Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 11-09-2013
Սպասումներն ի չիք դարձան
Հայաստանի ազգային ընտրանին չօգտագործեց ընձեռված հնարավորությունը եւ այժմ տեսականորեն էլ չի կարող պայքարել Բրազիլիա տանող բաղձալի ուղեգրի համար:
Հայաստան-Դանիա հանդիպումից հայ ֆուտբոլասերները մեծ ակնկալիքներ ունեին. եթե Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթում էր դանիացիներին, ապա իրական հնարավորություն էր ստեղծվում 2014 թ-ին մեկնելու Բրազիլիա` մասնակցելու այնտեղ կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Կոպենհագենում ամիսներ առաջ 4-0 հաշվով դանիացիներին ջախջախած Հայաստանի հավաքականն այս հանդիպմանը թեեւ կորուստներով էր ներկայացել, բայց պատրաստ էր դիմադրել, պայքարել ու հաղթել: «Հրազդան» մարզադաշտը գրեթե մեկ տարուց ավելի էր, ինչ այդքան հանդիսատես չէր տեսել. Հայաստանի ազգային հավաքականին մարզադաշտից երկրպագելու էին եկել ավելի քան 35 հազար երկրպագուներ: Արեւելյան եւ արեւմտյան տրիբունաներում գրեթե դատարկ տեղեր չկային, կիսադատարկ էին հյուսիսային եւ հարավային տրիբունաները, անգամ յարուսը սպասվածից ավելի բազմամարդ էր: Թե՛ հայ, թե՛ դանիացի երկրպագուները գիտակցում էին հանդիպման կարեւորությունը, իսկ ֆուտբոլիստները պատրաստ էին իրար հոշոտել, միայն թե իրենց թիմը հաղթող դուրս գա կարեւոր մենամարտում: Առանց առանցքային խաղացողների մնացած Հայաստանի հավաքականին, ինչպես եւ սպասվում էր, խաղադաշտ դուրս բերեց թիմի նորընծա ավագը` Հենրիխ Մխիթարյանը: Խաղի մեկնարկային րոպեները բավականին ծանր ստացվեցին հայկական կողմի համար. Դանիայի ընտրանին փորձում էր ճնշում գործադրել հայ պաշտպանների վրա՝ ցանկանալով արագ գոլի հեղինակ դառնալ (երեւի դանիացիները իմացել էին, որ ըստ Վարդան Մինասյանի՝ կհաղթի առաջինը հաջողության հասած թիմը): Ամեն կերպ փորձելով գոլ բաց չթողնել՝ հայ ֆուտբոլիստները չէին կարողանում սեփական գրոհները կազմակերպել. ոչինչ չէր ստացվում թե՛ Հենրիխի, թե՛ Արազի, թե՛ Կառլենի մոտ: Եթե Հայաստանի ընտրանու պաշտպանությունը կատարում էր իր առջեւ դրված խնդիրը, ապա հարձակման գծում զգացվում էր Յուրա Մովսիսյանի սրության պակասը: Վարդան Մինասյանի՝ առանց հարձակվողի խաղացող թիմը մինչեւ առաջին խաղակեսի միջնամաս ոչինչ չկարողացավ ստեղծել դանիացիների դարպասի մոտ: Երբ արդեն Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ մտավ հարձակվող Արթուր Սարկիսովը, մի փոքր սրություն հաղորդվեց Հայաստանի հավաքականի հարձակմանը, սակայն մինչեւ ընդմիջում ո՛չ դանիացիները, ո՛չ էլ հայերը չկարողացան գոլային գրոհ կազմակերպել: Երկրորդ խաղակեսը Հայաստանի հավաքականը սկսեց առանց Արթուր Սարկիսովի. ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չէր կարող խաղալ: Արթուրի փոխարեն իրեն դրսեւորելու լավ հնարավորություն ստացավ 20-ամյա երիտասարդ հարձակվող Սարգիս Ադամյանը, ով, սակայն, այդպես էլ ոչնչով աչքի չընկավ ողջ երկրորդ խաղակեսում: Մինչեւ Հայաստանի ընտրանին փորձում էր մեկը մյուսից անատամ գրոհ կազմակերպել, դանիացիների կազմում մի քանի փոփոխություններ տեղի ունեցան: Թարմ ուժերը մի փոքր անց տվեցին իրենց արդյունքը. դանիացիների գրոհները դարձան վտանգավոր: Հայ երկրպագուները, փորձելով ֆուտբոլային սխրանքի մղել իրենց սիրելիներին, սկսեցին բուռն կերպով ու նոր թափով աջակցել Հայաստանի ընտրանուն: Դրանից ոգեւորված՝ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ հայկական կողմը մի քանի վտանգավոր հարված կատարեց Դանիայի ընտրանու դարպասին: Անչափ կարեւոր հանդիպումը մոտենում էր իր գրեթե տրամաբանական ավարտին, իսկ ֆուտբոլասերներին թվում էր, թե այս խաղն այդպես էլ կավարտվի. կարձանագրվի գոլազուրկ ոչ-ոքի: Բայց, ինչպես ասում են, հանդիպման 73-րդ րոպեին տեղի ունեցավ ամպրոպ անամպ երկնքում: Դանիացիները կազմակերպեցին իրենց հերթական սուր եզրային գրոհը, Կամո Հովհաննիսյանը չհասցրեց արագորեն նահանջել, իսկ պաշտպան Վարազդատ Հարոյանը մրցակցի գրոհը կարողացավ կասեցնել միայն խաղի կանոնների խախտմամբ, այն էլ՝ սեփական տուգանային հրապարակում. 