Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 24-08-2013
Ճամփորդական խոհեր. Բաթումի
Ծո՜վ, ծո՜վ, ծո՜վ, ծո՜վ, ծո՜վ, ծո՜վ, ծո՜վ, ծո՜վ... Սև ծո՜վ
Ու մտքումդ նմանատիպ բացականչություններով կտրում ես 12 ժամ ճանապարհ, որպեսզի հասնես այդ ծո՜վ, ծո՜վ, ծո՜վ, ծո՜վ, ծո՜վին: Ու նաև, որ հասկանաս՝ ինչու է ազգիդ կեսը գնում Վրաստան հանգստանալու: Հմմմ....երևի մենք ծով չունենք, ու ինչպես Բաթումիի վրացիներից մեկը զրույցում ասաց. «Դուք ունեք-չունեք մի հատ Սևան ունեք, այն էլ լիճ է»: Ու ամեն տարի մեծ քանակությամբ հայեր հարստացնում են վրացիներին և նաև վայելում իրենց ծովային հանգիստն ու արևայրուքը: Բաթումիում առաջին անգամ էի: Սակայն վրացիների հետ արդեն երեք տարի է՝ շփվել եմ: Վրացիները Ինչպես կարող ես «ներխուժել» վրացական հող ու չվախենալ վրացիների «գոռգոռոցներից»: Բայց նրանք չեն վիճում, ուղղակի զրուցում են: Առևտուր անելիս՝ իհարկե խորամանկ են, ինչպես բոլոր առևտրականները, հատկապես, երբ գործ ունեն ոչ տեղացիների հետ ու քեզ թվում է, որ ինչ-որ բան գնելիս՝ առևտրականն արդեն կանցնի հայերենի, միայն թե վաճառի իր ապրանքը: Վրացի կանայք և տղամարդիկ կարծես նույն ազգից չլինեն: Եթե դիտարկենք միայն արտաքինը, ապա ինչպես աջարացի մի պապիկ ինձ ասաց. «Վրացի տղամարդիկ գեղեցիկ են, սակայն դատարկ ու հիմար, իսկ կանայք տգեղ են, գուցե և խելացի»: Իսկ ես կավելացնեի մի բան, որ վրացի տղամարդիկ ջենտլմեն չեն: Ամեն դեպքում ինձ այդպիսիններն էին հանդիպում ամեն անգամ երթուղային նստելիս, երբ դուռը բացում էր կինն ու մեծ ձիաուժի արագությամբ վրացի տղաները զբաղեցնում էին երթուղայինի նստատեղերը՝ քեզ թողնելով կանգնած: Ու վայը տանի, երբ դու նստած ես ու վրացի տատիկներ են բարձրանում, կանգնում տեղդ զիջում ես: Իսկ բոլորը շրջվում քեզ այնպես են նայում, կարծես Մարսից ես եկել: Իսկ տատիկն էլ վախվորած հրաժարվում է, հետո հպարտորեն նստում: Կուզեի առանձնացնել վրացուհի մատուցողներին: Ըստ էության Բաթումին հանգստավայր քաղաք է, ուր հատկապես ամռան օրերին շատ են այցելում տուրիստները: Բայց միևնույն է, տաս մատուցողներից միայն մեկը կարող է ամբողջական ռուսերեն կամ անգլերեն խոսել: Ընդ որում այդ մեկն անպայման շփոթում է ամիսը, օրը, ինչպես նաև թվերը: Երթևեկությունը և … ոչ միայն Փողոցն անցնելիս, անգամ եթե անցուղու գծանշանների վրա ես, ի դեպ Բաթումիում միայն մի քանի կենտրոնական փողոցներում կարող ես լուսացույց տեսնել, պետք է ճանապարհ տաս բոլոր ավտոմեքենաներին: Հակառակ դեպքում փողոցն արդեն դժոխքում կանցնես: Իսկ եթե մեքենաներից մեկը հանկարծ, պատահաբար կանգնում է և թույլ տալիս անցնել, ապա պետհամարանիշից դատելով՝ հայ կամ ռուս է լինում: Երթուղայինների մասին արդեն ակնարկեցի վերևում, սակայն չեմ կարող չնշել, որ այդ առումով Հայաստանը մեկ քայլ առաջ է, քանի որ այնտեղ ամեն երեք մետրի վրա, եթե տրանպոսրտը կանգնեցնում են կամ երթևեկողներից մեկը որոշում է, որ մյուսից երեք մետր հետո պետք է իջնի, երթուղայինն անպայման կանգնում է: Ու եթե դու քաղաքի մի ծայրից մյուսը պետք է անցնես, դա տևում է կես ժամից ավելի: Իսկ այ ավտոբուսների հարցով, վրացիներն առջևում են: Ընդ որում Բաթումիում բացակայում էին կանգառները: Մեծ ճանապարհի վրա կարող ես տեսնել միայն կանգառի նշան և ծառ, իսկ թե որտեղ պետք է կանգնեն կամ նստեն երթուղայինին սպասողները, երևի միայն իրենք գիտեն: Նույն ճանապարհների վրա կարելի է տեսնել հեծանվաուղիներ, որոնք, ի տարբերություն մեր երկրի, հարմարեցված են և՛ երթևեկողների, և՛ հեծանվորդների, և՛ հետիոտների համար: Քաղաքը Երբ ծովից նայում ես քաղաքին, շինությունները բավականին հետաքրքիր ու գեղեցիկ են: Իսկ երբ մոտենում