Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 10-03-2014
Ազգային հավաքականը պատրաստ չէր ռուսների դեմ խաղին
Ռուսաստանի ազգային հավաքականի դեմ կայացած խաղն ապացուցեց, որ ամեն անգամ հնարավոր չէ լավ խաղ ցուցադրել:
Դեռեւս մեկ շաբաթ էլ չի անցել Կրասնոդարում կայացած Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղից, սակայն այս անգամ հայ երկրպագուների շրջանում հետխաղյա թեժ քննարկումներ չեղան, թեեւ ազգային հավաքականը մրցակցին պարտվել էր 0-2 հաշվով, ու կարելի է ասել՝ իսկապես անատամ խաղ էր ցուցադրել ողջ 90 րոպեների ընթացքում: Հետաքրքիր է հասկանալ, թե ինչու այնպես ստացվեց, որ Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց, իսկ դրան չհետեւեց երկրպագուների ռեակցիան՝ քննադատություններ գլխավոր մարզչին, ֆուտբոլիստներին, մրցավարին, ՀՖՖ-ին: Վերոնշյալի պատճառը լիովին հասկանալի է. Վարդան Մինասյանը հրաժեշտի խաղ էր անցկացնում որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայ ֆուտբոլիստներից շատերը դեռեւս մարզավիճակ չունեն: Այժմ եկե՛ք մի փոքր ավելի սթափ խոսենք Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղի եւ դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին: Մարտի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը վայրէջք կատարեց Կրասնոդարի օդանավակայանում: Նախքան հյուրանոց հասնելը հայ ֆուտբոլիստներին անակնկալ էր սպասվում. հայ երկրպագուները, ինչպես ամեն անգամ, այս անգամ եւս ազգային թիմի կողքին էին: Փոքր-ինչ ավելի շուտ Կրասնոդար հասած հայ երկրպագուները հենց օդանավակայանում վայրկյաններն էին հաշվում, սպասում դիմավորելու իրենց սիրելի ֆուտբոլիստներին: Այս ընդունելությունը, սակայն, մյուսների նման չէր: Երկրպագուական FAF շարժումը բերել էր հանձնելու «FAF համակրանք» ամենամյա մրցանակը: Երկրպագուների շրջանում անցկացված հարցումների ու քվեարկության արդյունքում՝ փայտե գեղեցիկ մրցանակն այս անգամ բաժին հասավ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկին՝ Արաս Օզբիլիսին: Սրան հաջորդեց իսկական հայկական տոնախմբություն ռուսական օդանավակայանում: Ռուսաստան-Հայաստան հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականն իր մարզումն անցկացրեց Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում: Նախքան մարզումը մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք չի զղջում հեռանալու համար, Վ. Մինասյանը պատասխանեց. «Երբեք չեմ զղջում ոչնչի համար եւ այս որոշմանը հանգել եմ երկար մտածելու արդյունքում»: Ռուսական «Ռուբին» ակումբից առաջարկ ունենալու մասին խոսելիս մարզիչն ասաց, որ դրանք ընդամենը խոսակցություններ էին, հիմա արդեն լուրջ բանակցություններ են ընթանում այլ ակումբների հետ: Այս ամենից հետո Հայաստանի հավաքականի նախկին մարզիչն անդրադարձավ նաեւ նորանշանակ մարզչին՝ ասելով, որ ինքը ոչինչ չի կարող հավելել, որովհետեւ Բեռնար Շալանդի կարիերային ծանոթ չէ, նրա հետ չի աշխատել ու չի տեսել նրա գլխավորած թիմերից որեւէ մեկի խաղը: Ասուլիսի վերջում Վարդան Մինասյանն անդրադարձ կատարեց նաեւ ֆուտբոլիստների մարզավիճակին` մասնավորապես խոսելով Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի մասին: Ըստ Վ. Մինասյանի՝ Յ. Մովսիսյանը լավ մարզավիճակում է եւ խաղալու է, իսկ Ա. Օզբիլիսի խաղալու հարցը դեռեւս քննարկման է արժանի: Այժմ մի փոքր էլ խոսենք բուն խաղի մասին: Տարվա առաջին խաղում պարտվեցինք: Այո՛, պարտվեցինք ոչ միայն հաշվով, այլեւ խաղով: Պարտվեցին հենց ֆուտբոլիստները, ովքեր, մեղմ ասած, լավ մարզավիճակում չէին: Խաղից հետո ազգային հավաքականը գլխավորող Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի շրջանակում: Նա պարտությունը վերագրեց թիմի ֆունկցիոնալ վատ պատրաստվածությանը: «Այս պահին միայն Հենրիխ Մխիթարյանն է տեմպի մեջ: Եթե ֆուտբոլային ռիթմի մեջ չես, լավ արդյունք ցույց տալը դժվար է»,- ասաց Վարդան Մինասյանը՝ Ռուսաստանի հավաքականին հաջողություն մաղթելով «Մունդիալ 2014»-ում: Թե ինչու է Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներում սովորաբար պարտվում, Վարդան Մինասյանը հանգստորեն բերեց Գերմանիայի, Անգլիայի հավաքականների օրինակները, որոնք եւս ընկերական հանդիպումներում վատ են հանդես գալիս: Ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին էլ խաղից հետո ասաց, որ ինքը խնդրել էր Ալեքսանդր Կոկորինին իրեն գոլ չխփել, սակայն... հենց «Դինամոյի» խաղացողն առաջին գոլն ուղարկեց փորձառու ֆուտբոլիստի պաշտպանած դարպասը: Հ.Գ.: Մնում է հույսով զինվել ու սպասել նոր հանդիպումների՝ ակնկալելով միմիայն հաղթանակներ: Հարություն Ծատրյան Գագիկ Սմբատյան