Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 19-12-2013
Բրազիլիան դեռ պատրաստվում է աշխարհի առաջնությանը
Պատմության մեջ 2-րդ անգամ այս երկրին իրավունք է տրված ընդունելու աշխարհի խոշորագույն ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը:
2007 թ-ի հոկտեմբերի 30-ին ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ 2014 թ-ին Բրազիլիայում կայանալու է ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարը: Մարզական խոշոր միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար Բրազիլիայի Կառավարությունն անմիջապես ՖԻՖԱ-ի հետ մեկտեղ մշակեց համագործակցության մի շարք ծրագրեր, որոնք պետք է ամբողջական տեսք ստանան մինչեւ 2014 թ-ի մայիսի 14-ը: «Այդ օրն արդեն վերջնականապես կորոշվի, թե արդյոք Բրազիլիայի 12 քաղաքներում կհյուրընկալվեն աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներն ու նրանց հավաքականները: Այս տարվա ամռանը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ արդեն շահագործման են հանձնվել 6 մարզադաշտեր: Մնացածը պետք է վերանորոգվեին կամ կառուցվեին մինչեւ դեկտեմբերի սկիզբը, սակայն տեղի ունեցած դժբախտ պատահարները մի փոքր երկարաձգել են աշխատանքը: Վերջնաժամկետը փոփոխվել է. մարզադաշտերը պետք է պատրաստ լինեն մինչեւ 2014 թ-ի հունվարի վերջ»,- այսօր՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, նշեց ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Դեսպանը բավականին մանրամասն խոսեց այն աշխատանքների մասին, որոնք դեռեւս շարունակվում են. «Ենթակառուցվածքային առումով մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Լիովին բարեկարգվելու են մեր ճանապարհները, որպեսզի երթեւեկությունն ավելի հարմարավետ դառնա: Նորովի տեսք են ստանալու մեր օդանավակայանները. դրանք համապատասխանեցվում են միջազգային ընդունելի չափորոշիչներին: Կառուցվում են բազմաթիվ հյուրանոցներ, սպասարկման ոլորտը նոր տեսք է ստանում, անցկացվում են թրեյնինգներ, որպեսզի մեր երկիրն աշխարհի առաջ ըստ արժանվույնս ներկայանա»: Էդսոն Մոնտեյրոն, ով ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանության ղեկավարի պաշտոնին այս տարվա հունիսին է նշանակվել, նշեց, որ արդեն հարմարվել է Հայաստանին, թեեւ դեռ չի կարողանում սովորել խստաշունչ ձմռանը: Դեսպանի խոսքերով՝ անցած ամռան ու աշնան ընթացքում ինքը կարողացել է շրջել Հայաստանի որոշ շրջաններով, ծանոթացել է մեր երկրի պատմամշակութային կոթողներին: «Եղել եմ Կապանում, որտեղ հանդիպել եմ տեղի ֆուտբոլային թիմի՝ «Գանձասարի» ղեկավարության հետ: Վերջիններիս ուղեկցությամբ շրջել եմ քաղաքով, ծանոթացել թիմի մարզաբազային, ակումբի աշխատակիցների հետ: Այնտեղ ինձ ասացին, որ մոտ ժամանակներս պատրաստվում են բրազիլացի մի քանի ֆուտբոլիստների հրավիրել»,- ասաց Էդսոն Մոնտեյրոն՝ հավելելով, թե ինքը քաջատեղյակ է, որ Հայաստանի մի շարք ֆուտբոլային թիմերում խաղում են բրազիլացի ֆուտբոլիստներ: Դեսպանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ, օրինակ, իր համաերկրացի Մարկոս Պիզզելլին որոշել է նաեւ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել եւ արդեն հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում. «Մեզ մոտ ֆուտբոլիստները շատ են: Օրինակ՝ ես անձամբ այդ մարզաձեւով զբաղվել եմ, բայց ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Ի տարբերություն ինձ՝ ավագ եղբայրս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, խաղացել է «Բոտաֆոգո» ակումբի երիտասարդական թիմում, թեեւ շատ կարճ մարզական կարիերա է ունեցել: Պատահական չէ, որ այսօր աշխարհի մի շարք թիմերում բրազիլացի ֆուտբոլիստներ կան: Հայաստանը չէր կարող բացառություն լինել: Թեեւ, իհարկե, բրազիլացի ֆուտբոլիստները Հայաստանում հաստատ շատ խոշոր գումարներ չեն վաստակում, եթե հաշվի առնենք, թե Իտալիայում, Իսպանիայում կամ էլ Անգլիայում ինչպիսի աստղաբաշխական գումարներ են ստանում հայրենակիցներս»: «Երիտասարդ»-ի լրագրողը դեսպանից հետաքրքրվեց, թե արդյոք այսօր Բրազիլիան ապահով է զբոսաշրջիկների, ֆուտբոլային երկրպագուների ու ֆուտբոլիստների համար: Ի պատասխան՝ դեսպանը նշեց, որ իր երկրի կառավարությունը եւ նախագահն անձամբ ամեն բան անում են, որպեսզի հատկապես ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայում լինելն անվտանգ լինի: «Գիտենք, որ գուցե ահաբեկչության փորձեր նախաձեռնվեն, սակայն մեզ այդ հարցում օգնում են այն պետությունները, որոնք այսօրինակ միջոցառում արդեն իսկ անցկացրել են: Իհարկե, ՖԻՖԱ-ն եւս օգնում է անվտանգությունը կազմակերպելու գործում: Երեւի բոլորիդ է հայտնի, որ այս ամռանը Ռիո դե Ժանեյրոյում մասշտաբային ցույցեր էին անցկացվում: Ի դեպ, ցույցերն ուղղված էին ընդդեմ մեր երկրում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանը, սակայն ոչ ոք թե՛ երկրպագուներից, թե՛ ֆուտբոլիստներից չտուժեց: Այնպես որ՝ հույս ունենք, որ գալիք ամռանն ամեն բան խաղաղ կանցնի»,- նշեց Բրազիլիայի դեսպանը: Խոսելով մարզական խոշոր մրցաշարի կազմակերպչական ծախսերի մասին՝ նա փաստեց, որ շուրջ 12 մլրդ ամերիկյան դոլար է պահանջվելու միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար. «Մենք ակնկալում ենք, որ երկիրը կրկնակի շահույթ կստանա: Սպասվում է, որ 2014 թ-ի հունիս-հուլիս ամիսների ընթացքում շուրջ 600 հազար օտարերկրացիներ կայցելեն Բրազիլիա, բացի դրանից՝ մեր երկրի քաղաքացիների շուրջ 3 մլն-ը եւս ակտիվորեն կմասնակցի մարզական միջոցառմանը՝ տեղաշարժվելով մի քաղաքից մյուսը: Երկիրը հույս ունի, որ մոտ 25 մլրդ ամերիկյան դոլարի շահույթ կլինի, իսկ դա կարող է օգնել Բրազիլիային, որպեսզի ավելի զարգանա ու ավելի լավ պատրաստվի 2016 թ-ին արդեն Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին»: Խոսելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մասին՝ դեսպանը նշեց, որ զարմանում է, թե հայերին ինչու չհաջողվեց Բրազիլիա մեկնելու ուղեգիր ձեռք բերել. «Ձեր երկրի հավաքականը շատ ուժեղ է: Այո՛, այն Բրազիլիա չէ, ոչ էլ Իտալիա կամ Գերմանիա, սակայն հնարավորություն ունեիք: Ինչ արած, մնում է մտածել արդեն Ռուսաստանի մասին. չէ՞ որ 2018 թ-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հենց այնտեղ է անցկացվելու: Այդ երկիրն ավելի մոտիկ է հայերիդ»: Դեսպանը նշեց, որ մինչեւ այսօր ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ հաղթել Դանիային, թեեւ հետո արդեն հաղթեց Բուլղարիայի հավաքականին. «Ես յուրաքանչյուր բրազիլացու պես ֆուտբոլի