Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 03-12-2012
Ինչո՞ւ է դանդաղ զարգանում Արցախի երիտասարդական կյանքը
«Ստեփանակերտիզացիա». խնդիրներից մեկն այսպես են ձեւակերպում հենց իրենք` արցախցի երիտասարդները:
«Eritasard.am»-ը փորձել է պարզել նրանց ներգրավվածության մակարդակը պետական եւ հասարակական սեկտորներում եւ լսել նրանց մտահոգություններն իրենց իսկ կյանքի վերաբերյալ: «Ընդհանուր ներկայացվածությունը, եթե համեմատենք ՀՀ-ի հետ, բավականին թույլ է: Նկատի ունեմ ե՛ւ պետական պաշտոնական, ե՛ւ հասարակական սեկտորի միջոցով ներկայացվածությունը: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան: Պետական համակարգն այնպես չէ կառուցված, որ ապահովի կամ խթանի երիտասարդների ակտիվությունը»,- նշում է ԼՂՀ վարչապետի օգնական, «Կամք» ՀԿ-ի նախագահ Արտակ Բեգլարյանը: Իսկ հասարակական սեկտորում ակտիվ երիտասարդական կազմակերպությունները մի քանիսն են: Հիմա ստեղծվում են նորերը. այստեղ էլ ի հայտ է գալիս դրանց ղեկավարների խնդիրը, երբ նրանք հաճախ չունեն հասարակական կազմակերպություն կառուցելու, ղեկավարելու, ծրագրեր իրագործելու, նոր կապեր ստեղծելու հմտություններ եւ այլն: Այդ գործին օժանդակելու նպատակով էլ կազմակերպվել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Մեթոդական օգնություն ԼՂՀ-ին» ծրագիրը, որին, սակայն, մասնակցում էին շուրջ 15 երիտասարդներ: Ընդամենը: Իսկ այդպիսի կազմակերպություններն ավելի շատ են: Մասնակիցները հուսով են, որ այսպիսի մի քանի ծրագրերի միջոցով Արցախում կձեւավորեն թրեյներների թիմ, որն էլ կզբաղվի տեղացի երիտասարդների վերապատրաստմամբ: Մյուս կողմից էլ հասարակական դաշտի զարգացմանը խոչընդոտում է ֆինանսների սղությունը: Հենց դա է պատճառը, որ հասարակական կազմակերպություններից շատերը մշտական չեն գործում, գրասենյակ չունեն. ակտիվանում են այն ժամանակ, երբ կա որեւէ կոնկրետ միջոցառում: Արտակ Բեգլարյանը դա բացատրում է նրանով, որ եթե գումար չկա, կամավորական սկզբունքով երկար չեն ձգում: Պետությունը ՀԿ-ներին տարեկան տրամադրում է ընդամենը 4 մլն դրամ: «Համաձայնե՛ք, որ շատ քիչ է: ՀՀ-ում կան ՀԿ-ներ, որոնք միայն մեկ միջոցառման վրա են այդքան գումար ծախսում»,- համեմատում է Արտակը եւ հավելում, որ այդ գումարը բաշխվում է շուրջ 15 ՀԿ-ների միջեւ: Նրանք ԼՂՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հայտարարած մրցույթներին ներկայացնում են իրենց ծրագրերը եւ ստանում համապատասխան ֆինանսավորում: Վարչապետի օգնականը հավաստիացնում է, որ պետական մարմիններում երիտասարդների ներգրավվածության պատկերը հասարակականից ավելի բարվոք վիճակում չէ. «Այսօր կառավարման մարմիններում երիտասարդ մասնագետները մեծամասնություն չեն կազմում, ավելին` շատ քիչ են: Դա կախված է ղեկավարի դիրքորոշումից եւ վերաբերմունքից. չկա որեւէ աստիճանային համակարգ, որ ընտրեն երիտասարդին, զարգացնեն, վերապատրաստման ուղարկեն, ինչը մեծ պրոբլեմ է»: Մեկ քաղաքում կենտրոնացվածության նույն խնդիրը կա նաեւ Արցախում: «Ստեփանակերտիզացիան» լուրջ խնդիր է ստեղծում այն առումով, որ մյուս շրջաններում չեն ձեւավորվում ու չեն զարգանում ՀԿ-ները: «Մեր շրջանում երիտասարդներին համախմբելը բավականին դժվար է: Մտածելակերպն է ուրիշ: Մի անգամ մեզ մոտ ավանդական խաղերի մրցույթ էր հայտարարվել, վերջում պետք է ազգային պար պարեին, տղաներից մեկն ասաց` ուզում եք ինձ քաղաքում խայտառակ անե՞լ: Հիմա նախ պետք է վերաբերմունքի փոփոխման խնդիրը լուծել»,- ասում է Մարտունու մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի աշխատակից Էլինա Մուսայելյանը: Անցած տարվանից ԼՂՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխվել է Շուշի: Դա հույս է տալիս, որ գոնե այնտեղ երիտասարդական կյանքը մի քիչ ավելի ակտիվ կլինի: Երիտասարդական ակտիվությունը պայմանավորված է նաեւ ինֆորմացիայի հասանելիությամբ, երբ երիտասարդ մարդկանց տեղեկատվություն չի հասնում իրենց վերաբերող միջոցառումների ու ծրագրերի վերաբերյալ: Ինտերնետ կապը հասանելի է Արցախի բոլոր շրջաններում, սակայն՝ ոչ լիովին: Շրջանային կենտրոններում, քաղաքներում վիճակն ավելի բարվոք է, քան որոշ համայնքներում, որտեղ ընդհանրապես կապը չի հասնում: «Ստեփանակերտցի, շուշեցի կամ քաշաթաղցի երիտասարդները քիչ թե շատ ներգրավված են հասարակական կյանքում: Իսկ մյուս շրջաններում զբաղվածության լուրջ խնդիր կա: Լավ կլիներ, որ մշակութային փառատոններ կազմակերպվեին, կրթական, զուտ հաղորդակցական սեմինարներ լինեին»,- ասում է նախարարության երիտասարդական հարցերի բաժնի աշխատակից Արմինե Հայրապետյանը: Երիտասարդների զբաղվածության խնդիրը եւս պայմանավորված է շրջանների առանձնահատկություններով: Քաշաթաղում, որի բնակչության գերակշիռ մեծամասնությունը երիտասարդներ են, աշխատանքի խնդիրը համարյա լուծված է` ի տարբերություն մյուս շրջանների, որտեղ հիմնական զբաղմունքը գյուղատնտեսական աշխատանքներն են: «Այստեղ վերաբնակիչներն են, որոնք ունեն տարածքի համար պահանջված մասնագիտություններ` մանկավարժներ, գյուղատնտեսներ, բժիշկներ եւ այլն: Այսինքն` երբ գալիս են, արդեն ունեն աշխատանք»,- ասում է շրջանի մշակույթի եւ երիտասարդության բաժնի առաջատար մասնագետ Անահիտ Խուդոյանը: Պատկերասրահ՝ Արցախցի երիտասարդների այցը Երեւան Ծովինար Կարապետյան