Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 01-05-2013
Հետ` դեպի ապագա. առասպե՞լ, թե՞ իրականություն...
Հնարավոր է արդյո՞ք, որ մարդը մի օր ժամանակի մեքենայի օգնությամբ հետ դառնա անցյալ, պատահաբար սպանի իր պապիկին, ամուսնանա իր տատիկի հետ, որպեսզի ծնունդ տա իր ապագա հորը...
Համաձայն Ալբերտ Այնշտայնի տեսության` ապագա ճամփորդելու համար պետք է հասնել լույսի արագությանը: Դեպի անցյալ ճամփորդելու համար էլ պետք է գերազանցել լույսի արագությանը: Ի դեպ, մասամբ դա հաջողվել է մեկ մարդու` Սերգեյ Կրիկալյովին: Նա ժամանակին 28 կմ/ժ արագությամբ 337 մղոն տարածություն է կտրել երկրագնդի ուղեծրի շուրջը եւ այժմ մոլորակի բոլոր բնակիչներին գերազանցում է 0,02 վայրկյանով: Մեր համեմատ` նա ապագայում է գտնվում: Սա ապացուցում է, որ տեսականորեն դեպի ապագա ճամփորդելը հնարավոր է: Իսկ դեպի անցյա՞լ…
  • Հանգույցի առեղծվածը Այս եզրույթն իր պատմվածքներից մեկում կիրառել է Ռոբերտ Հայնլայնը՝ նկարագրելով հենց այդպիսի մի իրավիճակ: Սա մի տարածված տեսակետ է, ըստ որի` հնարավոր է ճամփորդել ժամանակի մեջ եւ կամա թե ակամա որոշակի իրողություններ փոփոխել: Միակ «բայց»-ն այն է, որ անցյալում կատարված փոփոխությունն անդառնալի է եւ պատմության մեջ է մտնում որպես կայացած փաստ: Միաժամանակ մարդը ժամանակում այդ կերպ ճամփորդելով չի կարողանում պահպանել երիտասարդությունը կամ հավերժական կյանք ձեռք բերել. ծերացումն անխուսափելի է: Նույնպես անհնար է անցյալի մարդկանց փոխանցել տեղեկատվությունը, քանի որ այն ժամանակային առումով ունենում է երկուսից ավելի ծագում: Ենթադրենք, որ դուք քսանմեկերորդ դարում հայտնաբերել եք ժամանակի մեքենա եւ ճամփորդելով դեպի 1000 տարի առաջ` այդ ժամանակ ապրող մարդկանց սովորեցրել եք օգտագործել ժամանակի մեքենան: Ապա անցնում է 1000 տարի, «ծնվում» եք դուք եւ կրկին հայտնաբերում ժամանակի մեքենան` այն անցյալ ուղարկելով: Ստացվում է, որ ժամանակի մեքենան չունի հայտնաբերման կոնկրետ սկզբնաղբյուր, որն այնքան անորոշ է, որքան զրոյի բաժանելու արդյունքը:
  • Վարկած տիեզերական ցենզուրայի թույլ ձեւի մասին Այս թեորեմը հիմնվում է Սթիվեն Հոքինգի աշխատությունների վրա. նա տարիներ շարունակ ուսումնասիրել է Սեւ անցքերը: Ըստ հեղինակի` Սեւ անցքերի մակերեւույթը «իրադարձությունների հորիզոն» է: Հենց որ առարկան հատում է այդ սահմանը եւ մտնում անցքի մեջ, նա դադարում է տվյալ տարածական-ժամանակային կետում գոյություն ունենալուց: Նրան անսահման մեծ ձգողական ուժով ներքաշելու է էներգիայի մի կծիկ` սինգուլյարությունը: Այսինքն՝ Սեւ անցքի միջով անցնելով՝ տիեզերանավը ժամանակային-տարածական մի հսկայական հատված կտրելու հնարավորություն ունի:
