Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 19-04-2015
Անմոռուկներն ամենուրեք են…
Եթե որոշ ժամանակ առաջ սոցցանցերում բուռն կերպով քննարկվում էր այն հարցը, թե արդյոք անմոռուկը՝ որպես Ցեղասպանության խորհրդանիշ, ճիշտ է ընտրված, թե ոչ, ապա այսօր քննարկումները տեղափոխվել են այլ դաշտ. ինչքանո՞վ են մարդիկ ճիշտ ընկալել խորհրդանիշի կիրառությունը:
Եթե մի քանի ժամ շրջենք մայրաքաղաքի տոնավաճառներում, գետնանցումների կրպակներում, ապա վստահ եմ՝ անմոռուկը կտեսնենք շատ տրամաբանական ու անտրամաբանական իրերի վրա: Սա թերեւս խոսում է հայերիս երեւակայության ու «քարից հաց քամելու» առանձնահատկության մասին: Ոմանք կարծում են, որ անմոռուկը պետք է կրել միայն կրծքանշանների տեսքով, ոմանք էլ այն կարծիքին են, որ դրանք կարելի է փակցնել այնտեղ, որտեղ հնարավոր է: Անմոռուկն աշխարհում առաջին անգամ չէ, որ օգտագործվում է որպես խորհրդանիշ: Մարգարետ Ֆրիմանը, մեջբերելով տասնհինգերորդ դարի որոշ գերմանացի բանաստեղծների, նշում է, որ ծաղիկը ստացել է իր իմաստը, քանի որ կապույտը միջնադարում ասոցացվել է հավատարմության հետ։ Անգլիայի թագավոր Հենրի IV-ն անմոռուկը վերցրել է որպես իր՝ 1398 թվականի աքսորի խորհրդանիշ. այն պահպանվել է նաեւ թագավորի` Անգլիա վերադառնալուց հետո։ Մինչեւ Կանադայի նահանգ դառնալը՝ 1949 թվականը, բրիտանական գաղութ Նյուֆաունդլանդն անմոռուկն օգտագործել է՝ ի հիշատակ պատերազմի ընթացքում մահացած իր բնակիչների, իսկ մասոնները խորհրդանիշը սկսել են օգտագործել 1947 թվականին՝ ի հիշատակ Նացիստական Գերմանիայում զոհված մասոնների։ Քաղաքացիների շրջանում անցկացրած մեր փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ մեծամասնությունը շատ է սիրում այդ խորհրդանիշը եւ կարծում է, որ ճիշտ է ընտրված: Ինչ վերաբերում է դրա կիրառելիությանը, ապա շատերի կարծիքով՝ հաճելի է, որ քաղաքը ողողված է անմոռուկներով: Պատմաբան Տաթեւիկ Խանաղյանի կարծիքով՝ անմոռուկը որպես Հայոց ցեղասպանության սիմվոլ շատ ճիշտ է ընտրված, եւ ողբերգությունը հիշելու, չմոռանալու հետ կապված հետաքրքիր պատմություններ են հանդիպում աշխարհի շատ երկրներում. «Մտածվածը մարդկանց հասցնելու լավ միջոց է մասսայականացումը, սակայն պետք է հիշենք, որ լավը պարզն է, ոչ թե պարզագույնը, լավը մասսայականն է, բայց՝ ոչ էժանագինը: Ի վերջո, հրեաները կարողացան հասնել այնպիսի մակարդակի, որ Հոլոքոստի վերաբերյալ կոմեդիա նկարեցին, բայց դա արեցին որակով՝ առանց որեւէ մեկի ցավն ու հիշողությունն անարգելու: Ընդհանուր առմամբ հասարակության տարբեր շերտերի շրջանում անմոռուկի տարածումը դրական եմ գնահատում, բայց՝ առանց ծայրահեղ դրսեւորումների»: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ անմոռուկ ծաղիկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը՝ չմոռանալ, հիշել եւ հիշեցնել: Ինչ վերաբերում է խորհրդանիշի կիրառման ծայրահեղ դրսեւորումներին, ապա Ա. Ավետիսյանը նկատեց, որ, ցավոք, որոշ մարդիկ տոնական զարդարման նման են օգտագործում խորհրդանիշը. «Շուկայում ինչ տեսակի ապրանք ասես հայտնվել է անմոռուկի տեսքով: Մարդկանց մի մասը մտածում է, թե հագուստի վրա ինչքան շատ կրի անմոռուկ, այնքան՝ լավ, կամ հասարակական վայրերի պատուհանների վրա իբրեւ զարդարման միջոց է օգտագործվում, ինչը թուլացնում է ազդեցությունը: Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որտեղ անմոռուկն օգտագործված է միայնության մեջ, եւ «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը տեսանելի է, խորհրդանիշի ազդեցությունը շատ ավելի մեծ է»: PR մասնագետն ընդգծում է, որ անմոռուկը խորհրդանշական բնույթ ունի, ինչը նշանակում է, որ այն պետք է գրագետ եւ հասկանալով օգտագործել: Մինչդեռ գրող, հրապարակախոս Հովհաննես Չարխչյանն այլ կարծիքի է: Նա ընդգծում է, որ խորհրդանիշ ասվածը մի բան է, որը նախ եւ առաջ նախատեսվում է մասսայական օգտագործման համար, իսկ խնդիրն այն է, թե հասարակության տարբեր շերտեր կամ անհատներ ինչպես են դիտարկում դրա գործածության նպատակահարմարությունը. «Եթե մեկի համար այն անձեռնմխելի սրբություն է, մեկ ուրիշը կարող է վերածել եկամտաբեր բիզնեսի: Սա անկառավարելի ու անվերահսկելի երեւույթ է: Այստեղ նաեւ չեն կարող գործել ինչ-որ մեկի ճաշակն ու պատկերացումները: Ոչ ոք իրավասու չէ մեկ ուրիշին թելադրելու, թե ինչ կարելի է անել անմոռուկի հետ եւ ինչ չի կարելի: Արդյունքում խորհրդանշանի նկատմամբ վերաբերմունքը վերածվում է հանրության հոգեւոր-բարոյական նկարագրի հայելու»: Անկախ բոլոր կարծիքներից ու քննադատություններից՝ մի բան պարզ է. մարդիկ կարեւորում են խորհրդանիշն ու ամեն կերպ փորձում արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը: Հարցն այն է, թե յուրաքանչյուրն ինչպես է դա արտահայտում. թերեւս հայտնագործություն արած չենք լինի, եթե փաստենք, որ դա ինչ-որ տեղ կապված է նաեւ աշխարհայացքի եւ ինտելեկտի հետ: Պատկերասրահ՝ Ամենուրեք անմոռուկներ են Վերլուծությունը՝ Սաթենիկ Խաչատրյանի Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի