Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 16-09-2013
Կինոամառն արդեն ամփոփված է
Ամառվա ընթացքում վարձույթ դուրս եկած ֆիլմերն ԱՄՆ-ում բազմաթիվ ռեկորդներ են գրանցել՝ վաստակելով աստղաբաշխական գումարներ:
Այս տարի հոլիվուդյան կինոամառն իսկապես ռեկորդային էր. ընդհանուր հաշվով ամերիկյան կինոթատրոններում 4 ամիսների (մայիսից մինչեւ օգոստոս) ընթացքում հավաքվել է 4.76 մլրդ դոլար: Ցուցանիշը գրեթե 11 տոկոսով գերազանցում է անցած տարվա ամռան ընթացքում հավաքված ընդհանուր գումարի չափին (4.29 մլրդ դոլար) եւ 8 տոկոսով՝ 2011 թ-ի ամռանը գրանցված արդյունքներին: Ավարտված ամառային կինոշրջանը դարձել է վերջին 6 տարիների մեջ լավագույնը նոր ֆիլմերի տոմսերի վաճառքի առումով: Անցած 4 ամիսների ընթացքում Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններն ունեցել են 586 մլն հանդիսատես: Այս թիվն ավելի լավ հասկանալու համար հարկ է նշել, որ ԱՄՆ-ի ու Կանադայի ընդհանուր բնակչության թիվը կազմում է 350 մլն: 2013 թ-ի կինոամռան 4 ամիսներից 3-ը դարձան ամենից հաջողակը համաշխարհային կինովարձույթի պատմության մեջ: Մայիսին կինոթատրոնները հավաքեցին 1.14 մլրդ դոլար, հունիսին՝ 1.25 մլրդ դոլար, իսկ օգոստոսին՝ 0.93 մլրդ դոլար: Հուլիսին հավաքված 1.37 մլրդ դոլար արդյունքը կինոյի պատմության մեջ 2-րդը դարձավ՝ հետ մնալով միայն 2011 թ-ի ամռանը գրանցված արդյունքից: Ամառվա ընթացքում գերիշխող դիրքեր ունեին ֆիլմ-շարունակությունները: Գլխավոր 6 խոշոր ֆիլմերը եղել են կա՛մ սիքվել, կա՛մ պրիկվել, կա՛մ ռեբուտ: 2013 թ-ի կինոամռան ընթացքում 200 մլն դոլարից ավելի գումար են հավաքել «Երկաթե մարդը 3» (409 մլն), «Гадкий я 2» (357.6 մլն), «Պողպատից մարդը» (290.9 մլն), «Հրեշների համալսարան» (265 մլն), «Ֆորսաժ 6» (238.7 մլն) եւ «Սթարթրեկ. հատուցում» (228.8 մլն) ֆիլմերը: Վերոնշյալ 6 ֆիլմերի ընդհանուր գումարը կազմել է ողջ կինոամռան ընթացքում հավաքված ամբողջ գումարի 37.5 տոկոսը: Մյուս կողմից այս կինոամռան ընթացքում ծանր հարված ստացան բազմաթիվ խոշոր ֆիլմ-նախագծեր, որոնց բյուջեն քիչ է ասել, թե աստղաբաշխական էր: Կինովարձույթում լիարժեք տապալվեցին «Призрачный патруль» (33.3 մլն), «Մեր օրերից հետո» (60.5 մլն), «Հարձակում Սպիտակ տան վրա» (73 մլն) եւ «Միայնակ ռեյնջերը» (88.8 մլն) ֆիլմերը: Շատ լուրջ հաջողությունների չհասան «Էլիզեում» (85.1 մլն) եւ 100 մլն-ի ցուցանիշը մի կերպ հատած «Тихоокеанский рубеж» (100.9 մլն) ֆիլմերը: Խոշոր ֆիլմ-նախագծերից հաջողակ կարելի է համարել միայն «Война миров Z» (201.4 մլն) եւ «Մեծն Գեթսբին» (144.8 մլն) ֆիլմերը, որոնք սպասվածից ավելի շատ գումարի եկամուտ բերեցին: Մի շարք բլոկբաստերների անհաջող դեբյուտը մինչեւ այժմ էլ քննարկման թեմա է ողջ Հոլիվուդում: Ներդրողները ցանկանում են ավելի քիչ գումարներ ծախսել նմանօրինակ ֆիլմերի համար՝ փորձելով բյուջեի 20 տոկոսի խնայում իրականացնել: Սա վերաբերում է գրեթե բոլոր նոր ֆիլմերին: Օրինակ՝ «Paramount Pictures» ընկերությունը թեեւ արդեն այժմ ցանկանում է տեսնել «Война миров Z» ֆիլմի շարունակությունը, սակայն