Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 26-09-2014
Ճամփորդական խոհեր. Արցախ
Ճանապարհը երկար է: Կրկին գնում եմ Արցախ` ազատ Արցախ:
Այս անգամ` հայ եւ եվրոպացի գրողների խմբի հետ: Պոետիկ ճամփորդություն է: Չնայած նրանց մի մասը ճանապարհին ոչ թե արտասանում է, այլ երգում: Այդպես երգով էլ հասա Արցախ: Մեկ ամիս առաջ էի այնտեղ: Թերեւս ոչինչ չէր փոխվել: Միայն` եղանակը: Լեռներում ցուրտ է, թաց, աշնանային, գունային: Ու բնության այդ փոփոխությունը տեսնելով՝ սկսում ես չզղջալ ճանապարհի ուղղահայաց երկարության համար: Գալիս են մտքեր, մտքեր, ու հասկանում ես, որ քո ազգը հզոր է, որ այդտեղ` այդ լեռներում, պայքարում է իր հողի, ջրի, արեւի, լուսաբացի, իր արյան համար: Տեսնում ես տներ, որոնք ավերվել են թշնամու կրակոցներից, եւ տեսնում ես շենքեր, որոնք նոր են կառուցվում եւ հույս տալիս, որ պատերազմը չնայած ցավ ու կռիվ է բերել, սակայն բերել է նաեւ նորը ստեղծելու ընկալում: - Սահմանին կրակո՞ւմ են: - Այո՞, ադրբեջանցինե՞րը: - Ո՛չ, նրանք ադրբեջանցի չեն, այլ թուրք թաթարներ են: Այսպիսի հարց ինձ ուղղեց ֆրանսիացի գրողը: Հաճելիորեն զարմացա: Փաստորեն ադրբեջանական քարոզչությունը չի ընդունվել ֆրանսիացու կողմից: Արցախի մասին խոսելիս կարելի է տալ մի քանի անվանում. Շուշի, Ստեփանակերտ, Գանձասար, Ամարաս, Տիգրանակերտ, Տնջրի, Աղդամ: Ես թվեցի այն վայրերը, որտեղ հասցրեցի այցելել: Ու կասեմ, որ պատմության ու ազգայինի հոտ է գալիս: Ստեփանակերտ այցելել էի մոտավորապես 5 տարի առաջ: Երբ քաղաքը նոր էր սկսում զարթնել, երբ մարդիկ փողոցներում չէին երեւում, երբ խանութները քիչ էին, երբ կար վախ: Իսկ այսօր ես չճանաչեցի Ստեփանակերտը: Այն վերակառուցվում է: Իհարկե կան թաղամասեր, որոնք պահպանում են իրենց կոլորիտը: Կարծես այդ շենքերին դառը պատմություն գրված լինի: Իսկ դրանց կողքին կառուցվում են նորերը` ավելի մեծ շենքեր: Ամենուրեք շինարարություն է: Եթե Երեւանում 5 տարի առաջ կառուցված թաղամասերը կրկին վերակառուցում են, ինչը տեւում է ամիսներ, գուցե եւ տեւի տարիներ, ապա Ստեփանակերտում 20 տարի առաջ պատերազմ տեսած շենքերն են վերակառուցվում: Երբ անցնում ես Արցախի գյուղերով ու քաղաքներով, զգում ես, որ մարդիկ կան, ապրում են, սակայն նրանց չես տեսնում փողոցներում: Իսկ Ստեփանակերտը ստանում է մայրաքաղաքային տեսք: Մարդիկ շատ են, շատ-շատ: Ամեն քայլափոխի խանութներ են, բանկեր, դպրոցներ, դեղատներ: Եվ ամեն ինչ մաքուր է: Մարդիկ հոգ են տանում իրենց տարածքի համար: Չստացվի, թե գովք եմ անում Արցախի մայրաքաղաքին: Սակայն նշում եմ էական տարբերություն երեկվա եւ այսօրվա Ստեփանակերտի միջեւ: Ամեն դեպքում նրանք փորձում են պահել քաղաքի դիմագիծը եւ ամեն ինչ չեն կենտրոնացնում մայրաքաղաքում: Օրինակ` ինչո՞ւ չզարգացնել Շուշին եւ Մշակույթի նախարարությունը չտեղափոխել այնտեղ, որպեսզի երկիրը համաչափ զարգանա: Ինչո՞ւ ունենալով հարուստ գրական ժառանգություն՝ Մատենադարան չբացել Գանձասարում: Ինչո՞ւ մի շարք այլ նախարարություններ չտեղափոխել տարբեր քաղաքներ, որպեսզի երկրի բոլոր բնակիչները ներգրավվեն երկրի կառուցմանը: Հռետորական հարցեր, որոնք արդեն իսկ իրենց պատասխաններն ունեն: Արցախն ունի մեծ պատմություն, որը պետք է պահպանել եւ նորը կառուցել այդ հենքի վրա՝ անկախ հարեւան պետության քարոզչական սադրանքներից: Տիգրանակերտ տանող ճանապարհին մակեդոնացի գրողն ինձ պարզեց իր հեռախոսը եւ խնդրեց կարդալ: Հաղորդագրության մեջ գրված էր. «Welcome to Azherbaijan. If you want to speak to your family…» Իհարկե, այդպիսի հաղորդագրություն հայկական հեռախոսահամարներին չեկավ… Սա եւս մեկ ապացույց էր եվրոպացիների համար, որ նրանք գտնվում են հայկական հողում, որը փորձում են զավթել կրկին ու կրկին: Ինչեւէ, ազատ Արցախն ինչպես ողջունում, այնպես էլ ճանապարհում է: Վերադառնալով մի փոքր գունեղ աշուն ենք բերում Երեւան: Պատկերասրահ՝ Արցախի քարերը Պատկերասրահ՝ Արցախ - 2014 Նյութը եւ լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի