Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 30-04-2014
Հայաստանի ֆուտբոլի առաջնության այս տուրն ամենասկանդալայինն էր
Իր ոչ տրամաբանական ավարտին է մոտենում Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը. տարօրինակ խնդիրներ են ստեղծվում ոչնչից:
Հայաստանի առաջնության ինտրիգը գնալով մեծանում է: Երեւի թե այս անգամ ամենամեծ անակնկալները, անսպասելի որոշումները եւ անհասկանալի իրավիճակները գրանցվեցին առաջնության 23-րդ տուրում: Մինչեւ 23-րդ տուրի հանդիպումների մասին վերլուծություն ներկայացնելը նշենք, որ գրանցվեցին հետեւյալ արդյունքները. երկրի բազմակի չեմպիոնը՝ «Փյունիկը», 1-1 հաշվով ոչ-ոքի ավարտեց «Գանձասարի» դեմ պայքարը: «Ուլիսը» այդպես էլ չկարողացավ հակախաղ գտնել «Բանանցին» եւ պարտվեց 0-1 հաշվով: «Միկան» սեփական հարկի ներքո հաղթեց առաջնության առաջատար «Արարատին»: Այս խաղում գրանցված 2-0 հաշիվը, սակայն, շատերի կողմից գուցե անսպասելի էր: «Շիրակը» Գյումրիում 4-1 հաշվով ջախջախեց հետնապահ «Ալաշկերտին»: Այժմ ներկայացնենք տուրի խաղերն ու գլխավոր սկանդալները, որոնք թեեւ սպասելի չէին, սակայն իրականություն դարձան՝ «գեղեցկացնելով» ու թեժացնելով այս տարվա առաջնությունը, որի ավարտին շատ քիչ ժամանակ է մնում: Հետաքրքիր է, որ այս տարի առաջնության չեմպիոնը վաղօրոք որոշված չէ. ոչ մի ակումբ չունի միավորների մեծ պաշար, ինչը թույլ կտար վաղաժամ չեմպիոն հռչակվել: «Փյունիկ»-«Գանձասար» խաղը դարձավ վերջին ստուգատեսը գավաթային եզրափակչից առաջ: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած այս հանդիպմանը երկու թիմերն էլ մոտեցել էին հոգեբանական մեծ վերելքով, քանի որ թե՛ «Փյունիկը», թե՛ «Գանձասարը» 22-րդ տուրում հաղթել էին: Ի դեպ, հենց այս թիմերն են օրեր անց արդեն Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցելու միմյանց դեմ: Առաջնության շրջանակում ընթացած հանդիպման մեկնարկը հաջող դասավորվեց դաշտի տերերի՝ «Փյունիկի» ֆուտբոլիստների համար: Խաղի արդեն 5-րդ րոպեին Կապան քաղաքի թիմի դարպասին նշանակվեց 11 մետրանոց տուգանային հարված: Այն անվրեպ իրացրեց Աղվան Պապիկյանը: Ընդհանուր առմամբ հանդիպման առաջին խաղակեսում առավել սուր էին գործում հենց «Փյունիկի» ֆուտբոլիստները, թեեւ նրանց չհաջողվեց նոր գոլ հեղինակել առաջին 45 րոպեների ընթացքում: Թիմերը գնացին ընդմիջման եւ... Եվ ընդմիջմանը գրանցվեց մի հետաքրքիր ու տարօրինակ միջադեպ. «Փյունիկի» եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանը կիսամերկ, մեջքն ամբողջովին կարմրած դուրս վազեց թիմային հանդերձարանից, եւ խաղադաշտի հակառակ կողմում մի քանի հեռախոսազանգ կատարելով՝ արագորեն լքեց մարզադաշտի տարածքը: Անհասկանալի դրություն էր. թեեւ դեռ երկրորդ խաղակես կար, սակայն բոլորը պարզաբանումների էին սպասում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանից, ով էլ արդեն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ինքը տեղյակ չէ Արման Հովհաննիսյանի հետ կատարվածից: Ինչեւէ, փորձենք չշեղվել, ինչն անշուշտ դժվար կլինի: Երկրորդ խաղակեսում «Փյունիկի» ֆուտբոլիստների գործողություններում արդեն լրացուցիչ լարվածություն էր զգացվում, նրանք կենտրոնացման խնդիրներ ունեին, ինչն էլ հանգեցրեց նրան, որ «Գանձասարի» կենտրոնական