Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 14-07-2014
Գերմանիան` աշխարհի քառակի չեմպիոն
Մարիո Գյոթցեի` լրացուցիչ ժամանակում խփած միակ գնդակը հաղթանակ պարգեւեց ուղիղ 24 առանց աշխարհի առաջնության չեմպիոնի կոչման մնացած Գերմանիային:
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի լեգենդար «Մարականա» մարզադաշտում հուլիսի 13-ին տեղի ունեցավ աշխարհի ֆուտբոլի 20-րդ առաջնության գլխավոր եւ վերջին խաղը` եզրափակիչը: «Ո՞ր երկիրն է դառնալու աշխարհի չեմպիոն» հարցին պատասխանելու էին ելել արգենտինացիներն ու գերմանացիները: Նախկինում այս երկու երկրները համատեղ արդեն 5 անգամ նվաճել էին աշխարհի չեմպիոնի տիտղոսը. Գերմանիան ֆուտբոլային աշխարհի բարձրագույն կոչումը նվաճել էր երեք անգամ, Արգենտինան` երկու: Հետեւաբար հանդիպման ավարտից հետո կա՛մ աշխարհը կունենար երկրորդ քառակի չեմպիոն երկիր (Իտալիան միակն էր), կա՛մ ի հայտ կգար երկրորդ եռակի չեմպիոնը` ի դեմս արգենտինացիների, ովքեր կհավասարվեին հենց գերմանացիներին: Հետաքրքիր է, որ Գերմանիան եւ Արգենտինան միմյանց հետ աշխարհի առաջնությունների եզրափակիչ խաղում հանդիպելու փորձ արդեն իսկ ունեին: Այս դիմակայությունը թվով երրորդն էր: Նախորդ դեպքերում այնպես էր ստացվել, որ այս խաղին թիմերը մոտեցել էին հավասար հաղթանակներով: 1986 թ-ին Դիեգո Մարդոնայի գլխավորությամբ հարավամերիկացիները կարողացել էին 3-2 հաշվով հաղթել մրցակցին, իսկ 1990 թ-ին արդեն գերմանացիներն էին վրեժխնդիր եղել` 1-0 հաշվով հաղթելով Դիեգո Մարադոնային ու վերջինիս թիմակիցներին: Հետաքրքիր է, որ հավաքականները միմյանց հետ հանդիպել էին նաեւ 2006 թ-ին ու 2010 թ-ին կայացած աշխարհի առաջնությունների ընթացքում` 1/4 եզրափակիչ փուլում, սակայն դժվար թե արգենտինացիները հիշեին այս մասին: 2006 թ-ին հիմնական ժամանակում 1-1 հաշվից հետո թիմերը մասնակցել էին ֆուտբոլային գլխավոր վիճակախաղին` հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին: Այստեղ բախտը ժպտացել էր գերմանացիներին: 2010 թ-ին էլ արդեն Հարավաֆրիկյան Հանրապետությունում Դիեգո Մարադոնայի գլխավորությամբ հանդես եկող Արգենտինան ջախջախվել էև բունդեսթիմի կողմից 0-4 գերխոշոր հաշվով: Այնպես որ արգենտինացիներն ավելի շատ էին ծարավ ֆուտբոլային վրեժին: Ցավալի էր, սակայն նախախաղային մարզման ժամանակ Յոհաքիմ Լյովը ստիպված էր փոփոխել իր խաղաքարտերը. վնասվածք էր ստացել գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան, ում փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Քրիստոֆ Կրամերը: Այսպիսով` Լյովը ստիպված էր իր խաղային ծրագիրը փոփոխել հենց գլխավոր խաղի սկսվելուց 5 րոպե առաջ: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խեդիրային փոխարինած Քրիստոֆ Կրամերին հենց այսպես բացառիկ շանս էր ընձեռվել դեբյուտ ունենալ աշխարհի առաջնությունում, այն էլ եզրափակիչ խաղում: Դեբյուտը, սակայն, հաջող չէր. արդեն առաջին խաղակեսում նրան «աքցանի մեջ» առավ Էզեքել Գարայը: Վնասվածքը լուրջ էր. խաղադաշտ մտավ Շյուռլեն: Գերմանացիների մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Միրոսլավ Կլոզեն, ով դեռ նախորդ խաղում դարձել էլ իսկական լեգենդ: Հետաքրքիր է, որ այս հանդիպումը եւս հիշարժան էր Կլոզեի համար. սա դարձավ լեգենդար ֆուտբոլիստի 24-րդ խաղը աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերի պատմության մեջ: Գերմանացին (ազգությամբ նա լեհ է) հավասարվեց իտալացի Պաոլո Մալդինիին ու ընդամենը մեկ խաղով է հետ մնում իր հայրենակից Լոթար Մատթեուսի ռեկորդից` 25 խաղ աշխարհի առաջնություններում: Եթե Լյովը պորտուգալացիների հետ առաջին