Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 11-04-2015
Բազմազավակներին՝ «Դուք էլ բան ու գործ չունեի՞ք, էսքան երեխա եք ունեցել…»
Ժողովրդագրական լուրջ խնդիր ունեցող Հայաստանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում ծնելիության մակարդակը բարձրացնելու համար:
Արդյո՞ք մեր երկրում կարեւորվում է բազմազավակությունը, եւ որեւէ բան արվու՞մ է այն խթանելու համար: Ի՞նչն է պատճառը, որ մեր երկրում բազմազավակ ընտանիքն անմիջապես ասոցացվում է աղքատության հետ: Տիկին Անահիտը ծնել եւ դաստիարակում է 4 երեխաների: Շատ է սիրում երեխաներին ու ամուսնուն. շնորհակալ է Աստծուն, որ իրեն այդպիսի հարստություն է պարգեւել: Բազմազավակ մոր երջանկությունը լիակատար կլիներ, եթե նրա երեխաներն առողջ լինեին: Չորս երեխաներից երեքն առողջական լուրջ խնդիրներ ունեն: Թեեւ Անահիտի ամուսինն օր ու գիշեր աշխատում է, այդուհանդերձ ֆինանսական խնդիրներն անլուծելի են թվում: Անահիտը դժգոհ է պետությունից, ասում է՝ մեր երկիրը ոչ մի կերպ չի աջակցում բազմազավակ ընտանիքներին. «Ամեն դեպքում իմ խորհուրդը հետեւյալն է՝ եթե դուք ֆինանսապես ապահովված չեք եւ կայուն եկամուտներ չունեք, շատ երեխաներ մի´ ունեցեք: Հավատացե´ք, այլ կերպ հնարավոր չէ: Ամեն ինչ սարսափելի կդառնա, եթե, Աստված մի արասցե, երեխաներից մեկն առողջական խնդիրներ ունենա»: Երիտասարդ զույգերի շրջանում անցկացրած մեր փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ նրանց մեծ մասը չի ցանկանում երկու երեխայից ավելի ունենալ. պատճառը հստակ է՝ պահել ու ապահովել է պետք: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը շարունակում է ժողովրդագրական լուրջ խնդիր ունենալ: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչությունը մինչեւ 2025 թ. կնվազի 25%-ով, միեւնույն ժամանակ Ադրբեջանի բնակչությունը կաճի 31%-ով, իսկ Թուրքիայինը` 43%-ով: Հիսուն տարի հետո Հայաստանում կմնա ներկա բնակչության կեսը: Մինչդեռ ցանկացած հասարակության պարզ վերարտադրություն ապահովելու համար անհրաժեշտ է, որ ծնելիության ցուցանիշը լինի առնվազն 2.11: Ծնելիության 1.3 ցուցանիշ ունեցող հասարակություններն արդեն դատապարտված են վերացման: 2007 թ.-ին Հայաստանում ծնելիության ցուցանիշը եղել է 1.348: Հոգեբան Լիլիթ Գարգրցյանը ստեղծված իրավիճակը բացատրում է հայկական ընտանիքների առանձնահատկությամբ. «Մենք՝ հայերս, չափից շատ ենք կապված մեր երեխաների հետ, ինչը հաճախ խանգարում է նաեւ նրանց ինքնուրույնությանը: Մենք անընդհատ մտածում ենք նրանց ապահովվածության մասին, նույնիսկ՝ չափահաս դառնալուց հետո: Մինչդեռ այլ երկրներում երիտասարդները, սովորելուն զուգընթաց, աշխատում են՝ հոգալով իրենց ուսման եւ ապրուստի ծախսերը, իսկ մեզանում ծնողները այդպիսի բան թույլ չեն տա, հակառակ դեպքում վատ ծնողներ կհամարվեն: Շարունակ վախ կա, թե արդյոք կկարողանա՞ն բավարարել իրենց երեխաների պահանջները: Հենց նման մտածողությունն է խանգարում շատ երեխաներ ունենալուն»: Հոգեբանն այս հարցում