հարձակվող, թիմի ավագ Նարեկ Բեգլարյանը հավասարեցրեց հաշիվը: Ի դեպ, այդ գոլը Նարեկ Բեգլարյանի հոբելյանական` 50-րդ գոլն էր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում: Այս խաղում այլեւս գոլեր չեղան. գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1-1: Ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանի դեպքի հետ կապված «Փյունիկի» պաշտոնական կայքը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում նշված էր, թե Արման Հովհաննիսյանի նման տարօրինակ պահվածքն ընտանեկան խնդրի հետ է կապված, բայց արդյո՞ք ընտանեկան խնդիրն էր պատճառը, որ ֆուտբոլիստի մեջքն ամբողջովին կարմրած էր: Դժվար է ասել... «Բանանցը» կարողացավ «Ուլիսի» նկատմամբ հաղթանակի հասնել խաղի վերջին րոպեին խփած գնդակի շնորհիվ: Այս լարված հանդիպումը տեղի ունեցավ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում: Ճիշտ է, մարզադաշտի խոտածածկն այնքան էլ լավ վիճակում չէր, եւ կոմբինացիոն, կարճ, միջին փոխանցումներով խաղալն իրոք դժվար էր, բայց նմանատիպ պայմաններում, այնուամենայնիվ, ֆուտբոլ խաղում են: Նախքան այս հանդիպումը «Ուլիսը» վերջին երկու խաղում պարտվել էր՝ բաց թողնելով 9, խփելով ընդամենը 1 գոլ: Մինչ այս հանդիպումը «Բանանցն» էլ պարտվել էր Կապանի «Գանձասարին»: Առաջին խաղակեսում, կարելի է ասել, գերանհետաքրքիր պայքար էր ընթանում. գրեթե գոլային պահեր չկային: Ոչ միայն խաղադաշտը բարվոք վիճակում չէր, այլեւ լավ, աշխույժ ֆուտբոլ խաղալու համար եղանակն էր բավականին տոթ: Ինչ-որ տեղ վերը թվարկված հանգամանքները թույլ չտվեցին կողմերին ավելի արագ եւ վտանգավոր գործել: Երկրորդ խաղակեսում պատկերը լրիվ այլ էր. «Բանանցը» գիտակցում էր, որ միավորներ կորցնելը նշանակում է որոշ չափով տանուլ տալ չեմպիոնական մրցավազքում, այդ իսկ պատճառով էլ նետվել էր առաջ, իսկ ահա «Ուլիսը», որը խաղի ամբողջ ընթացքում հուսալիորեն պաշտպանվում էր, անգամ գոլ խփելու մի քանի լավ հնարավորություն ուներ, հանդիպման բառացիորեն վերջին վայրկյաններին պարզապես չկարողացավ ավելի հուսալի գործել եւ ստիպված եղավ խաղը սկսել դաշտի կենտրոնից. տուգանայինից կատարված փոխանցումից հետո գնդակը գլխի հարվածով մրցակցի դարպասը մխրճեց «Բանանցի» ավագ Հովհաննես Համբարձումյանը՝ դառնալով հանդիպման միակ եւ հաղթական գոլի հեղինակը: Իսկապես ցավալի էր ընդունած այս գոլից հետո տեսնել «Ուլիսի» ֆուտբոլիստներին: Եթե «Ուլիսը» անգամ պարտվեր 4-0 հաշվով, գուցե հոգեբանական խնդիրներ չլինեին, բայց եթե բավականին հաջող կերպով ես հանդես գալիս, գրեթե չես զիջում մրցակցիդ եւ հանդիպման վերջին վայրկյաններին գնդակ ես ընդունում սեփական դարպասդ... Իսկապես այս պահը ողբերգություն է կոչվում ֆուտբոլում: Այս խաղից հետո նույնպես սկանդալային միջադեպ գրանցվեց: Գոլը տոնելու ժամանակ «Բանանցի» գլխավոր մարզիչը բողոքեց «Ուլիսի» մարզչին խոտածածկի վատ վիճակի համար, իսկ «Ուլիսի» մարզիչը՝ երիտասարդ, հեռանկար ունեցող Կարեն Բարսեղյանը, նրանց պատասխանեց. «Խաղադաշտը ես իմ տնից չեմ բերել»: Արդյունքում եղավ փոքրիկ հրմշտոց, բայց լավ է, որ ամեն ինչ շուտ ավարտվեց, եւ լուրջ հետեւանքներ չեղան: Խաղից հետո հաղթանակած «Բանանցը» վաստակեց 3 միավոր եւ այժմ շարունակում է պայքարել չեմպիոնության համար: Առաջնության