Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 15-11-2012
Երեւանյան բացառիկ հուշարձաններ
«Eritasard.am»-ն առաջիկայում առանձին շարքով ներկայացնելու է Երեւանի հուշարձաններից մի քանիսը, որոնք նշանակությամբ բացառիկ են, սակայն գտնվում են անուշադրության կենտրոնում:
Դրանք կարող են վերածվել նույնիսկ զբոսաշրջության կենտրոնների: Կարող են, բայց առայժմ աղբանոցից այն կողմ չեն անցել: Որոշ հուշարձանների մասին էլ երեւանցիները պարզապես տեղյակ չեն: Երեւանյան քարայրը տեսնելու համար պետք է շահել... թիավարների սրտերը Եթե, այնուամենայնիվ, կարողանաք հասնել այդ վայրը, կտեսնեք, թե որտեղից է գտնվել ամենահին «երեւանցու» կմախքը: Հնագիտական պեղումները պարզել են, որ Հրազդանի միջին հոսանքների շրջանն ընդգրկող տարածքները հարուստ են հին քարեդարյան մշակույթի բազմաթիվ հուշարձաններով։ 1960-70-ականներին նշանակալի հայտնագործումներ են եղել Հրազդանի մերձերեւանյան շրջանում. հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից (վաղ քարե դար)։ Դրանցից են Երեւան եւ Արզնի բնակավայրերի միջեւ ընկած Հրազդանի կիրճի քարայր-բնակատեղիները, որոնք հայտնի են Երեւան-1, Երեւան-2, Զովունի, Լուսակերտ եւ այլ անուններով։ Հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել Երեւան-1 քարայրում (մուստերյան շրջան)։ Գտնվել են տարբեր գույների ու երանգների վանակատից, կայծքարից, բազալտից եւ հասպիսից պատրաստված աշխատանքային բազմատեսակ գործիքներ, որոնց թիվն անցնում է 2500-ից։ Քարայրը հեռու է եղել հումքի աղբյուրներից, իսկ հայտնաբերված նյութը (պատրաստի իրեր, ցլեպներ, թափոններ) վկայում է, որ կայանը նախնադարյան որսորդ-քարագործների «արհեստանոց» է եղել։ Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է։ Քարայրում հայտնաբերվել են ռնգեղջյուրի, արջի, իշայծյամի, վայրի ցուլի ոսկորներ (դրանք ուսումնասիրել է կենդանաբան Սոնյա Մեժլումյանը)։ Երեւանի պատմության թանգարանը վկայում է, որ քարայրում մարդու գործունեության հետքերը պատկանում են ուշ քարե դարի ժամանակաշրջանին։ Այն ուսումնասիրել է հնագետ Հ. Ազիզյանը։ Քարայրում հայտնաբերվել է մշակութային 4 շերտ. դրա հրապարակից պեղվել է աշելյան ժամանակաշրջանի բարձր տեխնիկայով պատրաստված եւ լավ պահպանված ձեռքի նշաձեւ օբսիդիանի (վանակատ) խոշոր հատիչ։ Կայանի վերին՝ պալեոլիթյան շերտն արգասավոր էր նաեւ այն առումով, որ քարե գործիքների հետ հայտնաբերվել է քարայրի բնակչի՝ համեմատաբար լավ պահպանված կմախքը։ Դրա ոսկորները պատված են եղել մանգանի սեւ գույնի ծառանման հետքերով, իսկ որոշ ոսկորներ քարացած են եղել։ Գանգը վերականգնել է պրոֆեսոր Անդրանիկ Ճաղարյանը։ Այդ «հին երեւանցու»` բավականին լուրջ արտահայտությամբ դեմքը կարելի է տեսնել Երեւանի պատմության թանգարանում: Այսպիսով՝ Հրազդան գետի ափամերձ շրջաններն այն տարածքներն են, որտեղ սկիզբ է առել եւ հազարամյակներով շարունակվել մարդկության պատմությունը։ Երեւանյան քարայրը, սակայն, միակը չէ, որ հազարամյակների պատմություն ունի: Երեւանյան լճի ամբողջ շրջակայքում այդպիսի քարայրներ են: Դրանցից մեկով էլ ջուր է հոսում, որը լիճն է լցվում: Եթե այլ երկրներում մի քանի հարյուր տարեկան հուշարձանները դառնում են մշակութային կենտրոններ եւ միլիոնների եկամուտ բերում, ապա մեր դեպքում այդ քարայրներն ամենաշատը ծառայում են որպես «բնակարան», որտեղ օթեւանում են շրջակայքում գտնվող թափառաշրջիկները: Քարայրներն այսօր հատուկ չեն պաշտպանվում: Քաղաքային իշխանությունների փոխարեն՝ դա անում է բնությունը: Այսօր Երեւանյան քարայր հասնելը շատ դժվար է: Այնտեղ տանող ճանապարհ չկա, որովհետեւ Հրազդան գետի ափին աճող թավ բուսականությունը` եղինջներ, փշեր եւ այլն, տարածքը դարձնում է անանցանելի: Այնտեղ հասնելու թերեւս ամենահարմար տարբերակը նավակով գետի ձախ ափից աջ ափ անցնելն է: Բանն այն է, որ քարայրից քիչ հեռու գտնվում է Հայաստանի թիավարության ֆեդերացիան: Թիավարները մարզումներն անցկացնում են հենց այդ հատվածում: Այնպես որ՝ Երեւանյան քարայրը տեսնելու համար նախ պետք է շահել… նրանց սրտերը: Պատկերասրահ` Երեւանյան քարայր Ծովինար Կարապետյան Շենգավիթի հնավայրը Կարմիր բլուր Էրեբունու հնավայր Կարմիր կամուրջ Ավանի Կաթողիկեն