Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 04-10-2012
Այն մասին, երբ ամուսնությունն արտացոլվում է ուսումնառության հայելում
Յուրաքանչյուր մարդու դեռևս մանկուց ներշնչում են կրթության անհրաժեշտության մասին:
Ահա երիտասարդ մայրիկը, իր փոքրիկի հետ անցնելով որևէ դպրոցի կողքով, բացատրում է երեխային, թե ինչ է դպրոցը, այն է` այդտեղ սովորում են բոլոր երեխաները, և երբ ինքը մեծանա, անպայման կգնա դպրոց: Ավելի ուշ դպրոցականին բացատրում են, որ դպրոցն ավարտելուց հետո նա պետք է սովորի որևէ համալսարանում` լավ մասնագետ դառնալու և կյանքում իր տեղը գտնելու համար: Հաճախ, սակայն, երբ խաչաձև զուգահեռվում են ամուսնությունը և ուսումնառությունը, ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ ու խոչընդոտներ (հղիություն, երեխայի ծնունդ), որոնք, մեղմ ասած, սպառնալիքի տակ են դնում ապագա ծնողի (հատկապես մայրիկի) ուսումը: Ի±նչ անել, ինչպե՞ս վարվել այդպիսի իրավիճակում. խանգարո՞ւմ են արդյոք դրանք մեկը մյուսին, թե` ոչ, եթե` այո, ապա որի՞ն տալ նախապատվությունը. ուսո՞ւմ, թե՞ ընտանիք ու երեխա, միգուցե ուսում, հետո՞ ամուսնություն կամ` հակառակը: Իսկ եթե սրանց ոսկե միջի՞նը... Այս հետաքրքիր վիճակում հայտնված ուսանողներն սկսում են իրենց տանջել նմանօրինակ հարցերով: Ըստ սառը տրամաբանության` ամուսնությունը, ընտանիքը, երեխան պետք է, խիստ ասած, խանգարեն ուսմանը, քանի որ դրանք գործունեության տարբեր ոլորտներ են, և նույն ժամանակահատվածում այդ երկուսի համատեղման դեպքում դրանցից մեկը` ընտանիքը կամ ուսումը, ամեն դեպքում տուժում է: Բոլորին է հայտնի, որ ամուսնությունը կենցաղային դժվարություններ ու հոգսեր է ստեղծում, որոնք թույլ չեն տալիս բավարար ժամանակ տրամադրել ուսմանը, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում կրթության որակի վրա: Դա կախված է նաև նրանից, թե ով է ուսանողը` ամուսինը, թե կինը. եթե ուսանողն ամուսինն է, ապա նա, որպես կանոն, հիմնական ծանրությունը թողնում է կնոջ վրա, և դրա հետևանքով նրա դասերը չեն տուժում, իսկ կնոջ պարագայում մեծ մասամբ ուսումը մղվում է երկրորդ պլան` ի հայտ եկած նոր գործառույթների և հոգսերի պատճառով: Սակայն, եթե ուսանողը կինն է, իսկ ընտանիքում դերերի հավասար բաշխում է կատարվում, և փոխադարձ օգնության պատրաստակամություն կա, ապա ամուսինը, ստանձնելով կնոջ պարտականությունների մի մասը, թեթևացնում է նրա հոգսերը` նպաստելով կնոջ ուսմանը: ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը, ով արդեն մեկ երեխա ունի, պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ, ավելին` աշխատում է դպրոցում, փաստեց, որ իսկապես շատ դժվար է համատեղել բնույթով տարբեր այդ երեք ոլորտները. «Փորձելով լինել ամեն տեղ և բոլորին ու ամեն ինչին ժամանակ տրամադրել` ես լիովին սպառվում եմ: Դա միանշանակ շատ է խանգարում իմ ուսմանը, քանի որ չեմ կարողանում լիարժեք մասնակցել դասերին և հույս եմ դնում ավելի շատ ինքնուսուցման վրա»: Ի ուրախություն մեզ` ուսանողների մեծ մասն էլ, որոնց հետ զրուցեցինք վերոնշյալ թեմայի շուրջ, նշեց, որ ամուսնացած լինելը, հղիությունն ու առավել ևս երեխան չեն խոչընդոտում իրենց ուսմանը: Նրանցից ոմանք նույնիսկ փաստեցին, որ երեխան կամ ապագա երեխայի