Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 29-10-2014
Ֆիգուն, Լաուդրուպը եւ ֆուտբոլային հինգ այլ «դավաճաններ»
Հայտնի փաստ է, որ «Բարսելոնայից» «Ռեալ» տեղափոխվելը համարվում է ֆուտբոլային դավաճանություն:
Երկու ակումբների միջեւ պայքարն արդեն 100-ամյա պատմություն ունի, իսկ դավաճանությունները պատմության մեջ մշտապես կարեւոր դերակատարում ունեն: Իսպանական «սուպերկլասիկոյի» դարավոր պատմությունը քիչ թշնամիներ չի տեսել: Եթե ավելի հստակ լինենք, ապա թե՛ «Ռեալում», թե՛ «Բարսելոնայում» խաղացել են տասնյակից ավելի ֆուտբոլիստներ, սակայն եղել են եզակիները, ովքեր «հավատարիմ» են մնացել անեծքի սիրահարներին: Ռուսաստանյան «Спорт-Экспресс»-ը հիշել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» յոթ ամենահիշարժան ու ամենից շատ քննարկված տեղափոխությունները: Ռիկարդո Սամորա «Բարսելոնայում» անցկացրած տարիները՝ 1919-1922թթ. «Ռեալում» անցկացրած տարիները՝ 1930-1936թթ. 20-րդ դարի առաջին կեսի մոլորակի լավագույն դարպասապահներից մեկը՝ Ռիկարդո Սամորան, ծնվել է Կատալոնիայում: Ազգությամբ իսպանացի Ռ. Սամորան միշտ համակրել է տեղի «Էսպանյոլին», այլ ոչ թե «Բարսելոնային»: Սակայն հենց «կապտանռնագույնների» ճամբարում է դարպասապահն արժանացել փառքի ու ստացել «Աստվածային» մականունը: 21 տարեկանում Ռիկարդո Սամորայի երազանքը կատարվում է. նա դառնում է «Էսպանյոլի» ֆուտբոլիստ, ինչն արդեն իսկ դուր չէր գալիս «Բարսելոնայի» երկրպագուներին: Իսկ արդեն 29 տարեկանում դարպասապահն անում է անհավատալին. նա տեղափոխվում է «Ռեալ»: Սպառնալիքները Ռ. Սամորային միանգամից չողողեցին: Միայն 1933 թ-ին, երբ Իսպանիայի ազգային հավաքականը սեփական հարկի ներքո խաղն ընդունելու համար պատմության մեջ առաջին անգամ գնաց Կատալոնիա, «կապտանռնագույնների» հավատարիմ երկրպագուները հայտարարեցին, որ Ռ. Սամորան Մադրիդ ողջ չի վերադառնալու: Իր չմտածված քայլով դարպասապահը խաղաց նաեւ որդու՝ Ռիկարդինիոյի ճակատագրի հետ: Հեռանկարային դարպասապահը կարիերայի լուսաբացին կարող էր հայտնվել հոր առաջին թիմում՝ «Բարսելոնայում», բայց կատալոնացիների ղեկավարությունը վախեցավ ֆանատների արձագանքից, ովքեր դեռ հիշում էին Սամորա ավագի դավաճանությունը: Այսօր Սամորայի անունով է անվանված Կատալոնիայի փողոցներից մեկը, որը գտնվում է «Էսպանյոլ» ակումբի նախկին մարզադաշտի հարեւանությամբ: «Բարսելոնայի» երկրպագուներն այստեղ հաճախ են կազմակերպում «որոգայթներ» իրենց հարեւան-մրցակիցների համար: Խոսեպ Սամիտյեր «Բարսելոնայում» անցկացրած տարիները՝ 1919-1932թթ. «Ռեալում» անցկացրած տարիները՝ 1932-1935թթ. Խ. Սամիտյերի պատմությունն այս ցանկում առանձնանում է թեկուզ եւ այն բանի համար, որ նա բնիկ կատալոնացի է: Խ. Սամիտյերը եղել է «Բարսելոնայի» ու ամբողջ աշխարհի կուռքը: Եթե նրա ժամանակ հանձնեին «Ոսկե գնդակ» մրցանակը, ապա նա, անկասկած, կստանար առնվազն հինգը, եթե ոչ ավելին: Բայց երեսուն տարեկանում Սամիտյերը զգալիորեն թուլացավ: «Բարսելոնայում» դժգոհ էին ոչ միայն նրա խաղից, այլեւ դաշտից դուրս նրա ցուցաբերած վարքից: «Կապտանռնագույնների» նոր պայմանագիրը նախատեսում էր Խոսեպի աշխատավարձի գրեթե կրկնակի կրճատում: «Ռեալը», իմանալով այդ մասին, Սամիտյերին առաջարկում է շատ ավելի