Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 08-06-2013
Ունենք այն, ինչ ունենք. 4 անընդմեջ պարտություն եւ ոչ մի հույս
Հունիսին 6-ին ու 7-ին Հայաստանում ֆուտբոլասերների կողմից ֆուտբոլային օրեր էին հայտարարվել. իհարկե, այս ամենը պաշտոնական չէր:
Հունիսի 6-ին Հայաստանի երիտասարդական ընտրանին (մինչեւ 21 տարեկանների հավաքականը) Երեւանի «Հրազդան» մարզադաշտում ցավալիորեն 1-2 հաշվով պարտվեց իր մրցակից Իսլանդիայի ընտրանուն: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում տեղի ունեցած այդ խաղի երկու խաղակեսերի վերջաբանն անհաջող դասավորվեց հայ ֆուտբոլիստների համար. թիմը գոլերն ընդունեց 1-ին եւ 2-րդ խաղակեսերի հենց վերջին րոպեներին: Երբ թվում էր, թե խաղը կավարտվի ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, հանդիպման վերջին րոպեին իսլանդացի Ատլասոնը հաղթող դուրս եկավ հայ պաշտպանների ու դարպասապահի հետ պայքարում՝ իր թիմի համար հաղթանակ ապահովելով: Իսլանդիան դարձավ խմբի միանձնյա առաջատարը՝ 2 խաղ, 6 միավոր: Իսլանդիայի ընտրանուց կրած այդ դառը պարտությունը թեեւ լրջորեն տխրեցրել էր հայ երկրպագուներին, սակայն վերջիններս դեռեւս լավ հույսեր ունեին. Հայաստանի արդեն ազգային հավաքականը կարող էր ընդամենը մի քանի ժամ անց հետ բերել իրենց կորցրած հրճվանքը՝ հաղթելով մալթացիներին: Ֆուտբոլասերները վստահ էին՝ այդ խաղում Հայաստանը կհաղթի խոշոր հաշվով: Աշխարհի 2014 թ-ի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի շրջանակում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 7-ին արդեն կայացավ Հայաստան-Մալթա հանդիպումը: Երկու թիմերը մեկ անգամ հանդիպել էին 2012 թ-ի սեպտեմբերի 7-ին Մալթայում, որտեղ էլ Հայաստանի ազգային ընտրանին դժվարին խաղում կարողացել էր 1-0 հաշվով հաղթանակ կորզել մալթացիներից՝ վաստակելով իր առաջին ու դեռեւս վերջին միավորներն այս մրցափուլում: Այդ հանդիպումը միակն էր նաեւ հաղթանակի առումով, քանի որ հաջորդ՝ Բուլղարիա-Հայաստան հանդիպումից սկսած Հայաստանի ազգային ընտրանուն չի հաջողվում հաղթանակ տոնել: Սոֆիայում պարտվել էր 0-1 հաշվով, ապա Երեւանում Իտալիայի ընտրանին հաղթեց 3-1 հաշվով, իսկ չեխերը հաղթանակ տարան 3-0 հաշվով: Մալթայի հետ խաղից վստահ հաղթանակ էին սպասում բոլորը: Անգամ բուքմեյքերական գործակալությունները հաղթանակի նախապատվությունը տալիս էին Հայաստանի ազգային ընտրանուն: Սակայն, ինչպես խաղը ցույց տվեց, հայկական ֆուտբոլում կրկին սեւ շրջան է սկսվել: Բուլղարիայի եւ Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականը նաեւ բազմաթիվ կորուստներ ունեցավ հատկապես պաշտպանական գծում, ինչն իր բացասական ազդեցությունն ունեցավ Հայաստան-Չեխիա խաղի արդյունքի վրա: