Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 19-03-2015
Ուսանողական մարզական կյանքը փորձում են ակտիվացնել
Չնայած ենթակառուցվածքային բազում խնդիրներին՝ ամեն տարի ուսանողական մարզական խաղերն աչքի են ընկնում յուրօրինակ գրավչությամբ ու հետաքրքրությամբ:
Դեռեւս անցած շաբաթվա վերջում՝ մարտի 14-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել էր իմաստուն խաղի ուսանողական մրցաշարը, որն ընթանալու էր արագ շախմատի կանոններով: Շախմատային առաջնությունն անցկացվում էր Հայաստանի 16-րդ ուսանողական մարզական խաղերի շրջանակում եւ մեծ հետաքրքրություն էր առաջացրել մայրաքաղաքային ու մարզային բուհերի մարզասեր ուսանողության շրջանում: Հայ ուսանողության մարզական կյանքն այսօր ամենեւին էլ գերակտիվ չէ: Չկան այն խթանելու եւ խրախուսելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ու ֆինանսավորում, սակայն, ինչ-ինչ, Հայաստանն աշխարհի կողմից ընդունվում է որպես շախմատային գերտերություն եւ շախմատային մեծ մրցաշարեր երկրում կազմակերպելու փորձ ունի, իսկ մարզաձեւը իսկապես մեծ ուշադրության է արժանանում երկրի պետական գործիչների կողմից: Ավելին՝ «Երիտասարդ» առցանց պարբերականը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր շախմատի հանդեպ հայերի յուրահատուկ վերաբերմունքին, դպրոցներում վաղուց դասավանդվող «Շախմատ» հանրակրթական առարկային: Ինչեւէ, տարիների փորձը հուշում էր, որ Շախմատի տանը կազմակերպված ուսանողական մեծ մրցաշարը պետք է բարձր մակարդակով անցկացվեր: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ բուհական շախմատային այս առաջնությունն ինքնատիպ ստուգատես էր այս տարվա հոկտեմբերի 6-ից 11-ը Երեւանում առաջին անգամ անցկացվելիք շախմատի եվրոպական համալսարանական առաջնությունից առաջ, 16-րդ ուսանողական մարզական խաղերի շրջանակում կազմակերպված միջոցառումն իր վրա մեծ ուշադրություն էր սեւեռել: Ավելին՝ փոփոխության էր ենթարկվել մրցաշարի կանոնակարգը. այն գրեթե համապատասխանեցվել էր շախմատի եվրոպական համալսարանական առաջնության կանոնակարգին: Մրցակիցները միմյանց դեմ մրցում էին շվեյցարական համակարգով: «Փոփոխությունը մանրամասն քննարկվել է բուհական թիմերի ներկայացուցիչների հետ: Ոչ ոք դեմ չի եղել, որ ուսանողական մարզական խաղերի շրջանակում կայանալիք շախմատային առաջնությունն անցկացվի շվեյցարական համակարգով: Այն ձեռնտու է եղել բոլոր կողմերին»,- նշեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը՝ հավելելով, որ հետագայում եւս բուհական շախմատային առաջնությունները կկազմակերպվեն այդ կերպ: Ընդ որում՝ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից իրականացված փոփոխության նկատմամբ գլխավոր «շահառուների»՝ ուսանող շախմատիստների դիրքորոշումը դրական էր: Այսպիսով՝ ուսանողական շախմատի առաջնությունն այս շաբաթ մոտեցավ եզրագծին: Վերջին տուրերը, որոնք վճռական էին ու որոշեցին հաղթողներին, տեղի ունեցան մարտի 17-ին: Ուսանողները վերջին օրը մրցում էին կայծակնային շախմատում. անթույլատրելի փոփոխության էր ենթարկվել վերջին տուրերի անցկացման կարգը : Միայն պատկերացրե՛ք, որ ֆուտբոլային կանոնները փոփոխվում են մրցավարների ցանկությամբ եւ պետական գործիչների՝ մրցաշարերին մասնակցելու պատճառով: Արդյո՞ք հնարավոր է մեկ խաղակեսն անցկացնել 45 րոպե (ինչպես կարգն է), իսկ մյուս խաղակեսի մեկնարկից առաջ հայտարարել, որ պետք է խաղալ 30 րոպե: Անհավանական է, այնպե՞ս չէ: Ամեն անհավանական բան ի վերջո հավանական է դառնում: Այս դեպքում շախմատի մրցաշարի կանոնները խախտելու գնով տեղի ունեցավ անհավանական փոփոխությունը, ինչը, ըստ մրցաշարի գլխավոր մրցավարի, պայմանավորված էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ միջոցառման մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը մասնակցելու հանգամանքով: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, ում բնորոշմամբ՝ ուսանողական մարզական խաղերի միջոցով հայ ուսանողները մի քանի ամիս շարունակ ապրում են ակտիվ մարզական կյանքով, նշեց, որ կատարված փոփոխությանը դեմ չեն եղել մրցաշարին մասնակցող ուսանողները, թիմերի ներկայացուցիչները, այնպես որ՝ որեւէ անօրինական, ոչ կանոնակարգային բան տեղի չի ունեցել. «Ի վերջո, դժգոհություններ չեն եղել մեր մասնակիցների կողմից, ինչը նշանակում է, որ փոփոխությունը տեղին կատարված քայլ էր»: Պարոն Հ. Գաբրիելյանը նաեւ մանրամասնեց, որ 16-րդ ուսանողական մարզական խաղերին կմասնակցեն ավելի քան 3000 ուսանողներ, ովքեր կմրցեն 10 խաղային մարզաձեւերում եւ 13 թիմային առաջնություններում (բասկետբոլ, վոլեյբոլ եւ մինի ֆուտբոլ մարզաձեւերին մասնակցում են նաեւ աղջիկների առանձին թիմեր)։ Օրվա գլխավոր միջոցառումը՝ շախմատի մրցաշարի հաղթողների պարգեւատրման արարողությունը, տեղի ունեցավ մրցաշարի ավարտից անմիջապես հետո: Հաղթողներին պարգեւատրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա կողմից անհատական շնորհավորանքի խոսքերի արժանացան կանանց անհատական առաջնությունում հաղթող դարձած Հայաստանի գործող չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը եւ տղամարդկանց անհատական առաջնության հաղթող Մանուել Պետրոսյանը: Արմեն Աշոտյանի ձեռքից պարգեւներ ու փոխանցիկ գավաթ ստացան նաեւ տղամարդկանց եւ կանանց թիմային պայքարում առաջատար Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողները: «Մրցակիցներս ամենեւին էլ թույլ շախմատիստուհիներ չէին: Այստեղ մասնակցում էին կարգային եւ երկար շախմատային ուղի անցած մարզուհիներ, այնպես որ՝ չեմ կարող ասել, թե հեշտ հաղթանակի հասա: Ամեն դեպքում ուրախ եմ այս հաղթանակի համար»,- նշեց Սուսաննա Գաբոյանը: Տղամարդկանց առաջնության հաղթող, շախմատի միջազգային վարպետի կոչում ունեցող 17-ամյա Մանուել Պետրոսյանի համար ուսանողական մարզական խաղերին մասնակցելը եւ հաղթելը մեծ կարեւորություն ունեին. «Առաջին անգամ էր, որ ես որպես ուսանող էի հանդես գալիս եւ իմ բուհն էի ներկայացնում: Ցանկացած սխալ կարող էր մեր թիմին վնասել, այդ պատճառով էլ լարված եւ ուշադիր էի ելույթներիս հանդեպ»: 16-րդ անգամ անցկացվող ուսանողական մարզական խաղերին, ըստ նախարար Արմեն Աշոտյանի, երկրպագուների աջակցության պակաս է զգացվում: Ի դեպ, Արմեն Աշոտյանն ամենեւին էլ տեղյակ չէր, որ իր պատճառով շախմատի մրցության կարգ էր փոփոխվել: «Հատկապես թիմային մարզաձեւերում, որտեղ կա ադրենալինի մեծ պաշար, երկրպագելու, սատարելու, ուրախանալու եւ տխրելու հնարավորություն կա»,- նշեց Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով՝ սպորտով զբաղվելը Հայաստանի ուսանողական կյանքի անբաժանելի մասնիկը դեռ չի դարձել. «Դրա պատճառները քիչ չեն. նախ եւ առաջ չկա առաջին անհրաժեշտության տարրական ենթակառուցվածք. լոգարաններ, մարզադահլիճներ ու մարզասարքեր, բայց մյուս կողմից էլ ոչ բոլոր ուսանողներն են ցանկանում ակտիվ մարզական կյանք վարել, իսկ առողջ ապրելակերպը դեռեւս չի դարձել մեր առօրյա կյանքի մի կարեւոր մասը»: Հ.Գ.: Սպորտն ավելի հասանելի դարձնելու եւ ուսանողական մարզական խաղերը երկրով մեկ առավել ընդլայնելու համար դրանց բյուջեն այս տարի մեծացել է շուրջ 7.5 մլն դրամով: Խաղերը կընթանան մինչեւ տարեվերջ՝ բաժանվելով գարնանային եւ աշնանային շրջափուլերի: Հուսով ենք, որ այդ ընթացքում այլեւս կանոնակարգային անթույլատրելի որոշումներ չեն ընդունվի՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր կմասնակցեն տվյալ միջոցառման պարգեւատրման արարողությանը: __________________________________________________________ * Այս համակարգն առաջին անգամ կիրառվել է 1895 թ-ին Ցյուրիխում (Շվեյցարիա), որի պատճառով էլ ստացել է իր անվանումը: Շվեյցարական համակարգի դեպքում մրցաշարերն անցկացվում են առանց պարտվող մասնակիցների՝ մրցաշարը լքելու: Հաղթողին որոշելու համար մրցաշարերն անցկացվում են մի քանի տուրերով, որը հնարավորություն է տալիս մեծաթիվ մասնակիցներից ընտրել լավագույնին: * Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) պահպանում է շախմատի պաշտոնական կանոնները: Բոլոր կանոնները նկարագրված են ՖԻԴԵ-ի ձեռնարկում՝ Շախմատի օրենքների բաժնում: Ըստ շախմատի կանոնների՝ չի կարելի մեկ մրցաշարն անցկացնել երկու տարբեր ձեւաչափերով: Հեղինակ՝ Հարություն Ծատրյան Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի Պատկերասրահ՝ Ուսանողական խաղեր