Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 13-07-2014
Հոլանդացիները՝ բրոնզե մեդալակիր
Բրազիլիայի ազգային հավաքականի դեմ աշխարհի ֆուտբոլի առաջնության 3-րդ տեղի համար պայքարում Նիդեռլանդների ընտրանին նոր էջ գրեց իր պատմության մեջ:
Բրազիլիա երկրի համանուն քաղաքի կենտրոնական մարզադաշտում էլ տեղի ունեցավ աշխարհի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալների համար մենամարտը՝ մրցաշարի նախավերջին խաղը: Սփոփիչ միջոցառմանը մասնակցում էին աշխարհի առաջնության կիսաեզրափակչում պարտություն կրած հավաքականները՝ Բրազիլիան (1-7 գերխոշոր հաշվով իրոք ջախջախվել էր Գերմանիայի հավաքականի կողմից) ու Նիդեռլանդները (հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում թիմը ցավալիորեն տանուլ էր տվել խաղը արգենտինացիների հետ պայքարում): Երկու թիմերն էլ իրենց պատճառներն ունեին հնարավորինս լավ հանդես գալու եւ այս աշխարհի առաջնության գոնե բրոնզե մեդալները նվաճելու համար: Այս խաղը երկուսի համար հավասարազոր էր ցանկալի եզրափակչին: Դաշտի տերերին՝ բրազիլացիներին, հաղթանակը օդ ու ջրի պես էր պետք. միայն դա թույլ կտար ինչ-որ չափով մաքրելու գերմանացիներից կրած 1-7 հաշվով պարտության կեղտը: Բրազիլիային հաղթանակը միայն կօգներ հաղթահարելու ապրած շոկն ու ցավը: Հոլանդացիներն էլ իրենց պատմության մեջ երբեք չէին կարողացել աշխարհի ֆուտբոլի առաջնությունը լքել գլուխը բարձր պահած՝ վերջին խաղում հաղթանակ տոնելով: 2010 թ-ին հոլանդացիները մրցաշարը լքել էին պարտված, թեեւ հայտնվել էին եզրափակչում: Չնայած խաղից առաջ «նարնջագույնների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը բացեիբաց հայտարարել էր, թե աշխարհի ֆուտբոլի առաջնությունը ամենեւին էլ կարիք չունի 3-րդ տեղի համար խաղ ունենալ, սակայն կարելի էր վստահ լինել, որ այս խաղին եւս թիմը լավ պատրաստված կլինի ու կմոտանա լրջագույնս: Վերջին վարկածի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ հոլանդացիները խաղադաշտ էին դուրս եկել հիմնական կազմով. միայն մեկ փոփոխություն էր եղել: Պատճառն էլ այն էր, որ նախախաղային մարզման ժամանակ վնասվածք էր ստացել Ուեսլի Սնեյդերը: Դե իսկ Նայջել դե Յոնգը չէր կարողացել ապաքինվել մրցաշարի ընթացքում ստացած բարդ վնասվածքից ու ստիպված էր խաղին հետեւել պահեստայինների նստարանից: Այնպես որ առաջինի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Ջոնաթան դե Գուզմանը, երկրորդին էլ փոխարինել էր Յորդի Կլասին: Բրազիլիացիների գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին էլ իր հերթին որոշել էր մի քանի փոփոխություններ անել (ինչ խոսք, դրանք ակնկալվում էին). հիմնական կազմից խաղադաշտում էին դարպասապահ Ժուլիո Սեզարը, պաշտպաններ Դավիդ Լուիզն ու կիսաեզրափակչի «ստորացուցիչ» խաղը բաց թողած Տիագու Սիլվան, ինչպես նաեւ այս մրցաշարի ժամանակ լավ կողմերիով աչքի ընկած կիսապաշտպան Օսկարը: Այս խաղի ժամանակ հիմնական կազմում տեղ չկար հարձակվողներ Հալկի ու Ֆրեդի համար եւս. նրանց փոխարեն Բրազիլիան հանդես էր գալիս մեկ հարձակվողով՝ ի դեմս Ժոյի: Հանդիպումը սկսվեց այնպես, ինչպես ավարտվել էր Բրազիլիա-Գերմանիա դժոխային խաղը. խաղի 3-րդ րոպեին բրազիլացիները գոլ բաց թողեցին: Արյեն Ռոբբենը շատ լավ ընկավ (մրցակցի տուգանային հրապարակից մի փոքր հեռու), ու մրցավարը արագորեն ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: Գնդակին մոտեցած Ռոբին վան Պերսին չվիրպեց: Այս գնդակը դարձավ բրազիլացիների՝ այս առաջնությունում 12-րդ բաց թողած գնդակը եւ 100-րդ աշխարհի բոլոր առաջնությունների ընթացքում: Հետաքրքիր է, որ նախկինում բրազիլացիները երբեք մեկ առաջնության ընթացքում 11 գնդակից ավելի բաց չէին թողել ու այդ մեկ դեպքն էլ գրանցվել է հեռավոր 1938 թ-ին: Ինչեւէ, բրազիլացիների համար եւս մեկ հակառեկորդ թարմացվեց Բրազիլիայում ընթացող առաջնությունում: Գոլից հետո միանգամից ուշքի գալ չստացվեց