Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 27-05-2013
Սիրիահայ ուսանողներն ինտեգրվե՞լ են
Մոտ մեկ տարի է անցել, ինչ սիրիական պատերազմի հետեւանքով բազմաթիվ սիրիահայ երիտասարդներ տեղափոխվեցին Հայաստան:
Նրանցից շատերն ընդունվել են հայաստանյան բուհեր ու այժմ սովորում են: «Եթե մինչեւ անցյալ տարի Հայաստանի տարբեր բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում սիրիահայ ուսանողների թիվը չէր գերազանցում մի քանի տասնյակը, ապա այդ թիվն այսօր մոտ 270 է»,- ասում է ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության աշխատակից Սիրվարդ Ղամբարյանը: Իսկ սիրիահայ ուսանողներն արդյո՞ք ինտեգրվել են հայաստանյան հասարակությանը, կրթական համակարգին եւ առաջիկայում ի՞նչ պլաններ ունեն: Ապագա դեղագործ Վրոյր Պիլէմճեանն անցյալ տարվա ամռանը Հայաստան էր եկել երկու շաբաթով, բայց այժմ արդեն Բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է. «Հայաստանը շատ եմ սիրում, սկզբում չէի ուզում մնալ, շոկի մեջ էի, սակայն հետո մնացի, հասկացա, որ Հայաստանը հանգիստ ու լավ երկիր է: Այստեղ միակ դժվարությունը նորմալ վարձատրվող աշխատանք գտնելն է, դա էլ, հուսամ, կամաց-կամաց կկարգավորվի»: Վրոյրը Սփյուռքահայ ուսանողական խորհրդի անդամ է, միաժամանակ ունի բազմաթիվ այլ զբաղմունքներ. «Արդեն 4 ամիս է՝ ռուսերեն եմ պարապում, խաղում եմ համալսարանի բասկետբոլի թիմում եւ տեղի ուսանողական խորհրդի անդամ եմ»: Վրոյրն արդեն ինտեգրվել է հայաստանյան կյանքին, այստեղ բազմաթիվ ընկերներ ունի՝ թե՛ տեղացիներ, թե՛ սիրիահայեր. «Ես կարծում եմ՝ պետք է սիրիահայերը կարողանան շուտ ինտեգրվել այստեղի երիտասարդների հետ, ես դեմ եմ, որ միայն սիրիահայերն իրար հետ շփվեն ու այդպես փակ լինեն շփումները, պետք չէ ապրել՝ մտածելով, որ, միեւնույնն է, մի օր վերադառնալու են Սիրիա»: Տեղի կրթության մակարդակը, սակայն, Վրոյրին այդքան էլ չի գոհացնում. «Սիրիայում, օրինակ, կրթական պրոցեսում դասախոսների եւ ուսանողի գործը հիսուն-հիսուն է, այստեղ համարյա ամբողջն ուսանողի վրա է, հետո այնտեղ բոլոր դասախոսները պրոֆեսորներ էին, այստեղ, ճիշտ է, էլի լավն են, բայց պրոֆեսիոնալիզմի մակարդակն այդքան բարձր չէ»: Նրան նաեւ զարմացրել է, որ Հայաստանում այդքան հեշտ են սովորելն ու բժշկական կրթություն ստանալը. «Շատ հեշտացված են միջոցները, օրինակ, ուսանողները 4 լուծարքի հնարավորություն ունեն: Վերջիվերջո, այստեղի ուսանողներն ապագա բժիշկներ են, իսկ այս պարագայում ուսանողների միջեւ մրցակցություն չկա, եւ դա իջեցնում է համալսարանի մակարդակը»: Այնուամենայնիվ, Վրոյրն իր ապագան կապում է Հայաստանի հետ. «Թեեւ բարեկամներիս ու ընկերներիս մեծամասնությունը Սիրիայում է, բայց եթե այստեղ կարողանամ լավ գործ ունենալ, անպայման կմնամ եւ կշարունակեմ ապրել Հայաստանում: Բոլորն ասում են՝ ինչպե՞ս ես այստեղ մնալու, այստեղ կյանք չկա եւ այլն, բայց դա այդպես չէ»: Այժմ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Հուրի Չալեանն Հայաստան է եկել 2012 թ-ի դեկտեմբերին, երբ ուսումնական տարին արդեն կիսվել էր. «Հալեպի պետական համալսարանի անգլերեն