միտքն իրենց ոգեշնչում է, որ ավելի լավ սովորեն: Քիմիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Իրինա Բագիյանը, ով շուտով մայրանալու է, համոզված է, որ փոքրիկի լույս աշխարհ գալն իրեն ոչ թե կխանգարի, այլ` ընդհակառակը. «Կարծում եմ` երեխայի ծնունդն էլ ավելի կնպաստի իմ ուսման առաջընթացին, քանի որ նման դեպքում ցանկացած մարդ ձգտում է լավ մասնագետ դառնալ և կարիերա ստեղծել` հանուն փոքրիկի»: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Աբրահամյանն էլ, ով ունի 2.5 տարեկան փոքրիկ, համոզված է, որ եթե մարդն իր առջև որևէ նպատակ է դնում, ապա ցանկացած պարագայում անպայման հասնում է դրան, իսկ երբ խոսքը երեխայի մասին է, անհնար ոչինչ չկա: «Մայրանալուց հետո կյանքդ լրիվ նոր իմաստ է ձեռք բերում, ու քանի որ երեխան Աստծո պարգև է, չի կարող ինչ-որ բանի վրա բացասական ազդեցություն ունենալ: Իհարկե, ժամանակի առումով ինձ շատ բաներից եմ զրկում, ինչ-որ տեղ` նաև երեխային, սակայն նա խթանիչ ուժ է ինձ համար, իր գոյությամբ նպաստում է, որ ես ցանկացած հարցում ավելի առաջ գնամ»,- վստահեցնում է Լիլիթը: Այստեղ տեղին է հիշել Մարկ Ավրելիի հետևյալ խոսքերը` «Երեխաները կյանքի ծաղիկներն են»: Երեխան իսկապես աստվածային պարգև է, բնության մեծագույն շնորհը, որ նորովի է իմաստավորում մարդու կյանքը` այն լցնելով անհուն բերկրանքով ու երջանկության` մինչ այդ չճաշակած պահերով: Եվ կյանքի ցանկացած պարագայում երեխայի ծնունդը պետք է համարել միայն Աստծո օրհնություն, բայց` ոչ երբեք խոչընդոտ... Ամուսնության և ուսումնառության համատեղելիության հարցի շուրջ զրուցելով հոգեբանի հետ` փորձեցինք իմանալ նաև նրա մասնագիտական կարծիքը: Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Գարգրցյանը համոզված է, որ վերոնշյալ ոլորտները ժամանակի, առաջացած նոր գործառույթների առումով ինչ-որ չափով իրար խանգարում են: Պարզվում է, որ այդօրինակ իրավիճակում հայտնված ուսանողների շրջանում ի հայտ է գալիս դերային կոնֆլիկտ, ինչը կանանց դեպքում ավելի սուր է դրսևորվում, քան տղամարդկանց: Վերջիններիս պարագայում հայր, ամուսին ու աշխատող դերային իմաստները համընկնում են. հոր և ամուսնու դերի հիմնական իմաստն ու բովանդակությունն արտահայտվում են իր ընտանիքի ֆինանսական ապահովության մեջ, ինչն էլ համընկնում է աշխատողի դերի հետ: Աղջիկների դեպքում ամեն ինչ այլ կերպ է դրսևորվում, քանի որ և՛ ընտանեկան կյանքում, և՛ ուսման մեջ ավելի շատ զիջումներ են պահանջվում, որոնց հետևանքով կանանց մոտ առաջանում է հուզական լարված վիճակ: «Ես լավ մայր չեմ, քանի որ իմ երեխային թողել եմ ուրիշի մոտ` դասերին մասնակցելու համար», «Ես լավ ուսանող չեմ, քանի որ երեխայի խնամքի պատճառով չեմ հասցրել լիարժեք պատրաստվել քննությանը». ահա այսպիսի և նմանաբնույթ մտքերն անլիարժեքության զգացում, հոգեկան լարված վիճակ ու կնոջ, մոր և ուսանողի (մասնագետի) դերերի միջև կոնֆլիկտ են առաջացնում: Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն էլ կարծում է, որ առհասարակ ընտանիք կազմելը զոհաբերություն է, և եթե ամուսինները չունեն ուժեղ կամք ու նպատակասլաց չեն, ապա չեն կարող լիարժեք նվիրվել ընտանիքին: «Միայն այն դեպքում, երբ դու պատրաստ ես հրաժարվել սեփական «էգո»-ից, կարող ես