Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 25-10-2014
Միլիարդ եվրոյանոց ֆուտբոլային դիմակայություն
Հին աշխարհի ֆուտբոլային գլխավոր խաղից առաջ ռուսաստանյան «ՍպորտԷքսպրես» լրատվականը հաշվել է՝ ի՞նչ արժեն «Ռեալն» ու «Բարսելոնան»:
Եկամուտ-Պարտքեր Իսպանական գրանդները շարունակում են ամրապնդել իրենց տնտեսական դիրքերը ոչ միայն ներքին, այլեւ համաշխարհային շուկայում՝ ավելի շատ ուշադրություն գրավելով Ասիայի ու Միջին Արեւելքի ներդրողների շրջանում: Այսպիսով՝ մադրիդյան «Ռեալը» անցած մրցաշրջանում ստացավ ռեկորդային եկամուտներ՝ 603.9 մլն եվրոյի չափով: Անցած տարվա համեմատ՝ այն ավելացել է 10.9%-ով, իսկ մաքուր եկամուտը՝ 4.4%-ով (38.5 մլն եվրո): «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերով՝ մայրաքաղաքային ակումբը 10 տարի շարունակ համարվում է ամենաեկամտաբեր եւ բարեհաջող ֆուտբոլային բրենդն աշխարհում: Սակայն արդյո՞ք առիթ չկա կասկածելու: Կա՛: Մադրիդցիների պարտքերի մասին հայտարարությունները միմյանցից շատ են տարբերվում: Այս գործոնն ի վիճակի է արմատապես փոխելու ֆուտբոլային ակումբի ֆինանսական բալանսի մասին պատկերացումները: Եթե Ֆ. Պերեսը հիացական տոնով հայտարարում է 21%-ով «Արքայական ակումբի» պարտքերի նվազեցման մասին, այսինքն՝ նվազել է մինչեւ 71.5 մլն եվրո, ապա «Ռեալի» արժեքների պահպանման ասոցիացիայի նախագահ (գոյություն ունի նաեւ այդպիսի կառույց) Կառլոս Մենդոսան հայտնում է, որ դրանք միանգամայն այլ թվեր են: «Նախորդ տարի «Ռեալի» պարտքը կազմում էր 540 մլն, իսկ այժմ այդ գումարը հասել է 602 մլն դոլարի: Այստեղ հաշվի են առնվում ակումբի բոլոր վարկերը»,- ասում է Մենդոսան: Ո՞ւմ հավատալ: 2013-2014 մրցաշրջանի արդյունքներով՝ «Բարսելոնայի» եկամուտները նույնպես թարմացրել են ներքին ռեկորդը եւ հասել են 530 մլն եվրոյի: Նշենք, որ դա գրեթե 75 մլն-ով քիչ է, քան «Ռեալի» եկամուտը հենց այդ նույն ընթացքում: Դեռեւս ամռանը դրա մասին զեկուցեց ակումբի տնտեսական գծով փոխնախագահ Խավյեր Ֆաուսը (1 տարի առաջ եղել է 490 մլն): Կատալոնացիների մաքուր եկամուտն էլ, որքան էլ զարմանալի է, գերազանցում է «Արքայական ակումբին»՝ 41 մլն եվրոն ընդդեմ 28.5-ի: Մի խոսքով, այս հարցում «Բարսելոնան» այսօր լավագույն ժամանակներ է ապրում: 2011-2012 թթ. մրցաշրջանում նրանք աշխատել էին «մաքուր» 49 մլն: Ինչպե՞ս են «Բարսելոնայի» գործերը պարտքերի առումով: 2014թ. հունիսի 30-ի տվյալներով՝ այն կազմում է 287 մլն եվրո (մինչեւ 44 մլն եվրո կրճատում): Եթե նշյալ թվերը ճիշտ են, ապա դա կարելի է համարել կատալոնական ակումբի կոմերցիոն ծառայությունների իսկական հաջողությունը: Դեռեւս մի քանի տարի առաջ «Բարսելոնայի» պարտքերը գերազանցում էին 550 մլն եվրոն: Ամառային առեւտուր Վերջին «սուպերկլասիկոյի» ժամանակներից, որն Իսպանիայի արքայական գավաթի եզրափակչի շրջանակում ապրիլի 16-ին տեղի ունեցավ Վալենսիայում եւ ավարտվեց «Ռեալի» հաղթանակով` 2-1 հաշվով, թիմերը միանգամից մի քանի նշանակալի ձեռքբերումներ ունեցան: Բացի խաղային խնդիրների լուծումից (յուրաքանչյուր թիմ ունի իր խնդիրները)` մադրիդցիները եւ կատալոնացիները մտածում էին նաեւ կոմերցիոն օգուտների մասին. 