մեղադրում է նաեւ մեծերին, ովքեր իրենց աղջիկներին շարունակ հորդորում են շատ երեխաներ չունենալ՝ պատճառաբանելով, որ ժամանակները փոխվել են, իսկ նոր ժամանակներում բազմազավակ լինելը ռիսկային է: Հոգեբանը խորհուրդ է տալիս հեռուստատեսությամբ ավելի հաճախ ներկայացնել հաջողված ընտանիքների պատմություններ, որտեղ մարդիկ կտեսնեն այնպիսի մայրերի, ովքեր շատ երեխաներ ունեն, կայացած են եւ երջանիկ: «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Հովսեփյանը հենց այդ հաջողակ մայրերից է: Տիկին Մարգարիտան հինգ տղաների մայր է: Խոստովանում է՝ հեշտ չի եղել, բայց ամեն ինչ հասցրել է. որդիներին մեծացնելուն զուգընթաց՝ երկու բուհ է ավարտել: Թեեւ տիկին Մարգարիտան վստահեցնում է, որ շատ երեխաներ ունենալը երջանկություն է, բայց եւ ընդգծում է, որ հարցին պետք է լուրջ մոտենալ. «Ես իմ հասարակական գործունեությունն ուղղել եմ ոչ թե բարեգործություն կատարելուն, այլ ապագա մայրերի գիտակցական մակարդակը բարձրացնելուն: Ես մեղադրում եմ այն մայրերին, ովքեր, բացարձակ ապրուստի միջոց չունենալով հանդերձ, մինչեւ հինգ երեխաներ են լույս աշխարհ բերում: Դա անպատասխանատվություն է: Ես հանդիպում եմ ընտանիքների, որոնք անասունների հետ են ապրում, բայց շարունակում են երեխա ունենալ. դա սխալ է»: Այն դիտարկմանը, թե արդյոք պետության հոգածության բացակայության հետեւանքով չէ իրավիճակն այսպիսին, Մ. Հովսեփյանը պատասխանում է. «Անկախ ամեն ինչից՝ ժամանակները փոխվել են, եւ մարդիկ հույսն իրենց վրա պետք է դնեն: Եթե չունեն առողջություն, չունեն աշխատանք ու կեցության պայմաններ, ինչպե՞ս կարելի է այդքան երեխաներ ունենալ, պետությունն ինչ էլ անի, միեւնույնն է, երեխաներին մեծացնելու պատասխանատվությունը ծնողներինն է»: Մենք պարզեցինք, որ անկախությունից հետո ՀՀ օրենսդրության մեջ առհասարակ բացակայել են բազմազավակ ընտանիքի վերաբերյալ բնորոշումը, կարգավիճակը եւ սահմանումը: Պարզվում է՝ ներկայում երկու կամ վեց երեխա ունեցող ընտանիքները ոչնչով չեն տարբերակվում ու ունեն միեւնույն իրավունքները: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանում բազմազավակ ընտանիքներն օրենքով պաշտպանված չեն: Փաստը մնում է փաստ, որ նպաստը չի կարող խթանել ծնելիությունը: Մի շարք երկրներում քաղաքականությունն այլ է: Օրինակ՝ Գերմանիայում բազմազավակ մայրերն իրավունք ունեն առանց քննության բուհ ընդունվել, պարտադիր աշխատանքի անցնել, եւ ոչ մի գործատու նրանց աշխատանքից ազատելու իրավունք չունի: Սակայն մեր իրականության մեջ բազմազավակ ընտանիքներն այլ կերպ են ընկալվում: Բազմազավակ ընտանիքը միշտ ասոցացվում է աղքատության, անգրագիտության, աղանդավորության հետ: Մինչդեռ պետք է հակառակը լիներ: Այդ ընտանիքները պետք է հասարակության ու պետության ուշադրության կենտրոնում լինեին, հարգված ու ապահովված: Փոխարենը վստահ ենք, որ ցանկացած բազմազավակ մայր լսել է հետեւյալ անհեթեթ հարցը` «Դուք էլ բան ու գործ չունեի՞ք, էսքան երեխա եք ունեցել»: Սաթենիկ Խաչատրյան