միլիոն կյանք, անթիվ-անհամար բնակավայրեր վերածեց փլատակների...
Աշխարհակործան այդ պատերազմում Հայաստանը, բարեբախտաբար, չդարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ եւ զերծ մնաց անխուսափելի ավերածություններից ու քաղաքացիական ազգաբնակչության կոտորածից: Այդուհանդերձ, դա նաեւ մեր պատերազմն էր: 1940 թ.-ի դեկտեմբերի 18-ին Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը հաստատեց ԽՍՀՄ-ի դեմ կայծակնային պատերազմի ծրագիրը, որը ստացավ «Բարբարոսա» անունը: Համաձայն այդ ծրագրի` նախատեսվում էր շուրջ երկու տարում ռազմական խմբավորումների անակնկալ ու սրընթաց գործողությունների միջոցով ոչնչացնել ԽՍՀՄ արեւմտյան սահմանագոտում տեղակայված զորքերը եւ հասնել անվերապահ հաղթանակի: 1941 թ.-ի հունիսի 22-ին, խախտելով միմյանց վրա չհարձակվելու պայմանագիրը, Գերմանիան հատեց ԽՍՀՄ սահմանը: Առաջնագծում իրավիճակը փոխվում էր ժամ առ ժամ, եւ բնավ՝ ոչ խորհրդային զորքերի օգտին: Հակառակորդը սրընթաց, գրեթե անարգել առաջ էր շարժվում, մինչդեռ խորհրդային բանակը, ծանր կորուստներ կրելով, նահանջում էր: Ընկավ Մինսկը, Կիեւը հայտնվեց օրհասական վիճակում, թշնամու «Կենտրոն» զորախումբն արշավում էր դեպի Մոսկվա: Դաժան պատերազմի յուրաքանչյուր օր իր հետ բերում էր մահ ու սոսկալի ավերածություններ, սակայն դրա հետ մեկտեղ՝ երեւան էր հանում հերոսացման նորանոր դրվագներ: Արեւմտյան ռազմաճակատային գոտում ահեղ թշնամու հարվածն առաջինն իր վրա ընդունեց սահմանամերձ Բրեստի ամրոցը: Շուրջ մեկ ամիս` հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 20-ը, ամրոցի փոքրաթիվ կայազորը հերոսաբար հետ էր մղում հակառակորդի «Կենտրոն» խմբավորման կատաղի գրոհները: Չկարողանալով կոտրել մի խումբ անձնվեր ռազմիկների համառ դիմադրությունը` նացիստներն ամրոցը ռմբակոծեցին մի քանի հարյուր կիլոգրամ կշռող ավիառումբերով: Ամրոցի՝ դեռեւս կենդանի մնացած պաշտպանները թաղվեցին դրա փլատակների տակ: Ամրոցի միջնաբերդում շրջափակված կայազորում ավելի քան 200 հայ զինվորներ կային. Սամվել Մաթեւոսյան, Թորգոմ Ղուկասյան, Միշա Անտոնյան... Նրանց անունները ոսկե տառերով գրվեցին Բրեստի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների անունների շարքում: Վեց օր ու գիշեր Քրիստափոր Ալավերդյանի գլխավորած 113-րդ հրաձգային դիվիզիան, գտնվելով օղակման մեջ, արիաբար դիմանում էր թշնամու ծանր ճնշմանը: Երբ գերմանացիներին վերջապես հաջողվեց ճեղքել պաշտպանությունը եւ մոտենալ դիվիզիայի հրամանատարական կետին, գեներալ Ալավերդյանը, զենքը ձեռքին, ելավ թշնամուն ընդառաջ եւ նռնակներ նետելով՝ խուճապ առաջացրեց նրանց շարքերում: Գերմանացիները քաջարի գեներալին կարողացան գերել միայն նրան ծանր վիրավորելուց հետո: Ամիսներ անց Քրիստափոր Ալավերդյանը գնդակահարվեց համակենտրոնացման ճամբարում: Առաջին հայորդին, ով Հայրենական պատերազմում արժանացավ «Կարմիր դրոշի» շքանշանի, փորձառու օդաչու Պատրիկ Գազազյանն էր: Խիզախ հայորդին զոհվեց 1941 թ.-ի հոկտեմբերի 19-ին՝ իր 119-րդ մարտական թռիչքը կատարելիս: Օրշայի երկնքում ընթացող մարտում նա իր այրվող ինքնաթիռը գիտակցաբար մխրճեց հակառակորդի՝ կամրջով անցնող տանկերի եւ ավտոմեքենաների շարասյան մեջ: Առաջին հայ ռազմիկը, ով արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման, նույնպես օդաչու էր՝ հյուսիսարեւմտյան ռազմաճակատի 38-րդ կործանիչ ավիագնդի էսկադրիլիայի կոմիսար Լազար Չափչախովը (Չափչախյան): Քաջարի օդաչուն կատարեց 368 մարտական թռիչք, մասնակցեց 59 օդային մարտի, ոչնչացրեց թշնամու 11, իսկ էսկադրիլիայի հետ խմբային մարտերում՝ 32 ինքնաթիռ, մեծ քանակությամբ զինտեխնիկա եւ ռազմամթերք: Չափչախովը 1942 թ.