առաջատար «Արարատին» 2-0 հաշվով հաղթելուց հետո «Միկան» նույնպես միացավ չեմպիոնության համար պայքարին: Կարելի է ասել, որ 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը հենց այս խաղն էր: Այն այնքան կարեւոր էր, որն անգամ հեռարձակվում էր Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ (լավ է` Հայաստանի առաջնության գոնե մեկ խաղ հեռարձակվում է հեռուստատեսությամբ): Այս մրցավեճն անչափ կարեւոր էր երկու կողմերի համար. առաջնության առաջատարը՝ «Արարատը», «Միկային» գերազանցում էր 6 միավորով: Հաղթանակի դեպքում «Միկան» առաջատարից հետ կմնար ընդամենը 3 միավորով, պարտության դեպքում «Արարատը» ավելի կպոկվեր առաջ: Կարող ենք ասել, որ «Միկան» վերջին խաղերում վերագտել է իր խաղը եւ բավականին ագրեսիվ ու դինամիկ խաղ է ցուցադրում, իր հերթին էլ «Արարատը» դեռ շարունակում է անհաջողությունների շարքը, որոնք վերջին շրջանում կպել են այս թիմին: Հետաքրքիր է, որ վերջին շրջանում «Արարատի» պաշտպանությունում շատ կոպիտ սխալներ են թույլ տալիս թիմի խաղացողները: Այս խաղը եւս բացառություն չէր: «Արարատի» ֆուտբոլիստները նախ սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Ջերեմիա Ջոնի նկատմամբ: Հանդիպման մրցավարի կողմից նշանակվեց 11 մետրանոց տուգանային հարված, որն անվրեպ իրացրեց «Միկա» ակումբի առանցքային ֆուտբոլիստ Վարդգես Սաթումյանը՝ հաշիվը դարձնելով 1-0: «Արարատը» դեռ ուշքի չէր եկել ընդունած գոլից հետո, երբ ստիպված եղավ գնդակը մեկ անգամ եւս հանել սեփական դարպասից: Այս անգամ էլ գերֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը, ով մոտ 30 մետր հեռավորությունից գնդակը դիպուկ ու հուժկու հարվածով մխրճեց Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը եւ... 2-0: «Արարատը» պարզապես շոկի մեջ էր: Հետագայում, ճիշտ է, ջանքեր գործադրվեցին խաղը փրկելու համար, բայց դրանք ապարդյուն էին: «Միկան» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց եւ նոր ինտրիգ մտցրեց չեմպիոնական մրցապայքարում: Այս խաղից հետո «Արարատի» ամենահոռետես երկրպագուն անգամ չէր կանխատեսի, թե ինչ որոշում է կայացվելու «Արարատ» ակումբի ղեկավարության կողմից... Աշխատանքից հեռացվեց գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Վերջին տարիներին դժվար է հիշել մի դեպք որեւէ առաջնությունում, որտեղ պաշտոնից հեռացվի մի մարզիչ, ում գլխավորած թիմն առաջին հորիզոնականում է: Սա հերթական, բայց վաղուց արդեն ավանդույթ դարձած թյուրիմացությունն է հայկական ֆուտբոլում: «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարներն Աբրահամ Խաշմանյանի հեռացման հիմք համարում են այն փաստը, որ մարզիչը «Միկայից» կրած պարտությունից հետո տեղի ունեցած հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե իր մոտ այժմ կարծես այնպիսի մի տպավորություն է, որ թիմն ինքն իրեն արդեն սպառել է: Արտահայտությունը, որն արեց «Արարատի» գլխավոր մարզիչը, շատ մարզիչների կողմից ամբողջ աշխարհում կիրառվում է պարտության մեղքը թիմի խաղացողներից, սխալված ֆուտբոլիստներից մի կողմ գցելու համար, ուշադրությունը շեղելու համար, բայց մենք Հայաստանում ենք... Մի՞թե դա կարող է հիմք հանդիսանալ պաշտոնից հեռացնելու մի մարդու, ով, այդ նույն թիմը նախորդ մրցաշրջանում