Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 07-09-2013
Անսպասելի, բայց ակնկալվող գեղեցիկ հաղթանակ
Չեխերի դեմ արտագնա խաղում հայերի հաղթանակը բոլորս էինք ակնկալում, բայց ոչ բոլորն էին սպասում, որ թիմը կկարողանա վերջին րոպեներին 3 միավոր վաստակել:
Վերջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր երկրպագուներին ուրախացրել էր հունիսի 11-ին, երբ Վարդան Մինասյանի սաները կարողացել էին Դանիայի ազգային ընտրանու դեմ արտագնա խաղում 4-0 հաշվով հաղթանակի հասնել: Իհարկե, հայ ֆուտբոլասերներն ուրախանալու այլ առիթներ ունեին. բոլորն էլ երջանիկ էին, որ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել ու գեղեցիկ խաղ է ցուցադրում, Յուրա Մովսիսյանը եւ Արազ Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակում» են միավորվել, Կառլեն Մկրտչյանը Մախաչկալայի «Անժիի» խաղացող է դարձել, իսկ Գեւորգ Ղազարյանի թիմն էլ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում բացառիկ հաջողություններ է գրանցել: Չնայած այս ամենին՝ ազգային ֆուտբոլային տոնը չկար: Ալբանիայի ազգային ընտրանու դեմ կայացած դժգույն ընկերական խաղից հետո դժվար էր անգամ գուշակելը, որ անցած տարի Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում չեխերից կրած 0-3 խոշոր հաշվով պարտությունից Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճիշտ հետեւություններ է արել. չէ՞ որ գրեթե նույն կազմով ու գրեթե նույն մարտավարությամբ թիմը պետք է սեպտեմբերի 6-ին խաղար Պրահայում: Բոլորի համար պարզ էր՝ Չեխիան գործելու է առաջին համարով, իսկ թե ինչպես պետք է գործի հայկական կողմը, ոչ ոք չգիտեր կամ գիտեին ու լռում էին: Պրահայի «Էդեն արենա» մարզադաշտում Չեխիայի ազգային հավաքականին հյուրի կարգավիճակով ներկայացած հայերն ամենեւին էլ հանձնվելու մտադրություն չունեին. թիմը դաշտ էր մտել պայքարի տենչով՝ ակնկալելով միավորներ տանել Չեխիայից: Թե ինչու խաղի առաջին րոպեներից խաղադաշտում չէր Լեւոն Հայրապետյանը, դժվար չի լինի հասկանալ. ձախ եզրային պաշտպանը ֆունկցիոնալ առումով դեռեւս պատրաստ չէր: Նրա փոխարեն հանդիպման առաջին րոպեներից խաղացող Հրայր Մկոյանը շատ լավ տպավորություն թողեց՝ բազմաթիվ անգամ օգնության հասնելով թիմակիցներին: Մինչեւ առաջին խաղակեսի միջնամաս չեխերն ունեին տարածքային ու խաղային մեծ առավելություն. Վարդան Մինասյանի սաները միայն ամուր պաշտպանվում էին եւ դեռ պատրաստ չէին գրոհներ կազմակերպելուն: Արազ Օզբիլիսի՝ առաջին խաղակեսում կատարված փոխարինումը մի փոքր թուլացրել էր Հայաստանի ազգային ընտրանու հարձակումը, թեեւ ամուր պաշար էր ստեղծվել թիմի պաշտպանությունում, որը ողջ խաղի ընթացքում ճեղքեր չտվեց: Արագավազորդի տվյալներով հայտնի Կամո Հովհաննիսյանը, փորձառու Ռոբերտ Արզումանյանն ու Հրայր Մկոյանը, դեռ տաքարյուն Վարազդատ Հարոյանը եւ խաղի առաջին կեսի միջնամասում թիմին միացած Լեւոն Հայրապետյանը կարողանում էին չեզոքացնել չեխերի բոլոր գրոհները՝ Ռոման Բերեզովսկուն թույլ տալով հանգիստ շունչ քաշել: Հենակետային կիսապաշտպանի գոտում խաղացող Արթուր Եդիգարյանն ու Կառլեն Մկրտչյանն ամեն ինչ մաքուր էին անում, որպեսզի պաշտպանների հոգսը թեթեւանա մրցակցի անսահման ճնշումներից: Հանդիպման 31-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանը ձախ ոտքի թնդանոթային հեռահար հարվածով խոցեց Պետր Չեխին՝ բացելով խաղի հաշիվը: Հանդիպման այդպիսի սցենար չեխերը չէին նախատեսել: Դա էր պատճառը, որ Միխալ Բիլեկի սաներն ամբողջ թիմով առաջ նետվեցին՝ փորձելով մինչեւ ընդմիջում հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն ոչինչ անել չհաջողվեց. հայկական կողմի պաշտպանությունը մնում էր անխոցելի: Երկրորդ խաղակեսում