-ի ապրիլի 13-ին զոհվեց Նովգորոդի մարզի Կրեսցի օդանավակայանում: Լենինի շքանշանով պարգեւատրվածների թվում էր 30-րդ հրաձգային դիվիզիայի 59-րդ թեթեւ հրետանային գնդի 4-րդ ականանետային մարտկոցի հրամանատար, լեյտենանտ Քրիստափոր Իվանյանը, ով, հետպատերազմյան շրջանում արժանանալով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման, իր անգնահատելի ավանդը ներդրեց նաեւ Արցախյան ազատամարտում՝ արժանանալով Արցախի հերոսի կոչման: Ընդհանուր առմամբ Մեծ հայրենականին մասնակցել են շուրջ 500 հազար հայ ռազմիկներ: Դա, իրոք, պատկառելի թիվ է, եթե նկատի առնենք այն, որ 1939 թ.-ի վիճակագրության համաձայն՝ Հայաստանի բնակչությունը չէր գերազանցում 1 մլն 282 հազարը: Հաղթանակի կերտման գործում իրենց ավանդը ներդրեցին Հայկական 76-րդ լեռնահրաձգային, 89-րդ Թամանյան, 261-րդ, 390-րդ, 408-րդ եւ 409-րդ հրաձգային դիվիզիաները: Դրանցից 89-րդ Թամանյան ազգային դիվիզիան մասնակցեց Բեռլինի գրավման մարտերին՝ արժանանալով Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանի: Անցնելով շուրջ 7250 կմ՝ Թամանյան դիվիզիան ազատագրեց 900-ից ավելի բնակավայր եւ 30 քաղաք, ոչնչացրեց շուրջ 11000 զինվոր ու սպա: Դիվիզիայի ավելի քան 12000 ռազմիկներ պարգեւատրվել են շքանշաններով ու մեդալներով, 9 արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը դարձել են Փառքի շքանշանի 3-րդ աստիճանի ասպետ: Ի դեպ, հարյուր հազարավոր հայերի շրջանում քիչ չէին նաեւ հրամկազմի ներկայացուցիչները: Մոսկվայի օդային տարածքի պաշտպանությունն իրականացնում էր ավիացիայի գեներալ-մայոր (հետագայում՝ ավիացիայի մարշալ) Արմենակ Խանփերյանցը: Այնժամ դեռեւս գեներալ-մայոր Հովհաննես Բաղրամյանը ղեկավարում էր հարավարեւմտյան ռազմաճակատի աջթեւյան միավորման օպերատիվ-շարժական զորախմբի շտաբը: Հունիսի վերջին 1-ին մերձբալթյան ռազմաճակատի զորքերը հայ գեներալի գլխավորությամբ հզոր հարվածներով խորտակեցին հակառակորդի ստեղծած ամուր պաշտպանությունը Վիտեբսկի շրջանում եւ ազատագրեցին Վիտեբսկ մարզկենտրոնը, ապա զարգացնելով հարձակումը՝ գրավեցին Պոլոցկը եւ խորացան Լիտվայի տարածքում: Փայլուն իրականացված այդ ռազմական գործողության համար Բաղրամյանն արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման: 1945 թ.-ի ապրիլի սկզբին էլ արդեն բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանի գլխավորությամբ 3-րդ բելառուսական ռազմաճակատի օպերատիվ խոշոր խմբավորման զորքերը գործուն մասնակցություն ունեցան հակառակորդի` Արեւելյան Պրուսիայում կենտրոնացրած զորքերի ջախջախման գործում, ապա հայ գեներալի կողմից խնամքով մշակված գործողություններով ընդամենը 4 օրում գրավեցին գերմանական հրամանատարության գլխավոր հենասյուներից մեկը` Քյոնիսբերգ քաղաք-ամրոցը: Հարավարեւմտյան ռազմաճակատի հրետանու պետն էր գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս Միքայել Պարսեղովը, ով մեծապես նպաստեց գեներալ Գուդերիանի տանկային զորամասերի առաջխաղացումը կասեցնելու գործողությանը: Գեներալ Համազասպ Բաբաջանյանը ղեկավարում էր 1-ին տանկային բանակի 3-րդ մեքենայացված կորպուսի 3-րդ մեքենայացված բրիգադը, որը գործում էր Կուրսկի աղեղի