Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 09-09-2013
Դաժան պայքար Բրազիլիա մեկնելու համար
Արդյո՞ք կորուստները թույլ կտան Հայաստանի ազգային ընտրանուն հաղթանակի հասնել Դանիայի հավաքականի դեմ խաղում:
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպումը, քիչ է ասել, թե միայն 3 միավորների պայքար է լինելու. այս խաղով կորոշվի, թե որ երկրի ազգային ընտրանին է ստանում «քարտ բլանշ» հետագա ծանր պայքարի համար: Բրազիլիայում 2014 թ-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի «B» խմբում միակ առաջատարն Իտալիայի ընտրանին է, որը 7 խաղից հետո արդեն 17 միավոր ունի եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իտալացիներին հետապնդում են բուլղարացիները, հայերը, դանիացիները եւ չեխերը: Վերջին չորս ազգային հավաքականների՝ Բրազիլիա մեկնելն այժմ գրեթե հավասար է գնահատվում, թեեւ բուլղարացիները մեկ միավոր բոլորից ավելի են վաստակել եւ գտնվում են բաղձալի 2-րդ հորիզոնականում: Չնայած վերոնշյալին՝ ընտրական «B» խմբում միայն երկու բան է պարզ. Իտալիայի հավաքականը կհաղթի «B» խմբում, իսկ Մալթայի ընտրանին «վստահորեն» կզբաղեցնի հետնապահի դիրքը: Հայաստանի ազգային ընտրանու՝ Բրազիլիա տանող ուղեգրի համար իրական պայքար մղելը պարզ կդառնա միայն Դանիայի ընտրանու դեմ խաղից հետո: Այս մասին այժմ շատ լավ հասկանում են թե՛ հայ, թե՛ մրցակից հավաքականների խաղացողները. բոլորի համար սա ավելին է, քան պայքարը 3 միավորների համար: Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար պետք է մտածել Դանիայի ընտրանու դեմ խաղի մասին: Թեեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի առջեւ հստակ խնդիրներ են դրվել, սակայն այդ խնդիրները պետք է լուծել առանց առաջատար խաղացողների. Դանիայի ընտրանու դեմ խաղին Վարդան Մինասյանի թիմում չեն լինի որակազրկված Յուրա Մովսիսյանը եւ Ռոբերտ Արզումանյանը, իսկ Ռոման Բերեզովսկին Չեխիայի ընտրանու դեմ կայացած խաղում ստացած վնասվածքն արագորեն բուժել չի հասցնի եւ չի մասնակցի երեւանյան հանդիպմանը: «Արազ Օզբիլիսի մոտ եւս խնդիրներ կան: Դեռեւս կասկածելի է նրա մասնակցությունը: Նա մրսածություն ունի, եւ խնդիրը սննդի հետ էր կապված: Նա հետազոտվել է, եւ միայն խաղից ժամեր առաջ կիմանանք ախտորոշումը: Դրանից է կախված Արազ Օզբիլիսի մասնակցությունը հանդիպմանը»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Մինասյանը՝ նշելով, որ այս անգամ էլ անպայման կլինեն մարտավարական մի քանի փոփոխություններ. նորարարություններն արդեն մշակված են: Հայաստանի ազգային հավաքականի խաղից ի՞նչ նորություններ կարելի է սպասել սեպտեմբերի 10-ին կայանալիք հանդիպման ժամանակ: Ամենայն հավանականությամբ թիմը խաղադաշտ կմտնի առանց ընդգծված հարձակվողի (այսօրինակ խաղաոճ այսօր կիրառում է նաեւ Իսպանիայի ազգային ընտրանին): Իհարկե, գուցե Արթուր Սարկիսովը խաղադաշտ դուրս գա հենց մեկնարկային րոպեներից, սակայն ավելի հավանական է, որ Վարդան Մինասյանը որոշի նորարարություն կիրառել՝ խաղալով առանց հարձակվողի: Թե ովքեր դուրս կգան խաղադաշտ վնասվածք ստացած եւ որակազրկված ֆուտբոլիստների փոխարեն, Վարդան Մինասյանը չնշեց. «Վաղը կտեսնեք: Մի քիչ համբերե՛ք: Իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստները բավարարում են ինձ: Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանը կլինի մեր թիմի ավագը: Լավ չէ՞, որ Հենրիխ Մխիթարյանն է ավագը: Այս որոշումը կայացվել է թիմի ներսում. կան բաներ, որոնք թիմի ներսում են լինում»: Եթե Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին այժմ տանջում է կորուստներին արժանի փոխարինողներ գտնելը, ապա Դանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մորտին Օլսենն այլ գործեր ունի. նա պետք է ապացուցի, որ վերջին շրջանում իր թիմի ցուցադրած անատամ խաղը միայն պատահականություն է: «Հայաստանն ու Դանիան հաղթել են նախորդ խաղերում: Հուսով ենք, որ հունիսի 11-ի կրկնությունը չի լինի: Դա ուղղակի ողբերգություն էր մեզ համար: Ես կասեի՝ դա նման էր սեպտեմբերի 11-ի դաժան աղետին»,- անկեղծորեն խոստովանեց Դանիայի ազգային ընտրանու մարզիչը՝ հավելելով, որ դժվար է ընտրել իր թիմի մեկնարկային կազմը: Մորտին Օլսենը նշեց, որ իր համար անակնկալ չէին Հայաստանի այս արդյունքները. «Բոլոր թիմերն էլ կորուստներ ունենում են, եւ մենք չենք կենտրոնանում Հայաստանի ազգային ընտրանու ներկայիս կորուստների վրա: Պետք է այժմ կենտրոնանանք այն խաղացողների վրա, ովքեր կմասնակցեն հանդիպմանը»: Դանիայի ազգային ընտրանու կենտրոնական պաշտպան Դանիել Ագգերը վստահ է, որ եթե իր թիմը լավ խաղա պաշտպանությունում, ապա գոլային պահերն ինքնըստինքյան կստեղծվեն, ու հարկ կլինի միայն ճշգրիտ եզրափակել դրանք. «Նախորդ խաղին ես չէի մասնակցում, թեեւ նույն ապրումներն եմ ունեցել, ինչ թիմակիցներս, երբ Հայաստանի հավաքականին պարտվեցինք 0-4 խոշոր հաշվով: Դա մեզ համար իսկական դաս էր»: Թե արդյոք դանիացիները դասեր են քաղել սեփական սխալներից, պատրաստ են այժմ պատշաճ դիմադրություն ցույց տալ վերելք ապրող Հայաստանի ընտրանուն, միայն սեպտեմբերի 10-ին կայանալիք խաղից հետո կարելի է ասել: Թե արդյոք Հայաստանի ազգային ընտրանու նորընծա ավագ Հենրիխ Մխիթարյանը կկարողանա նոր եւ բաղձալի հաղթանակների հասցնել իր թիմին, նույնքան անկանխատեսելի հարց է: Հարկավոր է միայն սպասել ու համբերել՝ լցվելով անմար հույսով ու հավատով: Իհարկե, Հայաստանի հավաքականն առանց երկրպագուների աջակցության չի կարող մեծ հաջողությունների հասնել. այնպես որ՝ սեպտեմբերի 10-ին հարկավոր է գնալ մարզադաշտ ու աջակցել ազգային ընտրանուն: Ի դեպ, այս խաղի տոմսերը դեռեւս ամբողջությամբ սպառված չեն, եւ մարզադաշտում դեռ կարելի է համապատասխան տեղեր գտնել ու երկրպագել ազգային թիմին: Հարություն Ծատրյան