բրազիլացիների մոտ: Հանդիպման 17-րդ րոպեին նրանք բաց թողեցին արդեն 13-րդ գնդակը. դե Գուզմանը գնդակը կախեց դեպի բրազլիացիների տուգանային հրապարակ, որտեղ Դավիդ Լուիզի իդեալական ու տեղին «փոխանցումից» հետո գնդակը հասավ Դեյլի Բլինդին: Վերջինս հոյակապ կասեցրեց այն ու «գնդակահարեց» բրազիլացիների դարպասը՝ 2-0: Արդարության համար էլ նշենք, որ այս գնդակը եւս «մաքուր» չէր. մինչեւ Ռոբբենից գնդակը ստանալը դե Գուզմանը խաղից դուրս իրավիճակում էր գտնվում: Ի պատիվ Սկոլարիի՝ բրազիլացիները չհուսահատվեցին՝ շարունակելով պայքար մղել: Ինչպես գերմանացիների հետ խաղում, այնպես էլ այս դեպքում բրազիլացիներն իրենց ձեռքը վերցրին խաղի ղեկը եւ տիրեցին տարածքային առավելությանը: Դարպասապահ Յասպեր Սիլլեսենի դարպասի մոտ իրավիճակը հաճախ էր թեժանում, սակայն այդպես էլ նոր գոլ չգրանցվեց առաջին խաղակեսի ընթացքում՝ 2-0: Նախկինում հոլանդացիները միայն մեկ անգամ էին հնարավորություն ստացել պայքար մղելու բրոնզե մեդալների համար. 1998 թ-ին Ֆրանսիայում կայացած մրցաշարի վերջին խաղում հոլանդացիները զիջել էին 1-2 հաշվով խորվաթներին: Բրազիլացիները բրոնզե մեդալների համար պայքարելու ավելի հարուստ փորձ ունեին. այսպիսի խաղերի երեք անգամ մասնակցել է Բրազիլիան: 1938 թ-ին, 1974 թ-ին եւ 1978 թ-ին բրազիլացիները աշխարհի ֆուտբոլի առաջնությունը ավարտել են բրոնզե մեդալի համար պայքարելով: Առաջին ու երրորդ դեպքում բրազիլացիներին հաջողվել է նվաճել բաղձալի այս մեդալը: Բայց աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր դառնալու համար բրազիլացիները պետք է ուշքի գային ու երկրորդ խաղակեսում բեկում մտցնեին խաղի մեջ... Երկրորդ խաղակեսում Բրազիլիան իրոք տիրում էր թե՛ խաղային, թե՛ տարածքային առավելությանը, բայց հանդիպման հաշիվն այդպես էլ չէր փոխվում: Գոլ խփելուն շատ մոտ էին բրազիլացիներըհատկապես հանդիպման 68-րդ րոպեին, երբ հոլանդացիների տուգանային հրապարակում Դեյլի Բլինդի հետ պայքարում ընկավ Օսկարը: Մրցավարը որոշեց, որ բրազիլացին սիմուլյացիայի է դիմել ու դեղին քարտ ցույց տվեց Օսկարին. սա եւս բավականին ոչ միանշանակ որոշում էր: Եթե ավելի ուղիղ լինենք, ապա առաջին խաղակեսի սկզբում Ռոբբենի ընկնելն ավելի շատ էր սիմուլյացիայի նման: Ժամանակը թռչում էր, իսկ իրավիճակը խաղադաշտում չէր փոխվում: Արդյունք չբերեց նաեւ խաղադաշտ դուրս եկած Հալկը, ով այս առաջնությունում աչքի ընկավ ոչնչով... Եվ ի վերջո բրազիլացիներին չհաջողվեց գոնե մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, դե իսկ հոլանդացիները խաղավարտին թեւեր առան: Հանդիպման վերջին վայրկյաններին Արյեն Ռոբբենն առաջ սլացավ ու եզրից գնդակն ուղարկեց դեպի մրցակցի տուգանային հրապարակի կենտրոն. այստեղ հերթապահող Ջորջինյո Վեյնալդումը խաղի հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0 հօգուտ հոլանդացիների: Բրազիլացիներն իրենց հերթին վերջին երկու խաղերում բաց թողեցին արդեն 10-րդ գնդակը՝ ընդհանուր հաշվարկով միայն մեկ պատասխան գնդակ խփելով: Որքան էլ սպասելի էր, այնուամենայնիվ հոլանդացիները նվաճեցին բրոնզե մեդալները: Բրազիլիան էլ իր հերթին հայտնվելով 4 ուժեղագույն թիմերի մեջ՝ ապացուցեց, որ զգալի զիջում է իր մրցակիցներին գրեթե ամեն բնագավառում.... Աշխարհի հնգակի չեմպիոնը՝ Բրազիլիան, այս անգամ ստիպված էր մխիթարվել 4-րդ հորիզոնականով (այսպիսի բան եղել է միայն մեկ անգամ՝ 1974 թ-ին): Հ.Գ.: Ինչ խոսք, հոլանդացիներն իրենց ֆուտբոլային պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին աշխարհի առաջնության բրոնզե մեդալները: Այո՛, սա հիշարժան հանդիպում էր, բայց իրական հիշարժան խաղը կկայանա միայն այսօր՝ հուլիսի 13-ին, երբ աշխարհի առաջնությունը կամփոփվի Գերմանիա-Արգենտինա եզրափակիչ խաղով... Հանկարծ բաց չթողնեք այդ խաղը. այն իրոք պատմական է լինելու.... Պատկերասրահ՝ Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը լուսանկարներով Հարություն Ծատրյան