լիարժեք համատեղել ընտանիքն ու կրթությունը»,- վստահ է պարոն Մելիքյանը: Հոգեբանի կարծիքով` խնդիր է առաջանում այն ժամանակ, երբ ուսանող-ծնողները չեն գիտակցում իրենց նոր դերի ամբողջ լրջությունն ու պատասխանատվությունը, որի հետևանքով էլ կյանքում տեղի ունեցած անսպասելի փոփոխություններից սթրես են ապրում, հուզականորեն շատ բան չեն ընդունում, դժվարանում են իրենց ծնողական պարտականությունները կատարելիս: Այդպիսի դեպքում երեխան դառնում է «խոչընդոտ», և մի կողմ են մղվում ծնող դառնալու բերկրանքն ու երեխայի հետ կապված դրական էմոցիաները: Մինչդեռ խնդիրներն ավելի քիչ կլինեն, եթե ապագա ծնողներն ավելի գիտակցաբար և պատասխանատվությամբ մոտենան իրենց կարգավիճակին: «Շատ կարևոր է, որ ամուսնանալիս յուրաքանչյուրը գիտակցի, թե իր առջև ինչ պարտականություններ ու սահմանափակումներ են լինելու հատկապես երեխայի ծննդից հետո և գիտակցված մոտենա այդ փոփոխություններին: Ապագա ծնողները պետք է պատրաստ լինեն իրենց ինչ-որ բաներից զրկելուն` հասկանալով, որ դրանց փոխարեն իրենց կյանքը լցվում է բոլորովին նոր և հաճելի բովանդակությամբ, իրենք շատ ավելի դրական հույզեր են ստանալու երեխայի հետ շփումից, նրան խնամելիս: Եթե այդ գիտակցմամբ մոտենան հարցին, ապա խնդիրներն ավելի քիչ կլինեն»,- վստահեցնում է Լիլիթ Գարգրցյանը: Այն, որ մարդու կյանքում ընտանիքն ամենակարևոր արժեքն է, կասկածից վեր է, ուստի ամուսնության ջատագովները երիտասարդներին խորհուրդ են տալիս ընտանիք կազմել և ուսման ու ընտանիքի միջև ընտրության պարագայում միանշանակ առաջնությունը տալ երկրորդին: Ավելին` Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի կարծիքով` հատկապես աղջիկների պարագայում ուսման առաջադիմության համար ընտանիքից և երեխայից լավ խթան չի կարող լինել: Ըստ պարոն Ղազինյանի` աղջիկների համար ամենակարևորն ընտանիք կազմելն է: Դեկանը, սակայն, ցավով արձանագրեց, որ կոնկրետ իրենց ֆակուլտետում առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողուհիները փորձում են ամեն կերպ խուսափել ամուսնությունից` ավելի կարևորելով ուսումը: «Համոզված եմ` այդ երկու ոլորտների համատեղելը դժվար է, բայց` ոչ անհնար: Դա արդեն կախված է տվյալ սուբյեկտի ցանկության աստիճանից, մտավոր ունակություններից, նպատակասլացությունից, պատասխանատվությունից: Շատ դեպքերում հենց ընտանիքի և երեխայի առկայությունն ավելի լուրջ ազդակ է լավ կրթություն ստանալու համար, միակ խնդիրը ժամանակի հարցն է, դա էլ կախված է մարդու անձնային որակներից»,- վստահ է պարոն Ղազինյանը: Եթե թեման դիտարկենք մասնագիտական հարթության վրա, ապա պետք է նշենք, որ ընտանիքի և ուսումնառության համատեղելիության ժամանակ ի հայտ է գալիս դրդապատճառների ենթակայության և դրանց առաջնային լինելու հարցը. բնականաբար եթե առաջնային է դառնում որպես ծնող առավելագույնս դրսևորվելը, ապա ուսումնական դրդապատճառներն ավելի են նվազում: Դա, սակայն, ավելի շատ կախված է անձնավորությունից, նրա առանձնահատկություններից, կամային որակներից, սոցիալ-հոգեբանական պայմաններից, այսինքն` եթե ուսանողն ուսումնական բարձր մոտիվացիա ունի, ապա ամուսնացած լինելու հանգամանքը քիչ կանդրադառնա նրա ուսման վրա, իսկ եթե հնարավոր է երեխայի խնամքը կիսել այլ պատասխանատու