գլխավորելով, վերջին հորիզոնականից բարձրացրեց մինչեւ առաջին հորիզոնական: Եթե այդպես է, ապա Լոնդոնի «Չելսին» էլ այսօր պետք է նույն տրամաբանությամբ հեռացնի իր գլխավոր մարզչին՝ Ժոզե Մոուրինյոյին, քանի որ նա էլ հաճախ գերքննադատաբար է խոսում իր թիմի մասին: Դա միայն օգուտ է բերում թիմին եւ ֆուտբոլիստներին, այնպես որ` գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին հեռացնելն այն էլ այսպիսի կարեւոր ժամանակահատվածում լիովին անտրամաբանական էր: Հարազատ Գյումրիում «Շիրակը» վստահ եւ համոզիչ հաղթանակ տոնեց առաջնության հետնապահ «Ալաշկերտի» նկատմամբ: Հետաքրքիր է, որ երբ տեղի «Շիրակը» մրցում է սեփական հարկի ներքո, ապա ֆուտբոլային այդ խաղը տոնակատարություն է ամբողջ Գյումրիի համար: Անգամ հետնապահ «Ալաշկերտի» հետ խաղը բացառություն չէր: Շիրակցիները մարտական էին տրամադրված, քանի որ նախքան «Ալաշկերտի» հետ խաղը պարտվել էին «Փյունիկին», իսկ ահա «Ալաշկերտը» նախորդ տուրում ոչ-ոքի էր խաղացել առաջատարի՝ «Արարատի» հետ: Գյումրեցիները կարողացան այս հանդիպումն իսկական ֆուտբոլային տոնի վերածել: Հանդիպման արդեն 3-րդ րոպեին գյումրեցիների ամենափորձառու ֆուտբոլիստ Տիգրան Դավթյանը բացեց խաղի հաշիվը՝ 1-0: Շիրակցիները 40 րոպե անց կարողացան արդեն կրկնապատկել հանդիպման հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Սերժ Դեբլեն: «Շիրակի» երկրորդ գոլից հետո թվում էր, թե հանդիպման ելքը լիովին վճռված է, բայց «Ալաշկերտը» արդեն ապացուցել է, որ մինչեւ վերջ է պայքարում: Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին գյումրեցիները կոպիտ խաղացին սեփական տուգանային հրապարակում, ինչի արդյունքում նշանակվեց 11 մետրանոց տուգանային հարված, որն էլ անվրեպ իրացրեց նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը: Այս հանդիպման ինտրիգը թվում էր, թե վերադառնում էր, բայց ընդամենը 5 րոպե անց գյումրեցի Դավիթ Հակոբյանի դիպուկ հարվածից հետո շիրակցիները վերականգնեցին 2 գոլի առավելությունը: «Ալաշկերտի» ֆուտբոլիստները շարունակեցին պայքարել խաղը փրկելու համար, բայց գոլ խփելու փոխարեն եւս մեկն ընդունեցին սեփական դարպասը. այս անգամ գոլի հեղինակ դարձավ Լի Լամին Յորոն՝ խաղի հաշիվը դարձնելով 4-1: Ցավոք, հանդիպումը հաջող չդասավորվեց Յորոյի համար. նա լուրջ վնասվածք ստացավ, եւ դեռ հայտնի չէ, թե երբ կվերադառնա խաղադաշտ: «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղն այս տուրի ամենագոլառատ հանդիպումը ստացվեց, որտեղ, ի տարբերություն մյուս երեք խաղերի, արտառոց ոչինչ չեղավ: Շիրակցիները վստահ հաղթանակ տոնեցին եւ արդեն կնախապատրաստվեն «Միկայի» հետ ապրիլի 30-ին կայանալիք հանդիպմանը: Ի դեպ, այսօրվա հանդիպմանը երկու թիմերն էլ մոտենում են կադրային կորուստներով. «Շիրակից» բացակայելու է Դավիթ Մարիկյանը, իսկ ահա «Միկայից» թիմի ավագ Արմեն Պետրոսյանը: Այդ խաղը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի ֆուտբոլի առաջնության հետագա ընթացքի համար: Ահա այսպես է ընթանում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Հայկական ֆուտբոլի «Boxing Day»-ը շարունակվում է, իսկ դա նշանակում է, որ ավելի հետաքրքիր, ավելի բռնկուն եւ ավելի դինամիկ հանդիպումներ են մեզ սպասվում: Դավիթ Մարտիրոսյան Հարություն Ծատրյան