Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 01-04-2013
Ջախջախիչ անակնկալ չեխերի մատուցմամբ
2014 թ-ի աշխարհի ֆուտբոլի առաջնության ընտրական B խմբում մարտի 26-ին կայացած Հայաստան-Չեխիա հանդիպումը:
Երկու կողմերի համար էլ որպես առանցքային նշանակություն ունեցող խաղ էր դիտարկվում: Եթե այդ մասին հենց Երեւանում լրագրողների առջեւ հայտարարել էր Չեխիայի ընտրանու գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը, ապա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի՝ Վարդան Մինասյանի փոխարեն սպասվող խաղն այդպես էր որակել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ո՞վ էր ասել, թե մենք պետք է գնանք Բրազիլիա: Մենք կատարելագործում ենք մեր թիմի խաղը»,- Չեխիայի ազգային հավաքականին սեփական հարկի ներքո 0-3 ջախջախիչ հաշվով պարտվելուց հետո հայ լրագրողներին ավելի զարմացրեց Վարդան Մինասյանը: Ըստ նրա՝ չեխերը նոր ու անակնկալ մարտավարություն էին կիրառել՝ խաղալով երկու հենակետային կիսապաշտպաններով, ինչին ազգային թիմի մարզչական շտաբը չէր սպասում: Չեխիայի ազգային ընտրանին մարտի 22-ին սեփական դաշտում 0-3 հաշվով պարտվել էր Դանիայի հավաքականին՝ այդ խաղում էլ ունենալով ընդգծված երկու հենակետային կիսապաշտպաններ՝ ի դեմս Վլադիմիր Դարիդայի եւ Յարոսլավ Պլաշիլի: Ավելին՝ հենց այդ խաղում Միխալ Բիլեկն ավելի ճկուն մարտավարություն էր ընտրել, քան Երեւանում կայացած խաղում, սակայն երեւանյան հանդիպումը հաջողություն բերեց հենց չեխերին: Բուն խաղին անդրադառնալով՝ պետք է նշել, որ 1-ին խաղակեսը Հայաստանի ազգային հավաքականը սկսեց շատ բուռն ու կարող էր հաջողության հասնել ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ. նպաստավոր դիրքերից հարվածեցին Յուրա Մովսիսյանը, Էդգար Մանուչարյանը եւ Գեւորգ Ղազարյանը: Կադրային խնդիրների պատճառով Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել պաշտպաններ Վալերի Ալեքսանյանը եւ Տարոն Ոսկանյանը, ինչպես նաեւ կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Այն, որ այս խաղում ազգային հավաքականում աջ եզրային պաշտպանի պարտականությունները կկատարի 20-ամյա Կամո Հովհաննիսյանը, ոչ մեկի համար նորություն չէր: Չեխերն իրենց հերթին բավականին հանգիստ էին գործում 1-ին խաղակեսի ընթացքում՝ խուսափելով ավելորդ նյարդային գործողություններից: Վնասվածքից ապաքինված եւ թիմի մեկնարկային կազմում հայտնված Թոմաշ Ռոսիցկին կարողանում էր հավասարակշռել պաշտպանողական եւ հարձակվողական գործողությունները: Վերջինիս այդ գործում օգնում էին նաեւ Թոմաշ Հյուբշմանը եւ Յարոսլավ Պլաշիլը: Մի քանի վտանգավոր գրոհներից հետո 1-ին խաղակեսի միջնամասում Հայաստանի ազգային հավաքականը մտածեց մի փոքր հանգստի մասին, ինչի արդյունքում էլ չեխերն ակտիվացան՝ փորձելով ճեղքել մեր թիմի պաշտպանական օղակը: Մինչեւ 1-ին խաղակեսի ավարտը, սակայն, գոլ չգրանցվեց: Լեփ-լեցուն «Հանրապետական» մարզադաշտը 1-ին խաղակեսից հետո ակնկալում էր, որ Վարդան Մինասյանը կկարողանա ընդմիջման ժամանակ ճիշտ խորհուրդներ տալ իր թիմին, եւ արդեն 2-րդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները, մրցակցի հանդեպ ճնշումը զգալի մեծացնելով, կփորձեին գրավել Պետր Չեխի պաշտպանած դարպասն ու ցանկալի հաղթանակի հասնել: Մարզադաշտում հավաքված ավելի քան 15 հազար երկրպագուները չէին էլ ակնկալում, որ ընդմիջումից անմիջապես հետո Հայաստանի հավաքականը կարող է գոլ բաց թողնել՝ կոպիտ սխալներ թույլ տալով: Մատեյ Վիդրայի դեմ օդային պայքարում անզոր էին Հայաստանի ազգային ընտրանու պաշտպանները, ինչի արդյունքում էլ չեխերն առաջ անցան հաշվի մեջ: Բաց թողած գոլից հետո հայ երկրպագուներն ավելի ոգեւորվեցին՝ փորձելով ոգեւորել նաեւ ազգային ընտրանու խաղացողներին, սակայն