անձի հետ, ապա այս դեպքում ժամանակը նույնպես կբավականացնի: Իսկապես, մեր կողմից անցկացված հարցումները ցույց տվեցին, որ այն ուսանողները, ովքեր իրոք սովորելու մեծ ձգտում ունեն և աչքի են ընկնում իրենց առաջադիմությամբ, շարունակում են վստահաբար բարձրանալ գիտության աստիճաններով, ավելին` նրանք փաստում են, որ ընտանիքն ու առավել ևս երեխան շատ հզոր ազդակներ են` ավելի լավ սովորելու և առավելագույնին ձգտելու համար: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գևորգ Չարչյանը, ով արդեն հայր է, հավաստում է, որ ամուսնացած լինելն ու երեխան նպաստել են իր ուսման առաջադիմությանը. անցած տարվա համեմատ իր գնահատականները բարձրացել են, քանի որ իր կյանքում արդեն նոր իմաստ ու հետաքրքրություն են ի հայտ եկել, ամեն ինչ ավելի բովանդակալից է դարձել: Այն, որ ծնողների կրթական մակարդակն իր անմիջական ազդեցությունն է ունենում երեխայի դաստիարակության և կրթության վրա, ապացուցված իրողություն է: Ընդ որում` կա սոցիոլոգիական վիճակագրություն, որի համաձայն` եթե դու կրթություն չես ստանում, ուրեմն վաղն աղքատ ես, եթե դու կրթություն չես ստանում որպես ծնող, ապա քո երեխաների կրթական մակարդակը ցածր է լինում: Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանն իր ատենախոսության մեջ ցույց է տվել, թե մեր հասարակության շրջանում ծնողների կարիերան ինչպիսի դեր է խաղում երեխաների կարիերայի գործում, իսկ ծնողների, հատկապես մայրերի բարձրագույն կրթությունը վերարտադրվում է երեխաների կրթության պարագայում: «Այս ամենը նշանակում է, որ եթե ուսանողները ռացիոնալ դատեն, կհասկանան, որ սեփական գիտելիքների պակասը վաղը հանգեցնելու է իրենց երեխաների գիտելիքների պակասին: Գուցե այդ գիտակցումը շահագրգռի նաև որոշելու, թե երբ են ծնող դառնալու, երբ է պետք դրա նպատակահարմար ժամանակն ընտրել, այսինքն` այնպես, ինչպես եվրոպական երկրներում է»,- նշում է սոցիոլոգը: Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանն էլ ցավով նշեց, որ մեր ուսանողները (ոչ միայն ամուսնացած) չունեն այն գիտակցությունը, որ լավ գիտելիքները վաղը սեփական ընտանիքի բարեկեցիկ կյանքի հիմքն են, նրանք չեն ընկալում, որ եթե այսօր կայուն գիտելիքներ չեն ստանում, վաղը դրանից տուժելու են իրենց երեխաները: Սակայն, պետք է նշել, որ սա միանշանակ չէ, կա նաև հակառակ պատկերը. որոշ ծնողներ միայն երեխա ունենալուց հետո են որոշում բարձրագույն կրթություն ստանալ` լիարժեք ծնող լինելու, իրենց երեխաներին ճիշտ դաստիարակելու և նրանց համար բարեկեցիկ ապագա ապահովելու նկատառումներով: Ի դեպ, երբեմն լինում են նաև իրավիճակներ, երբ կրթության և ուսման համատեղումը դժվար է, որոշ դեպքերում` գրեթե անհնար: Ինչպե՞ս վարվել այդպիսի պարագայում: Թվում է` անելանելի վիճակ է, սակայն ելք միշտ էլ կա: Գագիկ Ղազինյանը կարծում է, որ այդ երկու ոլորտները համատեղելու համար, հատկապես եթե խոսքը երեխայի մասին է, ապա ճիշտ է հեռակա բաժին տեղափոխվելը, ինչն էլ որոշ չափով հեշտացնում է «գործը»: Հրանտ Ժամհարյանն էլ այս հարցի մասին խոսելիս առանձնացրեց մի հետաքրքիր փաստ. «Մեր ազգային մտածելակերպին բնորոշ է այն հանգամանքը, որ հայ ուսանողներն ուզում են ուսումը ժամանակին ավարտել, այսինքն` երեխա ունենալուն