Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 30-10-2014
Մենք վերադառնում ենք
Հայտնի կինոդերասանների մեծ վերադարձը դեպի կապույտ էկրան:
Օրերս ռուսաստանյան կինոթատրոններում վարձույթի է դուրս եկել Միխայիլ Սեգալի «Кино про Алексеева» կինոժապավենը, որի գլխավոր դերերից մեկին կերտել է Ալեքսանդր Զբրուեւը, ով հանդիսատեսին վաղուց չէր արժանացրել մեծ էկրաններին իրեն տեսնելու հաճույքին: Կինոդերասանների վերադարձը դեպի կինոյի մեծ աշխարհ պայմանականորեն կարելի է բաժանել երկու անվանակարգերի: Մի դեպքում նրանք` դերասանները, ինչպես Ալ. Զբրուեւը, սկսում են նկարահանվել երկարատեւ դադարից հետո, իսկ մյուս դեպքում` նրանք չեն դադարում նկարահանվելուց, բայց հանդիսատեսն այդ մասին ոչինչ չի իմանում, մինչեւ չի հանդիպում դերասանին որեւէ առանձնահատուկ դեր կերտելիս: Որպես օրինակ կարող է ծառայել Օրսոն Ուելլսի հետ կապված դասական պատմությունը: Ստեղծագործական աշխատանքի համար լինելով ոչ այդքան լավ վիճակում՝ Օր. Ուելլսը 1995 թ-ին նկարահանեց «Mr. Arkadin» ֆիլմը, որի գլխավոր դերերից մեկը մարմնավորեց հենց ինքը, սակայն մի քանի տարի անց նա վերադարձավ անհավանական կերպարով՝ «Touch of Evil» ֆիլմում մարմնավորելով ոստիկան Հենք Կուինլենին: Առիթից օգտվելով` այժմ որոշել ենք ներկայացնել անվանի այն դերասաններին (հոլիվուդյան եւ հետխորհրդային տարածաշրջանում ճանաչում ստացած), ովքեր հենց վերջերս գրանցած իրենց «վերադարձ»-ներով ապացուցում են, որ հանդիսատեսի ուշադրության տարածք վերադառնալը երբեք ուշ չէ: Հոդվածը պատրաստելիս օգտվել ենք ռուսալեզու «КиноПоиск» «հանրագիտարանային» կայքից: «Iron Man» (2008թ.) Ռոբերտ Դաունի-Կրտսերի հետ Ռոբերտ Դաունի-Կրտսերը ժամանակին խնդիրներ է ունեցել թմրանյութեր օգտագործելու հետ կապված: Դա իր հետքն է թողել դերասանի կյանքի ու կարիերայի վրա: Շրջադարձային եղավ նրա ծանոթությունը «Gothic» ֆիլմի պրոդյուսեր Սյուզան Լեւինի հետ: Հանուն նրա` Ռ. Դաունին հերթական բուժման կուրսն անցավ Լոս Անջելեսում, որից հետո Ս. Լեւինին սիրտն «առաջարկեց»: Այսօր թերեւս ամենապահանջված դերասանների աղյուսակում Ռոբերտ Դաունին հայտնվեց ի շնորհիվ «Iron Man» ֆիլմում մարմնավորած Թոնի Սթարկի: «The Wrestler» (2008թ.) Միկկի Ռուրկի հետ Ռեստլինգի նախկին աստղ Ռենդի Ռոբինսոնը (Միկկի Ռուրկ) փորձում է, առանձին կտորներ իրար միացնելով, ստանալ իր կյանքը, սակայն` դժբախտություն. պարզվում է՝ աշխարհում չի գտնվում այդքան կպչուն ժապավեն: «Բարետես Ջոնի»-ի գեղեցիկ բեմադրված վերադարձը (իհարկե, դժվար է չնկատել Մ. Ռուրկի հիշատակած կերպարի մարգարեական երանգը) իր մեջ կրում է որոշակի խորամանկության երանգավորում: «The Wrestler»-ից առաջ Մ. Ռուրկի նախկին կերպարները զրոյական էին՝ ներառյալ նաեւ «Sin City»-ն ու «Domino»-ն: Սակայն նրա` Դարրեն Արոնոֆսկու սպորտային դրամայում երեւալն ավելի փառահեղ դարձավ: Ի դեպ, «The Wrestler»-ը սպորտի հետ անգամ անմիջական կապ չունի: Սա, այսպես ասած, հակա-«Rocky Balboa»-ի է նման (ռեժ. եւ գլխավոր դերասան՝ Սիլվեստր Ստալոնե): Եվ չնայած երկուսն էլ՝ ե՛ւ Ռոկկին, ե՛ւ Ռենդին պատրաստվում են իրենց վերջին մրցամարտին, այնուամենայնիվ նրանք ընդհանրապես նման չեն մեկը մյուսին: Ստալոնեն նախապես ռինգ դուրս կգար «Gonna Fly Now»-ի ներքո, որպեսզի նույնիսկ պարտվելու դեպքում հաղթանակ տոնի: Ռուրկը դուրս կգար, որովհետեւ ռեսլինգն այն ամենն է, ինչ մնացել է: Եվ կարեւոր չէ, որ Միկկին կռվում է հաճույքի համար: Նա իսկապես կռվում է՝ սիրտը պայթելու աստիճան: «Бубен, Барабан» (2009թ.) Նատալյա Նեգոդայի հետ Նատալյա Նեգոդան մեծ էկրաններին չէր երեւացել ավելի քան տասնհինգ տարի: Հենց դա էր պատճառը, որ Ալեքսեյ Միզգիրեւի դրամայում նրա մարմնավորած նոր դերին հետեւելն իրոք առավել հետաքրքրական էր: Եթե փոքրիկ Վերան (դերասանուհու նախորդ դերը) տրվում էր զգացմունքներին, ապա Նեգոդայի նոր դերն ամուր էր, ինչպես քարը: Գրադարանավարուհի Եկատերինա Արտյոմովնան (մարմնավորած կերպարը) տաք երկաթով իր մեջ այրել էր բոլոր զգացմունքները: Եկատերինայի մեջ կարելի է անգամ գտնել Միքայել Հանեկեի «La Pianeste»-ից ընդօրինակումներ, սակայն նրա ջանքերը` ուղղված նիցշեական գերմարդ կամ գոնե դրա ստվերը դառնալուն, բավականին խղճուկ տեսք ունեն: «True Grit» (2010թ.) Ջեֆֆ Բրիջեսի հետ Դեռ Պիտեր Բոգդանովիչի «The Last Picture Show» կինոֆիլմում փառքի արժանացած Ջեֆֆ Բրիջեսը մեկ կորում էր հանդիսատեսի տեսադաշտից, մեկ` նորից հայտնվում: Դերասանի համար 2000-ականների վերջը նույնպես հաջողված էր: Մեկը մյուսին հաջորդում էին դերերը «The Men Who Stare at Goats»-ում ու «Crazy Heart»-ում, սակայն հաջողության գագաթնակետը դառնում է «True Grit»-ը՝ տասնչորսամյա աղջկա մասին պատմությունը, ով որոշում է վրեժ լուծել հոր համար, այդ պատճառով էլ ընկերության միաչքանի մարշալի (Ջեֆֆ Բրիջես) ու տեխասյան ոստիկանի (Մեթ Դեյմոն) հետ ուղեւորվում է մահվան ստվերի հովիտ: «Killer Joe» (2011թ.) Մեթյու ՄաքՔոնահիի հետ Թրեյսի Լետտսայի պիեսի էկրանավորումն է, որն այնպես, ինչպես նրա «Bug»-ը, երրորդ գործողության ժամանակ վերջնականապես կորցնում է իրականության հետ որեւէ կապ ու վերածվում խելահեղ ներբողի: Գործողության կենտրոնում շերիֆ Ջո Կուպերն է (Մեթյու ՄաքՔոնահի), ով վաստակում է` ազատ ժամանակ մարդասպան լինելով: Արդարության համար պետք է նշել, որ նախքան այս ֆիլմը Մ. ՄաքՔոնահին հանդես է եկել բավականին ազդեցիկ «The Lincoln Lawyer» ֆիլմում, բայց իր համար տրիումֆային լինելու տեսակետից դերասանը նշում է Ուիլյամ Ֆրիդկինի հենց այս ֆիլմը: Ինչ էլ որ եղած լինի, այնուամենայնիվ Մ. ՄաքՔոնահիին, ով ինչ-որ ժամանակ ռոմանտիկ կոմեդիաներում էր «խրվել», դրամատիկական դերով իսկապես հաջողվում է մեծ էկրաններին վերադառնալ: Իսկ թե ինչով է այդ ամենն ավարտվում, բոլորին քաջ հայտնի է: Հինգ տարվա մեջ մեկը մյուսից հիանալի կերտած կերպարները դերասանին արժանացնում են «Օսկար» մրցանակի: «The Master» (2012թ.) Խոակին Ֆենիքսի հետ Խոակին Ֆենիքսը «The Lovers»-ի ու «The Master»-ի միջեւ փորձում էր սկսել ռեպ-կարիերա, եթերում Դեւիդ Լեթթերմանի մոտ խելքը կորցնում էր եւ այլ հնարանքներ գործադրում: Հետո իսկապես հետեւեց բացատրությունը՝ «I’m Still Here» ֆիլմի տեսքով, եւ բոլորը հանգիստ շունչ քաշեցին, բայց նստվածք կարծես թե մնացել էր: «The Master»-ում, ինչպես եւ «I’m Still Here»-ում Խոակինը կրկին մարմնավորում է խելագարի կերպար, այսինքն՝ կարելի է ասել, որ ամբողջ այս ժամանակահատվածում նա իր դերից դուրս չէր եկել: «The Last Stand» (2013թ.) Արնոլդ Շվարցնեգգերի հետ Ֆիլմի անվանման տեղայնացված` «Հերոսի վերադարձը» տարբերակն այնքան հաջող է ստացվել, որ հաստատ դուր եկած կլիներ անգամ գլխավոր դերը մարմնավորող Արնոլդ Շվարցնեգգերին: Արնոլդի` ավելի քան տասնամյա ընդմիջումից հետո վերադարձը դեպի կինեմատոգրաֆիայի մեծ աշխարհ առիթ դարձավ հիշելու, որ նա դեռ կարողանում է սեղմել ավտոմատի ձգանը: Բացի դրանից` դուրս գալով պահեստայիններից՝ Շվարցը միանգամից հասավ ակնհայտ հաջողությունների: Նրա մասնակցությամբ տարեկան թողարկվում է երկու-երեք ֆիլմ՝ մեծ մասամբ «action» ժանրում: Առաջիկայում կլինի նաեւ «Terminator»-ի հինգերորդ թողարկումը, ինչը զարմանալի չէ: Այս օլիմպիական աստվածը, որ իջել է երկրի վրա (1969 թ-ին նկարված «Hercules in New York»), «I’ll be back» («Ես դեռ կվերադառնամ») արտահայտությունը միշտ ընկալել է որպես ակտիվ գործողությունների կոչ: «Birdman» (2014թ.) Մայքլ Կիտոնի հետ Ռիգգան Թոմսոնը (Մայքլ Կիտոն) հիշարժան կյանք ունեցող դերասան է, ով երբեք չի էլ փորձել մարմնավորել «Birdman»-ի սուպերհերոսին: Նա պատրաստվում է հենց Բրոդվեյում բեմադրել պիեսը, որի գլխավոր հերոսին կմարմնավորի հենց ինքը՝ տեղ-տեղ բանավեճի մեջ մտնելով թռչնային ալտերէգոյի հետ: «Birdman» ֆիլմանվանման մեջ հնչում է ոչ պատահական հերոսի անունն այնպես, ինչպես