100 տարի շարունակվող ֆիլմ դիտելն ավելի հետաքրքիր է, երբ նրանում հայտնվում են նոր կերպարներ: Այնպես չէ՞… Մադրիդի «Ռեալը» տարեցտարի գլխավորում է բոլոր հնարավոր ռեյտինգները` մեծ գումարներ ծախսելով տրանսֆերների ուղղությամբ: Այսպես` Միջազգային հետազոտությունների սպորտային կենտրոնի տվյալների հիման վրա, որն ուսումնասիրել է ֆուտբոլային ակումբների գնումները՝ իրականացված 2008-2014 թթ. ամռանը, «Արքայական ակումբը» ամենաառաջինն է. թիմի ծախսերը կազմել են 750 մլն եվրո: Սակայն այս ամռանը, չնայած մի քանի խոշոր գնումներին, «Ռեալը» բավարարվեց առանց ռեկորդների: 117.5 մլն եվրո է ծախսվել «Բավարիայից» կիսապաշտպան Տոնի Կրոսի (20 մլն), «Մոնակոյից» Համես Ռոդրիգեսի (80 մլն) եւ «Մանչեսթր Յունայթեդից» Խավյեր Հերնանդեսի (2.5 մլն վարձավճարի համար) տեղափոխման, ինչպես նաեւ «Լեւանտեից» դարպասապահ Կեիլոր Նավասի ձեռքբերման համար: Դրա հետ մեկտեղ, ինչը գրեթե զարմանալի է, իր խաղացողների վաճառքի ժամանակ «Ռեալը» աշխատել է 114 մլն եվրո եւ բավականին պայմանականորեն հայտնվել փոփոխային մինուսում: «Արքայական ակումբը» բոլորից թանկ վաճառեց արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիային՝ «Մանչեսթր Յունայթեդ» (75 մլն), ինչպես նաեւ հարձակվող Ալվարո Մորատային՝ «Յուվենթուս» (20 մլն), կիսապաշտպաններ Կազեմիրոյին՝ «Պորտու» (վարձակալություն, 1.5 մլն), Խաբի Ալոնսոյին՝ «Բավարիա» (10 մլն), Նուրի Շահինին՝ «Բորուսիա» (7 մլն) եւ դարպասապահ Խեսուսին՝ «Լեւանտե» (0.5 մլն): Այսպիսով` ըստ գերմանական վարկանշային պորտալի (transfermarkt.de)՝ «Ռեալի» խաղացողների փոփոխման շնորհիվ ակումբի կազմի վերջնական արդյունքը կազմել է 673 մլն եվրո: «Բարսելոնան» ամառային տրանսֆերների ժամանակ գումար չխնայեց եւ նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար ծախսեց ռեկորդային՝ ավելի քան 157 մլն եվրո: Որտե՞ղ են հոսել գումարները: Կատալոնացիները հարձակվող Լուիս Սուարեսի համար վճարել են «Լիվերպուլին» (81 մլն 250 հազար), պաշտպան Թոմաս Վերմալենի համար` «Արսենալին» (10 մլն), Դուգլաս Պերեյրայի համար` «Սան Պաուլուին» (4 մլն) եւ Ժերեմի Մատյեի համար` «Վալենսիային» (20 մլն), կիսապաշտպան Իվան Ռակիտիչի համար` «Սեւիլիային» (18 մլն), դարպասապահներ Կլաուդիո Բրավոյի համար` «Ռեալ Սոսյեդադին» (12 մլն) եւ երիտասարդ Մարկ-Անդրե Շտագենի համար` Մյունխենգլադբախի «Բորուսիային» (12 մլն): Եվ ավելի քան 10 մլն վճարվեց տարբեր տեսակի տրանսֆերային բոնուսների համար: Խաղացողների վաճառքից ակումբն աշխատեց գրեթե 79 մլն եվրո: Ակումբը լքեցին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը («Չելսի», 33 մլն), կիսապաշտպան Ջովանի դոս Սանթոսը («Վիլիառեալ», 1.5 մլն) ու հարձակվողներ Բոյան Կրկիչը («Ստոք Սիթի», 1.8 մլն) եւ Ալեքսիս Սանչեսը («Արսենալ», 42.5 մլն): Այսպիսով` «Բարսելոնայի» վերջնական փոփոխությունների արդյունքում ֆուտբոլիստների կազմի արժեքը կազմել է 611 մլն եվրո: Միլիարդանոց մեկնարկային հանդիպում Հետեւյալ հարցը՝ ո՞ր թիմն ավելի թանկ կազմ դուրս կբերի խաղադաշտ, տանջում է բոլորին: «Ռեալի» գլխավոր խաղային եւ «տնտեսական» կորուստը հոյակապ կիսապաշտպան Գարեթ Բեյլն (80 մլն եվրո) է, ով ստիպված է լինելու բաց թողնել խաղը ազդրի վերին հատվածի վնասվածքի պատճառով, որը ստացել է հավաքականի կազմում խաղալիս: Ինչպես նաեւ մեծ հարցական