Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 08-12-2014
Թիֆլիս՝ միշտ գրավիչ ու կանչող
Թիֆլիս՝ քաղաք, որի յուրաքանչյուր փողոցից, ամեն մի սրճարանից, պատառաքաղներից, դանակներից, ափսեներից «գրականություն է բուրում»:
Արեւելահայ գրականության, քաղաքական մտքի ու մշակույթի երբեմնի մայրաքաղաքում լինելու մասին շատերն են երազում, հատկապես՝ մենք՝ հայերս: Երեւանից Թիֆլիս ճանապարհն ընդամենը 280 կիլոմետր է: Այդ ճանապարհից ավելի քան 100 կիլոմետրն անցնում է Տավուշի մարզով: Արժե գոնե մեկ անգամ կտրել Տավուշի մարզը՝ տեսնելու այդ երանելի քաղաքը: Բազմաթիվ են պատճառները Թիֆլիսում լինելու համար. եթե դու կարդացել ու սիրում ես Րաֆֆի եւ Հովհաննես Թումանյան, հպարտանում ես Արամ Խաչատրյանով ու Գեւորգ Բաշինջաղյանով, Մակար Եկմալյանով ու Ջիվանիով, ապա պետք է պատեհ առիթը ձեռքիցդ բաց չթողնես: Եթե քեզ ոգեշնչում է Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը, ապա դու պիտի քայլես Ռուսթավելի պողոտայով, կանգնես Անդրկովկասյան սեյմի երկհարկ շենքի ու «Մարիոթ» հյուրանոցի վերածված մեծահարուստ Արամյանցի չորսհարկանի տան դիմաց: Դու կարող ես կարդացած լինել ողջ արեւելահայ գրականությունը, բայց չիմանալ, որ մեր մեծերը թաղված են հենց Թիֆլիսում` Հավլաբար հայահոծ թաղամասի Խոջիվանքի պանթեոնում: Թիֆլիսի փողոցները շատ գաղտնիքներ ունեն եւ շատ բաների մասին են լռում... Ի դեպ, երբ արդեն Թիֆլիսում կլինես, չմոռանաս առաջինը ճաշակել վրացական խոհանոցի ամենից հայտնի երկու ուտեստները` խինկալին ու իմերեթական խաչապուրին: Չհրաժարվես նաեւ վրացական գինուց, հետո, միգուցե, քեզ դրա համար մեղադրես: Սակայն մինչ դու կորոշես գնալ, թե ոչ, մենք մի փոքր կշրջենք Թիֆլիսի փողոցներով: Թիֆլիսը հետաքրքիր է ու հաճելի տարվա գրեթե բոլոր եղանակներին, բայց հատկապես աշնանն այն անբացատրելի գրավչություն է ստանում. մեղմ քամի, դողացող տերեւներ... Կուր գետը Թիֆլիսը բաժանում է երկու մասի, եւ քանի որ քաղաքը կիլոմետրերով ձգվում է գետի ափով, ուստի երկու մասերը միմյանց հետ կապվում են կամուրջներով: Անկեղծ, երբեւէ չեմ հաշվել այդ կամուրջները, բայց վստահ եմ, որ մեկ տասնյակ կլինեն: Գետը ոչ միայն քաղաքն է երկատում, այլեւ պատմությունը. վաղուց արդեն կողք կողքի գոյության իրավունք են վաստակել հին ու նոր Թիֆլիսն ու թիֆլիսեցիները: Այդ ամենի արդյունքում, սակայն, փոխվել են մարդիկ: Անխուսափելի է նման փոփոխությունը, որովհետեւ քաղաքաշինության լեզուն հզոր է մնացած բոլոր լեզուներից: Պատկերացրե՛ք` մարդն առավոտյան արթնանում է եւ տեսնում մի փողոց, որտեղ ամեն ինչ մտածված է, որը մաքուր է ու ընդարձակ, որտեղ ամեն շենք կարծես նկարչի վրձնի տակից հենց նոր է դուրս պրծել: Ինչպիսին կլինի նրա ռեակցիան... Հին քաղաքի բնակիչներն էլ պակաս գոհ ու երջանիկ չեն, որովհետեւ իրենք այդտեղ ապրել են ու արարել, հաղթել են ու պարտվել, վայելել ու տառապել: Այդտեղ ապրող մարդը հպարտություն է զգում. ինքն ունի անցյալ, ծագում ու պատմություն... Թիֆլիսի ամենահայտնի փողոցը կրում է Շոթա Ռուսթավելիի անունը: Այդտեղ են տեղակայված նախկինում Անդրկովկասյան Սեյմի երկհարկանի շենքը եւ հայ նավթարդյունաբերող Արամյանցի չորսհարկանի հսկայական տունը` այսօր վերածված «Մարիոթ» հյուրանոցի: Ռուսթավելի պողոտան սկսվում է Ազատության հրապարակից, որին տարեց թիֆլիսցիները շարունակում են կոչել Երեւանյան հրապարակ: Իսկ գիտեք՝ ինչո՞ ւ… Պարզվում է՝ երբ 19-րդ դարի սկզբին ռուսական զորքերն ազատագրեցին Երեւանը, Թիֆլիսում գտնվող ռուսական զորքերի հրամանատար Պասկեւիչը կարգադրեց Թիֆլիսի կենտրոնական հրապարակն անվանել Երեւանի անունով: Թիֆլիսում, ի տարբերություն Երեւանի, պահպանվել են 18-19-րդ դարերի շինությունները: Ամբողջությամբ վերանորոգված եւ վերականգնված Մարջանիշվիլիի փողոցն է: Ի՜նչ լավ կլիներ, եթե Երեւանն էլ ունենար այդպիսի փողոց... Պատկերասրահ՝ Թիֆլիս Էմմա Վարդանյան