Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 22-08-2013
Ճամփորդական խոհեր. Արցախ
Ազատ Արցախը ողջունում է Ձեզ:
Ու ահա մենք Արցախում ենք: Ազատագրված հողում, ուր դեռ տարիներ առաջ կյանքի ու մահվան պայքար էր: Առաջին անգամ չէ, որ այցելում էի, բայց նույն զգացողությունն ունեցա, ինչ առաջին անգամ: Պայքար... արյուն... զոհեր... լաց... քանդված շենքեր... պատերազմ... ազատություն... խնդություն... վերականգնում... ուրախություն... նոր շենքեր... նոր մարդիկ... նոր պատմություն: Բերձոր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական քաղաքներից է, Քաշաթաղ շրջանի վարչական կենտրոնը: Ազատագրվել 1992 թվականի մայիսին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից: Բերձորը չափազանց կարևոր ռազմավարական նշանակությունի ունի Արցախի համար: Այստեղով է անցնում ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին։ Առաջին հայացքից փոքր քաղաք՝ բարի մարդկանցով: Ընկերներիս հետ զրուցելիս Բերձորն անվանեցի նոր Ամերիկա: Ինչու՞: Քանզի այստեղ ապրում են մարդիկ, որոնք միմյանց հետ արյունակցական կապ չունեն: Յուրաքանչյուր ընտանիք եկել է Հայաստանի տարբեր շրջաններից: Յուրաքանչյուրն ունեցել իր կյանքը, իր տունը, սակայն այժմ նրանք ունեն նոր կյանք` արդեն Բերձորում: Նրանց հետ զրուցելիս պարզ դարձավ, որ սկզբնական շրջանում ամեն ինչ բարդ է եղել: Նախ փոխել բնակավայրն, այնուհետ հարմարվել տեղանքին, նոր տուն կառուցել՝ չունենալով հարազատներ: Սակայն հետզհետե ինչպես քաղաքն, այնպես էլ մարդիկ հարազատացան: Այժմ Բերձորում բոլորն իրար ճանաչում են: Բնակչությունը կազմված է մոտ 3000 հոգուց: Բնիկ բերձորցիները թերևս մանուկներն են, որոնք արդեն ազատագրումից հետո են ծնվել այնտեղ: Երիտասարդներից մեկի հետ զրույցի արդյունքում պարզեցի, որ թերևս երիտասարդական կյանքն այնտեղ դոփում է: Հիմնական մասն աշխատում են կամ սովորում և զբաղմունքի կենտրոններ հիմնականում չկան: Չնայած այդ ամենին, նրանք ուրախ են, որ ընտրել են այնտեղ բնակվելու տարբերակը: Բերձորում կոմունալ վճարումների մեծ մասն անվճար են, միայն էլեկտրականության համար են վճարում: Իսկ ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա քաղաքի ներսում գործում են ավտոբուսներ, որոնք բնակիչներին անվճար են տեղափոխում: Քաղաքի մուտքին կարելի է տեսնել վեր խոյացող Սուրբ Համբարձում եկեղեցին: Այն վերաօծվել է 2010 թվականին: Կարևոր նշանակություն ունի քաղաքի համար, չնայած քահանայի հետ զրույցում էլ պարզեցի, որ մարդիկ եկեղեցի քիչ են այցելում, սակայն այցելում են: Բերձորում բավականին քիչ մնացինք, որ կարողանայի վերլուծել ամբողջական պատկերը: Սակայն մի բան պարզ էր. մարդիկ ու բնությունն այստեղ ներդաշնակ են: Մարդիկ ունեն խնդիրներ, սակայն քիչ են խոսում այդ ամենի մասին ու հաճախ են ժպտում: Կյանքն այնտեղ ավելի պարզ է ու մաքուր, ինչպես այնտեղի օդը: Հատկապես գիշերը, երբ քաղաքը քնած է արդեն երեկոյան ժամը տասից, որևէ շշուկ չկա: Երևում են մի քանի տների լույսեր, լսվում է գետի ձայնը: Ու մտքովդ անցնում է թողնել երևանյան աղմուկն ու փախչել Բերձոր: Շուշի Արցախի Բերդաքաղաքն է և շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։ Ավերվել և հայաթափվել է 1920-ին, ազատագրվել է 1992 թվական մայիսի 9-ին Արցախի բանակի կողմից։ Ինչպես մտնել Շուշի ու չայցելել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի: Շուշիի մայր տաճարն է՝ կառուցված 1868-1887 թթ.։ Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Կազմված է եկեղեցուց (1868—1887 թթ.) և զանգակատնից (1858 թ.)։ Ներկայումս այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը։ Մի քանի տարի առաջ այցելությանս ժամանակ եկեղեցու հարևանությամբ շինարարություն էր: Ընդ որում, եկեղեցու շրջակայքն ամբողջովին քանդված էր: Այսօր արդեն եկեղեցու կողքին կարելի է գտնել նորակառույց դպրոցն իր խաղահրապարակով: Սա արդեն խոսում է այն մասին, որ Շուշին վերակառուցվում է: Սկսեցի շրջել փողոցներով: Կարելի էր տեսնել հին, պատմական շենքերի մնացորդները, որոնք կարծես փաստում են պատերազմի մասին: Հետո կարելի է տեսնել նորակառույց շենքեր, որոնք փաստում են նոր կյանքը: Ընդ որում ի տարբերություն Երևանի, որտեղ «տեղափոխման նպատակով ավերում են» պատմամշակութային շենքերը, այստեղ պատերազմի հետևանքով ավերված շենքերը վերականգնվում են նույնությամբ: Անգամ պաստառների վրա կարելի է տեսնել շենքերի հին և նոր տեսքն ու համեմատել: Շուշիում կարելի է տեսնել նաև մզկիթներ: Սա խոսում է այն մասին, որ ի տարբերություն մեր հարևան պետության, ով մշակութային ցեղասպանություն է իրականացնում մեր նկատմամբ՝ հողին հավասարեցնելով հայկական խաչքարերը, այստեղ ամեն ինչ պահպանվում է նույնությամբ: Ինչպես Բերձորում, այնպես էլ Շուշիում քիչ մարդկանց տեսա փողոցում: Չնայած որ Շուշիում բնակվում է 4.100 հայ: Շուշիի կենտրոնից մի փոքր այն կողմ գտնվում է Ջդրդուզ կոչվող հատվածը: Երբ այցելեցի էնտեղ, հասկացա, որ մեր հողն ու լեռները Շվեցարիայից լավն են: Ու եթե աշխարհի բոլոր մարդիկ իմանան, թե ինչպիսի վայրեր կան Արցախում, իրենց գումարները չեն վատնի եվրոպական երկրներում: Երբ կանգնում ես Ջդրդուզի լեռների մեջ ամրության ու հզորության զգացում է առաջանում: Ու ևս մեկ անգամ ժպտում ես, որ գտնվում ես քո երկրում, քո հողում, և ևս մեկ անգամ հպարտանում ես, որ քո զինվորներն ազատագրել են այն: Բերձորից հետո Շուշիում կրկին առաջացավ Երևանից փախնելու զգացումը: Ու երևի թե կառաջանա ամեն անգամ, երբ այնտեղ լինեմ: Պատկերասրահ՝ Արցախ Լուսինե Սարգսյան