զուգահեռ սովորել` առանց տարկետում վերցնելու, մինչդեռ դա միանշանակ խանգարում է ուսմանը, քանի որ տուժում է գիտելիքի որակը: Ընդ որում` երբ ուսումնասիրում ենք ամերիկյան և եվրոպական երկրների փորձը, պատկերն այլ է. նրանց մոտ երեխա ունենալը հետաձգում է ուսման գործընթացը, և դա նորմալ է»: Խնդրի լուծմանը կօգներ նաև կրեդիտային համակարգի ճկուն լինելը, քանի որ այդ դեպքում բոլոր դասերն իրար հետ խիստ շաղկապված չէին լինի, ուսանողը կարող էր անհրաժեշտ կրեդիտների մի մասը կուտակել, երեխա ունենալու դեպքում տարկետում վերցնել, մնացած կրեդիտներն էլ հետո վաստակել: Մինչդեռ ուսանողների շրջանում մտավախություն կա, որ տարկետում վերցնելու դեպքում հիշողությունը կդավաճանի, սովորելու ցանկությունը կթուլանա, կյանքում ուրիշ արժեքներ կհայտնվեն, կփոխվեն դիրքորոշումները, ինչն էլ ստիպում է նրանց, որ չհետաձգեն ուսումը և արագ անցնեն այդ ճանապարհը` չմտահոգվելով որակի մասին: Ուսումնասիրության շրջանակում փորձեցինք նաև պարզել` ամուսնացած, երեխա ունեցող ուսանողները չարաշահո՞ւմ են իրենց, այսպես ասած, «արտոնությունը», թե` ոչ: Ստացված պատկերը հակասական էր: Կյանքի թերևս ամենալուրջ քայլն արած ուսանողները միանշանակ վկայեցին, որ իրենք չեն չարաշահում նման կարգավիճակը, փորձում են ամեն ինչ անել` դրանից խուսափելու համար, նույնիսկ ֆակուլտետներում դասախոսներից շատերն անտեղյակ են իրենց ամուսնացած լինելու և երեխա ունենալու փաստից: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ասպիրանտ Ներսես Խաչատրյանը, ով երկու երեխա ունի, նշեց, որ սխալ է համարում ՙընտանիքը զենք դարձնելը՚ և չսովորելու իրողությունն այդպես արդարացնելը: Որոշ դեկաններ ու դասախոսներ էլ նշեցին, որ ուսանողները նույնիսկ չեն հասցնում շահարկել իրենց կարգավիճակը, քանի որ դասախոսներն են շատ ըմբռնումով և զիջողաբար մոտենում «արտոնյալ» ուսանողներին` զուտ մարդկայնորեն հասկանալով նրանց: Թվում է` ամեն ինչ իդեալական է... Սակայն, կյանքում անթերի ոչինչ չկա: Ուսանողների և դասախոսների շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ մեր ուսանողները ոչ միշտ են այդքան օրինակելի. ոմանք իսկապես փորձում են ազդել դասախոսների խղճի վրա` հեշտությամբ գնահատական կորզելու համար, եղել են անգամ կեղծ նշանվելու, ամուսնության, անգամ հղիության դեպքեր, որոնք ի հայտ է գալիս հատկապես քննաշրջանների ընթացքում: Իհարկե, ինչպես փաստում է ժողովրդական ասացվածքը` «Ստի ոտը կարճ է լինում», և այդպիսի ուսանողներն արագ «բռնվում են», բայց որ այդպիսի դեպքեր լինում են, դա փաստ է, իհարկե` շատ ցավալի: Մնում է միայն հուսալ, որ դրանք ընդամենը կաթիլ են օվկիանոսի մեջ... Հ.Գ.: 21-րդ դարում, որը գլոբալիզացիայի, նորագույն տեխնոլոգիաների և բարձր իրազեկված հասարակության ժամանակաշրջան է, առանց հիմնարար կրթության և գիտելիքների մարդը չի կարող իր հաստատուն տեղն ունենալ հասարակության մեջ, ինքնաիրացվել ու կայանալ որպես մասնագետ: Սակայն, ինչքան էլ մարդը սովորի, լավ մասնագետ դառնա, նա լիարժեք երջանիկ է լինում միայն ընտանիքում. ինչպես Ցիցերոնն է ասել` «Ամուսնությունը մարդկային հասարակության առաջին քայլն է»: Եվ չմոռանանք, որ Բարձրյալը ի սկզբանե ստեղծեց հենց Ադամին ու Եվային... Հասմիկ Ասլանյան