գրականության բաժնի երկրորդ կուրսի ուսանող էի եւ, անկեղծ ասած, միտք չունեի գալու. պատահական որոշում էր, կապված պատերազմի հետ»: Հուրին մինչ այդ Հայաստանում երբեւէ չէր եղել եւ չէր սպասում, որ այդքան արագ կինտեգրվի այստեղի կյանքին. «Երբ առաջին օրը համալսարան գնացի եւ քննություններ պետք է հանձնեի՝ առանց ծանոթ լինելու որեւէ կարգի, համակուրսեցիներս, ովքեր բոլորը հայաստանցի են, շատ օգնեցին ինձ, մենք միանգամից ընկերացանք: Հիմա բազմաթիվ ընկերներ ունեմ՝ ե՛ւ հայաստանցի, ե՛ւ սիրիահայ»: Համեմատելով տեղի եւ Սիրիայի կրթական որակները՝ Հուրին առավելությունը տալիս է Հայաստանին. «Եթե նույնիսկ Սիրիա վերադառնալու եւ ուսումս այնտեղ շարունակելու հնարավորություն ունենայի, միեւնույնն է, այստեղ կշարունակեի, քանի որ այստեղ թե՛ դասավանդման մեթոդները, թե՛ քննություններ հանձնելու կարգն ավելի լավ են, ինչպես նաեւ դասախոսներն ավելի բարձր մակարդակ ունեն»: Հուրին պատմում է, որ թեեւ հայերենի հետ կապված լուրջ խնդիրներ չի ունեցել, սակայն լեզվական թյուրըմբռնումների պատճառով զավեշտալի դեպքեր երբեմն պատահում են. «Մի անգամ գնացել էի դասախոսներից մեկին խնդրելու, որ մի քանի օրով հետաձգեմ ստուգարքիս հանձնումը: Երբ հարցրեց, թե ինչու չեմ հասցրել պարապել, ասացի, որ առիթ չեմ ունեցել, ինչն արեւմտահայերենով նշանակում է՝ ժամանակ չեմ ունեցել: Դասախոսս սկզբում շատ էր զայրացել, քանի որ ասածիս իմաստը սխալ էր հասկացել»: Հուրին այստեղ, բացի ուսումից, զբաղվում է նաեւ բասկետբոլով: Նա իր ապագան միանշանակ կապում է Հայաստանի հետ. «Շատ կուզեմ՝ Սիրիայում ամեն ինչ լավ լինի, բայց այլեւս այնտեղ միայն պտույտի կգնամ: Հուսամ, որ այստեղ կկարողանամ գործ գտնել եւ այստեղ շարունակել կյանքս»: Նավային ինժեների մասնագիտություն ընտրած Հրակ Դանիէլեանը, այստեղ չգտնելով այդպիսի մասնագիտացում, այժմ սովորում է ՀՊՃՀ էլեկտրամեխանիկայի ֆակուլտետի նախապատրաստական կուրսում. «Դպրոցս ավարտել եմ այնտեղ ու միանգամից եկել Հայաստան, կարող էի այնտեղ շարունակել, բայց որոշեցի գալ Հայաստան»: Հրակը Սիրիայի Քեսաբ շրջանից Հայաստան է եկել 2012 թվականի հոկտեմբերին, երբ ուսումնական տարին արդեն սկսված էր. «Ընդունվելու հետ կապված խնդիրներ չեմ ունեցել, շատ հեշտ ընդունվեցի: Ճիշտ է, այնտեղ որոշել էի նավային ինժեների մասնագիտությամբ սովորել, բայց քանի որ այդպիսի բաժին այստեղ չկար, էլեկտրամեխանիկան ընտրեցի»: Հրակը հայերենի հետ կապված առանձնակի դժվարություններ չի ունեցել, թեեւ. «Այնտեղ ամեն ինչ արաբերենով էինք սովորում, մի քիչ դժվար է հայերեն մասնագիտական լեզուն, բայց հաղթահարում եմ»: Նա նաեւ Սփյուռքահայ ուսանողական խորհրդի անդամ է. «Տարբեր խնդիրներով ենք զբաղվում, հիմնականում աշխատում ենք սփյուռքահայ ուսանողների խնդիրներին օժանդակելու ուղղությամբ»: Հրակը դեռեւս չի որոշել՝ ուսումնառությունից հետո մնալո՞ւ է Հայաստանում, թե՝ ոչ, թեեւ գոհ է հայաստանյան կյանքից, բայց շատ է ուզում նավային ինժեներիայով զբաղվել. «Լավ կլիներ, որ այդ գործն այստեղ լիներ: Հնարավոր է, որ ուսումս ավարտելուց հետո վերադառնամ Սիրիա, դեռ չգիտեմ»: Փառանձեմ Վարդանյան