է Սերխիո Ռամոսի (45 մլն) խաղալը. նա բաց է թողել «Արքայական ակումբի» վերջին մի քանի խաղերը, բայց նրա՝ խաղին մասնակցելը հավանական է: Մոտավոր կազմը, որ Կառլո Անչելոտին կարող է ներկայացնել, հասնում է 451 մլն եվրոյի: «Բարսելոնայում»` հակառակը. սպասվում է մեծ եվրոպական պրեմիերա՝ ուրուգվայցի Լուիս Սուարեսը, ում գինն իջել է մինչեւ 60 մլն եվրո, 4-ամսյա որակազրկումից հետո արդեն պաշտոնական խաղերում պատրաստվում է մեկնարկել բարսելոնյան շապիկով: Այսպիսով՝ Լուիս Էնրիկեի թիմը ստանում է չնչին առավելություն՝ 460 մլն եվրո (երկու թիմերի՝ խաղադաշտում հայտնված ֆուտբոլիստների ընդհանուր գինը մոտենում է ֆանտաստիկ միլիարդ եվրոյին): «Սուպերկլասիկո» կամ շոու միայն ընտրյալների համար Հոկտեմբերի 16-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի դրամարկղում մեկնարկել էր «սուպերկլասիկոյի» տոմսերի վաճառքը, եւ տոմսերն արագորեն սպառվեցին... ընդամենը 20 րոպեում: Խոսքը, իհարկե, վերաբերում է միայն երանելի ազատ տոմսերին, որոնք կարող են գնել չեզոք երկրպագուները: «Արքայական ակումբի» գլխավոր մարզադաշտը տեղավորում է 85 հազար հանդիսատես, եւ մինչեւ հինգշաբթի տոմսերը տարածվում էին միայն նեղ շրջանակներում, այսպես կոչված՝ ակումբի անդամների շրջանում, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 125 հազար: Նրանց համար, ովքեր հասցրին ճնշվել, բայց չկորցնել առաջիկա «մենամարտը» դիտելու լուսավոր հույսը, երկու լուր կա՝ լավ եւ վատ: Վատն այն է, որ տոմսերի մի փոքր քանակ վաճառքի է հանվել այս երկուշաբթի՝ հոկտեմբերի 20-ին: Եվ միանշանակ նույնպես վայրկյանական սպառվել են: Լավը՝ խաղի օրը կվաճառվեն ակումբի անդամների կողմից վերադարձված տոմսերը: Դրանք այն անդամներն են, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող ներկա գտնվել երանելի խաղին: Այդ իսկ պատճառով «Ռեալի» ղեկավարությունը դիմել է մրցաշրջանային քարտերի օգտատերերին՝ խնդրելով ակումբին նախապես տեղեկացնել այն մասին, թե արդյոք կարող են նրանք այցելել խաղին: Հարցը, ինչ խոսք, գին ունի: Այն էլ` ի՞նչ գին: «Սուպերկլասիկոյի» ամենամատչելի տոմսն արժե 56 եվրո, իսկ ամենաթանկը՝ 272: Այս դեպքում է, որ պետք է նշենք՝ արժեր, ոչ թե այժմ էլ այդ գինն ունի: Հավանաբար տոմսերից որոշ տոկոս ընկել էր վերավաճառողների ձեռքը, քանի որ խարդախները նախորդ հանդիպման տոմսերը, օրինակ, առանց ամոթի վաճառում էին 300-ից 1000 եվրոյի չափով: Թա՞նկ է: Հետաքրքիր է, որ օրերս կային ազատ վաճառքի տոմսեր նաեւ ռուսալեզու պորտալներում: Ամենաէժան տոմսերը՝ 2-րդ կարգի, սկսում էին 15 հազարից` հասնելով 356 հազար ռուբլու: Նոր հրապարակներ՝ «գլադիատորների» համար Եվ այսպես` «Ռեալի» մարզադաշտ «Սանտիագո Բեռնաբեուն» ոչ միայն ի վիճակի չէ տեղավորել «սուպերկլասիկոն» նայել բոլոր ցանկացողներին (ինչը դժվար թե երբեւէ հնարավոր լինի), այլեւ չի կարողանում հանդիսատեսին հարմարավետության առավելագույն մակարդակ ապահովել: Դա վերաբերում է մի քանի սեկտորներից անկյան տեսադաշտին եւ բազմաթիվ այլ խնդիրների: Վերջին տվյալներով՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունը քննարկում է նոր մարզադաշտի կառուցման տարբերակը` գլխավոր մարզադաշտի վերամոդելավորման փոխարեն, ինչի մասին հայտարարվել էր ավելի