հարավային շրջանում` Բելգորոդ-Խարկով ուղղությամբ: Այդտեղ կայացած ճակատամարտում Բաբաջանյանը համընդհանուր ճանաչում ստացավ իբրեւ զրահատանկային զորքերի տաղանդավոր հրամանատար` արժանանալով Կարմիր դրոշի շքանշանի: Բեռլինի ճակատամարտում առավել աչքի ընկած հայ զորավարների թվում էին 73-րդ հրաձգային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանը, 146-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանը, Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը եւ ուրիշներ: Ի դեպ, Ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարին մասնակցում էին նաեւ սփյուռքահայերը: Պատերազմի տարիներին նրանք պարբերաբար հանգանակություններ էին կատարում` Հայաստան դեղորայք, հագուստ, մթերք, ինչպես նաեւ սպառազինություն ուղարկելու համար: 1943 թ.-ին Հայ Առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ աշխարհասփյուռ հայությունը հանգանակություն կատարեց՝ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն ստեղծելու համար: 1944 թ.-ի սկզբին այն համալրեց Հ. Բաղրամյանի գլխավորած 1-ին մերձբալթյան ռազմաճակատի զինտեխնիկան: Շուրջ 20 հազար ամերիկահայեր ԱՄՆ-ի բանակի կազմում մասնակցել են Փերլ Հարբորում, Հյուսիսային Աֆրիկայում, Իտալիայում, Հնդկաստանում եւ այլուր ընթացած ռազմական գործողություններին: Լեյտենանտ Էռնեստ (Երվանդ) Դերվիշյանն իր անօրինակ սխրանքի համար արժանացել է ԱՄՆ-ի հերոսի կոչման՝ «Կոնգրեսի պատվո մեդալ» շքանշանին, (որին, ի դեպ, արժանացել է ընդամենը 87 հոգի): ԱՄՆ երկրորդ բարձրագույն պարգեւին՝ «Առանձնահատուկ ծառայության խաչ» շքանշանին, արժանացել են սերժանտ Հենրի Կալփակչյանը (հետմահու), փոխհրամանատար Կեդրիկ Ջանյանը, գնդապետ Հարրի Կիզիրյանը եւ առաջին կարգի լեյտենանտ Վիկտոր Մաղաքյանը: Հազարավոր հայեր էլ ներգրավված էին Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի բանակներում, Եվրոպայի գրավյալ երկրներում մասնակցում էին սկիզբ առած դիմադրության շարժմանը: Ֆրանսիայում հակաֆաշիստական ընդհատակյա պայքարի ակնառու դեմքերից էր բանաստեղծ Միսաք Մանուշյանը: Նրա նախաձեռնությամբ Փարիզի շրջանում կազմավորվել էին 4 ընդհատակյա ջոկատներ, որոնց անդամների ստվար մասը հայեր էին: Մանուշյանի գլխավորությամբ ընդհատակյա մարտիկներն իրականացրին մոտ 60 գործողություն. հարձակումներ ֆաշիստական զորքերի, զորանոցների, ավտոշարասյուների, գնացքների, ռազմական այլ օբյեկտների վրա: Կազմակերպվեց նաեւ Փարիզի պարետի սպանությունը: 1943 թ.-ի նոյեմբերին գեստապոն մատնությամբ ձերբակալեց Մանուշյանին ու նրա 22 զինակիցներին եւ մահապատժի ենթարկեց: Ընդհանուր առմամբ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 64 հայ գեներալներ, ավիացիայի 1 մարշալ, 1 ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել պատերազմի մասնակից եւս 83 հայ, իսկ Հովհաննես Բաղրամյանը` Խորհրդային Միության մարշալի, Հովհաննես Իսակովը` Խորհրդային Միության նավատորմի ծովակալի, Համազասպ Բաբաջանյանը` զրահատանկային զորքերի մարշալի, Սերգեյ Օգանովը` ինժեներական զորքերի մարշալի կոչման: Երկրորդ համաշխարհային պատերազմը կարող էր ճակատագրական լինել մեր ժողովրդի համար: Սակայն ի հեճուկս Հիտլերի աշխարհակալ նկրտումների՝ մեր հայրենակիցները դաշնակից պետությունների մարտիկների հետ կերտեցին բաղձալի հաղթանակը: Հեղինակ՝ Գեղամ Մելիքբեկյան, Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի