Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 07-05-2013
Ռոքը՝ ագրեսի՞վ երաժշտություն
«Բոլոր այս խոսակցությունները մետալի ու հարդ ռոքի մասին… ես չեմ ստորագրի եւ ոչ մի բառի տակ: Ռոքը պարզապես լավ երաժշտություն է: Այն լսել է պետք, ոչ թե խոսել դրա մասին»: Օզզի Օսբորն
Գրեթե երկու տասնամյակ է, ինչ ռոք երաժշտությունն աշխարհում հիմնական ուղղություն (mainstream) չի համարվում: Հայաստանում, սակայն, այն նոր է տարածում գտնում եւ նորաոճ դառնում: Չնայած այդ ամենին՝ ռոքի եւ դրա ազդեցության մասին թյուրըմբռնումները դեռ շատ են: Այսօր Հայաստանում ավելանում է ռոք խմբերի թիվը, մեծանում է երկրպագուների քանակը, ու հասարակության շրջանում ռոքն ավելի ընդունելի ու տարածված է դառնում: Ռոք համերգներ են լինում ոչ միայն underground (ընդհատակյա) ակումբներում, այլեւ այգիներում, հրապարակներում ու մեծ բեմերում, ինչպես նաեւ կազմակերպվում են ռոք փառատոններ: Արդեն մեզ մոտ էլ երիտասարդության մի հատված կա, որը լրջորեն տարված է ռոք երաժշտությամբ: Շատ դեպքերում էլ հանդիպում ենք ռոքի «երկրպագուների», ովքեր պարզապես հագնում են ճղճղված ջինսեր, կեդեր, կրում համապատասխան աքսեսուարներ ու մեկ-մեկ էլ ռոք լսում: Այո՛, դա նշանակում է, որ Հայաստանում ռոքն արդեն նորաոճ է դարձել: Եթե տասը տարի առաջ դպրոցական տարիքի երեխան ասեր, որ նա ռոք է լսում, արձագանքները միանշանակ չէին լինի: Դասընկերների ապշած հայացքներից եւ տարօրինակ ու կասկածելի հարցերից հեշտ չէր պրծնի: Հիմա, կարծես թե, պատկերը մի քիչ (շատ քիչ) փոխվել է, մարդիկ ավելի տեղեկացված են դարձել: Երիտասարդների շրջանում ռոքի երկրպագուների թիվը շատացել է, իսկ ռոք չսիրողներն էլ ավելի «հանդուրժող» են դարձել նրանց նկատմամբ: Չնայած ռոքի նորաոճ ու հարգի լինելուն՝ այսօր էլ թյուր կարծիքներ կան այդ երաժշտության ու նրանց երկրպագուների վերաբերյալ: Շատերի կարծիքով՝ ռոքը վատ ազդեցություն է ունենում մարդկանց հոգեբանության վրա: Ֆորումներում ծավալված քննարկումներում հանդիպում ենք այնպիսի կարծիքների, ըստ որոնց՝ ռոքն ու մետալը ասոցացվում են սատանայի ու չար ուժերի հետ: Մոտ մեկ տարի առաջ սոցիալական ցանցերում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երիտասարդները կարծիք էին հայտնում ռոքի մասին: Նրանց մի որոշ հատված ռոքի մեջ բռնություն ու ագրեսիա է տեսնում: Այս տեսակետները ոչ թե սխալ, այլ աբսուրդային են. ռոքն ունի բազմաթիվ ուղղություններ, եւ չի կարելի ընդհանրացնել ու նման կերպ բնութագրել այն: Մարդու հոգեբանության վրա ռոքի ունեցած ազդեցության շուրջ զրուցեցինք հոգեբան Դավիթ Հայրապետյանի հետ: Այն հարցին, թե արդյոք ռոքը կարող է ագրեսիայի առաջացման պատճառ հանդիսանալ, հոգեբանը պատասխանեց, որ ռոքի ագրեսիվ լինելու մասին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր ռոք երաժշտությանը ծանոթ չեն: «Ռոքի տարբեր ուղղություններ կան, չի կարելի ընդհանրացնել: Օրինակ` ինչպես կարող է դասական ռոքն ագրեսիա ծնել: Այնտեղ, ընդհակառակը, բարություն է քարոզվում, եւ առաջացնում է դրական էմոցիաներ»,- ասում է հոգեբանը: Նրա կարծիքով՝ երաժշտությունը պետք չէ կապել