Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 20-11-2013
Հիշե՛ք երեխաներին ու հոգացե՛ք նրանց մասին
Այսօր Երեխաների համաշխարհային տոնն է, սակայն ո՞վ է խոսում այդ մասին...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր բոլոր անդամ երկրներին 1954 թ-ից կոչ է անում սահմանել Երեխաների համաշխարհային տոն (Universal Children’s Day)` որպես երեխաների համաշխարհային եղբայրության եւ փոխըմբռնման օր: Տոնն ուղղված է երեխաների բարեկեցությանը ողջ աշխարհում: ՄԱԿ-ն իր անդամ պետություններին առաջարկում է տոնը նշել ցանկացած օր, սակայն կան մի շարք նշանակալի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 20-ին եւ առնչվում են հենց երեխաներին. 1959 թ-ի նոյեմբերի 20-ին ասամբլեան ընդունել է Երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989 թ-ին` Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ այս օրը հիշատակվում է 1956 թ-ից սկսած: Տոնի նպատակն է բարելավել աշխարհի երեխաների բարօրությունը, ինչպես նաեւ ամրապնդել ՄԱԿ-ի անդամ երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները: Գլխավոր ասամբլեան իր բանաձեւում նշում էր, որ Երեխաների համաշխարհային տոնի ընդունումը միայն ու միայն կամրապնդի աշխարհի բոլոր ազգերի միջեւ համագործակցությունն ու համերաշխությունը: Ամեն տարի աշխարհում 11 մլն երեխա մահանում է` չբոլորելով անգամ հնգամյակը, տասնյակ միլիոնավոր երեխաներ աշխարհում տառապում են ֆիզիկական եւ մտավոր հիվանդություններից` զրկված լինելով նորմալ աճից, կյանքի ու զարգացման համար անհրաժեշտ մինիմալ պայմաններից: Մահվան դեպքերի մեծ մասի գլխավոր պատճառը հիվանդություններն են, որոնք ավելի հաճախ բուժելի են ու կանխարգելիչ: Մանուկների մահվան մյուս պատճառները աղքատությունը, ծնողների կողմից լքվածությունը, ազգային խտրականությունն ու բռնությունն են: Վերոնշյալ ծանր կորուստները մեծ ողբերգություն են ընտանիքների, հանրության, շատ պետությունների եւ աշխարհի համար: Երեխաներից շատերը դեռեւս վաղ մանկությունից ստիպված են պայքարել իրենց կյանքի անվտանգության եւ ապրուստի համար: Նրանք բախվում են զանազան ուժերի եւ փորձում ողջ մնալ դժվարին դիմակայություններում: Այսօր բազմաթիվ երեխաներ անպաշտպան են, չունեն իրավագիտակցություն եւ չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները, չեն կարող կրթվել, չեն կարող դառնալ իրենց երկրի հասարակության լիիրավ անդամ: Շատ երեխաներ ուղղակիորեն կտրված են հանրային-քաղաքական կյանքից, արհամարհված են հասարակության կողմից: Այո՛, գոյություն ունի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ, որը մանկական առողջության բոլոր ասպեկտների ուղղությամբ լայնածավալ աշխատանք է տանում` նախածննդյան շրջանից մինչեւ պատանեկություն: Դա, սակայն, բավարար չէ: Իհարկե, հիմնադրամը հատուկ ջանքեր է գործադրում, որպեսզի ՁԻԱՀ-ով կամ ՄԻԱՀ-ով տառապող բոլոր երեխաներն էլ ստանան նույնպիսի խնամք, ինչպիսին նրանց տարեկիցներն են ստանում, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում օգնել երեխաներին: Օրը եւս մեկ անգամ թույլ է տալիս վերաարժեւորելու այն, ինչ ունենք, վերանայելու այն, ինչ առկա է մեր շրջապատում: Մարդի՛կ, ուշադի՛ր եղեք ձեր շրջապատի երեխաների հանդեպ: Մի՛ թույլատրեք, որ նրանց ապագան լինի խունացած ու դաժան պայքարի հորձանուտ, չէ՞ որ ասում են` յուրաքանչյուրի հոգում մանուկ է ապրում: Տարօրինակ է, որ Հայաստանում օրն այնքան էլ չի կարեւորվում. ավելի հաճախ չեն էլ խոսում այն խնդիրների մասին, որոնց առջեւ կանգնում է հայ երեխան: Ցավալի է, բայց այս տեմպերով հետընթացը կարող է խունացնել հայ մանկան, ապագա երիտասարդի, ապագա ծնողի ու երկրի տիրոջ լուսավոր ճակատագիրը: Որպես հետգրություն. ներկա պայմաններում աշխարհի տարբեր ծայրերում ապրող 300 հազար երեխաներ բառացիորեն ընդգրկված են բուն մարտական գործողություններում. ամեն օր նրանք նոր վտանգի են ենթարկում իրենց կյանքը: Ի դեպ, 149 մլն երեխաներ էլ թերսնվում են: Նրանց երկու երրորդն ապրում է Ասիայում: Հարություն Ծատրյան