լավ պայմաններ, եւ Կատալոնիայի կուռքը անսպասելիորեն համաձայնում է... Ամբողջ Բարսելոնան ցնցվել էր այդ լուրից, որ իրենց սիրելին տեղափոխվում է թշնամիների ճամբար: Պատկերացրե՛ք՝ այսօր «Ռեալի» համար «կապտանռնագույնների» թիմը լքում է Լեո Մեսսին… Արձագանքը եղել է նույնը: «Ռեալում» Սամիտյերը խաղացել է ընդամենը երկու մրցաշրջան, որից հետո գնացել է Նիցցա մինչեւ քաղաքացիական պատերազմի ավարտը: 1943 թ-ին Սամիտյերը վերադառնում է Բարսելոնա: Չկարողանալով զսպել զգացմունքները՝ նա ծնկի է գալիս քաղաքի գլխավոր փողոցներից մեկում եւ անկեղծորեն հեկեկալով՝ սկսում է ներողամտություն հայցել քաղաքացիներից: Հարազատ քաղաքն ընդունում է կատալոնացու զղջումը: Այնուհետեւ Խ. Սամիտյերը դառնում է հաջողակ մարզիչ եւ տեխնիկական տնօրենի պաշտոն զբաղեցնում «Բարսելոնայում»: Բերնդ Շուստեր «Բարսելոնայում» անցկացրած տարիները՝ 1980-1988թթ. «Ռեալում» անցկացրած տարիները՝ 1988-1990թթ. Անուղղելին գերմանացին իրագործեց անգամ ոչ թե 1988 թ-ին, այլ երկու տարի առաջ՝ 1986 թ-ին: Եվրոպայի Չեմպիոնների գավաթ մրցաշարի եզրափակչում՝ «Ստյաուա»-«Բարսելոնա» հանդիպման ժամանակ դժգոհ լինելով իր փոխարինումից՝ Շուստերը մարզիչ Վենեյբլսի վրա նետեց սրբիչը, մարզաշապիկը, նստեց մեքենան ու շտապ հեռացավ մարզադաշտից: Խաղում «կապտանռնագույնները» պարտվում են հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, իսկ գերմանացին այնուհետեւ խոչընդոտներ է ունենում: Չնայած հասարակության զարմանքին՝ Շուստերը մնաց թիմում: Սակայն… միայն երկու տարի: 1988 թ-ին գերմանացին փչացրեց հարաբերությունները թիմի հետ՝ կռվելով Գարի Լինեկերի հետ եւ հրաժարվելով մասնակցել գործադուլին, որը կազմակերպվել էր աշխատավարձերի ուշացման համար: «Ռեալում» սկանդալային Շուստերին նույնպես չէին սիրում: Նա արդեն հայտարարել էր «Բարսելոնայի» նկատմամբ իր անմար սիրո մասին եւ հասարակությանը ցուցադրում էր «կապտանռնագույններին» անդամակցելու քարտը: Պատահական չէր, որ երկու տարի անց գերմանացի սադրիչը տեղափոխվեց արդեն մադրիդյան «Ատլետիկո»: Միքայել Լաուդրուպ «Բարսելոնայում» անցկացրած տարիները՝ 1989-1994թթ. «Ռեալում» անցկացրած տարիները՝ 1994-1996թթ. Դանիացին Յոհան Կրույֆի հայտնի «երազանքների թիմի» անբաժանելի մասն էր կազմում: «Տասնյակ»-ի դիրքում Լաուդրուպը քիչ գոլեր չի խփել եւ բազում գոլային փոխանցումներ է կատարել: «Կապտանռնագույնների» թիմում սկանդինավցին նվաճել է նաեւ Իսպանիայի չորս առաջնություն եւ եվրոպական Չեմպիոնների գավաթը: Եվ այդ ամենը՝ ի շնորհիվ Կրույֆի: Բայց 1994 թ-ին Լաուդրուպը, ինչպես հետո է խոստովանել, ի հեճուկս Կրույֆի, անսպասելի տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Դանիացին ավելի հաճախ էր սկսել իր տեղը հիմնական կազմում զիջել երիտասարդ Խոսեպ Գվարդիոլային: Հենց այդ պատճառով էլ ստիպված էր նոր աշխատանք գտնել, այն էլ՝ Մադրիդում… Լաուդրուպի՝ «սերուցքային» մարզաշապիկով առաջին այցը «Կամպ Նոու» դարձավ իսկական մղձավանջ՝ սուլոցներ տրիբունաներում, ցուցանակներ՝ «Հուդա», «Դավաճան» եւ նմանօրինակ մակագրություններով... Միքայելն այնքան է տպավորվում «ջերմ» ընդունելությունից, որ հենց երկրորդ խաղակեսում փոփոխություն է խնդրում թիմի մարզչից: Միգել Սոլեր «Բարսելոնայում» անցկացրած