Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 25-03-2013
Թե երբ եւ ինչու են երիտասարդները սկսում զբաղվել քաղաքականությամբ
Ըստ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի` հայ երիտասարդների 53.1%-ը հետաքրքրված է երկրի ներքաղաքական կյանքով:
Ինչպես նշում է հոգեբան Իզաբելլա Ղազարյանը, ով որոշ ժամանակ ուսումնասիրել է քաղաքականության հոգեբանություն, մարդկանց քաղաքական կողմնորոշումներն ի հայտ են գալիս հիմնականում ուսանողական տարիներին, ինչը համընկնում է երիտասարդության առաջին շրջանի (մինչեւ 25 տարեկան) հետ: Նրա մեկնաբանմամբ` երկու հիմնական պատճառներ կան, որոնց հիման վրա երիտասարդները դառնում են այս կամ այն քաղաքական ուժի անդամ: Մեկն այն է, որ այդ շրջանում նրանց ինքնաարտահայտվելու հարթակ է պետք, իսկ Հայաստանում ընտրությունն այնքան էլ մեծ չէ. ամենաակտիվը քաղաքական դաշտն է: Այստեղ երիտասարդ մարդիկ կարող են ինքնաիրացվել, առաջ տանել սեփական գաղափարները: Մյուս կողմից էլ որպես անհատ կայանալու փուլում նրանք ձգտում են ուժեղ թիմի անդամ լինել: «Վաղ ուսանողական տարիքում խորշում էի քաղաքականությունից: Ավելի ճիշտ` քաղաքականապես ակտիվ էի, բայց չէի ուզում դառնալ քաղաքական ակտիվիստ,- խոստովանում է ՀՀԿ երիտասարդ անդամ Հայկ Մամիջանյանը,- ակտիվ քաղաքական պրոցեսների մեջ ներգրավվեցի 21 տարեկանում, երբ անդամակցեցի ՀՀԿ-ին: Ընտրեցի այս կուսակցությունը, որովհետեւ ես միշտ ինձ համարել եմ թիմային խաղացող ու վստահ եմ, որ ցանկացած գործչի հաջողության գրավականը հզոր ու բանիմաց թիմն է»: Իսկ ՀՅԴ երիտասարդական կառույցի ներկայացուցիչ Հարություն Մելիքյանը հայկական կուսակցություններով սկսել է հետաքրքրվել դեռեւս դպրոցական տարիքից. «Ավագ դասարաններում սկսեցի ուսումնասիրել ավանդական կուսակցությունների պատմությունն ու գործունեությունը: Քանի որ ներքին ժողովրդավարության առումով ամենալավ կուսակցությունը ՀՅԴ-ն էր, այդ պատճառով 18 տարեկանս լրանալուց անմիջապես հետո անդամագրվեցի ՀՅԴ-ին»: Ազգային զեկույցի համաձայն` երիտասարդների 60.1%-ը համարում է, որ բավարար չափով լավ է կողմնորոշվում Հայաստանի ներքաղաքական հարցերում, 57.9%-ն էլ կարծում է, որ իր ձայնը կարեւոր է ընտրությունների ժամանակ: Հարցված երիտասարդների 11.6%-ը եղել է որեւէ կուսակցության կամ դրա երիտասարդական թեւի անդամ: Չնայած Հայաստանի երիտասարդությունն ընդգրկված է քաղաքական գործընթացներում, սակայն նրա գերիշխող մասը ներքուստ օտարված է քաղաքական համակարգից: Երիտասարդների 76.2%-ը համարում է, որ Հայաստանում չկա այնպիսի կուսակցություն, որն արտահայտում է իր շահերը: Ընդ որում` այդպիսի դիրքորոշումներն ամենից շատ տարածված են Երեւանում (83.4%): Գյուղերում այդպիսի դիրքորոշումներ ունի երիտասարդների 70.6%-ը: Իրենց շահերն արտահայտող կուսակցություն ունեցող ուսանողների 41%-ը որպես այդ կուսակցության գաղափարախոսություն նշել է քաղաքական քարոզչության իդեոլոգեմաները (օրինակ` «մտածում է ժողովրդի մասին», «նրանց խոսքը գործ է», «կանգնած են ուսանողների կողքին» եւ այլն): Կուսակցականների նկատմամբ ուսանողության դիրքորոշումներն ուսումնասիրելու համար տրվել է հետեւյալ հարցը. «Ինչո՞ւ են մարդիկ դառնում կուսակցության անդամ»: Որպես պատասխանների տարբերակներ ներկայացվել են այլասիրական (ալտրուիստական) եւ անձնապաշտական (էգոիստական) դիրքորոշումներ արտահայտող հետեւյալ տարբերակները. 1. Լավ պաշտոն ձեռք բերելու համար (անձնապաշտական), 2. Լավ աշխատանք գտնելու համար (անձնապաշտական), 3. Սեփական գաղափարներն իրականացնելու համար (այլասիրական), 4. Ազգին/պետությանը օգտակար լինելու համար (այլասիրական), 5. Կյանքում վստահ զգալու համար (անձնապաշտական): Երիտասարդության քաղաքական մասնակցության տիպերը դասակարգելու համար 2012 թ-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու դիրքորոշում ունեցողներին հարց է տրվել, թե ինչո՞ւ են նրանք պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին: 60%-ը տվել է այնպիսի պատասխաններ, որոնք համապատասխանում են հպատակային քաղաքական մշակույթ կրող անձանց, իսկ 40%-ը` մասնակցային քաղաքական մշակույթ կրողներին: Ընտրություններին մասնակցել չցանկացողների ամենամեծ հատվածը (33.2%) որպես չմասնակցելու պատճառ տվել է խուսափողական պատասխան («Չեմ ցանկանում մասնակցել»): Երկրորդ խոշոր հատվածը պատասխանել է, որ «Իր ձայնը ոչինչ չի որոշում» (25.6%): Երրորդ խոշոր հատվածը որպես չմասնակցելու պատճառ նշել է «Ընտրություններն արդար չեն» պատասխանը (9.6%): Ըստ զեկույցի` քաղաքականությամբ ընդհանրապես չի հետաքրքրվում հայ երիտասարդության միայն 35.7%-ը: Հայաստանի երիտասարդությունը բավականին ինտենսիվ կերպով ընդգրկված է քաղաքական տեղեկատվական դաշտում. լրագրերով, հեռուստատեսությամբ կամ ինտերնետով ամեն օր կամ շաբաթը մի քանի անգամ քաղաքական լուրեր է կարդում կամ դիտում նրանց 74.9%-ը: Ընդ որում` ինտերնետով ստացվող քաղաքական լուրերին վստահում է երիտասարդների 75.5%-ը: Ինչպես նշում են մասնագետները, երիտասարդ տարիքում մարդիկ ավելի շատ էնտուզիազմ ունեն եւ պատրաստ են իրենց ներուժը ներդնել կուսակցությունների աշխատանքներում: Դրան նպաստում է նաեւ այն, որ վաղ երիտասարդության շրջանում մարդիկ, նյութական հեռանկարներից բացի, առաջնորդվում են զուտ գաղափարներով: Թե քաղաքական ինչ հայացքներ ունեն կուսակցական երիտասարդները, պարզ է դառնում նրանց ակտիվությունից, բայց փաստերը վկայում են, որ քաղաքականությամբ զբաղվելու դրդապատճառները համարյա բոլորի դեպքում նույնն են: Ծովինար Կարապետյան