Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 05-06-2013
Հանրապետության հրապարակի վերակառուցում. ով ինչ է ուզում
Վերջին օրերին հանրային աղմուկ բարձրացրած հարցերից մեկի շուրջ ներկայացնում ենք հնչած տեսակետները:
Մի քանի օր առաջ` մայիս 30-ին, Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթի մասին։ Ինչպես նշում են քաղաքապետարանից, այդ որոշումը հաստատվել է ճարտարապետների հանձնաժողովում: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, սակայն, վստահեցնում է, որ վերակառուցման նախագծի մրցույթի վավերապայմաններում կան թերություններ եւ բազմաթիվ սխալ ու վտանգավոր ձեւակերպումներ: «Հրապարակի վերակառուցման անհրաժեշտությունն այս պահին հրատապ չէ: Քաղաքում կան ճարտարապետական շատ կառույցներ, այլ հրապարակներ, որոնք ավելի շատ կարիք ունեն հիմնանորոգման»,- կարծում է պարոն Մինասյանը: Նրա խոսքերով` մրցույթ հայտարարելուց առաջ պետք էր լավ ուսումնասիրել կարիքը: Կան հատուկ նախապայմաններ, ըստ որոնց` Հանրապետության հրապարակում նոր շինություններ չպետք է լինեն. այն հուշարձան է, որը փոփոխության ենթարկելու համար պետք է Մշակույթի նախարարության թույլտվությունը: Նախագծին դեմ հանդես եկողների մյուս թեւն էլ բնապահպաններն են: Բնապահպան Կարինե Դանիելյանն ասում է, որ ընդվզում չէր լինի, եթե հարցը վերաբերեր միայն Լենինի արձանի տեղում ինչ-որ բան տեղադրելուն, սակայն այս պարագայում խոսքը ընդհանուր հայեցակարգային վերակառուցման մասին է, ինչն ընդունելի չէ: «Ես գտնում եմ, որ սա վերջին կաթիլն է. քաղաքաշինությունը, սուրը վերցրած, Երեւանը ջնջում է քաղաքաշինական եւ էկոլոգիական առումով: Եթե խորհրդային տարիներին կորուստներ ունեինք, գոնե կորիզը մնացել էր: Սակայն, անկախության տարիներին ամեն ինչ ջնջեցինք: Ես չեմ խոսում միայն հրապարակի մասին, սա արտացոլումն է քաղաքաշինական ամբողջ գործընթացի»,- ասում է տիկին Դանիելյանը: Մի քանի օր հանրային տարբեր օղակների կարծիքները լսելուց հետո Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վերջապես որոշեց որոշ հստակեցումներ անել. խնդիրը ճիշտ տեսանկյունից չի դիտարկվում: «Մրցույթի հայտարարումը ամենեւին էլ չի նշանակում որեւէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նմանատիպ քայլերի նախաձեռնում: Հայտարարված մրցույթի նպատակը մասնագիտական եւ հանրային քննարկումների արդյունքում առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելն ու հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձեւավորելն է»,- ասված է պարոն Սարգսյանի պարզաբանման մեջ: Վերջին տարիներին Երեւանի քաղաքապետարան բազմաթիվ մարդիկ ներկայացրել են առաջարկներ ու նախագծեր: Երեւանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը` հաշվի առնելով, որ դրանցից յուրաքանչյուրի շուրջ լոկալ որոշում կայացնելն անհնար է, որոշեց մշակել հստակ հայեցակարգ: «Մրցույթի անցկացման նպատակը մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել-մեկտեղելն է՝ բացառելով որեւէ տեղային լուծում,- վստահեցնում է գլխավոր ճարտարապետը,- միայն այն, որ Հանրապետության հրապարակն այսօր վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի եւ որպես հանրային տարածք կիսով չափ է օգտագործվում, արդեն իսկ պահանջում է հրատապ լուծում եւ մրցույթ հայտարարելու լիարժեք պայման է: Ճարտարապետներին, սակայն, մտահոգում է նաեւ հրապարակում ավտոկայանատեղի կառուցելու հարցը: Նրանց պնդմամբ` դրա տակ կարող են թաքնված լինել հնագիտական շերտեր, որոնք գուցե շատ արժեքավոր են ու կարող են վերանալ շինտեխնիկայի օգտագործման հետեւանքով: «Հրապարակին պետք չէ ձեռք տալ... Գեոլոգները գոռում են՝ հերիք եղավ քաղաքի սեյսմիկ ռիսկերը բարձրացնեք: Փակ շուկայի օրինակը ցույց է տալիս, որ բավական է մի փոքր թույլտվություն, եւ հրապարակը եւս կորցնում ենք»,- նշում է բնապահպան Կարինե Դանիելյանը: Պատկերասրահ՝ Հանրապետության հրապարակ (Երեւան) Ծովինար Կարապետյան