  • Վարկած ժամանակագրության պաշտպանվածության մասին Հոքինգի առաջարկած այդ վարկածը հավաստում է, որ տիեզերքում գոյություն չունի «փակ ժամանակակերպ կոր» հասկացությունը, որը ցանկացած օբյեկտի սահմանափակված ճանապարհն է քառաչափ ժամանակա-տարածական հարթությունում: Եթե քվանտային մաթեմատիկոսներն ապացուցեն այդպիսի փակ ժամանակակերպ կորի գոյության փաստը, ապա հնարավոր կլինի նաեւ դեպի անցյալ ճամփորդելը: Հակառակ դեպքում ճիշտ կհամարվի Հոքինգի հետեւյալ ենթադրությունը. «Տիեզերքի պատմությունը պաշտպանված է»:
  • «Խլուրդային անցքերը» խախտում են ֆիզիկայի կանոնները Քվանտային ֆիզիկոսներն առաջադրել են «Այնշտայնի-Ռոզենի կամուրջների» գոյության ծավալուն վարկածը` հիմք ընդունելով այդ երկու գիտնականների հսկայածավալ աշխատությունները: Ըստ այդ վարկածի` ժամանակային-տարածական հարթության մեջ կան մի քանի կետեր, որոնց միջոցով տիեզերանավը կարող է առանց լույսի արագությանը հասնելու ճեղքել ժամանակն ու հայտնվել տիեզերական իրողության մեկ այլ վայրում: Վարկածն ավելի տեսանելի դարձնելու համար պատկերացնենք, որ գործընթացը նման է թուղթը ծակելուն եւ ապա երկու ծայրերի ծալվելուն ու հատվելուն: Միակ խնդիրն այն է, որ ֆիզիկոսները դեռ չգիտեն` արդյոք այդ անցքերում գործում են Երկրագնդի վրա առկա ֆիզիկական կանոնները, թե՝ ոչ:
  • Ապագայից զբոսաշրջիկների դեռ երբեք չենք հանդիպել Անհերքելի փաստ է. եթե դեպի անցյալ ճամփորդելը հնարավոր լիներ, ապա ապագայում` անծայրածիր ժամանակային մի հատվածում, գիտնականներից գեթ մեկը կհայտնաբերեր ժամանակի մեքենա եւ անպայման կփորձարկեր այն` վերադառնալով անցյալ: Սակայն, դեռեւս ոչ մեկը երբեւէ չի վերադարձել անցյալ, այլապես մենք դա կիմանայինք թեկուզ պատմության տեսքով: Ի դեպ, դեպի անցյալ վերադառնալու հնարավորության դեպքում պոտենցիալ ճամփորդների 90%-ը կնախընտրեր 2000 տարի հետ գնալ` համոզվելու համար Քրիստոսի աստվածային բնույթի մեջ: Քչերի մոտ ցանկություն կառաջանար հետ գնալ մի քանի տարի եւ կանխել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմական գործողությունները:
  • Երկվորյակների առեղծվածը Այս հետաքրքիր վարկածն ամբողջությամբ առեղծվածային ու անտրամաբանական է: Պատկերացնենք, որ երկվորյակներից մեկը մնում է Երկրի վրա, իսկ մյուսը լույսի արագության 80%-ը կազմող արագությամբ ճամփորդում է դեպի Պրոքսիմա Ցերերա համաստեղություն, որը գտնվում է 4 լուսային տարվա հեռավորության վրա: Ճամփորդությունը տեւում է 10 տարի: Հենց այդքան տարով է ծերանալու Երկրի վրա մնացած երկվորյակ եղբայրը: Սակայն, տիեզերանավում գտնվող եղբայրը ծերանալու է 6 տարով, քանի որ տիեզերանավով ճամփորդության ընթացքում 4 լուսային տարվա հեռավորությունը վերածվելու է 2,4-ի:
