Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 21-05-2012
Հայերը բրեյք դանս պարում էին դեռեւս «Կուկուռուզնիկո՞ւմ»
Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող բրեյք դանսը, որը սեւամորթների «մենաշնորհն» էր համարվում, պահանջարկ է գտել նաեւ հայ երիտասարդների շրջանում:
«Բրեյք դանսը ոչ թե պար է, այլ հիվանդության նման մի բան: Մոլագարի նման սկսում ես զբաղվել, եւ եթե մի ժամանակաշրջան քո կյանքից այն բացակայում է, անոմալիա է սկսվում, նույնիսկ սկսում ես վատ զգալ, ոնց որ ծխողը, երբ ծխախոտ չի ունենում»,- այսպես է իր գործի մասին խոսում «Հիփ-հոփ կոնգրես Արմենիա» կազմակերպության ղեկավար Սարգիս Անդրեասյանը, ով ղեկավարում է նաեւ «Mad Force Crew» բրեյք դանսի դպրոցը: «Բրեյք դանս» արտահայտությունը բառացի թարգմանությամբ նշանակում է «կոտրատվող պար»։ Այն հիփ-հոփ պարերից ամենահինն է. 1970-ականներին ծնունդ է առել Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, որը հայտնի է որպես հիփ-հոփ մշակույթի կենտրոններից մեկը, եւ որտեղ կենտրոնացած էին ժամանակի հանցավոր խմբավորումները: Երաժշտական ոգեշնչման աղբյուրը ֆանքի մաեստրո Ջեյմս Բրաունի ելույթներն էին, որոնց ընթացքում հանդես էր գալիս նաեւ առաջին պարային խմբերից մեկը՝ «Electric Boogaloos»-ը։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում գոյություն ունեն բրեյք դանսի 10.000-ից ավելի սիրողական եւ 1000-ից ավելի կայացած խմբեր: Հիփ-հոփի բաղկացուցիչներից են նաեւ դիջեյությունը, էմսիությունը, փողոցային գրաֆիտին եւ այլն: Բրեյք դանս պարող տղաներին անվանում են բիբոյ, իսկ աղջիկներին`բիգըրլ: Երաժշտությունը բրեյք դանսի անբաժանելի մասն է, սակայն հիփ-հոփը միակ տարբերակը չէ։ Սոուլի, ֆանքի եւ անգամ ջազի մեղեդիները եւս կիրառվում են բրեյք դանսում: Հիփ-հոփը Հայաստան է ներթափանցել դեռեւս 1980-ական թվականներին: Այդ ժամանակ ԱՄՆ-ում արդեն բրեյք դանսի հայտնի խմբեր կային, որոնք նաեւ իրենց արվեստի մասին պատմող մի քանի ֆիլմերում էին նկարահանվել: Հենց այդ ֆիլմերի միջոցով էլ պարը հասել է Հայաստան: «Խորհրդային Միությունում ինչպես շատ բաներ, այնպես էլ այդ ինֆորմացիան «տակից» էր գալիս: Եվ կային երիտասարդներ, ովքեր սիրահարված էին այդ ֆիլմերին եւ սկսեցին այդ պարերն ընդօրինակել»,- պատմում է Սարգիսը, ով թեեւ այդ ժամանակ դեռ երիտասարդ չէր, բայց մեծանում էր այդպիսի մարդկանց շրջապատում: Ի դեպ, հայ բրեյքդանսերների առաջին փորձերն էլ հենց հայտնի «Կուկուռուզնիկում» են եղել, որտեղ անցկացվում էին պարային մենամարտեր: Այդ ժամանակվա բիբոյներից, սակայն, ոչ մեկը չցանկացավ պարը Հայաստանում զարգացնել, եւ եղավ դադարի մի շրջան, որն ընդհատվեց 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին: Այն ժամանակ, երբ ինտերնետ չկար, որպեսզի գոնե կարողանային տեսահոլովակներ նայել, Սարգսին օգնության է հասնում ռուսական «До 16-и и старше» երիտասարդական հաղորդաշարը, որի մի բաժինը հատուկ բրեյք դանսի մասին էր. «Ես դնում, տեսաժապավենով ձայնագրում էի` անորակ, ժապավենը ծամած, բայց ինձ համար դա նշանակություն չուներ, ինձ ինֆորմացիա էր պետք: Դրա հիման վրա էլ սկսեցի զբաղվել մի բանով, որն ինձ շատ հոգեհարազատ էր ու միաժամանակ անհասկանալի: Ինձ փրկեց մեկ էլ այն, որ սպորտով զբաղվել