մտադիր է ֆինանսական զգալի կրճատումներ իրականացնել, որպեսզի սպասվող ֆիլմի բյուջեն չգերազանցի 160 մլն-ը: Նույն վիճակն է նաեւ «Աստղային ուղի» ֆիլմի շարունակության հարցում: Առաջին երկու մասերը նկարահանվել են Լոս Անջելեսում ու շատ թանկ պայմաններ են եղել: Ֆիլմի 3-րդ մասը որոշվել է նկարահանել մեկ այլ տեղ, ավելի էժան պայմաններում: Բացի ուղիղ կրճատումներից՝ բյուջեում մեծ դերակատարում ունի նաեւ հարկային գործոնը: Հենց այդ պատճառով «Warner Bros.» ընկերությունը մտադիր է իր մեգաբլոկբաստերը՝ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը, նկարահանել Միչիգանում, ինչը թույլ կտա խնայել մոտ 35 մլն դոլար: Ռեժիսոր Զակ Սնայդերի նախորդ՝ «Պողպատե մարդը» ֆիլմը նկարահանվել էր Չիկագոյում, Լոս Անջելեսում եւ Վանկուվերում՝ առանց դույզն-ինչ հաշվի առնելու հարկային գործոնը: Ֆիլմը ունեցավ 658 մլն դոլարի եկամուտ ողջ աշխարհում, սակայն հսկայական՝ 225 մլն դոլարի բյուջեն հարկ եղավ նոր ֆիլմում զգալիորեն կրճատել: Չինաստանում հավաքված ավելի քան 110 մլն դոլարը թույլ տվեց փրկվել այնպիսի շքեղ ֆիլմ-նախագծի, ինչպիսին էր «Тихоокеанский рубеж» ֆիլմը, որից չափազանց շատ ակնկալիքներ ունեին արտադրողները: Ամեն դեպքում այժմ չենք կարող ասել, թե բացի ինքնածածկումից՝ այդ ֆիլմը շատ մեծ գումարներ աշխատեց վարձույթում: Նախագծի ուղիղ 75 տոկոսի ծախսերն իր վրա էր վերցրել «Legendary Pictures» ընկերությունը, որն այսօր լուրջ քննություն է բռնում նմանօրինակ ֆիլմերի ֆինանսավորումն ընտրելիս: Ներդրողներն այսօր վստահ են, որ առանց հայտնի դերասանների կամ առանց ծանոթ բրենդի բոլոր նոր ֆիլմերի բյուջեն երբեք չպետք է գերազանցի 175 մլն դոլարը: Դժվար է ասել, թե արդյոք «Тихоокеанский рубеж» ֆիլմը նոր մաս կունենա, սակայն այժմ արդեն վստահ կարելի է ասել, որ այն կիրագործվի միայն բյուջեի կրճատման պայմաններում: Կինոամառը բավականին հաջող ստացվեց երգիծական ֆիլմերի համար: Ավելի քան 100 մլն դոլար վաստակեցին «Շրջազգեստով ոստիկանները» (157.9 մլն), «Մենք Միլլերներն ենք» (123.6 մլն), «Համադասարանցիներ 2» (130.6 մլն) եւ «Мальчишник 3» (112.2 մլն) ֆիլմերը: Այժմ այս ֆիլմերի շարքին է մոտենում նաեւ «Конец света 2013: Апокалипсис по-голливудски» ֆիլմը: Հատուկ առաքելությունն իրականացնելու համար «Sony Pictures» ընկերությունը սեպտեմբերի 6-ից մեծ էկրան վերադարձրեց ֆիլմը ավելի քան 2000 կինոթատրոններում: Այս պահին ֆիլմն ունի ավելի քան 99.8 մլն դոլարի եկամուտ: Այս կինոամառը հագեցած էր նաեւ ընտանեկան եւ անիմացիոն ֆիլմերով: Հսկայական՝ 623 մլն դոլարի եկամուտ ունեցան «Гадкий я 2» (358 մլն) եւ «Հրեշների համալսարանը» (265 մլն) մուլտֆիլմերը: Մյուս կողմից զգալիորեն ոչ շահութաբեր ստացվեցին «Պերսի Ջեքսոնը եւ Հրեշների ծովը» (59.7 մլն), «Սմուրֆիկներ 2» (68.2 մլն) եւ «Տուրբո» (80.6 մլն) անիմացիոն ֆիլմերը: Որոշակի վերապահումներով անհաջող նախագծեր էին նաեւ «Էպիկ» (107.5 մլն) եւ «Ինքնաթիռներ» (79 մլն) անիմացիոն ֆիլմերը, որոնցից ֆիլմեր արտադրող ընկերություններն ավելի մեծ սպասելիքներ ունեին: Կինոամռան