11 մետրանոց հարվածի հնարավորություն եւ հայ ֆուտբոլիստի հեռացում խաղադաշտից: Գնդակին մոտեցավ դանիացիների բազմափորձ ավագ Դանիել Ագգերը եւ… չվրիպեց: Առաջ անցնելով հաշվի մեջ եւ ունենալով մեկ խաղացողի առավելություն՝ Դանիայի ընտրանին կարողացավ զսպել հայկական կողմի կրկին անարդյունավետ գրոհները: Անգամ Արազ Օզբիլիսի անհատական անցումները չէին կարող փրկել Վարդան Մինասյանի՝ անօգնական մնացած թիմին: Ինչեւէ, դանիացիները կարողացան հաղթել՝ խորտակելով հայ ֆուտբոլասերների՝ դեպի բաղձալի Բրազիլիա տանող իղձերը: Կարծիքներ խաղից հետո Հայաստանի ազգային հավաքական Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան. «Ես ուղղակի ուզում եմ շնորհակալությունս հայտնել թիմի բոլոր խաղացողներին: Նրանք արեցին այն ամենը, ինչ կարող էին այս պահին: Ոչ ոք չի կրում պարտության մեղավորությունը»: Պաշտպան Կամո Հովհաննիսյան. «Ասելու շատ բան չի լինում պարտվելուց հետո: Իհարկե, եթե-ները շատ են, սակայն հեռացումը եւ 11 մետրանոցը ամենածանր հարվածներն էին մեզ համար: Դրանից խուսափել ուղղակի չստացվեց»: Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան. «Տղաներն արդեն խոսեցին, ես ավելացնելու բան չունեմ: Շատ վատ օր ստացվեց մեր թիմի համար: Մեզ հանգիստ է հարկավոր»: Հարձակվող Արթուր Սարկիսով. «Վնասվածքս թույլ չտվեց՝ լավ խաղամ, թեեւ ինձ փոխարինած Սարգիս Ադամյանը վատ չկատարեց իր պարտականությունները»: Դարպասապահ Գեւորգ Կասպարով. «Շատ ցավալի պարտություն էր: Այսպիսի դեպքերում ոչինչ չես կարող ասել: Եղան պահեր, որ կարողացա օգնել թիմին, բայց դա ոչինչ է, քանի որ մենք վերջնական հաշվարկում պարտվել ենք»: Դանիայի ազգային հավաքական Գլխավոր մարզիչ Մորտեն Օլսեն. «Ես սպասում էի, որ այսպիսի հանդիպում կլինի: Իրոք, շատ բարդ պայքար էր: Մի քիչ մեր բախտը բերեց: Ինչեւէ, մենք կշարունակենք պայքարել Բրազիլիա տանող ուղեգրի համար, իսկ Հայաստանի հավաքականի համար ես խոստանում եմ աղոթել Հայաստան-Բուլղարիա խաղից առաջ: Խոստանում եմ»: Հարձակվող Մայքլ Կրոն-Դելի. «Հայաստանի հավաքականը ուժեղ մրցակից էր: Սա մեր ամենից կարեւոր խաղերից մեկն էր, որը ցանկալի հաղթանակով պսակվեց: Հուսով եմ՝ Հայաստանի ընտրանին կկարողանա մեզ օգնել ու հաղթանակ տոնել բուլղարացիների դեմ խաղում: Ես կսպասեմ, որ հայերը օգնեն մեզ»: Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսեն. «Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի եւ տարանք այն արժանիորեն: Իհարկե, հնարավոր չէ ամբողջ խաղի ընթացքում գրոհել առանց պարգեւատրման»: Պաշտպան Դանիել Ագգեր. «Փորձում էի զգույշ խաղալ, ուզում էի ամեն բան մաքուր անել պաշտպանությունում, որպեսզի հայերը չկարողանան օգտվել սխալներից: Մենք կարողացանք անսխալ գործել՝ փակելով բոլոր վտանգավոր հայ խաղացողներին: Եթե Հենրիխը նորընծա ավագ է, ապա ես ավելի փորձառու եմ ու կարողացա առաջ տանել իմ թիմին: Մխիթարյանը ավելի երիտասարդ է, այնպես որ՝ նրա ապագան կարող է ավելի լուսավոր ու հաղթական լինել. նա շատ հետաքրքիր խաղացող է»: Դարպասապահ Ստեֆա Անդերսեն. «Մենք արեցինք ամեն բան հաղթանակի հասնելու համար: Իհարկե, այդ հաղթանակը դժվար տրվեց, սակայն նույնքան հաճելի է, որքան ցանկացած հաղթանակը: Մենք բոլորս գոհ ենք մեր թիմի խաղից ու ձեռք բերածից»: Պատկերասրահ՝ Հայաստան - Դանիա Հարություն Ծատրյան