տարիները՝ 1988-1991 եւ 1992-1993թթ. «Ռեալում» անցկացրած տարիները՝ 1995-1996թթ. Իսպանացի պաշտպանը երբեք չհասկացավ, թե ինչ է բարոյական սկզբունքը, եւ ինչու երկրի կեսը նրան տանել չէր կարողանում: Թերեւս պատասխանը երեւում է նրա աշխատանքային գրքույկում. Մ. Սոլերը քսան տարում հասցրել է խաղալ ոչ միայն Մադրիդի «Ռեալում» եւ «Բարսելոնայում», այլեւ «Էսպանյոլում» ու մադրիդյան «Ատլետիկոյում»: «Արքայական ակումբում» Սոլերը հայտնվեց մնացածից ավելի ուշ: «Ռեալում» նա չմնաց անգամ մի տարի: Պատճառներից մեկը մադրիդյան ակումբի երկրպագուներից մեկի հետ ունեցած կռիվն էր, ով պնդում էր Սոլերին անհապաղ արտաքսել «Բարսելոնա»: Զարմանալի չէ, որ այդ միջադեպից հետո Սոլերի կարիերան սկսեց անկում ապրել: Լուիս Էնրիկե «Ռեալում» անցկացրած տարիները՝ 1991-1996թթ. «Բարսելոնայում» անցկացրած տարիները՝ 1996-2004թթ. «Ռեալից» «Բարսելոնա» մեկ տարում միանգամից տեղափոխվել են երկու ֆուտբոլիստներ՝ ֆրանսիացի ոչ այնքան հայտնի Լյուսեն Մյուլլերը եւ խիխոնցի Լուիս Էնրիկեն: Այսօր արդեն «կապտանռնագույնների» գլխավոր մարզչի ազգությունը (իսպանացի, սակայն Խիխոնից) հենց բացատրում է «Ռեալի» երկրպագուների թշնամանքը: Հայտնի է, որ կենտրոնից հեռու գտնվող շրջանների բնակիչներն այնքան էլ չեն սիրում Մադրիդի «Ռեալին» եւ մեծ սիրով են ընդունում «Բարսելոնային»: Ահա եւ Էնրիկեն, 1995 թ-ին լինելով մադրիդցիների խաղացող, կրելով նաեւ թիմի ավագի թեւկապը, ասաց, որ «Բարսելոնան» իր սիրելի ակումբն է հարազատ Խիխոնի «Սպորտինգից» հետո: Բնականաբար, «Ռեալի» երկրպագուներն արդեն առաջիկա մարզման ժամանակ սուլում են Լուիսին: Եվ քչերը զարմացան, որ մեկ տարի անց Էնրիկեն տեղափոխվեց Կատալոնիա: Եվս մեկ տարի անց նա գոլ է խփում «Ռեալին», որից հետո մոտենում է մադրիդյան ակումբի երկրպագուներին եւ նրանց բռունցք ցույց տալիս: Էնրիկեն դառնում է «Բարսելոնայի» ավագ, իսկ հետո՝ գլխավոր մարզիչ: Լուիշ Ֆիգու «Բարսելոնայում» անցկացրած տարիները՝ 1995-2000թթ. «Ռեալում» անցկացրած տարիները՝ 2000-2005թթ. Եթե դավաճանությունը հնարավոր լիներ դասակարգել, ապա Լ. Ֆիգուի արարքն անկասկած գագաթնակետը կլիներ: 2000 թ-ի հուլիսի 23-ին «Բարսելոնայի» ավագը, սիրելին տասնյակ տեսախցիկների առաջ հայտարարեց. «Ես չեմ գնա «Ռեալ»: Ինչպե՞ս եմ հետո նայելու սիրելի «Բարսելոնայի» երկրպագուների աչքերին»: Ինչպես հետո պարզվեց, պորտուգալացին կարող էր թքած ունենալ այդ աչքերի վրա: Հաջորդ օրը Ֆիգուի ստորագրությունն արդեն մադրիդյան ակումբի պայմանագրի վրա էր: Կոպեկներ, կրակայրիչներ, դրոշակներ, հեռախոսներ, գոլֆի գնդակներ, դանակ, գարեջրի ու վիսկու մեծ շշեր եւ, իհարկե, խոզի գլուխ. ահա այս ամենով «Բարսելոնայի» երկրպագուները ողողեցին իրենց երբեմնի կուռքին: Կատալոնացիները Ֆիգուին հանգիստ չթողեցին նույնիսկ 2004 թ-ի Եվրոպայի առաջնության եզրափակչում, երբ երկրպագուներից մեկը դուրս եկավ խաղադաշտ եւ «դավաճանի» երեսին շպրտեց «Բարսելոնայի» խորհրդանիշով դրոշը: Պորտուգալիայի հավաքականն այդ խաղում զիջեց հույներին... 2005 թ-ին Ֆիգուն «Ռեալից» տեղափոխվեց «Ինտեր»: Առաջին խոշոր հարցազրույցի ժամանակ պորտուգալացին ասել է. «Մադրիդի «Ռեալը» կրկես է, իսկ «Ինտերը» իսկական ակումբ»: Աղբյուրը՝ sport.mail.ru Քնար Միսակյան