Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 12-11-2014
Caucult. ամփոփելով ամեն ինչ
Ինչո՞ւ է անհրաժեշտ մշակութային բազմազանությունը: Ինչո՞ւ է անհրաժեշտ երկխոսությունը: Ի՞նչ կպատահի, եթե չլինի երկխոսություն:
Այս եւ մի շարք այլ համանման հարցերի պատասխաններն անհնար է գտնել առանց միջմշակութային երկխոսության անհրաժեշտության խորը գիտակցման: Միջմշակութային երկխոսությունն ընկալվում է որպես տարբեր էթնիկ, մշակութային, կրոնական, լեզվական ծագում ու ժառանգություն ունեցող անհատների եւ խմբերի հայացքների ազատ փոխանակում՝ հիմնված փոխըմբռնման ու հարգանքի վրա: Հաջող միջմշակութային երկխոսության համար պահանջվում են լայնախոհություն, երկխոսությանը մասնակցելու ցանկություն, մյուսներին արտահայտվելու հնարավորության ընձեռում եւ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կարողություն: Արդեն շուրջ 3 տարի է, ինչ «Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց» (Caucult) ծրագիրը փորձում է բացահայտել Հարավային Կովկասի մշակութային բազմազանությունը՝ որպես ստեղծագործման, զարգացման եւ ազգերի ծաղկման բանալի: Ծրագրի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կազմակերպությունները ներգրավվել են բազմաթիվ մշակութային միջոցառումներում` այդպիսով ստեղծելով յուրահատուկ մշակութային, բարեկամական հարթակ: Ծրագրի ընթացքում զանազան մշակութային միջոցառումներ են տեղի ունեցել ինչպես Գյումրիում, Գորիսում, Ալավերդիում եւ Վանաձորում, այնպես էլ Ադրբեջանի ու Վրաստանի մի շարք մշակութային կենտրոններում: «Ծրագրի հիմնական նպատակներից մեկը միջմշակութային ցանցի ստեղծումն է: Հաջորդ նպատակն է ցանցի միջոցով՝ մշակութային գործիքներով, բարձրաձայնել համայնքների խնդիրների մասին»,- նշեց ծրագրի համակարգող Աննա Եղոյանը: Հայաստանում իրականացված մշակութային միջոցառումներում մեծ ներդրում ու մասնակցություն ունեին երիտասարդները, ովքեր անում էին առավելագույնը՝ մշակութային արժեքների բարձրացման, խնդիրների վերհանման ու երկխոսության ձեւավորման համար: Caucult-ի շրջանակում Գյումրու ՄԷԿ ՀԿ ներկայացվեց Գարրի Արզումանյանի ստեղծագործությունների անհատական ցուցադրությունը: Աղվերանում տեղի ունեցավ «Մշակութային լրագրության առանձնահատկությունները» թեմայով դասընթաց: Կոմիտասի պուրակում «գրքերը կենդանացան» եւ խոսեցին կարծրատիպերի մասին ու խրախուսեցին փոխհասկացվածությունը: Ինտերակտիվ խաղ «Երազանքի ծառ», ձեռքի աշխատանք, «Քանի դեռ շատ ուշ չէ», նկարչական խաղ «Իմ երազանքների քաղաքը», կրեատիվ գործողություն «Երկրարվեստ», բացօթյա ցուցահանդես «Բաց արվեստանոց», «Համայնքային արվեստի փառատոն» եւ բազում այլ միջոցառումներ ներկայացրին մշակութային արժեքներն ու մշակույթի «ամենակարող» ուժը: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ծրագրի հայաստանյան համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին համայնքային կարիքների գնահատման արդյունքները, հնչեցին ՀՀ մշակութային քաղաքականության ռազմավարությանն ուղղված առաջարկներ, հարցեր եւ պատասխաններ: Օրեր առաջ էլ Վրաստանում մշակութային երկխոսության շրջանակում հանդիպեցին երեք երկրների ներկայացուցիչները եւ համաժողովի ընթացքում ամփոփեցին իրենց 3 տարիների ընթացքում կատարած աշխատանքները: «Մշակութային բազմազանություն ասելով վրացիները հասկանում են սեռական եւ տարբեր փոքրամասնություններ: Նրանք համաժողովի ընթացքում ներկայացրին, որ իրենց դպրոցական դասագրքերում պետք է փոփոխություններ տեղի ունենան: Ադրբեջանցիները բարձրացրին այն հարցը, որ իրենց մոտ, օրինակ, կանայք ու աղջիկները չեն կարողանում տարբեր միջոցառումների մասնակցել: Ամփոփելով այս ամենը` կարող եմ ասել մի բան՝ մենք չունենք կովկասցու խուլ, մութ, կիսագրագետ, կիսամշակութային ձեռագիրը»,- նշեց Հայաստանի թիմի ներկայացուցիչներից մեկը՝ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Արթուր Գեւորգյանը: Համաժողովի ընթացքում հարեւան երկրների ներկայացուցիչներն այդքան էլ հստակ չկարողացան ցուցադրել այն աշխատանքները, որոնք արվել էին իրենց կողմից, սակայն, այնուամենայնիվ, 3 երկրների հանդիպումն անցել է որոշ չափով «դրական» մթնոլորտում: «Այո՛, սա շարունակական է լինելու, այո՛, մեր թիմի մեջ կա մեր երկրին օգնելու ցանկությունը: Ինքներս շարունակաբար փորձելու ենք ստեղծել հանրային մշակութային քաղաքականություն: Եթե մենք ուզում ենք ապահովել մշակութային ոլորտի զարգացումը, մենք ինքներս պետք է գրենք մեր մշակույթի ու մշակութային զարգացման գիրքը, ուրիշ ազգերինը, հնարավոր է, ուսանելի լինի մեզ համար, բայց մենք մերն անպայման պետք է ունենանք»,- այսպիսի լավատեսությամբ, հույսով ու կոչով իր խոսքն ավարտեց պարոն Գեւորգյանը: Դե՛ ինչ, մնում է այս ամենից դաս քաղել, հասկանալ մերօրյա իրականության մեջ մշակույթի արժեքը, կարեւորությունն ու հզոր ուժը, որը կարող է հզոր զենք դառնալ մեր ժողովրդի ու մեր երկրի համար: Պատկերասրահ՝ Caucult-ն ամփոփվեց Լիլիթ Սեդրակյան