Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 10-04-2012
Չափավոր գործազրկությունը բարիք է տնտեսական աճի համար
Ըստ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի տվյալների` Հայաստանում 18 եւ ավելի տարիքի բնակչության 15.1%-ը գործազուրկ է:
18-30 տարեկան երիտասարդների շրջանում զբաղվածները կազմում են 48.7%, գործազուրկները` 18.7%, իսկ տնտեսապես ոչ ակտիվ հատվածը` 32.6%: Գործազրկության ամենաբարձր մակարդակը, ըստ տարիքային խմբերի, 18-19 տարեկանների խմբում է` 42.4%: Ցածր է կանանց զբաղվածության մակարդակը… Գործազրկության մակարդակը շատ բարձր է կանանց շրջանում` 39.7%: «Կանանց իրավունքների կենտրոնի» հոգեբան Էլեն Հարությունյանի խոսքերով` այդ երեւույթը կնոջ մոտ կարող է առաջացնել բացասական հուզական վիճակ, ինչպես նաեւ ինքնագնահատականի իջեցում եւ մեկուսացվածություն. «Կանանց նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության ոլորտում աշխատելու ընթացքում հաճախ ենք հանդիպում այնպիսի կանանց, ովքեր չունեն աշխատանք, տնտեսապես անկախ չեն եւ իրենց ընտանիքի նյութական պահանջները բավարարելու համար, այո՛, հանդուրժում են նաեւ իրենց նկատմամբ գործադրվող բռնությունը»: Գործազրկության տոկոսային տարբերակումը քաղաքներում եւ գյուղերում... Ըստ բնակավայրի տիպի` գործազրկությունն ամենաբարձրն է քաղաքներում (22.8%): Գյուղերում այն համեմատաբար ավելի ցածր է (13.1%), քանի որ գյուղական բնակչությունն ունի սեփական հող եւ, հետեւաբար, առավելապես պատկանում է ինքնազբաղվածների կատեգորիային: Վայոց ձորի Ազատեկ գյուղի բնակիչ 50-ամյա Արմեն Հովսեփյանը, լսելով սոցիոլոգիական հետազոտության այս տվյալների մասին, մի պահ երկմտեց. «Էդ ճիշտ ե՞ք ասում: Է, որ հող ունենք, ի՞նչ օգուտ ենք ստանում, մեզ մենակ մեր չարչարվելն ա մնում. կա՛մ ցուրտն ա տանում, կա՛մ կարկուտն ա հարամում: Հիմա 6 հոգուց բաղկացած ընտանիքում աշխատող չունենք: Երկու կով ունենք, մի քանի հատ էլ` հավ, էդ ա մեր ապրուստը»: Ստվերային զբաղվածության ոլորտում աշխատող երիտասարդները զրկվելու են... Զբաղված երիտասարդների ամենամեծ հատվածը (32.6%) երկարատեւ (մեկ տարի եւ ավելի) պայմանագրերով վարձու աշխատողներ են: Սակայն, երկրորդ խոշոր խումբը (յուրաքանչյուր 5-րդ աշխատող երիտասարդը), արդեն գտնվում է ստվերային զբաղվածության ոլորտում` (22.4%). նրանք բանավոր համաձայնությամբ (առանց պայմանագրի) վարձու աշխատողներ են: Հետեւաբար, նրանք կուտակային թոշակային համակարգում չունեն եւ չեն ունենա որեւէ ներդրում, ինչպես նաեւ աշխատում են առանց սոցիալական այնպիսի երաշխիքների, որոնք նախատեսված են աշխատանքային օրենսդրությամբ: 24-ամյա Նարեկ Հովհաննիսյանը որոշել է` այլեւս առանց աշխատանքային պայմանագրի չի աշխատելու. «6 ամիս աշխատել եմ, ընդամենը 2 ամսվա աշխատավարձ եմ ստացել: Խաբում են, ասում են` էսօր-վաղը, չեն տալիս»: Ինչքա՞ն աշխատավարձ ես ուզում ամսական… Ըստ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» տվյալների` երիտասարդների 64.2%-ը 8-ժամյա աշխատանքի դիմաց ակնկալում է 100.000 դրամ կամ ավելի աշխատավարձ, իսկ 16.4%-ը` 200.000 դրամ կամ ավելի: Ընդ որում` միջին աշխա-տավարձը (դրամով), կախված երիտասարդի ժողովրդագրական բնութագրերից, տատան¬վում է բավականին մեծ միջակայքում: Մասնավորապես`