Չեխիայի ազգային ընտրանին արդեն մի փոքր նյարդային էր գործում, ինչն էլ ճեղքվածքներ էր տալիս պաշտպանությունում, սակայն մրցակցի դարպասը եւս մեկ անգամ գրավելու հարմար առիթը ձեռքից բաց էին թողնում հայ ֆուտբոլիստները: Հանդիպման 72-րդ րոպեին Չեխիայի ընտրանու ավագ Թոմաշ Ռոսիցկու հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ Վարազդատ Հարոյանի ոտքին եւ հայտնվեց մեր դարպասում՝ մեծ ոգեւորություն եւ հաղթանակի հույսեր առաջացնելով չեխերի շրջանում: Երբ հանդիպման վերջնամասում Վարդան Մինասյանը ստիպված էր փոխարինել վնասվածք ստացած Ռոման Բերեզովսկուն, թվաց, թե չեխերը ուր որ է կկարողանան խոցել Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը, սակայն Կասպարովը կարողացավ արժանիորեն փոխարինել Բերեզովսկուն՝ մի քանի դրվագներում փրկելով թիմին վերահաս գոլերից: Երբ ընթանում էր մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին իսկ րոպեն, Մարկոսի ու Յուրա Մովսիսյանի համատեղ գրոհը գոլային հարվածով եզրափակեց Գեւորգ Ղազարյանը. «Էդեն արենա» մարզադաշտը մի պահ լռեց, իսկ հետո պոռթկաց՝ գոոոոո՜լ: Հայ ֆուտբոլիստները բոլորի համար անսպասելիորեն առաջ անցան հաշվի մեջ, իսկ չեխերին խաղը փրկելու համար գրեթե ժամանակ չկար: Հայաստանի ընտրանին կարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ 3 անչափ կարեւոր միավոր վաստակելով: Խաղից հետո հայ ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերները չէին թաքցնում իրենց մեծ ուրախությունը: Հենրիխ Մխիթարյանը, ով չեխերի դեմ խաղում մի քանի գեղեցիկ անցումներ էր կատարել, նշեց, որ բոլոր հաղթանակներն էլ դժվարությամբ են տրվում. «Չկա մի հաղթանակ, որ հեշտությամբ տրվի: Այո՛, խաղից հետո կորուստ ունենք, բայց ամենակարեւորն այն է, որ վերականգնվենք մինչեւ մյուս հանդիպումը, հետո արդեն մեր մարզիչը կորոշի, թե ով կխաղա Դանիայի ընտրանու դեմ խաղում»: Հաղթական գոլի հեղինակ դարձած Գեւորգ Ղազարյանը խաղից հետո ուրախությունից չէր կարողանում շատ բան ասել, բայցեւայնպես կարեւորեց թիմային աշխատանքը. «Չեմ կարող նկարագրել ապրումներս, բայց, փառք Աստծո, թիմով շատ լավ աշխատեցինք եւ հաղթանակի հասանք: Դա ամենակարեւորն է»: Հայաստանի ընտրանու հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանն էլ խոստովանեց, որ շատ ծանր հանդիպում էր. «Երկրպագուների սպասելիքները շատ մեծ էին մեր թիմից, բոլորը խոշոր հաշվով հաղթանակ էին սպասում, բայց հենց այսպիսի հաղթանակներն են շատ կարեւոր. թիմի կամքն է երեւում: Խաղի ընթացքում ծունկս եմ ցավեցրել, բայց այսպիսի խաղերում դա էլ չես զգում: Իրոք, շատ դժվար հանդիպում էր»: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն հպարտ էր ու խաղից հետո կարող էր ինքնավստահ հայտարարել. «Խմբի մյուս խաղերում ֆավորիտը Հայաստանի հավաքականն է: Ուրախալի էր, որ վերջին երկու պաշտոնական խաղում էլ հաղթեցինք, բայց Չեխիայի ընտրանու դեմ խաղը մենք հաղթեցինք լուրջ կորուստների գնով՝ վնասվածքներ, որակազրկումներ»: Ինչեւէ, Հայաստանի ընտրանին Բրազիլիայում 2014 թ-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի «B» խմբում արդեն վատ դիրքերում չէ. վերջին հաղթանակները նպաստեցին, որ ազգային հավաքականը բարձրանա 3-րդ հորիզոնական՝ հավաքելով 9 միավոր: Անցկացրած 7 խաղից հետո խմբի առաջատարը Իտալիայի ընտրանին է, որը հավաքել է 17 միավոր, իսկ 2-րդ հորիզոնականում հանգրվանած բուլղարացիները Հայաստանի, Դանիայի ու Չեխիայի ընտրանիներից առաջ են ընդամենը 1 միավորով: Առջեւում՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում սպասվող խաղն է... Դանիայի ընտրանուն հաղթելուց հետո... Լավ, ամեն ինչ պետք է ասել ու անել իր ժամանակին: Հարություն Ծատրյան