Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 09-05-2013
Կամավորությունը՝ որպես նոր մշակույթ
Կամավորությունը չվարձատրվող, առանց նյութական ակնկալիքի, ինքնակամ իրականացվող աշխատանքն է՝ ի նպաստ մարդկանց որոշակի խմբի:
Ողջ աշխարհում աշխատանքի այս ձեւը շատ տարածված է, մասնավորապես՝ երիտասարդների եւ ուսանողների շրջանում: «Եթե ես ապրելու, կենցաղային հարցեր լուծելու խնդիր չունենայի, ամբողջ կյանքում կամավորությամբ կզբաղվեի»,- ասում է մասնագիտությամբ լրագրող Անի Հովհաննիսյանը, ով շուրջ մեկ տարի Լիտվայում զբաղվել է կամավորական աշխատանքով. «Աշխատում էի սոցիալական ռիսկային խմբի ընտանիքների երեխաների հետ, որոնց ծնողները տառապում էին ալկոհոլիզմով»: Անին նշում է, որ իր համար կամավորությունը հոգեպես մեծ բավականություն պատճառող գործ է՝ անկախ նրանից, թե ինչ գործ ես անում. «Կամավորությունն ինձ համար հոգեվիճակ, ազատություն է, դա մարդկանց փրկում է փողից կախյալ լինելուց: Երբ դու փողից կախված չես, քեզ ավելի ազատ ես զգում»: Շատերի համար կամավորությունը պարզապես ինքնաբացահայտման, ոմանց համար էլ մասնագիտական փորձառություն ստանալու եւ հետագայում լավ աշխատանք գտնելու միջոց է: Կանադահայ Վիլյամ Հադրյանն անցյալ տարվանից աշխատում է հայաստանյան իրավաբանական կազմակերպությունում. «Ես քաղաքագիտության բակալավրի աստիճան ունեի եւ ցանկանում էի փորձ ձեռք բերել այդ ոլորտում, ինչպես նաեւ շատ էի ցանկանում այցելել Հայաստան: Այսպիսով՝ Հայաստանից կամավորական աշխատանքի հրավերն ինձ իմ երկու նպատակներն էլ միանգամից իրագործելու հնարավորություն տվեց՝ այցելել Հայաստան եւ փորձ ձեռք բերել»: Վիլյամը նշում է՝ կամավորական աշխատանքի այդ փորձն իրեն շատ կօգնի հետագայում՝ աշխատանքի տեղավորվելիս, քանի որ կանադական կազմակերպություններն այդօրինակ փորձը բարձր են գնահատում: Ջոն Դաֆֆին էլ, ով գրեթե 2 տարի է՝ Շիրակի մարզում անգլերենի ուսուցիչ է աշխատում, Հայաստան կամավորական աշխատանքի է եկել պատահաբար: Նա պատմում է, որ համալսարանն ավարտելուց հետո պատրաստվում էր աշխատանքի անցնել որեւէ կազմակերպությունում. «Այդ ընթացքում էր, որ ընկերս ինձ ասաց Ամերիկայի խաղաղության կորպուսի՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս իրականացվող կամավորական ծրագրերի մասին: Ես դիմեցի եւ մեկ տարի անց իմացա, որ պետք է տեղափոխվեմ Հայաստան»: Իր աշխատանքի ընթացքում Ջոնն անգլերեն է դասավանդել 18 համայնքների շուրջ 750 հայ երեխաների: Կամավորական աշխատանքը հետագայում բազմաթիվ երկրներում բարձր է գնահատվում թե՛ գործատուների, թե՛ ուսումնական հաստատությունների կողմից: Աշխարհի շատ համալսարաններում կամավորական աշխատանքները կրթաթոշակ ստանալու գրավականներից են: Այդ պրակտիկան, սակայն, դեռեւս ամբողջովին չի ներմուծվել հայաստանյան կրթական համակարգ: Օրինակ՝ ԵՊՀ-ում գործող մի շարք ուսանողական կառույցներ (Ուսխորհուրդ, ՈՒԳԸ եւ այլն) թեեւ աշխատում են հենց կամավորության սկզբունքով, սակայն, ինչպես նշում է ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, կամավորությունն այդ կազմակերպությունների համար ոչ թե նպատակ է, այլ աշխատանք, ծրագրեր իրականացնելու միջոց. «Մենք ներհամալսարանական կազմակերպություններում խրախուսում ենք կամավորական աշխատանքները. պարզապես դա շատ կարեւոր է ուսանողին քաղաքացի դաստիարակելու գործում»: «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Աննա Ավետիսյանը կարծում է, որ կամավորության մշակույթը Հայաստան ներմուծելու համար պետք է պետական ատյանների կողմից ավելի մեծ ուշադրություն լինի. «Այդ դեպքում նաեւ արժեհամակարգային փոփոխություններ կլինեն կամավորության ընկալման հարցում, քանի որ այժմ այն հաճախ շփոթում են շահագործման հետ»: Նշված ՀԿ-ի հիմնական նպատակներից է Հայաստանում կամավորական շարժման զարգացումը: Այն իր գործունեության ընթացքում Հայաստանում կամավորությունը խթանելու նպատակով բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Աննա Ավետիսյանը փաստում է, որ ուսանողները շատ ակտիվ չեն կամավորական աշխատանքներ իրականացնելու գործում: Պատճառը, ըստ նրա, անիրազեկվածությունն է. «Ուսանողները կամավորական աշխատանքներ իրականացնելու ցանկություն են հայտնում այն դեպքում, երբ մենք նրանց բացատրում ենք, թե ինչ է այն, ինչ առավելություններ է տալիս հետագայում»: Ի դեպ, Հայաստանում կամավորական աշխատանքին մեծ առավելություն են տալիս հենց Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները: «Վորլդ Վիժն» կազմակերպության սոցիոլոգ Քրիստինա Տեր-Աբրահամյանը, ով կամավորների հետ աշխատանքի բազմամյա փորձ ունի, ասում է, որ շատ վաղուց է, ինչ իրենք համագործակցում են կամավորականների հետ, եւ կողմերը գրեթե միշտ երկուստեք բավարարված են լինում. «Կամավորները, ովքեր գրեթե միշտ ուսանողներ են, մեծ փորձ են ձեռք բերում սոցիալական աշխատանքի եւ իրենց մասնագիտությանը վերաբերող ոլորտներում, ինչն իրենց շատ է օգնում հետագա աշխատանքում»: Քրիստինա Տեր-Աբրահամյանը նշում է նաեւ, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ կամավորներն իրենց լավ են դրսեւորել ու կազմակերպությունից աշխատանքի առաջարկ ստացել: Փառանձեմ Վարդանյան