Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 19-03-2014
«Ծաղկաձորը բրենդ է, դրա համար էլ շատերին ձգում է…»
«Որոշեցինք Ծաղկաձորում ծնունդ անել. ամեն ինչ այնքան թանկ էր, որ «տակից դուրս չեկանք»... Ծաղկաձորը բրենդ է, դրա համար էլ շատերին ձգում է...»:
Երիտասարդներից մեկն այսպես պատասխանեց, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք նախընտրում է Ծաղկաձորում հանգստանալ: Պետք է նշել, որ Ծաղկաձորը` որպես հանգստավայր, գրավիչ է երիտասարդների համար, սակայն ոչ բոլորն են կարողանում իրենց հաճելի հանգիստն այնտեղ կազմակերպել: «Ծաղկաձորում հանգստանալ ցանկացողները շատ են, սակայն ֆինանսական պատճառները շատերին թույլ չեն տալիս այնտեղ հանգստանալ: Օրինակ` մեկ օր հանգստանալը միջինը կազմում է քսան հազար դրամ, ընդ որում՝ առանց սննդի, սպորտային պարագաների վարձման, ճոպանուղին էլ շատ թանկ է»,- ասում է 22-ամյա Մարտին Սահակյանը: Քնար Միսակյանն էլ Ծաղկաձորում չի հանգստանում, որովհետեւ ամեն ինչ շատ թանկ է. «Ամեն ինչ այնքան թանկ է, որ ժամանցի ընտրություն էլ գրեթե չի մնում: Ես ինքս չեմ նախընտրում Ծաղկաձորում հանգստանալ. եղանակային պայմաններն այնքան էլ հաճելի չեն, ֆինանսապես էլ հարմար չէ...»: Ծաղկաձորն այժմ Հայաստանի եւ Հարավային Կովկասի զբոսաջրջության առաջնակարգ կենտրոններից մեկն է: Բնակավայրը տեղակայված է Թեղենիս լեռան լանջին՝ Մարմարիկ գետի ձախ ափին` ծովի մակերեւույթից 1845 մ բարձրության վրա: Դեռ հին ժամանակներից Ծաղկաձորը, որը կոչվել է նաեւ Ծաղկունյաց ձոր, որպես ամառանոց եւ որսատեղի է ծառայել Արշակունիների համար: Ծաղկունյաց լեռների արեւելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել նաեւ հայոց այլ իշխաններ ու արքաներ, որոնց այս տարածքն հրապուրել է իր առողջարար մեղմ կլիմայով, սքանչելի բնապատկերներով: Ծաղկաձորը հայտնի հանգստավայրի իր համբավը պահպանել է հատկապես ԽՍՀՄ տարածքում: Հայաստանի քաղաքացիների հետ այստեղ հանգստացել են նաեւ ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները: Այդ շրջանում Ծաղկաձորի հովտում գործել են մոտ երկու տասնյակ պիոներական ճամբարներ ու հանգստյան տներ: 1972 թ-ին՝ Թեղենիս լեռան լանջերին ճոպանուղի կառուցելուց հետո, Ծաղկաձորը հայտնի է դարձել նաեւ որպես լեռնադահուկային հանգստավայր: Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա, ինչ Մեխիկոն, եւ այդ հիմնավորմամբ 1968 թ-ին Մեքսիկայում կայանալիք օլիմպիական խաղերի նախաշեմին հենց Ծաղկաձորում է կառուցվել ԽՍՀՄ գլխավոր սպորտային համալիրը: Ծաղկաձորում բազմաթիվ օլիմպիադաների եւ աշխարհի առաջնությունների են պատրաստվել աշխարհի տարբեր երկրների հավաքականներ: Հ.Գ.: Երբ տարվա ցանկացած եղանակի քայլում ես պատմամշակութային, զբոսաշրջային արժեք ունեցող այս բնակավայրի փողոցներով, ավելի շատ օտարերկրացիների ես հանդիպում, քան հայերի, ինչը խոսում է այն մասին, որ Ծաղկաձորն ու մեր ժողովրդի գրպանն անհամատեղելի են... Մեզ համար Ծաղկաձորն առայժմ մնում է միայն «Ծախսաձոր», ինչպես այնտեղի խանութներից մեկի անկեղծ անվանումն է հուշում: Հրաչուհի Ալմաստյան