ոչինչ չստացվեց. թիմը շարունակում էր անատամ խաղ ցուցադրել: Անգամ Արաս Օզբիլիսի եւ Արթուր Սարկիսովի խաղադաշտում հայտնվելը չօգնեց մեր թիմին, իսկ ահա մրցավարն էլ, հայ երկրպագուների կարծիքով, սխալվեց եւ չհաշվեց հայ ֆուտբոլիստների խփած գնդակը՝ խաղից դուրս իրավիճակ հայտարարելով: Մեկ այլ վիճահարույց դրվագ էլ եղավ. հայ ֆուտբոլիստները 11 մետրանոց տուգանային հարված էին պահանջում, մինչդեռ խաղը վարող ռումին մրցավար Պավել Բալայն այլ կարծիքի էր: Հանդիպման 81-րդ րոպեին կրկին սեփական նախաձեռնությամբ եւ կոպիտ սխալի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը ստիպված եղավ հանդիպումը սկսել խաղադաշտի կենտրոնից. իր հաշվին դուբլ գրանցեց այս խաղում գրեթե ոչնչով աչքի չընկած Մատեյ Վիդրան: Նա ուղղակի կարողացավ օդային պայքարում կրկին հաղթող ճանաչվել, եւ մեն-մենակ դուրս գալով Ռոման Բերեզովսկու դեմ՝ սառնասրտորեն գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը՝ հաշիվը դարձնելով 0-2: Հանդիպման վերջին վայրկյաններին Հայաստանի ընտրանին ստիպված էր նորից «խոստովանել» իր անզորությունը. 3-րդ գնդակը հայտնվեց փորձառու Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասում: Իր հաշվին այս անգամ գոլը գրանցեց փոխարինման դուրս եկած Դանիել Կոլարժը՝ գլխիկոր թողնելով հայ երկրպագուներին ու ֆուտբոլիստներին: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայերին փորձեց մխիթարել Միխալ Բիլեկը՝ նշելով, որ դեռեւս ամեն ինչ կորած չէ հայկական կողմի համար. «Առջեւում 6 խաղ ունի թիմը, իսկ եթե այդ բոլոր խաղերում Հայաստանի ազգային հավաքականը հաղթի, ապա հաստատ մեծ շանսեր կունենա Բրազիլիա մեկնելու եւ ձեր երկիրը ներկայացնելու համար»: Իր թիմի մասին խոսելիս Միխալ Բիլեկը մատնանշեց հատկապես կիսապաշտպանների ակտիվ գործողությունները, ինչի շնորհիվ էլ թիմը կարողացավ հաղթանակի հասնել: Ըստ Միխալ Բիլեկի՝ ինքն էլ ավանդ ուներ այդ հաղթանակի մեջ՝ 50-50 գնահատելով թիմի ու իր աշխատանքը: Հաջողություն մաղթելով մեր թիմին՝ Չեխիայի ընտրանու մարզիչը լքեց մամուլի ասուլիսի սրահը, որտեղ քիչ անց իսկական «պայթյուն» պետք է լիներ: «Հոյակապ խաղացին բոլորը: Պաշտպանները նույնպես լավ խաղացին: Յուրաքանչյուր պարտություն մարզչի պարտությունն է: Մենք փորձում ենք կատարելագործվել: Ես երբեք չեմ ասել, թե ցանկանում ենք գնալ Բրազիլիա: Թիմը խաղում է իրավիճակից կախված: Նոր մարտավարական փոփոխություններ չեն լինի, կլինեն տակտիկական փոփոխություններ»,- հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լակոնիկ ոճով ասաց Վարդան Մինասյանը՝ ցնցելով լրագրողներին… Դա ցնցեց նաեւ երկրպագուներին: Թե ինչ կարելի է եզրակացնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի այդ խոսքերից, թողնում ենք Ձեր դատին, սակայն այժմ արդեն բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված թիմը չի կարողանում հաղթական ֆուտբոլ ցուցադրել: Պատճառները շատ են: Դրանց կարելի է հերթով անդրադառնալ, այնպես որ` սպասե՛ք նորությունների: Հ.Գ.: Հետաքրքիր է, որ Հայաստան-Չեխիա հանդիպումն աչքի ընկավ նաեւ բացարձակ անկազմակերպվածությամբ. խաղից րոպեներ առաջ «Հանրապետական» մարզադաշտի դռների առջեւ հայտնվեցին երկրպագուներ, ովքեր անգամ գնված տոմսերով չկարողացան մտնել խաղադաշտ: Կարգը պահպանող ոստիկանները հավաստում էին, որ մարզադաշտը լեփ-լեցուն է, եւ իրենց հրահանգված է մարդ ներս չթողնել: Եթե մի փոքր խելացի ու շրջահայաց գտնվեին մեր ոստիկանները, ապա կարող էին անպարտաճանաչ ֆուտբոլասերներին հուշել, որ մարզադաշտ մուտք գործեն մյուս՝ Չարենցի փողոցի մուտքից, որտեղից տոմսերով մուտքը թույլատրվում էր: Ինչեւէ, Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղը դեռ շատ կքննարկվի: Հարություն Ծատրյան