  • E= MC2 Էներգիայի եւ զանգվածի համեմատականության այս բանաձեւը, որը ձեւակերպվել է Այնշտայնի կողմից, հետագայում շատ ու շատ կյանքեր է կործանել` դառնալով զանգվածային ոչնչացման զենքերի հիմնաքարերից մեկը: Վարկածի համաձայն` որքան արագ է շարժվում որեւէ մարմին, այդքան շատ էներգիա է պահանջվում դրա համար: Մարմինը կարող է տեղափոխվել անցյալ` միայն լույսի արագությունը գերազանցելով, իսկ դրա համար պետք է անսահմանափակ քանակով էներգիա` անսահմանաչափ արագությանը համապատասխան:
  • Ժամանակային հանգույց Այս հանգույցը եւս մի հակասական սցենար է ստեղծում, որը խախտում է բոլոր պատճառահետեւանքային կապերը: Ենթադրենք, որ մեկը հայտնագործում է ժամանակի մեքենա եւ վերադառնում անցյալ: Ապա նա փորձում է ստիպել իր տատիկին ու պապիկին, որ ծանոթանան անցյալում, որպեսզի ծնվի իր հայրը, ում շնորհիվ էլ նա ապագայում ծնվելու հնարավորություն կստանա: Սակայն, այդ մարդը պատահաբար սպանում է իր պապիկին եւ ստիպված է լինում կենակցել իր տատիկի հետ, ծնունդ տալ իր հորը, ով էլ տարիներ անց ծնունդ կտա իրեն: Ապա նա էլի կստեղծի ժամանակի մեքենա եւ էլի կվերադառնա անցյալ: Այս ամենը անտրամաբանական է, քանի որ հետեւանքն ապագայում առաջանում է ավելի վաղ, քան պատճառը՝ անցյալում:
  • Ժամանակի առեղծված Այս առեղծվածը մասամբ լույս է սփռում նախորդ ենթադրության վրա: Եթե վերադառնաք անցյալ եւ սպանեք ձեր պապիկին, այսինքն` ապագա ձեզ, ապա ո՞վ է ապագայում պատրաստելու ժամանակի մեքենա, հետ գնալու եւ սպանելու ձեր պապիկին: Աբսուրդ թվացող այս ենթադրությունները բացատրություն են գտել` համաձայն քվանտային մեխանիկայի եւ ֆիզիկայի կանոնների: Չի բացառվում «մուլտի-տիեզերքի» գոյության փաստը, որտեղ յուրաքանչյուր անձ ունի անվերջ թվով պրոյեկցիաներ. կյանքերից մեկում դուք մանուկ հասակում մահանում եք քաղցկեղից, իսկ զուգահեռ հարթությունում ապրում եք հարյուր տարի եւ դառնում հարբած ծեծկռտուքի զոհը:
  • «Ամեն ինչի մասին վարկածի» բացակայությունը Նախորդ բոլոր վարկածներն ավելի շատ տրամաբանական բնույթ էին կրում, քան մաթեմատիկական: Բանն այն է, որ հարաբերականության մասին երկու հիմնաքարային տեսությունները պատկանում են Այնշտայնին, սակայն նա չհասցրեց ավարտել իր ձեւակերպումը եւ հարաբերականությունը կապել էլեկտրամագնիսականության հետ: Մաթեմատիկայում դեռեւս գոյություն ունի մի «սրբություն սրբոց»` «Մ-տեսությունն» այնքան անհավատալի է եւ սրբազան, որ նույնիսկ մաթեմատիկոսները չեն հավատում դրա գոյությանը: Եթե հաջողվի բացահայտել այն, ապա գիտնականները կհայտնաբերեն միանգամից 11 նոր հարթություն` ներկայիս 4-ի փոխարեն: Գուցե դա երբեւէ լույս սփռի այնպիսի դժվարագույն խնդրի վրա, ինչպիսին է ժամանակի մեջ ճամփորդելը: Աստղիկ Մելիք-Քարամյան