այդ դերը պատահական չէ, որ մարմնավորում է Մայքլ Կիտոնը: «Birdman». նախապես այսպես էր անվանվում կերպարը, որին ստեղծել էր (իսկ ավելի կոնկրետ` ուրվագծել էր Ֆլեշ Գորդոնը) «Բոբ Քեյն» ասպետի ստեղծողը, ով թերեւս պնդում էր նաեւ, որ ոգեշնչվել է «The Mark of Zoro» ֆիլմից: Մարդ-թռչունին հետագայում վերանվանում են Մարդ-չղջիկ, իսկ ինչ վերաբերում է Մ. Կիտոնին, ապա շատերի հիշողության մեջ նա դաջված է հենց «Batman»-ի կերպարով: Ակնհայտ է, որ «Birdman»-ը հիանալի հնարավորություն էր Մայքլ Կիտոնի համար` պարզելու հարաբերությունները սուպեր հերոսական անցյալի հետ եւ միևնույն ժամանակ մեծ դերով վերադառնալ մեծ էկրաններին: Հետաքրքրական է նաեւ, որ ֆիլմում գլխավոր հերոսը բարդ կոնֆլիկտի մեջ է մտնում կինոքննադատի հետ` «The New York Times»-ից: Նշենք, որ Կիտոնը մի ժամանակ խաղացել է գլխավոր խմբագրի տեղակալի դերը Ռոն Հովարդի չգնահատված «The Parer»-ում, որտեղ նրա լրատվամիջոցը մրցակցում էր նման հրատարակության հետ: «Кино про Алексеева» (2014թ.) Ալեքսանդր Զբրուեւի հետ Նիկոլայ Ալեքսեեւին (Ալեքսանդր Զբրուեւ), ով անցյալում քիչ հայտնի սովետական աշուղ էր, իսկ ներկայումս բոլորի կողմից մոռացված թոշակառու Տուլայից, հաղորդագրություն է գալիս, որով նրան հրավիրում են մայրաքաղաքային ռադիոեթեր: Երկար չմտածելով՝ Ն. Ալեքսեեւը պատրաստվում է ճանապարհ ընկնել, բայց երբ մոտենում է ժամը, նրա աչքի առաջ հառնում են անցյալի ուրվականները, իսկ նախկին օրերի գործերն այդքան էլ հեռավոր չեն թվում: Երաժիշտը, ով լավագույն ժամանակներում սիրում էր անհաշիվ ցիտել Անդրեյ Տարկովսկուն՝ առանց մատնանշելու սկզբնաղբյուրը, ավելի խորն է ընկղմվում հիշողությունների ճահիճը: Ռեժիսոր Միխայիլ Սեգալն աշխատել է հակաթեզի վրա (նրա ֆիլմում հորինված աշխարհը հակադրվում է իրականին. ռադիոթողարկման հաղորդավարը իդեալականացնում է երաժիշտ Ալեքսեեւին, ինչպես ընդունված էր 1960-ականներին` այն ժամանակահատվածում, երբ մեկ հետադարձ հայացք ուղղելով` պարզ է դառնում, որ գովեստի խոսքերն իրականում ուղղակի չափազանցվում էին), որին հասնում է սպանիչ էֆֆեկտով` իհարկե, ի շնորհիվ նաեւ գլխավոր դերը մարմնավորողի: Ալեքսանդր Զբրուեւը 1960-ականների տիպիկ դերասան է ու վերադարձել է մեծ կինո տասը տարվա ընդմիջումից հետո: Այստեղ երեւում է նաեւ Քոեն եղբայրների «Inside Llewyn Davis»-ի հայրենական պատասխանը, որի եզրափակիչ մասում ի հայտ է գալիս այնպիսի մեծ ու հուզիչ բացատրություն այն ամենին, ինչ երեւում է էկրանին. երբ հասկանում ես ասվածի ճշմարիտ իմաստը, հալվում ես դրա հմայքից, ինչպես կարագը` թեժ արեւից: Քնար Միսակյան