վաղ: Մասշտաբային վերակառուցումը պետք է սկսվեր դեռեւս այս ամռանը, այնինչ Մադրիդի ադմինիստրացիայի եւ միջավայրի պահպանման ծառայությունների միջեւ եղած տարաբնույթ խնդիրների պատճառով ոչինչ դեռ չի սկսվել: Ո՞վ է վճարում այս ամենի համար: «Սանտիագո Բեռնաբեուն» թարմացնելու կամ նոր մարզադաշտի կառուցման համար փողը, «Արքայական ակումբի» պարտքերի հակասական տեղեկատվության խորապատկերում, պետք է հատկացնի խոշոր նավթային մի ընկերություն ԱՄԷ-ից: Պայմանագիրը նախատեսում է նաեւ մարզադաշտի հնարավոր անվանափոխությունը. համացանցում արդեն հիթային է դարձել «Աբու-Դաբի Սանտիագո Բեռնաբեու» անունը: Հիմա ամենահետաքրքիր բանի՝ արժեքի մասին: Վերակառուցման գինը կազմում է 500 մլն եվրո: Այն անցկացնելու իրավունքի համար մրցույթում հաղթել է մի նախագիծ, որը պատրաստվել է գերմանական ընկերության՝ «GMP Architekten»-ի եւ իսպանացիների՝ ճարտարապետական համալիրներ ստեղծող «L35-ի եւ Ribas&Ribas»-ի կողմից: Այն նախատեսում է հին մարզադաշտի փոխարինումը ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրով, որտեղ ոչ միայն նստատեղեր կան տրիբունաներում, այլեւ եվրոպական մայրաքաղաքի մակարդակին ժամանակակից հանգստի ու ժամանցի գործողության բոլոր ատրիբուտները՝ առեւտրի կենտրոն, ռեստորաններ եւ սրճարաններ, բիզնես հյուրանոցներ, ստորգետնյա կայանատեղիներ, ոչ ընդարձակ այգիներ: Մարզադաշտը, ըստ նախագծի, պետք է վերջապես ծածկվի մեմբրանային տանիքով, ինչը հնարավորություն կտա օգտագործելու «Սանտիագո Բեռնաբեուն» մասսայական միջոցառումների, համերգների, գիտաժողովների, ցուցադրությունների եւ այլ նշանակալի իրադարձությունների համար: Նոր արենայի դեպքում մարզադաշտի գինը կավելանա ավելի քանի երկու անգամ՝ մինչեւ 1.2 մլրդ եվրոյի հասնելով: Ոչ պակաս հսկայական պլաններ են գծում նաեւ կատալոնացիները: «Սուպերկլասիկոն» ամբողջ Իսպանիայով մեկ անցկացնելու համար երկրորդ խաղահրապարակը՝ «Նոու Կամպը», բարոյապես եւ ֆիզիկապես ավելի շատ է հնացել, քան «Սանտիագո Բեռնաբեուն»: Բարսելոնայի հրաշքը կառուցվել է 1957 թ-ին եւ մինչեւ այսօր փաստացի չի վերամոդելավորվել: Վերջերս մարզադաշտի վերակառուցման նմանատիպ դետալներ էր հրատարակել նաեւ կապտանռնագույնների ղեկավարությունը՝ 2014 թ-ի գարնանը հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ: Նոր փոփոխությունների դեպքում «Նոու Կամպի» տարողունակությունը կկազմի 105 053 նստատեղ: Վիթխարի շինարարության սկիզբը նախատեսվում է 2017 թ-ի ամռանը, եւ կավարտվի 2021 թ-ին: Իհարկե, միայն մաքուր ֆուտբոլային օբյեկտով գործը չի սահմանափակվի: Մարզադաշտի հետ մեկտեղ համալիրում կընդգրկվի նաը հարակից տարածքը: Նախատեսվում են նոր տանիքապատ դաշտի կառուցում՝ տասներկու հազար հանդիսականով, սառցե պալատի, սոցիալական ու կոմերցիոն տարածքի, գրասենյակների, նոր ակումբային ակադեմիայի եւ հինգ հազար տեղ ունեցող ավտոկայանատեղիի կառուցումներ: Ո՞վ է սրա համար վճարում: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բերտոմեուի խոսքերով՝ գումարի մեկ երրորդը կվերցվի ակումբի բյուջեից, մեկ երրորդը կազմում են բանկային կրեդիտները, իսկ մյուս մեկ երրորդը՝ հովանավորողի միջոցներից: Որքա՞ն գումարի մասին է խոսքը: Գաղտնիք է: Աղբյուրը՝ sport.mail.ru Քնար Միսակյան