  • Եթե տղամարդկանց համար այն 183.000, ապա կանանց համար 135.000 դրամ է,
  • Բարձրագույն կրթությամբ անձանց համար` 172.000, իսկ մագիստրոսական կրթությամբ անձանց համար` 232.000 դրամ,
  • Երեւանի բնակիչների համար` 179.000, իսկ գյուղաբնակների համար` 154.000 դրամ:
  • 28-ամյա Արեւիկ Հայրապետյանը` որպես անգլերենի ուսուցչուհի, աշխատում է Արարատի մարզի Արաքսավան գյուղի միջնակարգ դպրոցում: 7-ժամյա աշխատանքի դիմաց ստանում է 60 հազար դրամ աշխատավարձ: «Եթե ընտանիքում ուրիշ աշխատողներ չլինեն, իմ ստացած գումարով, իհարկե, հնարավոր չէ պահել ընտանիք, մեծացնել երեխաներ,- ասում է ուսուցչուհին եւ հավելում,- Դուք էլ լավ գիտեք, որ Ձեր ասած սոցիոլոգիական տվյալներն ուղղակի մարդկանց ցանկությունն է, բայց` ոչ իրականությունը»: Հասարակայնորեն ընդունելի կենսամակարդակ… Երիտասարդության շրջանում ոչ միայն գործազրկությունը, այլեւ սոցիալական լարվածության աղբյուր են աշխատավարձի ցածր մակարդակը, աշխատանքից հոգեպես/բարոյապես անբավարարվածությունը, ինչպես նաեւ հասարակայնորեն ընդունելի կենսամակարդակից ավելի ցածր կենսամակարդակը: Իրենց աշխատավարձից կամ եկամուտներից «հիմնականում» կամ «լիովին» բավարարված է զբաղված երիտասարդների 53.9%-ը, իսկ դժգոհները կազմում են 46.1%: Երկու չափահասից եւ երկու անչափահասից կազմված ընտանիքի պարագայում ակնկալվող ընտանեկան միջին եկամուտները (դրամով) բաշխվել են հետեւյալ կերպ.
  • Երեւանում «լավ ապրելու» համար անհրաժեշտ է միջինը 515.000 դրամ, այլ քաղաքներում` 404.000 դրամ, գյուղերում` 350.000 դրամ,
  • Երեւանում «նորմալ ապրելու» համար` 317.000 դրամ, այլ քաղաքներում` 252.000 դրամ, գյուղերում` 221.000 դրամ,
  • Երեւանում «աղքատ չհամարվելու» համար անհրաժեշտ է միջինը 191.000 դրամ, այլ քաղաքներում` 144.000 դրամ, գյուղերում` 123.000 դրամ:
  • Արտաշատ քաղաքում ապրող Սերինեի եւ Համլետի երիտասարդ ընտանիքում այս տարի ծնվել է երկրորդ երեխան: Ընտանեկան եկամտի չափը ճշտելու համար սկսեցինք վերը թվարկված ամենավերջին կետից, այն է` ըստ սոցիոլոգիական հետազոտությունների` «աղքատ չհամարվելու» համար 4 անձից բաղկացած ընտանիքին ամսական պետք է միջինը 144.000 դրամ: «Լավ եք ասում, բայց այդքան գումարով, ես կարծում եմ, կարելի է շատ լավ ապրել, ոչ թե աղքատ չհամարվել: Իհարկե, ամսական այդքան եկամուտ չունենք»,- ասում է որմնադիր Համլետ Սաֆարյանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012 թ-ի փետրվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը կազմում է 5.9%: «Համարվում է, որ չափավոր գործազրկությունը հանդիսանում է բարիք տնտեսական աճի համար,- նշում է տնտեսագետ Արա Սահակյանն ու հավելում,- օրինակ` աշխատուժի չզբաղվածության նորմալ մակարդակ ԱՄՆ-ում համարվում է 6%-ը, Ֆրանսիայում, Գերմանիայում` 5%-ը, Ճապոնիայում` 1.5-2%-ը, Կանադայում` 8%-ը»: Նրա խոսքերով` երկրի առջեւ երբեք չի դրվում բոլոր մարդկանց զբաղվածության ապահովման խնդիրը, ինչպես ընդունված է եղել ստալինյան ժամանակներում: Նորմալ է, երբ գործազուրկ է բնակչության 3-5%-ը: Վիճակագրական տվյալները` ըստ «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» Նունե Հովսեփյան