Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 14-05-2013
Որտեղի՞ց են երեխաներն իմանում սեքսի մասին
Այն, որ «երեխաներին արագիլն է բերում», շատ հնացած փաստարկ է, եւ այսօր երեխաներն այլեւս այդպիսի հեքիաթների չեն հավատում:
Ըստ այդմ` որտեղի՞ց են երեխաներն իմանում, թե ինչպես է ծնվում մարդը, կամ նրանք ի՞նչ գիտեն սեռական հարաբերությունների մասին: Երեւանի համար 48 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ Անին ու Դավիթն ասում են, որ այդ մասին 2-րդ կամ 3-րդ դասարանում իմացել են իրենց ավագ ընկերներից: Մինչդեռ ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի` դեռահասներն ունեն սեռական դաստիարակության իրավունք, եւ դա հանրակրթական դպրոցներում ու կրթական այլ հաստատություններում պետք է իրականացնեն խնդրին իրազեկ մասնագետները: ԿԳ նախարարության հանրակրթական վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը հստակեցրեց, որ դպրոցներում զուտ սեռական դաստիարակություն չեն անցնում: ԿԳ նախարարի 2008 թ. հուլիսի 31-ի հրամանով` ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» առարկան, որն ավելի շատ ոչ թե սեռական դաստիարակությանը, այլ առողջության պահպանմանն է վերաբերում. խոսվում է ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների բացասական ազդեցությունների, սեռավարակների եւ նմանօրինակ այլ հարցերի մասին: Առարկան հիմնական դպրոցում անցնում են 8-9-րդ, իսկ ավագ դպրոցներում` նաեւ 10-12-րդ դասարաններում: Այն վերցված է ֆիզկուլտուրայի ժամից, եւ տարվա մեջ նախատեսված է 14 ժամ. անցնում են հունվար-փետրվար ամիսներին: ԿԳ նախարարության ներկայացուցիչն ասում է, որ ուսուցիչների ընտրությունը թողնված է դպրոցների հայեցողությանը. «Սակայն առարկան դասավանդող բոլոր ուսուցիչները վերապատրաստվել են: Մեծ մասամբ վերապատրաստում անցել են կենսաբանության ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները»: Նույն` համար 48 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ պարոն Բաղդասարյանը նշում է, որ աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում առարկայի նկատմամբ, սակայն շատ բան կախված է ուսուցչից. «Պետք է կարողանալ կիրթ եւ պատշաճ ձեւով մատուցել, որովհետեւ տղաները մեծ մասամբ քրթմնջալով խնդմնդում են, երբ, օրինակ, անցնում ենք պահպանակների օգտագործման մասին»: Այդ դպրոցի 8-րդ դասարանի մի խումբ աշակերտներ, ովքեր նախորդ տարի անցել են առարկան, ասացին, որ անցել են հիգիենայի հետ կապված որոշ հարցեր: «Օրինակ` մենք անցել ենք, որ շաբաթական 3-4 անգամ պետք է լողանալ»,- ասում է Գայանեն: Կարինեն էլ ավելացնում է, որ տեղյակ է սեռավարակների մասին. «Դրանք անցնում են սեռական հարաբերության եւ արյան ներարկման միջոցով»: Աղջիկները, սակայն, նշում են, որ սեռական հարաբերությունների մասին ոչ մի հավաստի գիտելիք չունեն. «Մենք այդ հարաբերությունների մասին ոչինչ չգիտենք,- ասում է Մարիաննան,- դասատուն բացատրում էր ու նկարներով ցույց տալիս, իսկ տղաներն էլ ծիծաղում էին»: Տղաներն էլ, բնականաբար, չցանկացան տվյալ հարցերի մասին խոսել: Պարոն Բաղդասարյանի կարծիքով` գլխավոր խնդիրն այն է, որ առարկան չի գնահատվում. այդ պատճառով էլ երեխաները լուրջ չեն մոտենում: «Մենք դասի ժամանակ քննարկումներ ենք անում, թեստեր կան, որոնք երեխաներին հանձնարարվում է լրացնել, բայց քանի որ քառորդ չի փակվելու, երեխաներն իմիջիայլոց են վերաբերվում: Սակայն դեռահասային տարիքի համար սա շատ զգայուն թեմա է, եւ բոլորն էլ թաքնված հետաքրքրություն ունեն դրա նկատմամբ: Սեռահասունացման տարիքում գտնվող երեխաներին օրինաչափորեն հետաքրքրում է սեռական հարաբերությունների թեման, եւ նրանք այդ մասին իմանում են տարատեսակ աղբյուրներից, այդ թվում` անվերահսկելի համացանցից, որտեղ ամեն կարգի տեղեկություն կա»: Բուհերում եւս սեքսի ու սեռական հարաբերությունների թեման տաբու է շատերի համար: ԵՊՀ-ում հասարակական որոշ կազմակերպությունների աջակցությամբ կազմակերպվում են սեմինարներ` նվիրված սեռական դաստիարակությանը: Վերջինը «Կարմիր խաչի» կազմակերպած սեմինարն էր` նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան: Նմանաբնույթ միջոցառումները, սակայն, սահմանափակ թվով մասնակիցների համար են: Ուսանողները սեռական հարաբերությունների մասին տեղեկանում են միայն 3-րդ կուրսում` «Պարտադիր բուժօգնություն» դասընթացի շրջանակում: Դա, սակայն, ուսանողներին չի ապահովում անգամ նվազագույն գիտելիքներով: ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանող Արփին նշում է, որ տեսականորեն այդ դասընթացն իրեն ոչինչ չի տալիս: Սեռական հարաբերությունների մասին խոսվել է ընդամենը մեկ դասաժամ, այն էլ` ոչ թե կոնկրետ այդ մասին, այլ հղիության թեմայի շուրջ խոսելու ընթացքում: «Չեմ կարծում, որ դա կարելի է համարել այնպիսի դաս, որի ընթացքում մենք սեռական որեւէ բանի մասին որեւէ բան անցանք. դասախոսն ինքն ամաչում էր պահպանակ բառն օգտագործել»,- պատմում է Արփին եւ հավելում, որ հենց մասնագետները պետք է իրենց սովորեցնեն անձնական հիգիենա, սեռական որոշ նրբություններ: Այնինչ, պարզվում է, հենց նրանցից շատերն ամաչելով են այդ թեմայով խոսում: «Գուցե հարցը խորհրդային դաստիարակությունն է»,- կարծիք է հայտնում Արփին: Գրախանութներում եւ կրպակներում կարելի է գտնել տարբեր ձեռնարկներ, որոնցում սեռական թեմայի վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ կան: Օրինակ` «Երեխաները սեքսի մասին» իսպաներենից թարգմանված գրքում ներկայացված են սեռական օրգանները եւ դրանք միմյանցից տարբերակող առանձնահատկությունները, սակայն սեռական հարաբերությունների, դրանց վերաբերող հիգիենայի եւ այլ կարեւոր հարցերի մասին ոչինչ չկա: Ռաիսա (Ռոնա) Ահարոնյան