ես նորակառույցներին, որևէ էսթետիկ հաճույք չես զգում: Քաղաքն ավելի շատ կարող ես զգալ հին փողոցներով անցնելիս, որտեղ պահպանված են զարդանախշերով շենքերը, հատկապես դռները, դրանց կողքին էլ նման շենքերի շինարարություն է: Քաղաքի սալահատակը նման է Գյումրիի կամ Երևանի Աբովյան փողոցի սալահատակին: Սակայն այնտեղ ամբողջ քաղաքն է այդպիսին: Հետաքրքիր է գիշերային լուսավորությունը: Քաղաքն իր գունավոր շենքերից բացի լուսավորվում է նաև արմավենիների վրա տեղադրված լույսերով: Բաթումիում շատ արձաններ չկան: Փոխարենն այգիներ են ու մեծաքանակ սրճարաններ: Մի քանի փողոցով անցնելիս կարելի է տեսնել վրացական, թուրքական, ադրբեջանական դրոշներ՝ իրենց իսկ քայլող վկաներով: Իսկ հայկական դրոշը կենտրոնական փողոցում է: Այդտեղ է գտնվում Հյուպատոսարանի շենքը: Բաթումիում է գտնվում նաև Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին: Կառուցվել է 1885 թվականին: Ընդ որում հայերը բավականին շատ են այցելում եկեղեցի, դա վկայեց նաև Խաղողօրհնեքի արարողությունը, երբ եկեղեցում և բակում բավականին հոծ բազմություն էր հավաքվել: Բաթումիում կան նաև արաբական սրճարաններ, որտեղ այցելում են ոչ միայն արաբները: Արաբական սրճարանում կարող ես ամբողջական ծանոթանալ այս ազգի կենցաղին: Նրանք ճաշում են սեղաններին նստած, կամ պառկած՝ աթոռներին: Ու մինչ ճաշելը այնպիսի բզզոց է բարձրանում, որ անգամ մարզադաշտում չես կարող տեսնել: Ու ինչպես սրճարանի մատուցողն ասաց. «Ոչինչ անել հնարավոր չէ, նրանք արաբներ են և զուրկ են քաղաքավարությունից»: Կոլորիտային է նաև քաղաքի շուկան, որը հատուկ ծածկ չունի: Առևտրականներն ուղղակի փողոցի մի հատվածում իրենց ապրանքներն են տեղակայում: Ընդ որում ծաղիկներն ու ուտելիքները իրար կողքի են վաճառվում: Ուշադրություն եմ դարձրել նաև դեղատներին: Քաղաքի ծայրում դեղատներ չկան, փոխարենը մարդիկ դեղերը գնում են հագուստի խանութներից: Հայերը կամ «Մեր բակը 3» Բաթումիի հայերին քիչ հանդիպեցինք: Փոխարենը Հայաստանի հայերն ամենուրեք էին: Բաթումիում կան վարձով տներ, որոնցից բոլորն օգտվում էին: Քաղաքի մի ծայրում գտնվող թաղամասը կանվանեի նաև հայկական, քանի որ փողոցի մի ամբողջ հատվածում իրենց հանգիստը հայերն են վայելում: Մեկ տանը բնակվում է չորսից ավելի հայկական ընտանիք: Իսկ, երբ ընտանիքները ընդհանուր խոհանոցում հավաքվում են ճաշելու...այ այստեղ սկսվում է «Մեր բակը 3»-ը: Վերջում պարզվում է, որ մի մասն իրար բարեկամ են, ծանոթ կամ նույն տեղում են սովորել: Վրացիների համար ձեռնտու է իրենց տները վարձով տալ հայերին: Վրացի տանտիրոջ հետ զրույցում՝ դա ինքնին պարզ դարձավ. «Հայերը հանգիստ են, չեն աղմկում և պատասխանատու են»: Լողափից բացի Հայաստանի հայերին կարելի է գտնել նաև բրենդային խանութներում: Կենտրոնական փողոցներից մեկի խանութն այցելելիս, վաճառողներից բացի միայն հայեր էին: Ծո՜վ Քաղաքում քայլելուց ու նմանատիպ վերլուծություններ անելուց հետո միշտ կարելի է գնալ նստել ծովի ափին ու վայլելել ալիքների «աղմուկը»: Ծովն առավել մոլեգնած է երեկոյան, հատկապես երբ այդ օրն անձրևել է: Կարելի է տեսնել մեծ, շատ մեծ նավեր, որոնք մի շաբաթվա ընթացքում բավականին քիչ տարածություն են անցնում: Ու ամբողջ հանգստի ընթացքում կարելի է դրանք տեսնել: Ծովային մայրամուտն այլ տեսարան է: Ճիշտ է դա չես համեմատի հայկական լեռների մայրամուտին: Սակայն այստեղ շողերի ջրային արտացոլանքն է: Ու այս տեսարաններից հետո կարծես չես ուզում կտրվել ջրից, միայն լուսանկարել ու լուսանկարվել: Սակայն ծովը նոր լիցքեր է տալիս լքելու վրացական հողն ու վերադառնալու քոնը՝ հայկականը: Պատկերասրահ՝ Բաթումի - 2013 Լուսինե Սարգսյան