Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 06-05-2014
Երկրում շախմատը «տենդային» ռիթմերով է զարգանում
Շախմատի հանդեպ վերաբերմունքի եւ այսքան շատ շախմատասերների առկայության դեպքում կարող ենք փաստել, որ Հայաստանի դպրոցների ուսումնական ծրագրում 2011 թ-ին արված փոփոխությունը միմիայն դրականորեն է «հիվանդացրել» ժողովրդին:
Հայաստանում շախմատի զարգացման համար ստեղծված են գրեթե իդեալական ու, քիչ է ասելը, միայն հարմարավետ պայմաններ: Ինչո՞վ է պայմանավորված հայերիս սերն ինտելեկտուալ այս խաղի նկատմամբ: Հայաստանի դպրոցներում հիմնականում ռազմավարական խաղ համարվող շախմատ ուսանելը պարտադիր է: Ի դեպ, Հայաստանն այսօր էլ աշխարհի միակ երկիրն է, որտեղ հանրակրթական դպրոցներում շախմատը դասավանդման պարտադիր առարկա է: Մի փոքր ուշադի՛ր կարդացեք. շախմատը պարտադիր առարկա է: Դպրոցական կրթական ծրագիրն այնպես է կառուցված, որ շախմատ առարկան այսօր հավասարազոր առաքելություն ունի, ինչպես, ասենք, մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը... Մի խոսքով, այն արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցականի առօրյայի մի մասնիկն է: Այս նոր նախաձեռնությունն արդեն տվել է իր արդյունքը. ընդամենը 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանն այսօր իսկապես շախմատային գերտերություն է: Հայաստանի Հանրապետությունն իր կարճատեւ գոյության այս ընթացքում 30-ից ավելի գրոսմայստերներ է ծնել, իսկ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2006, 2008 եւ 2012 թթ-ին դարձել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն էլ ՖԻԴԵ-ի՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի շախմատիստների դասակարգման աղյուսակում այսօր արդեն 2-րդ հորիզոնականում է եւ մշտապես համարվում է աշխարհի չեմպիոնի հավակնորդ: Դեռ երեք տարի առաջ՝ 2011 թ-ին, Հայաստանում շախմատը պարտադիր ուսուցման առարկա դարձավ 2-րդ, 3-րդ եւ 4-րդ դասարանների աշակերտների համար: Շախմատային այդ նախաձեռնությունն ուղղված էր ոչ միայն երիտասարդ տաղանդների որոնմանը, այլեւ ավելի լավ հասարակության կառուցմանը: Դեռ ամիսներ առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել էր, որ «Շախմատ» առարկայի դասավանդման նպատակը հայ երեխաների ստեղծագործ մտածողությունը զարգացնելն է. «Շախմատը մարդկանց մեջ տարբեր ունակություններ է զարգացնում՝ առաջնորդելու, որոշում կայացնելու, հստակ ռազմավարություն մշակելու ունակություն, տրամաբանական մտածողություն եւ պատասխանատվություն: Մենք այս ունակություններն ենք սերմանում մեր երիտասարդ սերնդի մեջ: Աշխարհի ապագան էլ կախված է այնպիսի ստեղծագործ առաջնորդներից, որոնք ունակ են կայացնելու ճիշտ որոշումներ, ինչպես նաեւ պատասխանատվություն կրելու սխալների համար»: 2011 թ-ին ընդունված իրոք պատմական որոշման արդյունքը եղավ այն, որ Հայաստանի դպրոցներում «Շախմատ» առարկայի կրթական ծրագրի իրականացման համար արդեն ավելի քան 3 մլն դոլար է ծախսվել (դպրոցները շախմատի արդիական պարագաներով ապահովելու, ուսուցման ձեռնարկներ եւ ուսուցիչներ պատրաստելու համար): Այսօր արդեն նախաձեռնությունը դրական է համարվում, այնպես որ՝ առաջիկա տարիներին ավելի շատ գումար է հատկացվելու դպրոցներում շախմատի ուսուցման համար: Սա փաստ է, որի վերաբերյալ երկու կարծիք չկա այս պահին: «Այս նախաձեռնությունը (դպրոցներում շախմատ ուսուցանելու) հետաքրքրություն է առաջացրել այլ երկրներում եւս: Այս պահին «Շախմատ» առարկան արդեն ներառվել է Հունգարիայի տարրական դպրոցների ուսումնական ծրագրերում»,- նշում է հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Աղուզումցյանը, ով ուսումնական հաստատություններում շախմատի դասավանդման գիտական խմբի ղեկավարն է եղել: Այսօր նա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ է: Իրոք որ աշխարհում եւս հետաքրքրված են հայկական ֆենոմենով. այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մոլդովան, Ուկրաինան եւ Իսպանիան, այսօր նույնպես ցանկանում են նմանատիպ ծրագրեր մտցնել դպրոցներում: Ռուբեն Աղուզումցյանը, ով մի խումբ հոգեբանների հետ ուսումնասիրում է շախմատի ազդեցությունը երեխաների ուղեղի աշխատանքի վրա, հավելում է, որ խաղերի միջոցով ուսուցման մեթոդը 7, 8 եւ 9 տարեկան երեխաների համար շատ ավելի օգտակար է, իսկ շախմատն «արդյունավետ» խաղ է, որը մարզում է ուղեղի շատ հատվածներ: «Այսօր շախմատն արդեն մարզաձեւ չէ, ոչ էլ՝ կենսակերպ: Հայաստանում շախմատը դպրոցական առարկա է եւ հավասար դիրքում է գտնվում մնացած առարկաների հետ: Այն զարգացնում է հայ երեխաների ստեղծագործ մտածողությունը, համեմատական վերլուծության կարողությունը, նպաստում է անհատականության ձեւավորմանը»,- շեշտում է Ռուբեն Աղուզումցյանը: Թերեւս ինտելեկտուալ այս խաղի հանդեպ հայերի սերն ու լավ խաղալու ունակությունն ինչ-որ առումով պայմանավորված է նաեւ մեր ժողովրդի անցած պատմական ուղով: Մենք շատ ծանր, բարդ պատմություն ենք ունեցել ու հաճախ սովորել ենք պատմական առումով դժվարին խնդիրներ լուծել, իսկ խնդիրներ միշտ էլ ունեցել ենք: «Խնդիրների լուծումը մեզ համար ոչ թե լավ կամ վատ ապրելու հարց է, այլ ապրելու ու չապրելու հարց: Շախմատն ինքնին բարդ խնդիրների լուծում է խաղատախտակի վրա: Ուստի պատահական չէ, որ մենք այսքան լավ ենք խաղում շախմատ»,- ասում է Ռուբեն Աղուզումցյանը, ով մանրակրկտորեն հետեւում է ուսումնակած ծրագրի զարգացմանը: Շախմատը Հայաստանում առավել հայտնի դարձավ 1960-ական թթ-ին: Խորհրդային Միության համար բազմաթիվ մրցանակներ նվաճած Տիգրան Պետրոսյանը (1929-1984), ով շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն է դարձել, 1970-ականներին Հայաստանում դարձավ «բրենդային անուն-ազգանուն»: Այդ ժամանակվանից ի վեր շախմատը դարձավ հայկական գլխավոր սպորտաձեւը: Պատահական չէ, որ ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը գլխավորում է նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայ շախմատիստներն այսօր Հայաստանում ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների մշտական ուշադրության կենտրոնում են: Այսօր շախմատին նվիրված երկու շատ խոշոր հեռուստահաղորդում կա Հայաստանում՝ «Շախմատ 64» եւ «Շախմատի աշխարհ», որոնց նպատակն է նպաստել երկրի շախմատի զարգացմանը: Բացի վերոնշյալ հաղորդումներից, որոնց լսարանը հազարներով են այս պահին հաշվվում, կան բազմաթիվ այլ հաղորդումներ եւս, որոնք հեռարձակվում են թե՛ ռադիոյով, թե՛ մասնավոր հեռուստաընկերություններով: Շախմատը, իրոք, ծաղկում է: Այժմ մի փոքր պատմական ակնարկ կատարենք, թե այդ ինչպես եղավ, որ փոքրաթիվ բնակչություն ունեցող Հայաստանում «շախմատային տենդ» սկսվեց: Այո՛, շախմատը մի տեսակ հիվանդության է վերածվել, սակայն այս դեպքում դա ցանկալի հիվանդություն է: 2011-2012 թթ. ուսումնական տարուց ամիսներ առաջ որոշում կայացվեց, որ «Շախմատ» առարկայի դասավանդումը դառնում է պարտադիր հանրապետության դպրոցների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ դասարանցիների համար: Արդեն իսկ առաջին ուսումնական տարում նախատեսվել էր, որ այն ընդգրկվելու է միայն 2-րդ դասարանի առարկայական ցանկում` հաջորդ տարիներին շարունակվելով արդեն 3-րդ եւ 4-րդ դասարաններում: Առարկան արդեն 2012 թ-ի սեպտեմբերից ուսուցանվել սկսվեց նաեւ 4-րդ դասարանում, թեեւ միայն մեկ տարի անց պետք է ուսուցանվեր. պատճառը մեծ հետաքրքրությունն էր, որ առկա էր դպրոցականների շրջանում: Այսօր էլ բոլոր դասարաններում «Շախմատը» դասավանդվում է շաբաթական 2 դասաժամով, որից մեկ դասաժամը` «Ֆիզկուլտուրա» առարկայի փոխարեն: Սա իսկական հեղափոխություն էր... Առարկայի նորամուծությանը զուգընթաց՝ Հայաստանի դպրոցներում կահավորվեցին առարկայական դասասենյակները, տրամադրվեց գույք, դասագրքեր, աշխատանքային տետրեր, ուսուցչի ձեռնարկներ եւ գործնական աշխատանքների հավաքածուներ: Բացի դրանից՝ նաեւ համապատասխան կադրեր վերապատրաստելու եւ կազմակերպչական բարդ աշխատանքներով սկսեց զբաղվել Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայաստանի շախմատի ակադեմիայի ուսուցիչների մեթոդական ղեկավար, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շախմատի եւ սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը վստահ է, որ դեռեւս 3 տարի առաջ սկսված գործընթացը մոտակա տարիներին ավելի կզարգանա: «Մեր բուհն անցյալ տարվանից սկսել է շախմատի մարզիչներ պատրաստել: Այո՛, մենք արդեն պրոֆեսիոնալ մասնագետներ ենք պատրաստում: Վերջիններս կարող են լիովին նոր որակ մտցնել շախմատի դասավանդման բնագավառում: Սա կարեւոր իրողություն է, որի մասին հաճախ չենք խոսում»,- ասում է Սամվել Միսակյանը: Կարեւորելով առարկայի դասավանդումը պետականորեն՝ շախմատի մասնագետը շատ հստակ ուղեգիծ է նշում, ըստ որի՝ շախմատը ոչ այնքան սպորտաձեւ է, որքան արդեն մի նոր ու զարմանահրաշ միջոց՝ զարգացնելու երեխայի ինտելեկտն ու հարստացնելու նրա հոգեկան ներաշխարհը: Իրոք, շախմատն ավելի լավ հասարակություն ստեղծելու նպատակ ունի, ինչը փաստում է նաեւ Սամվել Միսակյանը: «Շախմատի ներխուժումը դպրոց շատ կարեւոր քայլ էր, ու թեեւ Հայաստանը միակը չէ, որի դպրոցներում դասավանդում են «Շախմատ» առարկան, բայց առաջինն էր, որտեղ շախմատի դասավանդումը դարձավ պարտադիր ու ամրագրվեց հստակորեն՝ օրենքով: Սա նշանակում է, որ մեր ազգի՝ առանց այն էլ ճկուն միտքը բավականին կզարգանա»,- նշում է ամբիոնի դասախոսը՝ հավելելով, որ շախմատը նաեւ մի տեսակ ազգային խաղ է այսօր: Իրոք, եթե մինչեւ հիմա Հայաստանի բակերում հիմնականում ավելի շատ նարդի էին խաղում, ապա հիմա ավելի հաճախ խաղում են հենց շախմատ: Հայաստանի շախմատի ակադեմիայի ուսուցիչների մեթոդական ղեկավար Սամվել Միսակյանը հստակորեն նկատում է, որ շախմատի դասավանդման հմտությունները թերեւս ամենակարեւորն էին առարկայի դասավանդման գործում: Նա փաստում է, որ ուսուցիչների մի մասը վերապատրաստված մանկավարժներ են, մի մասն էլ՝ շախմատիստներ. «Դա է պատճառը, որ երկուսի դեպքում էլ առաջանում են փոքրիկ խնդիրներ: Օրինակ՝ եղել է մի դեպք, երբ դպրոցի տնօրենը որոշել է անձամբ շախմատ դասավանդել, սակայն մեկ-երկու պարապմունք անցկացնելուց հետո հասկացել է, որ չի կարող: Արդյունքը եղավ այն, որ մենք ստիպված էինք նոր մասնագետ վերապատրաստել, ում նույն տնօրենն իր ջանքերով շախմատ խաղալ էր սովորեցրել զրոյից»: Ինչպես շատ առարկաների, այնպես էլ շախմատի դեպքում շատ տարբեր է պատկերը դպրոցներում, բայց քանի որ հմուտ մասնագետների հիմնական կորիզը Երեւանում է, հետեւաբար ամենաուժեղ երեխաները մայրաքաղաքում են: «Թեեւ պետք է խոստովանենք, որ իրենց շախմատային առաջադիմությամբ ու գրագետ ռազմավարությամբ մայրաքաղաքին չեն զիջում նաեւ Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ու Սյունիքի մարզի երեխաները»,- խոստովանում է Սամվել Միսակյանը: Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանն էլ վստահ է, որ մեր ամենակարեւոր ռեսուրսը մարդն է՝ հայ մարդը. «Մենք բնական ռեսուրսներով թույլ ենք, մեր միակ հարստությունը մարդիկ են` իրենց ինտելեկտուալ կարողություններով: Եվ շախմատը նպաստում է դրան»: Կառավարությունը որոշում է ընդունել, որ շախմատի միջոցով այսօր ավելի լավ կարելի է զարգացնել հայ մարդու հոգեկան աշխարհը, եւ քանի որ սա անշրջելի մի բան է, ապա այս հարցում շատ կարեւոր է շախմատ դասավանդողների դերը դպրոցներում: «Շախմատ դասավանդող ուսուցիչը ոչ թե դպրոցի տնօրենին է ենթարկվում, այլ երկրի շախմատի ֆեդերացիային: Այս իրողությունը թույլ է տալիս, որ խուսափենք դպրոցների տնօրենների կողմից երբեմն իրականացվող կամայական որոշումներից: Դա արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչպիսի լուրջ մոտեցում կա»,- ասում է խնդիրը քննած հոգեբանը: Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից դեռեւս 2010 թ-ից սկսվել է մի գործընթաց, ըստ որի՝ շախմատի դպրոցական օլիմպիադաներ են կազմակերպվում մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ: Այն այսօր էլ իրականացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Այս տարի արդեն 8-րդ անգամ է կազմակերպվում: «Արդյունքը գոհացնող է. մեծ թվով երեխաներ են մասնակցում օլիմպիադաներին: Դա էլ շատ բան է ասում, քանի որ երեւում է, որ թեպետ ուսուցիչների վերապատրաստման գործընթացը բավականին լուրջ ու բարդ է, սակայն արդյունք է գալիս»,- ասում է Սամվել Միսակյանը: Դեռ 2011 թ-ին՝ մի քանի ամսվա ընթացքում, ստեղծվել է ուսուցիչների պատրաստման ծրագիր: Այդ հարցում դերակատարում են ունեցել նաեւ հայ գրոսմայստերներից մի քանիսը: Ու եթե նախկինում 60-40 տոկոսային հարաբերությամբ էր դասավանդողների եւ շախմատիստ-դասավանդողների տարբերությունը (60 տոկոսը շախմատիստներն էին, մնացածը՝ ուսուցիչները), ապա այժմ այն հավասարվել է՝ 50-50: «Երբ շախմատիստներն են դասավանդում, թերանում է մանկավարժությունը, իսկ երբ ուսուցիչներն են դասավանդում, տուժում է շախմատը: Բայց քանի որ մեր խնդիրը հայ երեխայի հոգեբանական զարգացումն է, կրթությունը, շեշտը դնում ենք հիմնականում մանկավարժների վերապատրաստման եւ նրանց դասավանդման վրա»,- փաստում է պարոն Միսակյանը: Հետաքրքիր է, որ Հայաստանի շախմատի ակադեմիան բավականին հետեւողական է իր կողմից իրականացվող ծրագրի հանդեպ. յուրաքանչյուր տարվա ընթացքում 3-4 անգամ կազմակերպում են սեմինար-քննարկումներ: Վերապատրաստվելուց հետո էլ շախմատ դասավանդողները ՀՀ ԿԳ նախարարության եւ Շախմատի ակադեմիայի կողմից ստանում են 1, 2 կամ 3 տարի դասավանդելու իրավունք: Հ.Գ.: 8-ամյա Աննա Հուսիկյանը նշում է, որ դպրոցում իր սիրելի առարկան, որքան էլ որ անսպասելի է (աղջկա հայրն ու մայրը պնդում էին, որ իրենց աղջիկն ամենեւին էլ շատ չի հետաքրքրվում շախմատով, եւ իզուր ժամանակ եմ վատնում՝ փորձելով խոսել իրենց փոքրիկի հետ), հենց շախմատն է, որը նա դպրոցում սովորում է մոտ 1 ժամ: «Իմ պապիկն ու տատիկն են ինձ սովորեցրել շախմատ խաղալը, առաջին քայլերը ճիշտ անելը, սակայն արդեն դպրոցում սովորելուց հետո ես նրանց հանգիստ հաղթում եմ: Ես նաեւ իմ հայրիկին եմ հաղթում: Երբ մեծանամ, կցանկանամ Լեւոն Արոնյանի պես ուժեղ շախմատիստ լինել ու աշխարհի չեմպիոն դառնալ»,- նշում է 8-ամյա փոքրիկը: Իսկ ահա Աննայի դասընկեր Հայկ Միսիսյանը նշում է, որ ինքը նախընտրում է ֆուտբոլ կամ թեկուզ բասկետբոլ խաղալ. «Այնպես չէ, որ ես շախմատ խաղալու մեծ սիրահար եմ: Ես ավելի շատ խաղային մարզաձեւեր եմ սիրում»: Ինչեւէ, այնպես չէ, որ բոլորը «խելագարվում» են շախմատի համար, սակայն մեկ բան հստակ է. Հայաստանում բոլորն են կարողանում շախմատ խաղալ: Սա արդեն փաստ է, իրողություն: Վստահ եմ, որ հետագա սերունդներն ավելի լավ են խաղալու. չէ՞ որ այժմ նրանք դպրոցում շախմատ խաղալ էլ են սովորում՝ ի տարբերություն ինձ եւ Ձեզ... Հարություն Ծատրյան