Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 08-06-2013
Ովքե՞ր են հայ սկաուտները
Աշտարակներից մինչև կամուրջների կառուցում, բանակումներ, արշավներ, ամենատարբեր փորձություններ ու բարեգործական աշխատանքներ. այս ամենը հայ սկաուտների կյանքի ընդամենը մի մասն է:
Սկաուտական շարժումը սկիզբ է առել Անգլիայում 1907 թվականին, իսկ այսօր աշխարհի մոտ 150 երկրում կա 28 մլն սկաուտ, որոնց մի մասը հայ սկաուտներն են` ինչպես սփյուռքում, այնպես էլ՝ Հայաստանում: Իսկ առաջին հայկական սկաուտական խմբերն ստեղծվել են դեռևս 1908 թվականին Հնդկաստանի հայկական գաղութներում, հետագայում նաև Կոստանդնոպոլսում և այլ հայկական գաղութներում: Սկուտական կազմակերպություններն ու խմբերը սփյուռքում մշտապես նպաստել են հայապահպանմանը: 1919-21թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում սկսել էր գործել ՀՄԸՄ(Հայ մարմնակրթական ընդհանուր միության) սկաուտական միությունը, որը սակայն Հայաստանի խորհրդայնացումից հետո արգելվել էր և շարունակել իր գործունեությունը սփյուռքում: Սկաուտական խմբերը Հայաստանում իրենց գործունեությունը վերսկսել են 1989 թվականից: Այժմ Հայաստանում գործում են տարբեր սկաուտական մեծ ու փոքր խմբեր, որոնք հաճախ համատեղ բանակումներ, արշավներ և այլ միջոցառումներ են կազմակերպում: 2008 թվականի հունիսին ստեղծված ՀԲԸՄ սկաուտական խումբը հիմնադրվել է ընդամենը 20 հոգով, իսկ այժմ ունի 2 մասնաճյուղ և 260-ից ավելի անդամ: ՀԲԸՄ-ն սկաուտական խմբեր ունի աշխարհի շատ երկրներում և, ինչպես պատմում է ՀԲԸՄ Երևանի սկուտական խմբի խմբապետ Սարո Թադիոսը, ամեն տարի ամռանն անցկացվող մեծ ճամբարին աշխարհի բոլոր կետերից հայ սկաուտները հավաքվում են Հայաստանում. «Ամառային ճամբար-բանակումներին մասնակցում են հայ սկաուտներ Ուրուգվայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Իրաքից, Սիրիայի տարբեր քաղաքներից, Լիբանանից, Վրաստանից, Իրանից»: Ըստ Սարոյի՝ սկաուտության հիմնական գաղափարն է պատրաստել լավ ու լիարժեք քաղաքացիներ, առաջնորդներ, ովքեր կկարողանան կյանքում ավելի համեստ ու զուսպ ապրելակերպ վարել, կկարողանան իրենց լուման ունենալ հայրենիքի հզորացման ու բարգավաճման գործում, կկարողանան լինել արժանի մարդիկ և քաղաքացիներ իրենց հայրենիքի համար: ՀԲԸՄ-ն իր խմբակներ է ընդունում յուրաքաչյուր երիտասարդի, բայց, ինչպես նշում է Սարոն, լիարժեք սկաուտ կամ արենուշ(աղջիկ սկաուտ) դառնալու համար, ցանկալի է, որ պատանիները խմբակ հաճախեն ավելի վաղ տարիքից. «Լավ կլինի, որ մեզ մոտ գան ավելի վաղ տարիքից, որ կարողանան սկաուտության բոլոր փուլերն անցնել, յուրացնել բոլոր սկաուտական գիտելիքները և կարողանան լիրաժեք սկաուտ լինել»: Ըստ խմբապետի՝ յուրաքանչյուր պատանի, ով ուզում է սկաուտ կամ արենուշ դառնալ, պետք է փորձնական մեկամսյա շրջան անցնի՝ համոզվելու համար, որ իսկապես պատրաստ է սկաուտ լինել. «Պատանին պետք է գա ամեն կիրակի անցկացվող մեր հավաքներին, պետք է յուրացնի սկաուտների կանոնները, գիտելիքները, մասնակցի սկաուտական բանակումների, որից հետո նա տալիս է սկաուտական երդում և համարվում խմբի լիարժեք անդամ»: Բանակումները սկաուտների ճամբարներն են, որոնք անցնացվում են հիմնականում վայրի բնության մեջ: Ինչպես պատմում է Սարոն, տարվա մեջ մի քանի անգամ անցկացվող բանակումների ընթացքում սկաուտներն ամրապնդում են ամբողջ տարվա ընթացքում յուրացրած գիտելիքները. «Սովորում ու կիրառում ենք ամեն ինչ՝ ինչպես օգտվել կողմանցույցից, խարույկ վառել, ինչ բույսերից կարելի է օգտվել վայրի բնության մեջ, մի խոսքով, սովորում ենք ապրել բնության մեջ` բնության օրենքներով` առանց վնաս հասցնելու բնությանը»: Բանակումներին սկաուտների համար ստեղծվում են վայրի բնությանը մաքսիմալ մոտեցված պայմաններ, օրինակ` Սարոն նշում է, որ իրենց բանակումներին արգելվում է բերել հեռախոսներ ու երաժշտական նվագարկիչներ. «Դա արվում է այն բանի համար, որ սկաուտները սովորեն ապրել առանց դրանց, սովորեն լինել բոլորին հավասար պայմաններում, ապրել ինքնուրույն՝ առանց ինչ-որ բանից կախված լինելու»: Սարոն սկաուտության երկարամյա փորձ ունի, նա սկաուտների խմբակ է հաճախել 3 տարեկանից՝ սկզբից Սիրիայում, հետո արդեն Հայաստանում. «Սկաուտ լինելն ինձ առաջին հերթին ինքնավստահություն է տվել կյանքում, օրինակ` ես հիմա կարող եմ կանգնել 100 հոգու առջև և առանց հուզվելու ինչ-որ ճառ կարդալ»: Սարոն մասնագիտությամբ շինարար է, ասում է, որ սկաուտական կյանքն ամրապնդել է հետաքրքրությունը մասնագիտության նկատմամբ: Միջազգայնագետ Նարե Խլղաթյանն արդեն ութ տարի է, ինչ սկաուտ է և այժմ Հայաստանի ազգային սկաուտական շարժման(ՀԱՍԿ) Արմավիրի միավորի խմբապետն է: Ըստ նրա՝ սկաուտ լինելը իրեն առաջին հերթին կրթել է որպես մարդ. «Սկաուտությունը կենսաձև է, կրթություն կյանքի համար, այստեղ սովորում ես լինել ավելի աչալուջ, ավելի պատասխանատու և հոգատար մյուսների նկատմամբ»: ՀԱՍԿ-ը նորանկախ ՀՀ-ի առաջին սկաուտական խմբերից է եղել, սկսել է գործել սկզբում ՀՄԸՄ(Հայ մարմնակրթական ընդհանուր միություն) անվան տակ, իսկ 1995 թվականից որպես Հայաստանի ազգային սկաուտական շարժում(ՀԱՍԿ): Այժմ ՀԱՍԿ-ը իր կենտրոններն ունի Հայաստանի շուրջ 10 քաղաքներում: ՀԱՍԿ-ը հաճախ է մասնակցում նաև միջազգային սկաուտական բանակումների. «Ես ինքս հնարավորություն եմ ունեցել մասնակցելու Ճապոնիայում անցկացվող սկաուտական բանակմանը, որին մասնակցում էին 32 երկրի շուրջ 22 հազար սկաուտներ և, կարող եմ ասել, որ այդ կենսափորձը շատ բան է տվել ինձ՝ սկսած բազմաթիվ միջազգային ընկերներ ունենալուց, վերջացրած նրանով, որ քո մարդկային «ես»-ը ավելի է կոփվում ու ամրանում»: ՀԱՍԿ-ում նույնպես կան տարբեր տարիքի երեխաների ու պատանիների համար նախատեսված խմբեր՝ մինչև 11 տարեկանները՝ «գայլիկներ» և «արծվիկներ», 12 տարեկանից բարձրերը՝ «արիներ» ու «արենուշներ»: Խմբապետ Նարեն ասում է, որ ՀԱՍԿ-ում դռները բաց են ցանկացած երեխայի կամ պատանու առջև, ով ցանկանում է սկաուտ լինել. «Առաջին մեկ ամսվա ընթացքում երեխան մեզ մոտ պետք է շուրջ չորս տարբեր գործունեության մասնակցի, որոնց մեջ մտնում են տեսական ու գործնական գիտելիքների յուրացումը, արշավները: Այս ամենից հետո, եթե երեխան ցանկանում է լինել ՀԱՍԿ-ի անդամ, անդամագրվում է կառույցին, որից երեք ամիս հետո էլ տալիս է սկաուտկան խոստումը և սկաուտի ստանում առաջին աստիճանը»: Բացի ավանդական բանակումներից, արշավներից ՀԱՍԿ-ը նաև բազմաթիվ բարեգործական ակցիաներ է կազմակերպում. «Մի անգամ Արմավիրում ակցիա կազմակերպեցինք, որի ընթացքում մեր երեխաները մոտենում էին շուկայից ծանր բեռով վերադարձող կանանց ու առաջարկում ուղեկցել մինչև տուն, բոլորը շատ զարմացած էին, քանի որ մեզ մոտ ինչ-որ մեկին հենց այնպես օգնելու մշակույթը դեռևս զարգացած չէ»,- պատմում է Նարեն: Շուրջ 1 տարվա փորձառնություն ունեցող ՀԲԸՄ սկաուտ Դավիթ Վարդանյանն ասում է, որ սկաուտ լինելն իր մեջ առաջին հերթին զարգացրել է պատասխանատվության զգացումը. «Այստեղ, հատկապես բանակումների ժամանակ, այնպիսի պայմաններում ես հայտնվում, երբ քո վարքից կախված ես ոչ միայն դու, այլև ամբողջ խումբը, դա շատ պարտավորեցնող է»: Դավիթը կարծում է, որ այս փորձը իրեն շատ կօգնի հետագայում նաև բանակում. «Այստեղ մեծ դիմացկունություն ես ձեռք բերում, օրինակ՝ ծանր ֆիզիկական վարժություններ ենք կատարում, սովորում ենք երկար արշավների ընթացքում դիմանալ ծարավին, սովին»: Դավիթն ասում է, որ սկաուտությունը մեկ ամսով, միայն բանակումներով կամ արշավներով չի սահմանափակվում, սկաուտ լինելն, ըստ նրա, ապրեկալակերպ է. «Երբ դու երդվում ես որպես սկաուտ, այդ կոչումը քեզ հետ է լինում միշտ, ու ստացած գիտելիքներն էլ հետագայում շատ են օգնում կյանքի տարբեր իրադարձություններում»: Բացի ֆիզիկական պատրաստվածությունից, ինչպես պատմում է Դավիթը, այստեղ իրենք նաև խորը հոգևոր դաստիարակություն են ստանում. «Բազմաթիվ հայրենասիրական երգեր ենք սովորում, դասախոսություններ ենք ունենում բնապահպանության, մշակույթի, հոգեբանության և ամենատարբեր բաների մասին»: Փառանձեմ Վարդանյան