Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 23-11-2013
Մագնուս Կառլսեն կամ 16-րդ չեմպիոնը շախմատային աշխարհում
Նորվեգացի հրաշամանուկը ժամանակից շուտ դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն:
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում 22-ամյա գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, նոյեմբերի 22-ին մրցաշարի 10-րդ տուրում ոչ-ոքի խաղալով հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ ընդհանուր հաշվարկում ունենալով 6.5 միավոր՝ Անանդի 3.5 միավորի դիմաց, երկու խաղ առաջ ապահովեց չեմպիոնական կոչումը եւ հռչակվեց աշխարհի նոր չեմպիոն: 43-ամյա Վիշվանաթան Անանդը, ում ոչ ոք վերջին 6 տարիներին այդպես էլ չէր կարողացել հաղթել, ստիպված է շախմատային գահը զիջել նորվեգացի հրաշամանուկին, ում 23 տարեկանը կբոլորի նոյեմբերի 30-ին միայն: Իհարկե, շախմատի աշխարհի չեմպիոնի համար խաղերն իսկապես ինքնատիպ են: Մի քանի շաբաթ շարունակ երկու ուժեղագույն շախմատիստները՝ գործող չեմպիոնը եւ այդ գահի հավակնորդը, թեժ ու դիտարժան պայքար էին մղում, որպեսզի որոշեն աշխարհի ամենաինտելեկտուալ սպորտաձեւի լավագույն մարզիկին: Շախմատային գահի համար մենամարտը կայանում էր հնդկական Չեննայի քաղաքում: Այդ մենամարտը կարելի էր անվանել երիտասարդության եւ փորձի ինքնատիպ պայքար: Մի կողմից 43-ամյա Վիշվանաթան Անանդը շախմատի աշխարհի գործող չեմպիոնն էր, որ կոչումը նվաճել էր 2007 թ-ին, իսկ մյուս կողմից դեռեւս 22-ամյա հրաշամանուկն էր՝ Մագնուս Կառլսեն արդեն իսկ ահեղ անվամբ: Շախմատի համաշխարհային գահի համար անցկացվող հավակնորդների մենամարտին Մագնուս Կառլսենն առաջին անգամ մասնակցել է այս տարի եւ առաջին իսկ փորձից դարձավ մրցաշարի հաղթող: Մինչեւ Կառլսենի հետ թեժ մենամարտը Անանդն արդեն 3 անգամ պաշտպանել էր իր գահը «ոտնձգություններից». ո՛չ Վլադիմիր Կրամնիկը, ո՛չ Վեսելին Թոփալովը, ո՛չ Բորիս Գելֆանդը չէին կարողացել հնդիկ շախմատիստին տեղաշարժել զբաղեցրած «գահից»: Կառլսենի եւ Անանդի միջեւ կայացած առաջին 4 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Չնայած մարզիկների արտաքին հանգստությանը՝ ներքին անհանգստությունը խաղ առ խաղ կրկնապատկվեց ու եռապատկվեց: 5-րդ պարտիան եւս ոչ-ոքի արդյունքով կարող էր ավարտվել, սակայն Մագնուսն անսպասելիորեն առավելություն ստացավ, իսկ մի փոքր ուշ էլ օգտվեց Անանդի սխալից ու հաղթանակի հասավ: Որոշիչ դարձավ 6-րդ պարտիան, երբ «սպիտակներով» խաղացող Անանդը չուզեց ոչ-ոքի խաղալ տրամաբանորեն լիովին հավասար պայքարում, ինչի արդյունքում ծանր պարտություն կրեց: Երկու միավորի առավելությունն ամբողջովին կորցնել Մագնուսն ուղղակի չէր կարող: Մի քանի ոչ-ոքիներից հետո Մագնուսը շատ անսպասելի կարողացավ Անանդին հաղթել «սեւերով»: Նոյեմբերի 22-ին էլ կայացած 10-րդ պարտիան ոչ-ոքի ավարտվեց, ինչն էլ Մագնուսին թույլ տվեց չեմպիոն հռչակվել: Ընդամենը 22 տարեկանում Մագնուս Կառլսենը նվաճեց շախմատային գահը: Այդպիսի բան մինչեւ այսօր միայն Գարի Կասպարովին էր հաջողվել: Ի դեպ, վերջինս որոշակի շրջան եղել է Մագնուս Կառլսենի անձնական մարզիչը: «Շնորհավորում եմ Մագնուսին հաղթանակի առիթով: Նա շարունակում է արդարացնել իմ սպասելիքներն իր վարպետությամբ ու նպատակասլացությամբ: Ուղղակի ցնծում եմ նրա հաջողության համար: Գիտեմ՝ Անանդի տաղանդի հնդիկ երկրպագուներն այսօր շատ տխուր են, բայց կարծում եմ, որ հարկավոր է շարունակել նրան (Անանդին) մեծ ոգեւորությամբ աջակցել: Նա միայն պարտվել է, ոչ թե մահացել»,- շտապել է «Twitter»-ի իր անձնական էջում գրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Ընդ որում՝ այսօր հաստատապես քչերն են կարծում, թե ինչ-որ մեկին կհաջողվի «գահից արագորեն նետել» Կառլսենին: Մագնուսի գահ բարձրանալը լուրջ նվաճում է, եւ այն թերեւս երկար կտեւի: Հարություն Ծատրյան