Սակայն, Հայաստան-Մալթա հանդիպումից առաջ ազգային հավաքականը, արդեն թվում էր, կադրային առումով խնդիրներ չուներ. այդուհանդերձ, թիմը պարտվեց ընտրական խմբի հետնապահ Մալթայի ընտրանուն: Խաղից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախախաղային մամուլի ասուլիսում նշել էր, որ այս խաղում լինելու է ինքնատիպ մարտավարության փոփոխություն, եւ հավաքականը խաղալու է միմիայն հաղթանակի համար: Ո՞րն էր մարտավարական փոփոխությունը: Պաշտպանության գիծը նույնն էր, ինչ Հայաստան-Չեխիա խաղի ժամանակ, Հենրիխ Մխիթարյանն այս անգամ արդեն խաղում էր ոչ թե հենակետային կիսապաշտպանի, ինչպես նախորդ խաղում էր, այլ իրեն հարմար ենթահարձակվողի դիրքում, միայն Յուրա Մովսիսյանն էր պահեստայինների նստարանին: Մարտավարական «փոփոխությունները» ոչ մի արդյունք չտվեցին: Իսկ թե ինչի համար էր պայքարում հավաքականը, դժվար է ասել: Խաղալով նման թույլ ընտրանու հետ, որի հետ նախկինում արդեն 4 հանդիպում էր անցկացրել եւ ոչ մի պարտություն չէր կրել, Հայաստանի հավաքականը հանդիպման 8-րդ րոպեին հաշվի մեջ զիջում է: Իսկ ո՞ւր էին թիմի հզոր պաշտպանները. դարպասապահ Բերեզովսկին փորձեց փրկել իրավիճակը՝ հեռացնելով գնդակը, սակայն հայ պաշտպանները տեղում չէին, իսկ գնդակը կրկին հայտնվել էր Մայքլ Միֆսուդի ոտքերի տակ. 1-0 հօգուտ Մալթայի հավաքականի, որն այլեւս մտածում է միայն հաշիվը պահպանելու մասին՝ անընդհատ գցելով խաղի տեմպը եւ շատ հաջող կասեցնելով Հայաստանի հավաքականի գրոհները: Ի տարբերություն մեր ընտրանու, որն աչքաթող էր արել Մալթայի հավաքականի ավագ եւ առաջատար հարձակվող Մայքլ Միֆսուդին, ով կարող էր նաեւ երկրորդ գոլը խփել, Մալթայի պաշտպանությունը միշտ զգոն էր: Հանդիպման առաջին խաղակեսը մեր թիմն անցկացրեց առանց հիշարժան իրադարձությունների. միակ իրական վտանգը 27-րդ րոպեին ստեղծեց Մարկոսը՝ հեռահար հարված կատարելով մրցակցի դարպասին, սակայն Ջասթին Հաբերը հաջողությամբ հետ մղեց այդ գնդակը: Մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվում արդյունավետ իրացնել խաղի ընթացքում վաստակած բազմաթիվ անկյունային եւ տուգանային հարվածները: Իհարկե, խաղի 39-րդ րոպեին հերթական տուգանային հարվածն իրացնելիս հետաքրքիր եւ ստեղծագործ մոտեցում ցուցաբերեցին մեր ֆուտբոլիստները, սակայն նրանց չհաջողվեց մինչեւ վերջ իրագործել այդ ծրագիրը. Մխիթարյանը չկարողացավ հարված կատարել դարպասին: Առաջին խաղակեսի վերջին 5 րոպեներն անցան Մալթայի ազգային հավաքականի կիսադաշտում՝ անկյունային եւ տուգանային հարվածներ իրացնելիս, սակայն մի դեպքում Մկրտչյանի գլխով կատարած հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ, մեկ այլ դեպքում Էդգար Մանուչարյանն անհաջող իրացրեց անկյունային հարվածը, իսկ Մխիթարյանն ընթացքից չհասցրեց կասեցնել գնդակը: Առաջին խաղակեսն ավարտվեց առանց արդյունքի եւ առանց հաղթանակի ձգտման: Ի՞նչ ունենք երկրորդ խաղակեսում. բազմաթիվ անհաջող փոխանցումներ, ընդամենը երկու փոփոխություն (Յուրա Մովսիսյանը մտավ Էդգար Մանուչարյանի փոխարեն, իսկ Արթուր Սարկիսովը՝ Դավիթ Մանոյանի) եւ 0 արդյունք: Խաղի ողջ 96 րոպեները (եթե հաշվի առնենք մրցավարի կողմից ավելացված ժամանակը եւս) մեր ֆուտբոլիստներին չեն բավականացնում հաջողության հասնելու համար: Արդյունքում մենք նվազագույն հաշվով խայտառակ պարտություն ենք կրում սեփական հարկի ներքո՝ առանց պայքարի Մալթային նվիրելով հաղթանակ եւ առաջին 3 միավորն այս մրցաշրջանում: Ավելին՝ Մալթան կարողանում է տոնել իր անդրանիկ արտագնա հաղթանակը վերջին 20 տարվա մեջ եւ իր 1-ին հաղթանակը 2006 թ-ից սկսած: Մի՞թե սա խայտառակություն չէ: Դատե՛ք ինքներդ: Մեր ընտրանին արդեն խաղի սկզբում մրցակցի արագ գոլից հետո հոգեբանորեն տանուլ տվեց ամբողջ հանդիպումը՝ չկարողանալով մնացած խաղաժամանակում սթափվել եւ կառուցել իր արդյունավետ հակախաղը: Փաստորեն արդեն երկրորդ անգամ մեր հավաքականը կիսատ է թողնում տակտիկական պլանը, քանի որ դա կրկին կառուցված է միայն հաղթական ելքի համար՝ «որ թիմն առաջինը գոլ խփի, այն թիմն էլ կհաղթի» անարդյունավետ սկզբունքով: Անընդմեջ 4 պարտություններից հետո լիովին չքացել են աշխարհի 2014 թ-ի ֆուտբոլի առաջնության ուղեգիր նվաճելու տեսական հույսերը, ավելի են բորբոքվել երկրպագուների դժգոհությունները, մարզչի հրաժարականը պահանջողների թիվն ավելացել է, իսկ խաղից ընդամենը երեք օր անց մեր ընտրանին Կոպենհագենում պետք է մրցի Դանիայի ազգային հավաքականի հետ: Մի՞թե կճաշակենք մրցակցի ապտակը: Առանց մեղավորներ փնտրելու պետք է ասել, որ ազգային հավաքականին պակասում է ե՛ւ նվիրումը, ե՛ւ փոխհասկացվածությունը, ե՛ւ համագործակցությունը դաշտում, ե՛ւ մի շարք առանցքային ֆուտբոլիստների՝ խաղային պրակտիկա չունենալը: Այս ամենի հետեւանքով էլ արդեն 4-րդ պարտությունն է կրում մի հավաքական, որի կազմում քիչ չեն բարձրակարգ ֆուտբոլիստները, որոնց վրա կարելի էր խաղ կառուցել ու հաղթել գոնե Մալթային: Ինչեւէ, մենք ունենք այն, ինչ ունենք՝ 5 խաղ, ընդամենը 3 միավոր, միայն 1 հաղթանակ եւ 4 անընդմեջ պարտություն: Իսկ B խմբի մրցաշարային աղյուսակում հետեւյալ պատկերն է. Իտալիան արդեն ունի 14 միավոր (6 խաղից), Բուլղարիան՝ 10 (6 խաղից), Չեխիան՝ 9 (6 խաղից), Դանիան՝ 6 (5 խաղից), Հայաստանը՝ 3 (5 խաղից), իսկ Մալթան՝ 3 (6 խաղից): Հայաստանի ազգային թիմը դեռեւս չի գտնվում մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, սակայն այսպես շարունակվել չի կարող... Դա գիտեն բոլորը... Հռիփսիմե Գալստյան Հարություն Ծատրյան