խաղում, որի ժամանակ Գերմանաիան հեշտորեն հաղթել էր 4-0 հաշվով, խաղադաշտ դուրս բերեր, ապա Կլոզեն կկրկներ այդ ռեկորդը: Այս դեպքում արդեն կարելի է ասել, որ Մատթեուսի ռեկորդը դժվար թե գերազանցվի շատ մոտ ապագայում. աշխարհի մյուս առաջնության ժամանակ Կլոզեն արդեն 40 տարեկան կլինի: Արգենտինացիների հիմնական կազմից էլ բացակայում էր միայն Անխել դի Մարիան, ով այդպես էլ չէր կարողացել բուժել վնասվածքը եւ վերականգվել ամբողջությամբ: Մնացած ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ էին ցանկացած պահի օգնության հասնելու թիմին: Առաջին խաղակեսն ընթացավ գրեթե հավասար պայքարում. թիմերից եւ ոչ մեկն էլ չուներ ինչ-որ զգալի տարածքային կամ խաղային առավելություն: Արգենտինացիները որոշել էին միայն պաշտպանության մասին չմտածել. Ալեխանդրո Սաբելյայի թիմը հաճախ մտածում էր նաեւ գրոհելու մասին` խուճապ առաջացնելով գերմանացիների մոտ: Իհարկե, չենք կարող ասել, թե Արգենտինան հարձակվում էր ողջ թափով, սակայն թիմը բավականին մեծ ուժեր էր ներդնում գրոհներ ձեռնարկելիս: Արգենտինացիներն անգամ գոլ հեղինակեցին, որ իր հաշվին խաղից դուրս իրավիճակից գրանցեց Գոնզալո Հիգուայինը. մրցավարն այս դեպքում անչափ արագ արձագանքեց` տխրեցնելով արգենտիացիներին: Գերմանացիները որոշեցին պատասխանել արգենտինացիների հանդգնությանը` ճնշում գործադրելով պաշտպանության վրա: Հատկապես ակտիվ էր փոխարինման դուրս եկած Անդրե Շյուռլեն, ով զգալիորեն արագացրել էր Յոհաքիմ Լյովի թիմի խաղը: Խաղավարտին գրանցվեց հանդիպման ամենավտանգավոր պահը. Սերխիո Ռոմերոն անգամ չէր փրկի իր թիմին, թե Բենեդիկ Հյովեդեսի` գլխով կատարած հարվածը չդիպչեր դարպասաձողին: Ի վերջո նոր գրոհ չկազմակերպվեց. առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Մինչեւ երկրորդ խաղակեսի սկիզբը «Մարականա» մարզադաշտում էլ տեղի ունեցավ նաեւ աշխարհի ֆուտբոլի 20-րդ առաջնության արդեն փակման արարողությունը. միջոցառումը շատ կարճ տեւեց ու հիմնականում երաժշտական դադարի եւ գեղեցիկ շոուի բավականին պարզ համադրություն էր հիշեցնում: Կոլումբիացի երգչուհի Շակիրան եւս ելույթ ունեցավ փակման արարողությանը: Կոլումբացի երգչուհին երգել է իր «La La La» անչափ հիթային երգը՝ Կառլինոս Բրաունի եւ կիթառի պատասխանատու Կառլոս Սանտանայի հետ: Այս փակման արարողությանը ներկա էին բազմաթիվ հայտնի անձինք, այդ թվում՝ Ռիհաննան, Դեւիդ Բեքհեմը, Միք Ջագգերը, Պելեն եւ այլք: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկային րոպեներից արգենտինացիների գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան որոշեց ուժեղացնել թիմի հարձակումը՝ խաղադաշտ դուրս բերելով Սերխիո Ագուերոյին՝ Դիեգո Մարադոնային արդեն նախկին փեսային: Ագուերոն դաշտում հայտնվել էր առաջին խաղակեսում մի փոքր խամրած խաղ ցույց տված Էզեքել Լավեզիին: Ագուերո-Մեսսի համագործակցության արդյունքում ծնվեց երկրորդ խաղակեսի առաջին վտանգավոր պահը. գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերի դեմ մեն-մենակ մնացած Լիոնել Մեսսին, սակայն, չկարողացավ հարմար առիթն օգտագործել: Մեսսիի հարվածից հետո գնդակը փոքր շեղությամբ անցավ ուղղահայաց դարպասաձողի կողքով: Հետագա իրադարձություններն այնքան էլ սուր չէին. երկու հավաքականներն էլ վախենում էին սխալվելուց եւ մեծ ռիսկի չէին դիմում: Հիմնական պայքարը գլխավորապես ծավալվում էր խաղադաշտի կենտրոնում՝ մեկընդմեջ գրոհելու հնարավորություն ընձեռելով թիմերին: Այդպիսի գրոհներից մեկի ժամանակ էլ Մանուել Նոյերը բախվեց Գոնզալո Հիգուայինին, ինչի արդյունքում արգենտինացին տապալվեց գետնին. քիչ անց Սաբելյան փոխարինեց իր թիմի առաջատար