Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 10-03-2013
Առողջ ապրելակերպն ու էքստրեմալ արշավները կարո՞ղ են փոխարինել «քյաբաբ-խորովածային» մշակույթին
«Մեր երիտասարդությունը շատ պասիվ է, ոչնչով չի հետաքրքրվում. բոլորի մտքին միայն ինտերնետն է». սա է վերջին շրջանում ամենաշատը հնչող արտահայտությունը:
«Eritasard.am»-ը ցանկացավ պարզել, թե ճի՞շտ է արդյոք ձեւավորված այդ կարծրատիպը, եւ իմանալ, թե վիրտուալ իրականությունից զատ՝ երիտասարդներն ինչպե՞ս են ազատ ժամանակն անցկացնում, ի՞նչ արտասովոր ու էքստրեմալ քայլերի են դիմում՝ միապաղաղ կյանքի ընթացքը փոքր-ինչ փոխելու համար: Գաղտնիք չէ, որ առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչը սպորտն է, քայլքը, ակտիվ ժամանցը: Դրանց գումարելով Հայաստանի գեղեցկագույն բնությունն ու պատմամշակութային վայրերը` կարելի է ասել, որ պարբերաբար կազմակերպվող արշավները հաճելիի եւ օգտակարի համատեղումն են: Հայաստանում այսօր կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք երիտասարդներին, ինչպես նաեւ նրանց ծնողներին, բարեկամներին եւ պարզապես բոլոր ցանկացողներին առաջարկում են տարաբնույթ արշավներ ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլեւ մոտիկ եւ հեռու արտասահմանյան երկրներում: Խնդիրը պարզապես ցանկությունն է եւ փոքրիկ գումար ներդնելը` փոխարենն անմոռանալի պահեր եւ հիշողություններ ձեռք բերելով: «Ինձ ուրախություն է պատճառում այն փաստը, որ մեր երիտասարդները, որոնց համար երազանք է եղել Տաթեւը, Շաքիի ջրվեժ այցելելը, ունեցել են իրենց ցանկությունն ի կատար ածելու հնարավորություն»,- նշում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողների հետ տարվող աշխատանքների ղեկավար Դավիթ Գրիգորյանը: Դավիթը մասնագիտությամբ լրագրող է. արշավներ կազմակերպելու միտքը ծագել է 2005 թ-ին, երբ սկսել է ղեկավարելԴավիթ Համբարձումյան ուսանողական խորհուրդը: Ի սկզբանե դեպի դիտարժան վայրեր կատարված էքսկուրսիաները ժամանցի յուրահատուկ ձեւ են եղել, այլ ոչ թե գումար վաստակելու միջոց: «Ծանրաբեռնված շաբաթվանից հետո այս երկու օրը հրաշալի դեղատոմս է` հոգեպես լիցքաթափվելու, դրական լիցքեր ստանալու եւ առօրյային վերադառնալու համար»,- նշում է Դավիթը: Հայաստանի էքստրեմալ սպորտաձեւերի եւ տուրիզմի ակումբի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը ասում է, որ իրենց ակումբը` 2002 թ-ին հիմնադրված, մի քանի տարի զբաղվում էր զուտ Հայաստանի հնարավորություններն ուսումնասիրելով` թե ինչ է հնարավոր անել, ինչը` ոչ. «Սկզբում գիտելիքների ձեռքբերման, ինքներս մեզ վրա աշխատելու փուլն էր, ապա եկավ ակտիվ գործունեության ժամանակը: Արշավներին վերաբերում ենք շատ լուրջ` մինչեւ վերջին մանրուքը քննարկելով: Առաջինը` դա մի մեծ փիլիսոփայություն ու գաղափարախոսություն է, երկրորդը` մարդուն քիչ թե շատ վտանգ սպառնացող միջոցառում»: Արշավականները պետք է ամեն ինչին պատրաստ լինեն, ունենան հատուկ հանդերձանք` քնապարկեր, պարաններ, լուսարձակներ, պաշտպանական միջոցներ: Գները հայերի համար մինիմալ են` միայն տրանսպորտի համար անհրաժեշտ գումարը: «Ավելցուկով գումար ենք վերցնում գիշերակացով գնալու դեպքում, երբ սնունդ կամ հանդերձանք պիտի ձեռք բերենք: Արտասահմանցիները մի փոքր ավելի գումար են վճարում»,- փաստում է Գոռ Հովհաննիսյանը: Սկզբում արշավներին միացողների քանակը սահմանափակ էր: Դավիթ Գրիգորյանը նշում է, որ սկզբում նախաձեռնության մեջ ընդգրկվում էին միայն ԳԱԱ մագիստրանտները, սակայն այնուհետեւ նրանց էին միանում նրանց ընկերներն ու բարեկամները: Էքստրեմալ ակումբի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը նշում է, որ սկզբնական փուլում ակումբի անդամները նույնպես քիչ էին: Այնուհետեւ «Ֆեյսբուքի» միջոցով նախաձեռնությունը սկսեց տարածվել, եւ այսօր ակումբի 7000 ֆեյսբուքյան հետեւորդներից առնվազն 3000-ը միանում են էքստրեմալ արշավներին: «Ունենք «խենթ ու խելառների մի խումբ», որը մեծ սիրով աշխարհի ծայրը կգնա: Հիմնական խմբին պարբերաբար միանում են այն մարդիկ, ովքեր կրկին ուզում են վերադառնալ արշավներին»,- պարզաբանում է Գոռը: Տարիքային սահմանափակում այս ոլորտում գոյություն չունի. ամեն ինչ կախված է կոնկրետ անձի ֆիզիկական պատրաստականությունից ու ցանկությունից: Արշավներին մասնակցում են 14-ից 78 տարեկան բոլոր ցանկացողները: Ի դեպ, մի անգամ Մոզրովի քարանձավ իջնելիս խմբին միացել է 92–ամյա մի հայտնի քարանձավախույզ տուրիստ: Կազմակերպվող արշավները բազմաբնույթ են` պատմա-ճանաչողական, լեռնագնացության, քարանձավախուզության, ժայռամագլցման, պարաշյուտներով ցատկերի, սթրայք-բոլի, փեյնթ-բոլի: Ճամբարներում կազմակերպվում են նաեւ դասընթացներ` մեկ շաբաթից մինչեւ մեկ ամիս տեւողությամբ: «Էքստրեմալ դասընթացների ընթացքում գուցե մեկ շաբաթով գնանք մի տեղանք` առանց մեզ հետ սնունդ վերցնելու: Ու փորձում ենք այնտեղ ուտելիք գտնել` եղինջով ճաշ, ձուկ, խեցգետին բռնել, նայած որտեղ ենք գնում»,- պատմում է Գոռ Հովհաննիսյանը: «Ես շատ ուրախ եմ, որ «մաֆիայից» զատ՝ երիտասարդները խաղում են լոտո կամ ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր են կազմակերպում տարբեր թեմաներով: Երեւանի ներսում խմբի ակտիվ կորիզը եւս ունի հագեցած գրաֆիկ. բաց չենք թողնում ոչ մի ներկայացում, ցուցահանդես, համերգ կամ մշակութային միջոցառում»,- հպարտությամբ նշում է Դավիթ Գրիգորյանը: Ի դեպ, գաղտնիք չէ, որ քաղաքի բնակիչներն ավելի շատ են նախընտրում հարմարավետությունը. էքստրեմալ արշավները նրանց այդքան չեն գրավում: Վերջերս ակտիվությունը հասել է նաեւ մարզերի բնակիչներին: «Ցավոք սրտի, այսօրվա երիտասարդության մեծ մասի հետաքրքրությունը սահմանափակվում է «քյաբաբ-խորոված, փարթիներ, թանկանոց մեքենաներ ունենալով եւ աննպատակ ժամանակ սպանելով»,- մտահոգվում է Գոռը: Էքստրեմալ արշավները հիմնականում նախընտրում են տուրիստական խմբերը, որոնք հոգնել են թանկ եւ անարդյունավետ դասական տուրերից: «Մենք սովոր ենք Հայաստանը տեսնել ավտոբուսից, բայց երբ դուրս ես գալիս մեքենայից եւ գոնե մի երկու կիլոմետր խորանում անտառների մեջ, այդ ժամանակ հպարտ ես զգում, որ ապրում ես այս երկրում»,- ասում է Գոռը: Տուրիստներին միանում են հայերը, ովքեր այդ կերպ նաեւ գործնականում կատարելագործում են օտար լեզուն, ծանոթանում են այլ մշակույթի հետ, ցուցադրում մերը: Գոռի հավաստմամբ՝ իրենց հետ գնացող մարդիկ, բարեբախտաբար, միշտ հայի պատիվը բարձր են պահել. «Ասեմ ավելին. շատ զբոսաշրջիկներ ասում են, որ Հայաստանում երիտասարդությունը շատ ավելի լավն է, քան իրենց երկրներում»: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ տղաների շրջանում արշավների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, իսկ աղջիկների շրջանում` աճել: «Աղջիկներն ու տղաները, ցավոք, տեղերով փոխվել են: Մեր փորձը ցույց է տալիս, որ բարդությունների միջոցով աղջիկներն ավելի հեշտ են անցնում: Վատ չէ, իհարկե, քաջ աղջիկներ ունենալը, բայց պատերազմական պայմաններում գտնվող Հայաստանին ավելի ուժեղ ու անվախ պաշտպաններ են պետք»,- ասում է էքստրիմ ակումբի հիմնադիրը: Հետաքրքիր է նաեւ իմանալ` երիտասարդները որ տեղերն են ամենաշատը նախընտրում այցելել: Դավիթ Գրիգորյանը նշում է, որ գարնան ամիսներին ամենից շատ այցելվող ուղղություններն են Տաթեւի վանքը, Խնձորեսկի նորակառույց կամուրջը, Քարահունջը, Շաքիի ջրվեժը, ապա` Արցախը, Արեւմտյան Հայաստանն ու մեր երկրի հյուսիսային շրջանները` Ապարան, Վանաձոր, Դսեղ, Հաղպատ եւ Սանահին: Գոռ Հովհաննիսյանն էլ հավելում է, որ ձմռան ամիսներին ավանդական է դարձել դահուկային ակտիվ հանգիստը Ծաղկաձորում, իսկ ամռանը պահանջարկված են Սյունիքը, Արցախն ու Լաստիվերը` որպես բնության եւ պատմամշակութային արժեքների միավորում` անտառներով, քարանձավներով, ջրվեժներով, իսկ էքստրեմալ ոլորտում` Արջերի քարանձավն ու Արագած լեռը: Ակումբը փոքրաթիվ խմբեր է տանում նաեւ Հայաստանից դուրս. ամեն դեպքում արտագնա արշավները նյութապես այնքան էլ մատչելի չեն: «Անցյալ աշնանը 20-25 հոգով բարձրացել ենք Հիմալայան լեռները, Նեպալ, Հնդկաստան, Տիբեթ: Այս տարի պատրաստվում ենք մեկնել Թայլանդ` օվկիանոսի ափին դայվինգով` ջրասուզակությամբ զբաղվելու»,- նշում է Գոռը: Ամփոփելով այս ամենը` նշենք, որ առօրյա կյանքի միապաղաղ հոգսերից կտրված եւ բնության մեջ շատ ժամանակ անցկացնող մարդիկ խորհուրդ են տալիս. «Ամեն օրն ապրել այնպես, որ մի հիշարժան բան մնա»: Հ.Գ: Արշավները երբեմն որպես «ամուսնական բյուրո» են ծառայում. հարյուրավոր մասնակիցներ էքստրեմալ պայմաններում գտնում են իրենց երկրորդ կեսին ու ամուսնանում: Աստղիկ Մելիք-Քարամյան