ընթացքում որոշակիորեն աղմուկ ու աշխուժություն բարձրացրին երկու սարսափ ֆիլմեր, որոնք ունեին «R» վարկանիշ: Սկզբում ժանրի ռեկորդը գերազանցեց «Դատաստանի օրը» սարսափ ֆիլմը: Սակայն առաջին մի քանի հաջող օրերից հետո քիչ բյուջե ունեցող այս ֆիլմը սկսեց կորցնել ձեռք բերած առաջատար դիրքերը ԱՄՆ-ի կինովարձույթում (եզրափակիչ շաբաթում ֆիլմը հավաքել է ընդամենը 64.5 մլն): Իրեն ամերիկյան կինովարձույթում շատ ավելի լավ դրսեւորեց «Անեծք» սենսացիոն ֆիլմը: Ռեժիսոր Ջեյմս Վանի ֆիլմը ոչ միայն մի շարք ռեկորդներ թարմացրեց, այլեւ մինչեւ հիմա շարունակում է խոշոր շահույթներ ստանալ (135.2 մլն): Այսքան գումար նմանօրինակ սարսափ ֆիլմերը վերջին 10 տարիներին չեն կարողացել հավաքել կինովարձույթում: Կինոամառվա գլխավոր նորությունը եղավ եռաչափ (3D) ձեւաչափի ֆիլմերի հանդեպ ոչ այնքան մեծ հետաքրքրությունը: Ամառվա առաջին կեսին եռաչափ ձեւաչափի հաշվին ֆիլմերի եկամուտները չէին գերազանցում 40 տոկոսը: Առանձին դեպքերում շահույթը եռաչափ ձեւաչափի ֆիլմերից չգերազանցեց անգամ 30 տոկոսը: Ամռան կեսերից հետո ամերիկյան կինովարձույթում արդեն սկսեցին թվերը հայտնել առանց 3D-ի շահույթի: Ֆիլմեր արտադրող ընկերություններն այս կինոամառվա ընթացքում հաճախ էին բողոքում միմյանցից՝ դժգոհելով, որ մրցակցությունը դիտմամբ է սրվում: Արդեն հայտնի է հաջորդ կինոամռան գրաֆիկը, եւ դժվար է ակնկալել, որ այն ինչ-որ կերպ ավելի մեղմ մրցակցություն կապահովի շահութասեր կինոարտադրողներին: Այսօր Հոլիվուդում արդեն շատերն են խոսում, որ փողի հետեւից մրցավազքը ավելի հաճախ գցում է ֆիլմի որակն ու բովանդակությունը: «Այս կինոամառն արդեն վերջնականապես ցույց տվեց, որ միայն հետաքրքրությունը բավարար չէ հաջողության համար: Ֆիլմերն ունեն յուրօրինակության կարիք, կարեւոր են նաեւ ասելիք ունեցող կերպարներն ու սյուժեն: Հատուկ էֆեկտների միջոցով այժմ հնարավոր չէ հաջողություն ապահովել»,- վստահեցնում է «20th Century Fox» հայտնի կինոընկերության գլխավոր տնօրենը: Ներկայացնում ենք կինոամռան ամենաշահութաբեր 20 ֆիլմերը ԱՄՆ-ում եւ Կանադայում (տվյալները՝ ըստ սեպտեմբերի 15-ի). 1. «Երկաթե մարդը 3» - 408,992,272 մլն 2. «Гадкий я 2» - 357,558,315 մլն 3. «Պողպատե մարդը» - 290,925,471 մլն 4. «Հրեշների համալսարան» - 264,989,136 մլն 5. «Ֆորսաժ 6» - 238,679,850 մլն 6. «Սթարթրեկ. հատուցում» - 228,756,232 մլն 7. «Война миров Z» - 201,359,019 մլն 8. «Շրջազգեստով ոստիկանները» - 157,896,666 մլն 9. «Մեծն Գեթսբին» - 144,840,419 մլն 10. «Անեծքը» - 135,185,985 մլն 11. «Համադասարանցիները 2» - 130,648,721 մլն 12. «Росомаха: Бессмертный» - 129,411,133 մլն 13. «Մենք Միլլերներն ենք» - 123,613,931 մլն 14. «Иллюзия обмана» - 117,386,290 մլն 15. «Мальчишник. Часть III» - 112,200,072 մլն 16. «Էպիկ» - 107,492,284 մլն 17. «Тихоокеанский рубеж» - 100,860,390 մլն 18. «Конец света 2013: Апокалипсис по-голливудски» - 99,847,912 մլն 19. «Միայնակ ռեյնջերը» - 88,818,158 մլն 20. «Էլիզեում. դրախտը երկրում չէ» - 85,118,599 մլն Հարություն Ծատրյան