հարձակավողին՝ դաշտ դուրս բերելով Ռոդրիգո Պալասիոյին: Խաղադաշտում, սակայն, ամեն բան տանում էր դեպի լրացուցիչ ժամանակը. երկու թիմերն էլ չէին փորձում ակտիվանալ: Իրոք որ, հիմնական ժամանակն այդպես էլ չբավարարեց, որ թիմերից մեկն արդյունքի հասնի. հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Ի տարբերություն Սաբելյայի, ով խաղի հիմնական ժամանակում կատարել էր բոլոր երեք փոխարինումները (վերջին դեպքում Էնցո Պերեսի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Ֆեռնանդո Գագոն), Լյովը դեռեւս կարող էր մեկ փոփոխություն իրականացնել. նա խաղի 88-րդ րոպեին Կլոզեի փոխարեն խաղադաշտ էր դուրս բերել Մարիո Գյոթցեին՝ մեկ հոգու պահելով որպես ջոկեր.... Ավելացված ժամանակի սկզբում լավ պահ ունեին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները. Ռոդրիգո Պալասիոն իրական հնարավորություն ուներ գրավելու Նոյերի դարպասը, սակայն սխալ կասեցրեց գնդակը, իսկ հետո շփոթվեց՝ գոլի հեղինակ դառնալու փոխարեն ֆուտբոլային ծաղրածուի վերածվելով: Ավելացված ժամանակի երկրորդ խաղակեսի սկզբում էլ Բաստիան Շվայնշտայգերը ծանր հարված ստացավ Սերխիո Ագուերոյից: Այդ հարվածն այնքան ուժեղ էր, որ գերմանացուն ստիպված էին շտապօգնություն ցուցաբերել՝ փորձելով կանխել դեմքի արյունահոսումը: Չնայած ծանր վնասվածքին՝ Բաստիանը որոշեց շարունակել խաղը՝ ոգեւերելով թիմակից ֆուտբոլիստներին: Թվաց, թե այս տղամարդկային քայլն օգուտ տվեց... Հանդիպման 113-րդ րոպեին Շյուռլեն կարողացավ շրջանցել Զաբալետային ու գնդակը կախեց դեպի արգենտինացիների տուգանային հրապարակ, որտեղ հերթապահող Մարիո Գյոթցեն Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին դասեր տվեց, թե ինչպես պետք է կասեցնել գնդակը. կրծքավանդակով գնդակի ուժը թույլացնելուց հետո Գյոթցեն հարվածեց ու.... հրաշք, ֆուտբոլային հրաշք, գոլ.... 1-0 հօգուտ գերմանացիների: Սա ծանր հարված էր արգենտինացիների համար: Ուշքի գալ ու բեկում մտցնել խաղի մեջ արգենտինացիները կարող էին. դեռ 7 րոպե կար մինչեւ խաղավարտ: Իհարկե, այսպիսի մեծ առավելությունը գերմանացիները մտադիր չէին կորցնել՝ պայքար ծավալելով մինչեւ հանդիպման վերջին վայրկյանները: Ի վերջո, գերմանացիները կարողացան հաշիվ պահել: Սա թույլ տվեց Յոհաքիմ Լյովի ամուր թիմին չորրորդ անգամ պատմության մեջ հռչակվել աշխարհի չեմպիոն. այսուհետեւ Գերմանիան եւս չորս աստղ կկրի իր մարզաշապիկին: Գերմանիան դարձավ միակ եվրոպական հավաքականը, որը աշխարհի չեմպիոն դարձավ Ամերիկա մայրցամաքում: Նախորդ տարիների ընթացքում Ամերիկա մայրցամաքը ուղիղ 7 անգամ ընդունել էր ֆուտբոլի խոշորագույն մրցաշարը՝ թույլ չտալով Եվրոպային չեմպիոն դառնալու ինչ-որ հույսեր փայփայել: Այս անգամ, սակայն, բախտը եվրոպացիների կողմն էր. գերմանացիների ուրախությանն ու հրճվանքին չափ եւ սահման ընդհանրապես չկար.... Հ.Գ.: Մինչ գերմանացիներն ուրախությունից թռչկոտում էին, իսկ արգենտինացիները՝ լաց լինում, ՖԻՖԱ-ն որոշել էր նաեւ մրցաշարի անհատական պարգեւների դափնեկիրներին: Մրցաշարի լավագույն դարպասապահը գերմանացի Մանուել Նոյերն էր, իսկ լավագույն ռմբարկուն 6 գոլ հեղինակած կոլումբիացի Ջեյմս Ռոդրիգեսը: Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչումը բաժին հասավ Ֆրանսիայի ընտրանու 19-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբային, դե իսկ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին էր. որքան էլ Լեոն տխուր ու վշտացած լիներ, սակայն իսկապես անակնկալ կոչումից չէր կարող հրաժարվել: Պատկերասրահ՝ Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը լուսանկարներով Հարություն Ծատրյան