մեծ սիրահար եմ: Կարծում եմ՝ այնպես կանեմ, որ ամռանը գոնե մի քանի օրով լինեմ հայրենիքում, տեսնեմ, թե ինչ է կատարվում երկրում. չէ՞ որ Բրազիլիան մշտապես ֆուտբոլով ապրող երկիր է եղել: Իհարկե, Հայաստանում արդեն այնքան շատ մտերիմ ընկերներ ունեմ, որ չգիտեմ էլ՝ արդյո՞ք արժե հասնել հեռու Բրազիլիա՝ ֆուտբոլ դիտելու համար: Այստեղ էլ կարող եմ նրանց հետ մեծ հաճույքով ֆուտբոլ դիտել»: Էդսոն Մոնտեյրոն պարզաբանեց, թե ինչպես հայ երկրպագուները կարող են հասնել Բրազիլիա՝ հենց տեղում մասնակցելու ֆուտբոլային տոնին: Ըստ դեսպանի՝ հարկավոր է նախեւառաջ խաղերի տոմսերը ձեռք բերել, որոնք մինչեւ փետրվարի սկիզբը վաճառվում են ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում: «Հայաստանի դեպքում երեւի թե ժամկետն ավարտվել է արդեն, քանի որ ձեր երկիրը չի մասնակցելու մրցաշարին: Ինչեւէ, եթե հաջողվել է տոմսեր ձեռք բերել, ապա դրանք ձեզ շատ կօգնեն վիզա ստանալու գործում: Դեսպանատուն ներկայանալիս հարկավոր է ցույց տալ տոմսի համարանիշը, որպեսզի հաստատվի վավերականությունը, ինչպես նաեւ հստակ նշել, թե ինչ նպատակով եք ցանկանում Բրազիլիա մեկնել: Չմոռանաք, որ անհրաժեշտ է նաեւ ունենալ դեպի Բրազիլիա տանող մուտքի եւ ելքի ինքնաթիռային տոմսեր: Բացի դրանից՝ պետք է նշել, թե որտեղ եք պատրաստվում բնակվել»,- ասաց Էդսոն Մոնտեյրոն: Խոսելով ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի բացման մասին, որը տեղի է ունենալու հունիսի 12-ին, դեսպանը նշեց, որ Սան Պաուլու քաղաքի գլխավոր մարզադաշտում, որտեղ խաղում է «Կորինտիանս» ակումբը, կլինի շատ ինքնատիպ միջոցառում, որի ժամանակ բազմաթիվ անակնկալներ կլինեն: Մեծ միջոցառմանն էլ կհաջորդի Բրազիլիա- Խորվաթիա ֆուտբոլային խաղը: «Կարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն ի զորու է 6-րդ անգամ նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բրազիլացիներս այդ հույսն ունենք: Երբ առաջին անգամ այսպիսի խոշոր միջոցառում կայացավ մեր երկրում եւ Բրազիլիայի հավաքականը եզրափակչում պարտվեց Ուրուգվային, ողջ ազգը ողբում էր: Եթե այս անգամ էլ թիմը պարտվի, կրկին ազգովին ողբալու ենք: Վստահ եմ՝ առաջին օգնականը կարող է լինել ոգելից խմիչքը, սակայն համոզված եմ, որ Նեյմարն ու ընկերները մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի գլխավորությամբ կկարողանան բաղձալի հաղթանակ կերտել»,- ասաց ֆուտբոլասեր դեսպանը: Հարկ է նշել, որ աշխարհի 2014 թ-ի առաջնության մեկնարկային հանդիպումը տեղի կունենա Սան Պաուլու քաղաքում, իսկ եզրափակիչը՝ Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: 2014 թ-ի հունիսին սպասվող ֆուտբոլի առաջնությանը կմասնակցեն 48 երկրների, այդ թվում` քառակի չեմպիոն Իտալիայի, եռակի չեմպիոն Գերմանիայի, կրկնակի չեմպիոն Ուրուգվայի, գործող չեմպիոն Իսպանիայի եւ Անգլիայի ուժեղագույն հավաքականները: Հետաքրքիր է, որ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու են բոլոր նախկին չեմպիոնները: Հ.Գ.: Ի դեպ, դեսպան Էդսոն Մոնտեյրոն համաձայնել է մոտակա օրերի ընթացքում բացառիկ հարցազրույց տալ «Երիտասարդ»-ին եւ առավել մանրամասն ներկայացնել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի նախապատրաստական փուլը: Հարություն Ծատրյան