Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 06-12-2014
Ի՞նչ ակնկալել հայ-ադրբեջանական երկխոսությունից
Ինչ ասել է հայ-ադրբեջանական «կինոերկխոսություն»: Որոնք են այդպիսի նախագծերի լավ եւ վատ կողմերը:
Արդյո՞ք իրատեսական է հայ եւ ադրբեջանցի երիտասարդների հանդիպումից լավ արդյունքներ ակնկալելը: Արդյո՞ք նրանք հոգեբանական հավասար պայմաններոմ են գտնվում: Արդեն մի քանի տարի է, ինչ բրիտանական «Հաշտության պաշարներ» կազմակերպության, «Ինտերնյուս» միջազգային լրատվամիջոցների զարգացման կազմակերպության Երեւանի եւ Բաքվի գրասենյակների ու Ստեփանակերտի մամուլի ակումբի օժանդակությամբ իրականացվում է «կինոերկխոսություն» նախագիծը: Սա միակ հարթակն է, որտեղ տեղի են ունենում արցախցիների ու ադրբեջանցիների միջեւ ուղղակի շփումներ: Այս նախագիծն արդեն յոթ տարի է, ինչ իրականացվում է, նկարահանվել են մի քանի տասնյակ ֆիլմեր, որոնք պատմում են հակամարտությունից տուժած հայ եւ ադրբեջանցի սովորական մարդկանց կյանքի մասին: Առաջին հայացքից այս նախագիծը հետաքրքիր է, մշակութային եւ քաղաքական ենթատեքստ ունի` շփման, փոխըմբռնման արդյունքում կոտրել թշնամանքը: Այդուամենայնիվ, նման նախագծերը շատերի կողմից քննադատվում են: Ինչո՞ւ: Թերեւս խնդիրն այն է, որ ոմանք կարծում են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի երիտասարդական ակտիվը, որը մասնակցում է բազմաթիվ ծրագրերի՝ երկրի ներսում կամ արտերկրում, ադրբեջանցիների հետ գտնվում է հոգեբանական անհավասար պայմաններում: Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը թեեւ չի անտեսում այդ փաստը, բայց առաջ է քաշում մեկ այլ հանգամանք. մեր երիտասարդների շրջանում վերանում է թշնամու կերպարը. «Այս երկու ազգերի մեջ առկա թշնամանքը պետք է վերացնել ոչ թե գրանտային մակերեսային ծրագրերով, այլ խնդրի բուն պատճառները վերացնելով: Նման դեպքերում մեր բաժինը վնասը կլինի, քանի որ նոր սերունդն այնքան խորացած չէ խնդրի էության մեջ, եւ արդյունքում վտանգի զգացումը կբթանա: Հիշենք՝ թշնամին կրակում էր Տողերի մանկապարտեզի վրա. ո՞վ էր կրակում, կրակողը թշնամի՞ է, թե՞ չէ. թեկուզ հարյուր հատ գրանտային ծրագիր իրականացնենք, միեւնույնն է, մանկապարտեզի վրա կրակողը թշնամի է»: Մինչդեռ «Ինտերնյուս-Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ, նախագծի համակարգող Հարություն Մանսուրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս նախագիծը երկխոսության փորձ է, եւ պետք չէ միանշանակ ասել՝ ո´չ, քանի որ երկրորդ կարծիք լսելու անհրաժեշտությունը եւս կա: Մեր զրուցակիցը նկատում է, որ այս երկխոսության միջոցով մենք նախ ինքներս մեզ հետ ենք զրուցում, եւ հետո՝ ադրբեջանցիների: Նախագծի համակարգողը խոստովանում է, որ այդ երկխոսությունն այդքան էլ հեշտ չի կայանում, բայց համենայն դեպս իրար լսելու եւ հետո հասկանալու փորձն արվում է: Հարություն Մանսուրյանը համատեղ ֆիլմեր նկարելու այս նախագիծը համարում է երկու կողմերին իրար հասկանալու եւ ելքեր գտնելու համար լավագույն միջոց. «Չի շահում նա, ով թշնամի է համարում դիմացինին եւ ապրում է ատելության մթնոլորտում: Ես կարծում եմ, որ նա միշտ պարտվում է: Ես գտնում եմ, որ մարդուն ատելը ոչ նորմալ երեւույթ է: Ես գտնում եմ, որ թշնամու կերպարը պետք է կոտրել: Գուցե եւ այդ թշնամին ավելի մոտ է գտնվում, քան այն թշնամին, որ Ադրբեջանում է գտնվում: Այդ նույն Ադրբեջանում կարող են լինել մարդիկ, ովքեր շատ առողջ դատողություն ունեն, եւ նրանք կան. մենք նրանց հետ աշխատում ենք»: Մենք զրուցել ենք նաեւ ծրագրի մասնակից Յանա Շախրամանյանի հետ: Նրա խոսքով՝ ինքը ծրագրին մասնակցել է ոչ թե նրա համար, որ ցանկությունը մեծ էր ադրբեջանցիների հետ շփվելու, այլ պարզապես «Ինտերնյուս» կազմակերպությունն է նրան հետաքրքրել: Յանան հասցրել է նկատել, որ նախագծին մասնակցող հայ եւ ադրբեջանցի մասնակիցները անհավասար պայմաններում են գտնվում: Նա փաստում է, որ ծրագրից առաջ նրանք հատուկ պատրաստվածություն են անցնում, եւ նրանց հետ լուրջ աշխատանք է տարվում այնքան, որ շփման մեջ նրանք նույնիսկ կարող են իդեալական թվալ, իսկ հայ մասնակիցների հետ այդպիսի աշխատանք չի տարվում. «Նրանք շատ բարի էին, միշտ ժպտում էին, ակնհայտ էր, որ խմբի հետ լավ աշխատանք էր տարված: Խմբում ներգրավված էին ազատ հայացքների տեր մարդիկ: Կար մի աղջիկ, ում շապիկի վրա Ադրբեջանի հասցեին հայհոյանք էր գրված, եւ նա դա բացատրում էր նրանով, որ չի սիրում իր երկիրը, բռնապետական է համարում: Իսկ երբ ծրագիրն ավարտվեց, պատկերը փոխվեց. նրանց ֆեյսբուքյան էջերին հետեւելով՝ մենք հասկացանք, որ նրանք ամենեւին էլ բարի չեն հայերի նկատմամբ»: Այսպիսով՝ մասնակցելով եվրոպական արժեքներ քարոզող այդ ծրագրերին՝ երկու ազգերի երիտասարդներն էլ լսում են հանդուրժողականության, հավասարության, երկխոսության մասին նույն քարոզչությունը. տարբերությունը մեկն է եւ ամենավտանգավորը՝ ադրբեջանցի երիտասարդները ծնված օրից հայատյաց քարոզչություն են լսել, հայերի հետ հանդիպման են գալիս հստակ պատրաստվածությամբ, եւ անկախ շփումներից ու քարոզչական ելույթներից՝ նրանք վերադառնում են մի իրականություն, որտեղ անընդհատ հայի տեսակը ոչնչացնելուն ուղղված քաղաքականություն է մշակվում: Իսկ հայ երիտասարդները վերադառնում են «ադրբեջանցին էլ է մարդ եւ նույնիսկ լավ մարդ» համոզմունքով: Արդյունքում՝ փաստը մնում է փաստ, որ լուրջ հարված է հասցվում մեր ազգային անվտանգությանը Սաթենիկ Խաչատրյան