ագրեսիայի առաջացման հետ, քանի որ լսած երաժշտությունը հոգեբանական վիճակի հետեւանքն է: «Մարդը գտնվում է որեւէ հոգեբանական վիճակում եւ լսում համապատասխան երաժշտություն, այլ ոչ թե լսում է երաժշտությունը, եւ հետո նոր ձեւավորվում է հոգեբանական վիճակ»,- փաստում է Դավիթ Հայրապետյանը: Էքստրեմալ երաժշտության երկրպագու Մելինեն արդեն 7 տարի է՝ ռոք է լսում. սկզբում՝ թեթեւ, հետո՝ նաեւ ծանր ռոք: Նա պատմում է, որ սկզբում շրջապատողների կողմից տարօրինակ արձագանքներ շատ է լսել, սակայն դրանց վրա երբեք ուշադրություն չի դարձրել: Նա նաեւ ավելացրեց, որ ռոքը երբեք վատ ազդեցություն չի թողել իր վրա, այլ` ընդհակառակը: «Կոնկրետ ինձ վրա ռոքը դրական է ազդում: Ռոք լսելուց միշտ հանգստանում եմ: Առօրյա հոգսերից կտրվելու ու սթրեսից ազատվելու համար միշտ էքստրեմալ երաժշտություն եմ լսում, ու բոլոր վատ էմոցիաները երաժշտության հնչյունների հետ դուրս են գալիս»,- խոստովանում է Մելինեն: Երբ նույն հարցն ուղղեցինք ագրեսիայի հետ աղերսներ չունեցող այլընտրանքային ռոք խմբի` «The Beautified Project»-ի մեներգիչ Անդրե Սիմոնյանին, նա հետաքրքիր դիտարկում արեց. «Ինձ թվում է, որ եթե ռոքն ագրեսիա ծնող երաժշտություն լիներ, «կռիվները» ռոք խմբերում առավել հաճախակի կլինեին: Հենց հայաստանյան խմբերում հաճախ ենք տեսնում վեճեր ու պառակտումներ, իսկ ռոք խմբերի պարագայում հազվադեպ են այդպիսի երեւույթները, քանի որ ռոքերներին առաջին հերթին միավորում է երաժշտությունը»: Կարծում եմ` այս բոլոր կարծիքները համոզիչ են ռոքի ազդեցության մասին եղած տեսակետները վերանայելու, ինչու չէ, նաեւ փոխելու համար: Խոսելով հայկական ռոքի վիճակի մասին` Անդրե Սիմոնյանը նշեց. «Ռոքը Հայաստանում առաջ է շարժվում, եւ դա շատ լավ է: Ինտերնետի զարգացումը մեծ դեր կատարեց հայ երիտասարդությանն այն ամենի հետ ծանոթացնելու գործում, ինչը տեղի է ունենում այսօրվա ռոքի աշխարհում»: Հ.Գ.: Ռոք երաժշտությունը 1950-ական թվականներին ծագել է ԱՄՆ-ում: 1960-ական թվականներից մասնավորապես Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում այն զարգացել ու բաժանվել է մի շարք ուղղությունների: Ռոքի հիմքերում ընկած է ռոքնռոլը, որն էլ 1940-1950-ական թվականներին ձեւավորվել է ռինթընդբլյուզի, ռոքաբիլլիի եւ քանթրիի ազդեցությամբ: Այս ժանրի հիմնադիրներից են Էլվիս Փրեսլին, Ջիմի Հենդրիքսը, «The Beatles», «The Rolling stones» խմբերը եւ այլք: Հայկական ռոքն էլ բավականին հին պատմություն ունի: 1960-ական թվականների կեսերին ստեղծվեց Արթուր Մեսչյանի «Առաքյալներ» խումբը, որը ժամանակին մեծ ճանաչում ուներ ոչ միայն Հայաստանում, այլեւ Խորհրդային Միության մյուս երկրներում: «Առաքյալներ»-ն առաջին խումբն էր նախկին ԽՍՀՄ տարածքում, որ իր երգերը կատարում էր մայրենի լեզվով: Այժմ էլ հայտնի հայկական ռոք խմբերը քիչ չեն. դրանցից են 1980-ական թվականներին ստեղծված «Բամբիռ», «Ոստան Հայոց» խմբերը: Իսկ նոր սերնդի ճանաչված ու ակտիվ գործողներից են «Empyray»-ը, «Որդան կարմիր»-ը, «Նաիրի»-ն, «Դոգմա»-ն, նոր սերնդի «Բամբիռ-2»-ը, «The Beautified Project»-ը, «Դորիանս»-ը եւ այլ խմբեր: Տաթեւ Կարակաշյան