էի ու ճկուն էի»,- պատմում է բիբոյ Սարգիսը, ով սկսել է պարել ծառայությունից հետո` 20 տարեկանում: Մինչ այդ հանդես էր գալիս թեքվանդոյի Հայաստանի ցուցադրական հավաքականում: Այս տարի լրանում է նրա հիմնադրած դպրոցի 10-ամյակը: Սարգիսն իրենց ձեռքբերումներից մեկն էլ համարում է այն, որ արդեն մասնակցում են միջազգային մրցումների եւ երկրից դուրս ներկայանալու հնարավորություն ունեն: Վերջերս էլ մասնակցել են Թբիլիսիում կայացած Կովկասի բաց առաջնությանը: Արդեն 2-րդ անգամ մասնակցում են նաեւ «Red Bull pc 1» մրցույթին, որտեղ յուրաքանչյուր երկիր պետք է ներկայանա 5-հոգանոց հավաքականով: «Մենք արդեն ունենք մի քանի հղկված բիբոյներ, ովքեր կարողանում են բարձր արդյունքներ ցույց տալ: Եվ նույնիսկ երբ եզրափակչում ավելի փորձառու բիբոյներին պարտվում են, դա պարտություն չենք համարում, որովհետեւ փորձը մեզ անհրաժեշտ է»,- ասում է Սարգիսը եւ հավելում, որ չնայած մինչեւ այսօր շատ ակնառու հաղթանակ չեն ունեցել, բայց դա էլ արդեն սարերի հետեւում չէ: Մասնագետներն ասում են` ցանկալի է, որ մինչեւ բրեյք դանսով զբաղվելը ֆիզիկական որեւէ պատրաստություն ունենան, ճկուն լինեն, բայց դա չի նշանակում, որ դրանց բացակայության դեպքում պարելը հակացուցված է: Պետք է պարզապես մեծ սեր ու ցանկություն ունենալ: Դպրոցի սան Տոման բրեյք դանս պարում է արդեն 3 տարի, իսկ մինչ պարելը զբաղվել է մարմնամարզությամբ. «Ուզում էի պարել, բայց` աշխույժ որեւէ բան: Իհարկե, հիփ-հոփն էլ է աշխույժ, բայց երբ հնարքներով ես պարում, որեւէ բան շատ ես փորձում ու ստացվում է, դա խթանում է, որ ավելին անես: Դեռ այնքան լավ չի ստացվում գեյլիկը: Ես, սակայն, չեմ ձգտում շատ ուժային հնարքներ անել, պարզապես պարում եմ, որովհետեւ պարի եմ գալիս»: Թեեւ ինչպես Տոմայի, այնպես էլ հայ այլ ընտանիքներում այնքան էլ ընդունված չէ աղջկա` բրեյք դանս պարելու գաղափարը, սակայն իրենք` պարողները, դրանում ոչ մի վատ բան չեն տեսնում: Գոյություն ունեն որոշ ենթաոճեր, որոնք ֆիզիկական հնարքների բարդության պատճառով բնորոշ են միայն տղաներին, բայց որոշ ձեւերում աղջիկները գերազանցում են նրանց: Արդեն10 տարի է, ինչ գործում է «Mad Force Crew» («Կատաղած ուժի խումբ») դպրոցը, որն ունի շուրջ 70 սաներ. մեծամասնությունը երիտասարդներ են, չնայած մեր այցի ընթացքում տեսանք, որ փոքրիկ հետաքրքրասերներն էլ էին փորձում մեծ տղաների նման պարային հնարքներ կատարել: Պրոֆեսիոնալ պարողներ դպրոցի ղեկավարը համարում է նրանցից 10-15-ին, սակայն կարեւորում է այն, որ երիտասարդները հավատում են նրան, ինչ անում են եւ դա սիրով են անում: Այսօր արդեն սաներից երկուսը Չարենցավան եւ Աբովյան քաղաքներում ունեն իրենց խմբերը: Դպրոցը պարապմունքների համար վարձակալում է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի մարզադահլիճը, քանի որ սեփական մասնաշենք չունի. պատճառները ֆինանսական են: «Բայց չենք բողոքում, թե վա՜յ մեզ չի օգնում պետությունը եւ այլն: Պետությունն այնքան դարդ ու ցավ ունի… Ավելի լավ է` թող միայն չխանգարեն: Եթե որեւէ մեկը լավ բան կգտնի հիփ-հոփ մշակույթի մեջ եւ կորոշի ընկերություն անել հիփ-հոփի հետ, մենք միայն ուրախ կլինենք… »,- ասում է Սարգիսը: Պատկերասրահ` Հայ երիտասարդները բրեյք դանս են պարում Ծովինար Կարապետյան